HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռավոր լեռներ - 3

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Գլուխ 16. Կանոնավոր բանակ

Այդ ժամանակ Արցախում սկսել էին ռուսական հակաօդային կայանքներ գործածվել: Կիրառվում էին գգգգգգ-10 շարժական բազմակի հրթիռանետներ, ինչպես նաեւ` ձեռքի գգգգգգ-4 ու գգգգ` ջերմության աղբյուրների հարվածող հրթիռներով: Հաջորդ ամիսների ընթացքում Արցախի մարտիկները խփեցին ադրբեջանցիների մոտ 20 կործանիչ եւ ուղղաթիռ` դրանով հաստատելով, որ, գոնե Լեռնային Ղարաբաղում, արիությունը կարող էր ավելի որոշիչ լինել, քան օդուժը:

Մոնթեն կռացավ իր սեղանին բաժակի մեջ դրված վարդի վրա եւ խորը հոտ քաշեց: Ժամանակն էր` գրավելու թշնամու կրակակետերը շրջակա բարձունքների վրա եւ ճեղքելու Մարտունու շրջափակումն ադրբեջանցի հրետանավորների կողմից: Ադրբեջանական կրակակետերից մեկը գտնվում էր Ամիրանլար լքված գյուղում, որն այնքան մոտ էր Մարտունի քաղաքին (500 մ), որ լսվում էր մոտոցիկլետի դռդռոցը գյուղում: Հոկտեմբերի 2-ին Մոնթեն ու Հարոյանը դիրքավորվեցին Ղուրուչուղի գագաթին` պատրաստվելով Ամիրանլարի եւ մոտակա ադրբեջանական Մուղանլու ու Կուրոպատկինո գյուղերի վրա հարձակման:

Օպերացիան սկսվեց առավոտյան ժամը 6:50: Մավո անունով խարտյաշ երիտասարդ սպան մի խումբ մարտիկների հարձակման տարավ Ամիրանլարի վրա, իսկ Մերուժան անունով մեկ այլ ենթահրամանատար մի ուրիշ խումբ տարավ դեպի Մուղանլու: Երկու խմբերը սահուն ու արագ առաջացան` մի ժամից էլ պակաս ժամանակում գրավելով իրենց գյուղերը եւ միանալով մյուսներին` գրոհելու ու գրավելու համար վերջին` Կուրոպատկինո գյուղը:

Կուրոպատկինոյի գրավված ադրբեջանական շտաբի դիմաց հանգստացող ուժասպառված հարձակվողներն անակնկալի եկան, երբ այնտեղ կանգ առավ մի ծառայողական մեքենա, եւ մորուքավոր վարորդը դուրս ցատկեց ու ադրբեջաներեն բղավեց, որ հայերը պատրաստվում էին գյուղը գրավել: Հայ մարտիկները, որ այդ սպայից առաջ էին տեղ հասել, վեր ցատկեցին ու նրա վրա ուղղեցին ինքնաձիգները:

- Արի՛ այստեղ, - մռնչաց նրանցից մեկը, եւ ադրբեջանցին ձերբակալված էր:

Հարոյանը Կուրոպատկինոյի հաղթանակը շրջադարձային համարեց, եւ Մոնթեն 1992 թ. հոկտեմբերի 2-ը նշեց որպես ադրբեջանցիների կողմից Մարտունու ռմբակոծությունը դադարելու օր: Այդ մարտում նրանք կորցրել էին երկու զինվոր` թշնամու 47 սպանվածի եւ 2 խփված տանկի դիմաց:

Մինչեւ փոշին կնստեր, Մարտունու որոշ բնակիչներ իջան լքված գյուղերն ու սկսեցին իրենց վռնդված նախկին հարեւանների տներից տանել գորգեր, դաշնամուրներ, զգեստապահարաններ, լուսամուտների ապակիներ, մետաղյա դարպասներ եւ նույնիսկ մահճակալներ: Երբ Մոնթեն տեսավ ավարը տուն քարշ տվող կողոպտիչներին, խոժոռվեց, բայց ոչինչ չասաց: Նա գիտեր, որ կողոպտիչներն էլ մեծ կորուստներ էին ունեցել պատերազմում, եւ որոշեց այս անգամ չխանգարել նրանց:

Երբ Մոնթեի վարորդ Կոմիտասի հայրը դռնից դուրս եկավ վերցնելու ավարի իր բաժինը, որդին խնդրեց նրան դա չանել:

- Ես չեմ կարողանա նայել Ավոյի երեսին, եթե նա տեսնի քեզ կողոպտելիս, - հորն ասաց որդին:

Ավագ Ավանեսյանը հետագայում հիշեց, որ իր որդու աղերսանքը միակ բանն էր, որ հետ էր պահել իրեն կողոպտիչների խմբին միանալուց:

Երբեմն Մոնթեն չգիտեր` խեղդե՞լ իր հրամանատարության տակ եղած մարտիկներին, թե՞ գրկել նրանց: Նա մշտապես նյարդայնանում էր նրանց մանրախնդրությունից ու հիմարությունից, բայց քաջությունը նրան ակնածանքով էր լցնում:

Մարտերի միջեւ Մոնթեն այցելում էր հիվանդանոցում գտնվող խեղանդամված, երրորդ աստիճանի այրվածքներ ստացած, գանգերը ճաքած ու աչքերից զրկված զինվորների, որոնք հենվում էին արմունկներին, բռնվում ձգող սարքերից, թափ տալիս հատված անդամները` աղաչելով հաջորդ մարտից առաջ միանալ իրենց ընկերներին ռազմաճակատում: Արտասովոր բան չէր, երբ անդամահատված, վիրակապված կամ երեք անգամ վիրավորված մարտիկները կաղեկաղ վերադառնում էին խրամատներ:

Մոնթեի հրամանատարության տակ սպանված ամեն զինվոր նրա կյանքից մի բան էր տանում: Հետագայում նա Սեդային պատմել էր իր սիրելիներից մեկի` լեռնային Մաճկալաշեն գյուղի` հանգիստ բնավորությամբ երիտասարդ հրամանատար Արմենի մահը: Հոկտեմբերի 8-ի առավոտյան վաղ, երբ իր զորքերը պատրաստվում էին հարձակվել Ղաջարի ադրբեջանական դիրքերի վրա, Մոնթեն ոչ բնորոշ թախիծ էր նկատել երիտասարդի դեմքին: Օրվա վերջում Արմենն սպանված էր «Գրադի» բեկորով, որ դիպել էր նրան հարձակման ժամանակ: «Նրանք հավանաբար զգում են, որ պիտի մեռնեն», - ասել էր նա Սեդային: Մահվան օրվանից ի վեր Արմենը մարմնավորում էր Մաճկալաշեն քաջարի գյուղը` բազմաթիվ նահատակների տունը:

Նոյեմբերի 1-ին Մոնթեն իր շտաբը հին տեխնիկական ուսումնարանից տեղափոխեց Մարտունու արեւելյան ծայրամասում` բարդիներով եզերված ճանապարհի վերջում գտնվող մի ամառանոց: Անցյալում բետոնից ու տուֆից կառուցված այդ երկհարկանի շենքում իր արձակուրդներն էր անցկացրել Հեյդար Ալիեւը` ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի նախկին առաջին տեղակալը եւ խորհրդային ղեկավարներ Բրեժնեւի ու Անդրոպովի հովանավորյալը: Մոնթեի նոր փոքր գրասենյակը երկրորդ հարկում էր` խցիկից ոչ մեծ մի խորշով, որտեղ նա տեղավորեց իր նեղ թախտը: Հարոյանը զբաղեցրեց նույն հարկում գտնվող մի ավելի մեծ սենյակ` լուսամուտները խարամաբետոնով ու ցեմենտով ամրացնելուց հետո:

Շնորհիվ թշնամուց իրենց գրաված ու նորոգած զրահատեխնիկայի, 1992 թ. վերջին Մատունու զինվորներն ունեին 30 սարքին տանկ, 20 զրահամեքենա, 4 շարժական «Գրադ» կայանք, 20 միավոր ծանր հրետանի, մի քանի լողացող զրահամեքենա եւ ուրիշ «խառը տեխնիկա»: Այդ զենքերի չորս-հինգերորդը գրավված էր ադրբեջանցիներից: Որոշ տանկերի դռնակների ու սարքերի վրա դեռ երեւում էին թշնամու անձնակազմերի չորացած արյան հետքեր, իսկ որոշ տանկերի աշտարակներին դեռ մնում էին ադրբեջանական դրոշի ու կիսալուսնի պատկերները կամ սպիտակ ներկով փնթի գրված կարգախոսները:

- Մենք շատ տանկեր ունենք, - զեկուցեց Մոնթեն վիրավոր զինվորներին` հիվանդանոցում նրանց այցելելով:

Նշելով, որ տանկերի մեծ մասը թշնամուց էր գրավված` նա ավելացրեց.

- Ադրբեջանցիները զինում են երկու բանակ` իրենցն ու մերը:

- Աստված Էլչիբեյին առողջություն տա, - կատակով ասում էին զինվորներն Ադրբեջանի ռազմաշունչ նախագահի մասին, որն ակամա իրենց այդքան տանկեր էր մատակարարում:

Դեկտեմբերի 5-ին Մարտունու զորքերն իրենց տանկերի օգնությամբ գրավեցին Չեյիլի բարձունքները` Աղդամի դաշտում գտնվող Մերզուլի գյուղին նայող բլուրների շարքը: Այդ երեկո տեղի ունեցած մարտից հետո Մոնթեն հեռադիտակով նայեց գրավված բարձունքից եւ տեսավ թշնամու 400 զինվորի, 2 տանկ, 1 զրահամեքենա, ծանր հրանոթներ, որ հավաքվում էին Մերզուլիի մոտ գտնվող մի հողատարածքում: Նրանք հակահարձակման էին պատրաստվում:

Գիշերվա խավարում Մոնթեն իր 400 մարտիկների, 4 տանկ ու 4 զրահամեքենա տարավ սարերն ի վար, դեպի Չեյիլի բարձունքներից հյուսիս-արեւմուտք: Նախքան լույսը բացվելը Մոնթեի մարտիկները հասել էին Մարտունի-Աղդամ ասֆալտապատ ճանապարհին եւ հետեւից շրջապատել ադրբեջանցիների դիրքերը: Երբ Մարտունու զինվորները գրոհեցին, նրանք երկու կողմից հուժկու հարվածեցին թշնամուն` նրան անակնկալի բերելով: Ադրբեջանական մի կործանիչ ցած իջավ` թշնամու նահանջն ապահովելու համար:

Մոնթեն երկօրյա մարտերից հետո ուժասպառ ու ճնշված էր. դեկտեմբերի 5-ին ու 6-ին նա 9 մարտիկ էր կորցրել, որոնց թվում` ենթահրամանատար Վալոդին: Մյուս ռազմաճակատում նրա զինվորներն ադրբեջանցիներին հետ էին մղել Մերզուլիից 3 կիլոմետր արեւելք` կռվի դաշտում թողնելով 150 թշնամու դիակ:

Հաջորդ օրը հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանը Մոնթեից հարցազրույց վերցրեց Չեյիլի բարձունքների ճակատային խրամատներում:

- Ավո՛ ջան, հիմա ես կխնդրեի, որպեսզի դու քո մասին պատմեիր, - քաղաքավարի, բայց հաստատուն ձայնով ասաց Բաղրյանը:

Նրան միշտ շատ էր հետաքրքրել հրամանատարը:

- Ի՞նչ ըսեմգ Չեմ ուզեր երկար-բարակ խոսիլ, - պատասխանեց Մոնթեն. - իսկական անունս Մոնթե է, Մոնթե Մելքոնյան: Այս Ավո անունը որդեգրեցի, երբ որ Շահումյան գացի 91 թվականին, տակավին խորհրդային բանակ կար եւ այլնգ

Նրա ձայնը շատ գործնական էր:

- Անցյալին սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար եւ այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է:

Երբ Բաղրյանը զարմանք հայտնեց, որ սփյուռքահայը եկել էր Արցախում կռվելու, Մոնթեն ծիծաղեց.

- Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանե, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին, եւ նաեւ պարտականությունն է: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այդ է զարմանալին:

Այդ թեմային նա անդրադարձավ նաեւ հետագայում` մեկ այլ հարցազրույցում. «Մենք տեսանք, որ մեր հայրենիքի մի մասը գրավում են, գրավում ամենաստոր եղանակով. պետությունը` ադրբեջանական պետությունը, դավեր էր նյութում` այն աստիճանաբար զավթելու համար, եւ նրանք զավթում էին այն` ճնշելով մեր ժողովրդի բոլոր իրավունքները, ճնշելով նրա մշակույթը, ահաբեկելով նրան. երբ մարդ տեսնում է այս ամենը, դժվար է չմասնակցել: Եվ զարմանալի է, որ ավելի շատ մարդիկ չեն մասնակցում»:

Մոնթեն անկեղծորեն զարմացած էր, ավելի ճիշտ` վրդովված Արցախում ազգային պարտքի կանչին սփյուռքի իր հայրենակիցների կողմից աննշան արձագանքով: Թշնամու քարոզիչները Բաքվում հայտարարում էին, թե, իբր, արաբական երկրների հայերից բաղկացած «էքսպեդիցիոն զորքեր» էին եկել Լեռնային Ղարաբաղ, բայց իրականությունն այլ էր: Սփյուռքից ընդամենը մեկ տասնյակ կամավորներ էին միացել պայքարին, եւ նրանց կեսից քիչն էր մնացել խրամատներում մեկ-երկու ամսից ավելի:

Ավելի շատ ռուսներ էին կռվում Արցախի պաշտպանական ուժերի շարքերում, քան սփյուռքահայեր: Այդ ռուսներից մի քանիսը, որոնց թվում` լեյտենանտ Դմիտրի Անատոլեւիչ Մոտրիչը, հաղորդալարերով կառավարվող հակատանկային «ֆագոտի» (գգգգգ) մասնագետներ էին: Մոնթեն սիրում էր բարձրահասակ, քաղաքավարի ռուսին, իսկ Դիման պաշտում էր իր հրամանատարին: Երբ Դիմայի հայրը` Անատոլի Դմիտրիեւիչը, իմացավ, որ իր որդին ընկել էր Ճարտարի` նոլեմբերի 16-ի ճակատամարտում, Վլադիվոստոկից եկավ Մարտունի` Դիմային փոխարինելու ռազմի դաշտում: Հայրը քաջաբար կռվեց Մոնթեի հրամանատարության տակ Ստորին Վեսալուի մի ճակատամարտում:

Դեկտեմբերի 5-ին, Չեյիլի բարձունքների գրավումից հետո, լուր տարածվեց, որ մոտակա Բերդաշեն գյուղի շրջակա տարածքը հանգիստ ու ապահով է: Գյուղացիներն սկսեցին վերադառնալ իրենց տներն ու հողատարածքները, իսկ տղամարդիկ միացան խրամատների պահեստայիններին: Թիկուքում ունենալով ընտանիքներ ու հարեւաններ` պաշտպաններն ավելի վճռական դարձան:

Անվտանգության շնորհիվ հողագործներն իրենց դաշտերը վերադարձան, բեռնատար մեքենաները շատացան, եւ փռերն ու գինեգործներն սկսեցին լրիվ թափով աշխատել: Շուտով Մարտունիում ավելի հեշտ էր լավ սնվել, քան Երեւանում: Տնտեսական գործունեության աճն իր հերթին փախստականներին հետ էր գրավում դեպի իրենց լքված տներն ու դաշտերը, այդ թվում` նաեւ կռվելու ընդունակ տարիքի երատասարդների, որոնք միանում էին պահեստայիններին ու փոխեփոխ հերթապահում խրամատներում:

Չնայած Մոնթեի արգելափակած ճանապարհներին ու նրա ժլատությանը վառելիքի հարցում, նա դարձել էր «ժողովրդի սիրելին», ինչպես նկարագրեց նրան բուլղարուհի կինոնկարահանող Ցվետանա Պասկալեւան: 1992 թ. դեկտեմբերի 16-ին Գիշի գյուղի բնակիչները` ահել ու ջահել, հավաքվել էր «Կուլտուրայի տանը», որտեղ մուգ կարմիր փալանով ու երկար բամբակե մորուքով մի հոգեբան կանգնել էր վարագույրի հետեւում` պատրաստ որպես Ձմեռ Պապիկ բեմ դուրս գալու: Երբ աղմուկը մարեց, վարողը կռացավ դեպի առաջին շարքում նստած երեխաները եւ, աչքերը կլորացնելով, հարցրեց.

- Երեխաներ, ո՞վ է հիմա գալու: Ո՞ւմ եք դուք սպասում:

Ի հիասթափություն Ձմեռ Պապիկի` տաք-տաք հագնված երեխաների շարքն առաջ վազեց ու բղավեց.

- Ավո՜ն, ուզում ենք Ավոյին տեսնել:

Մայրերն, իրենց նորածիններին օրորելով, մրմնջում էին.

- Ավոն մեզ հետ է: Որտեղ Ավոն` այնտեղ հաղթանակ:

Նույնիսկ քաջությունից ավելի (որն, ի վերջո, հազվագյոըտ գիծ չէր Ղարաբաղի լեռնցիների մոտ), Մոնթեի համոզելու կարողությունը գալիս էր նրա անբասիրությունից: Մարտունու հրամանատարի վարքն ու բարքը համապատասխանում էր Իբն Խալդունի ասույթին. «Անկեղծ մղումների անկումը հանգեցնում է մարտական ոգու անկման»:

Մոնթեն անկեղծ մղումների մարմնավորում էր: Նա իր մարդկանց հետ էր ուտում, քնում էր իր գրասեղանից մի քանի քայլ այն կողմ դրված նեղ թախտին, բահ էր վերցնում` խրամատներ փորելու եւ ճանապարհների փոսերը լցնելու համար: «Պաշտպանության կոմիտեից» ստացած իր ամսական աշխատավարձը նա տալիս էր վիրավոր զինվորների ընտանիքներին եւ շտաբի` ամենից լավ աշխատող խոհարարներին ու հավաքարար կանանց:

Տեղացիները սիրում էին պատմություններ պատմել կենդանիների հանդեպ Մոնթեի ցուցաբերած բարիության մասին: Նրանք նկարագրում էին` ինչպես էր հրամանատարն իր ինքնաձիգի փողով օձերին հավաքում ճանապարհներից, կամ դուրս ցատկում զրահամեքենայից` մի դույլ ջուր լցնելու շերեփուկներով լի չորացող լճակի մեջ, կամ բղավում զինվորի վրա, որը սատկած բազե էր մեխել բունկերի բարավորին: Մարտունեցի մի աղջիկ` Հելեն Հակոբյանը, որ դեռահասության տարիք դեռ չէր մտել, նկարագրել է հրամանատարին որպես «զարմանալիորեն բարի մարդու` համարյա միամիտ պարզությամբ»:

Ադրբեջանի պետական քարտուղար Փանախ Հուսեյնովը (նա ազգակցական կապ չունի Սուրաթի հետ) նոր տարին սկսեց այն հայտարարությամբ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի ոչ թե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ մարտի դաշտում: Լեռնային Ղարաբաղի ապագային վերաբերող բանակցություններն ամիսներ էին տեւել` Մինսկում, Հռոմում ու Ժնեւում: Դրանց մասնակցում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ 9 ուրիշ երկրներ (հատկանշական է, որ Իրանը բանակցություններում ներգրավված չէր), բայց նրանք համարյա ոչ մի արդյունքի չէին հասել:

Մոնթեն ավելի քան համաձայն էր պետական քարտուղար Հուսեյնովի հետ. հարցը պետք է լուծվեր մարտի դաշտում: Հունվարի 4-ի գիշերը նրա մարտիկներն ադրբեջանցիներին հետ մղեցին Մարտունի քաղաքից մի քանի կիլոմետր դեպի արեւելք, մինչեւ Կիզիլկայա (կամ Կարմիր ժայռ)` լեռների արեւելյան ծայրին գտնվող մի բարձունք: Ճակատամարտի ժամանակ հայկական կողմից ոչ մի զոհ չեղավ, բայց հետո Ճարտարի ռազմաճակատից մի տանկ Կարմիր ժայռի վրա դիպավ ականի: Կարծելով, թե իրենց տանկը «Գրադի» համազարկի թիրախ է դարձել, անձնակազմը դուրս ցատկեց եւ այս ու այն կողմ վազեց ականապատ դաշտում: Տուժածների վերքերը դեռ վիրակապված չէին, երբ Մոնթեն հայտնվեց այնտեղ եւ հաշվեց անձնակազմի 8 սպանված ու 6 վիրավոր անդամ:

Մոտ ժամը 3:00-ին նա ոտքերը քարշ տվեց շտաբ ու ընկավ իր թախտին: 2 ժամ անց, սակայն, խռխռացող ռադիոն նրան արթնացրեց: Դա տեղեկատվություն էր ռազմաճակատից. թշնամին ուժեղ հակահարձակման էր անցել` նորից գրավելով Կարմիր ժայռը եւ գերի վերցնելով Կրասնի Բազարից 7 մարտիկների: Ուրիշ պաշտպաններ, զրահամեքենայով նահանջելիս, նույնպես ականի էին դիպել: Տանկը գլորվել էր մարտիկներից մեկի ձեռքի վրա, որն իր սվինով այն կտրել էր ու փախել:

Մոնթեն ճանկեց իր բաճկոնը: Մինչեւ լուսաբաց նրա մարտիկները շարքից հանել էին թշնամու 2 տանկ, գրավել 1 զրահամեքենա ու 100 միլիմետրանոց հակատանկային հրանոթ եւ սպանել թշնամու 60 զինվորի: Այնուամենայնիվ, թշնամուն հաջողվել էր նորից գրավել լեռնագագաթը` սպանելով Մարտունու եւս 6 լավագույն մարտիկների ու գերեվարելով 4 մարտիկների Կրասնի Բազարից, որոնց նրանք խոշտանգեցին եւ ի վերջո սպանեցին:

Այդ ժամանակ Մոնթեի աջ ձեռքը թփրտում էր մեռնող ձկան պես, եւ նրա հետ շփվող ամեն ոք նկատում էր, որ նա անընդհատ աչքերը թարթում է: Նրան ամենից շատ պետք էր այն, ինչ նա ամենից քիչ էր ստանում` քնել:

Մոնթեն դեռ ճնշված վիճակում էր 2 օր անց, երբ Կոմիտասը մեքենայով տարավ նրան Երեւան` մեր ավագ քույր Մայլեին օդանավակայանում դիմավորելու: Դա նրա առաջին այցելությունն էր Հայաստան` անցյալ ամառ Մոնթեի հարսանիքից հետո: Մարտունի վերադառնալիս թեթեւ ձյուն էր գալիս: Մինչ շտաբի մեքենան վաղ առավոտյան դմփդմփում էր փոսերով ծածկված ճանապարհի վրա, Մայլեն ննջել էր, բայց նրա եղբայրը լուսանի աչքերով հայացքներ էր նետում հետ ու առաջ` զննելով լապտերների տեսադաշտում գտնվող ճանապարհը:

Ստեփանակերտից արեւելք, Ննգի գյուղի մոտ, գիշերվա ժամը 1:30-ի մոտ նա հանկարծ Կոմիտասին հրամայեց կանգ առնել: Մոնթեն ցիստեռն քաշող հանդիպակաց բեռնատարի լույսերի տակ դուրս ցատկեց շտաբի մեքենայից: Բեռնատարը կանգնեցնելով` նա մի քանի բառ փոխանակեց վարորդի հետ եւ ստուգեց նրա բեռնացուցակը: Բեռնատարը տանում էր թույլատրվող 150 լիտրից զգալիորեն ավելի շատ գինի:

Ինչ-որ մեկը փորձում էր մաքսանենգությամբ գինի դուրս բերել Մարտունուց` նախքան շրջանի հրամանատարը վերադառնար Երեւանից: Մոնթեն իր ինքնաձիգի խզակոթով հարվածեց ցիստեռնի հետեւում գտնվող ծորակին եւ բռնագրավեց վարորդի անձը հաստատող փաստաթուղթը, մինչ գինին թափվում էր ցեխոտ ձյան մեջ:

Հունվարի 16-ի երեկոյան Մոնթեն պատրաստվում էր մեկ այլ ճակատամարտի: Բայց այս անգամ մարտը լեզվակռիվ էր լինելու, եւ հակառակորդներն` իր իսկ մարդիկ: Մոտ 100 սպաներ եւ հատուկ միավորումների ղեկավարներ բարձրացան Մարտունու շտաբի աստիճաններով ու նստեցին երկրորդ հարկի ընդարձակ միջանցքում, որը որպես նիստերի դահլիճ էր ծառայում: Քննարկման նյութն էր գնդապետ Հարոյանի ներկայությունը Մարտունիում:

Գնդապետը, թվում էր, բախվել էր տեղական մի խմբավորման հետ, որը նրան համարում էր ուրիշների գործերին անհարկի խառնվող մեկը: Խմբավորման անդամները բռնագրավել էին գնդապետի կապույտ ծառայողական մեքենան եւ հրաժարվում էին վերադարձնել, մինչեւ գնդապետը չհեռանար Մարտունուց:

Մոնթեն հառաչեց, ոտքի կանգնեց եւ իր ընկեր մարտիկներին հիշեցրեց ժողովրդի պաշտպանության գործում Հարոյանի բացառիկ վաստակը: Նա գովաբանում էր գնդապետին, մինչեւ որ ձայնը խռպոտացավ, բայց հակառակորդներն ադամանդյա պնդություն ցուցաբերեցին, իսկ տեղացիներից քչերն էին ցանկանում Հարոյանի կողմը բռնել` ընդդեմ մարտունեցի տղաների, եթե նույնիսկ նրանք ավազակներ էին:

Ժողովից հետո շտաբի շենքից համարյա բոլորը դուրս եկան` վախենալով, որ հարցի ուժային լուծում էր հասունանում` մի կողմից Հարոյանի ու Մոնթեի, մյուս կողմից` տեղական խմբավորման միջեւ: Երբ Մոնթեն ու Հարոյանն այդ երեկո կզակներն արմունկներին հենած նստել էին ճաշասրահի սեղանի մոտ, նրանց հետ միայն երկու հոգի կային` Սեդան ու Ռաշիդ «Սարիբեկ» Մարտիրոսյանը` տանկի մի բարետես հրամանատար, որը «թքած ուներ» բամբասողների ու ավազակների կարծիքի վրա: Սեղանի շուրջը հավաքված չորս մարտիկներն ավելի մռայլ էին, քան զայրացած: Երբ Սարիբեկը փորձեց Հարոյանին համոզել, որ մնա, գնդապետը միայն տխուր ժպտաց.

- Իմ գործն այստեղ ավարտված է, - ասաց նա:

Գնդապետի մեկնելուց հետո Մոնթեն տեղափոխվեց նրա նախկին գրասենյակը երկրորդ հարկում, իսկ փոխհրամանատար, Աֆղանստանի պատերազմի վետերան Մոսի Հակոբյանը տեղափոխվեց Մոնթեի ազատած ավելի փոքր սենյակը: Փետրվարի ընթացքում փոխհրաձգությունները, հետախուզական օպերացիաներն ու հրետանային մենամարտերը շարունակվում էին Մարտունու ռազմաճակատների երկայնքով` ձյան ու ցեխի մեջ, իսկ Արցախի ուժերը հյուսիսում շարունակում էին դուրս մղել Սուրաթ Հուսեյնովի «Գյանջայի բրիգադը» նախորդ ամռանը նրա գրաված հողերից:

Մինչ այդ Մարտունու շտաբում անհամաձայնություն էր տիրում: Քաջալերվելով հակահարոյանական արշավանքի հաջող ավարտով` անկառավարելի խմբավորման անդամներն այժմ հայացքներն ուղղել էին Մոնթեին: Փետրվարի 26-ի երեկոյան նրանք օդի մեջ կրակելով ներխուժեցին շտաբի շենք:

Ինչ-որ մեկը կոտրեց Մոնթեի գրասենյակի դուռը, հետո Ցավը` ականի վրա ոտքը կորցրած մարտիկը, ցատկելով կտրեց-անցավ սենյակը մինչեւ այն գրասեղանը, որի առջեւ Մոնթեն նստած գրառումներ էր անում: Ցավը ձեռնափայտն ուսից վեր բարձրացրեց` Մոնթեին հարվածելու համար, բայց, ըստ մի ականատեսի պատմածի, Մոնթեն աչքերը թղթերից բարձրացրեց` առանց մատն անգամ շարժելու եւ հանգիստ հայացքով հարձակվողին գամեց իր տեղում: Ցավը թեւաթափ եղավ: Հետո նա ձեռնափայտն իջեցրեց եւ կաղեկաղ ու արցունքախառն դուրս եկավ սենյակից:

Ներխուժողներն այդ երեկո հեռացան շտաբից, բայց սպառնացին վերջնական ուժային լուծման համար վերադառնալ: Այս անգամ էլ շտաբի անձնակազմը փախել էր` շենքը դատարկ թողնելով, բացի Մոնթեի մի բուռ ամենահավատարիմ ընկերներից: Շուտով մի տանկ դղրդաց ճանապարհն ի վեր եւ հրանոթով նշան բռնեց շտաբի կողմը: Մոնթեն աստիճաններով ցած իջավ` հայտնվելով ուղիղ հրանոթի փողի դիմաց, եւ բղավեց շարժիչի ոռնոցի մեջ.

- Կամ դուք ձեր զենքերը կհանձնեք, կամ ես հեռանում եմ:

Մի րոպե անցավ: Հետո տանկը ցնցվեց եւ հետընթաց շարժումով հեռացավ` սեւ ծխի ամպի ուղեկցությամբ:

Ապստամբները չէին ուզում կրել «ժողովրդի սիրելիին» Մարտունուց վռնդողների խարանը: Տանուլ տալով այդ օրվա հակամարտությունը` նրանք պետք է մի որոշ ժամանակ չերեւային:

Չնայած չարչարանքին ու շրջապատող չարակամությանը, Մոնթեի օրերը Մարտունիում չընդհատվող փորձություն չէին: Մի առավոտ, մինչեւ գնդապետ Հարոյանի մեկնումը Մարտունուց, նա ու Մոնթեն հետախուզության գնացին Ֆիզուլու ճակատը: Մի քանի քայլ նրանց հետեւից հանգիստ քայլում էին 5 երիտասարդ զինվոր: Մինչ նրանք մեծ հեռավորություն անցան խաղողի որթերի միջով, մանր անձրեւ էր տեղում:

Երիտասարդ զինվորները լսում էին առջեւից քայլող երկու սպաների զրույցը, որոնք խոսում էին տերեւների, թռչունների ու երկրի գեղեցկության մասին: Վերջապես հետախուզական խումբը թրջված ու քաղցած հասավ Դաղավարդ գյուղը, որտեղ նրանց հյուրընկալեց զինվորներից մեկի` Պուտի անունով քաղաքավարի երիտասարդի ընտանիքը: Նրանք հանեցին իրենց խոնավ հագուստներն ու չորացնելու համար կախեցին մի փայտից, վառարանի մոտ: Ընտանիքի կանայք կերակուր պատրաստեցին, եւ երբ տաք կերակուր մատուցվեց, Պուտին ժպտալով ասաց.

- Սա իմ կյանքի ամենալավ օրն էր:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter