HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի պես գնա՛ - 1

սկիզբը 

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Հրամանատարի զինվորները նրա բաց դագաղը սահեցրին ուղղաթիռի մեջ, հետո կափարիչը մտցրին: Բարձրանալիս ուղղաթիռն ուժեղ քամի առաջացրեց, հետո երեք անգամ ժամացույցի սլաքի` կյանքի ուղղությամբ պտույտ գործեց դաշտում հավաքված սգավորների գլխավերեւում եւ ուղղություն վերցրեց արեւմուտք` դեպի Երեւան:

Երբ ուղղաթիռը մի ժամ հետո վայրէջք կատարեց Երեւանում, ինչ-որ մեկը հետեւից մոտեցավ Սեդային ու գրկեց նրան: Նույնիսկ շրջվելուց առաջ նա գիտեր, որ դա Շիշկոն է: Նա դեմքն իջեցրեց Սեդայի ուսին ու հեկեկաց:

Մեր մայրը, հայրը, Մոնթեի մանկության ընկեր Ջոելն ու ես ամսի 17-ին Փարիզի հերթական թռիչքով առանց մուտքի արտոնագրերի եկանք Երեւան: Մայլեն այնտեղ միացավ մեզ` գալով Մոսկվայով: Երեւանում մենք հանդիպեցինք Մոնթեի փարիզյան հին ընկերներին, որոնց թվում էր Արա Թորանյանը:

Հաջորդ օրվա այցելությունը դիարան պատասխան տվեց այն հարցերից մեկին, որոնք զբաղեցրել էին իմ միտքը` 5 օր առաջ գույժը հեռախոսով Մայլեից լսելուց ի վեր. տանջվե՞լ էր Մոնթեն մեռնելուց առաջ: Նրա հոնքի վերեւի փոսը խորն էր` ձգվելով ճակատից մինչեւ ականջի հետեւը: Ախտաբան մասնագետի համար դժվար չէր որոշելը, որ նա կամ միանգամից էր մահացել, կամ մի քանի վայրկյանի ընթացքում: Սա հանգստացնող լուր էր, ինչպես նաեւ Սեդայի տեղեկությունն այն մասին, որ նա մարմինը զննելու ժամանակ խոշտանգման նշաններ էր փնտրել, բայց չէր գտել:

Բայց ինձ նաեւ ուրիշ զգացում էր համակել` dռjՈ vu-ի զգացումը. եղբորս ճակատի վերքն այն նույն վերքն էր, որ 12 տարի առաջ հայտնվում էր իմ գիշերային մղձավանջներում, երբ գնդակների տարափի տակ Մոնթեն դանդաղ կծկվում էր, իսկ իմ գլխում ծագում էր անտանելի միտքը` մենք մեռնում ենք շների նման:

- Ինչպիսի՜ կորուստ, - անգլերեն հառաչեց մեր մայրը, երբ իր համար անհասկանալի լեզվով ցավակցություններ լսեց սգավորների հերթական պատվիրակությունից: - Երբ մտածում եմ, թե ինչ կարող էր նա արած լինել որպես հնագետ...

Այս խոսքի վրա Ջոելը մի հեգնական ժպիտ ուղղեց ինձ.

- Այո՛, նա կարող էր իսկապես մեծ մարդ լինել...

Թաղման օրը` հունիսի 19-ի լուսաբացին, մենք, դիակառքին հետեւելով, դիարանից գնացինք մի փոքր քարե տուն` Բաղրամյան պողոտայից ոչ հեռու, հողե փողոցի վրա: Մինչ այդ ես չէի տեսել նշանավոր տունը, որ Մոնթեն նկարագրել էր այնպիսի պատկառանքով, կարծես դա մի պալատ լիներ: Ուստի ես զարմացա, երբ մտա մի քանի պստլիկ սենյակ պատնեշող քարակույտի նման մի տեղ: Տունը ոչ հոսող ջուր ուներ, ոչ ջեռուցում, բայց խոհանոցի պատուհանն իրոք Արարատ լեռան համար իբրեւ շրջանակ էր ծառայում:

Մոնթեի կոպիտ փայտե դագաղը դրված էր սեղանին, ամենամեծ սենյակում: Մարմինը ռազմահագուստով էր, ձեռքերն` ավանդույթի համաձայն խաչված կրծքին: Այդ ձեռքերը շատ ծանոթ էին, շատ երիտասարդ ու փափուկ, որպեսզի դիակի ձեռքեր լինեին: Բնազդաբար ձեռքս դրանց վրա դրեցի, բայց թեւիս միջով մի սառնություն անցավ. դրանք քարի պես սառն էին:

Մեր հայրն ամբողջ առավոտ հանգիստ էր: Նա տանջված ու նիհարած տեսք ուներ: Շրջվելով դագաղից` նա անգլերեն ասաց Մայլեին ու ինքն իրեն.

- Սա մարդուն ոչնչացնում է:

Ջոելը ձեռքում բռնած կովբոյական գլխարկի ժապավենից դուրս քաշեց կարմրապոչ բազեի երկար փետուրն ու դրեց դագաղի մեջ: Խշխշան զինվորական համազգեստով դագաղակիրներն այն բարձրացրին իրենց ուսերին ու դուրս բերեցին տան դիմացի փողոցը: Նրանք դագաղը երեք անգամ պտտեցրին ժամացույցի սլաքի ուղղությամբ ու սահեցրին դիակառքի մեջ` տնից գերեզման վերջին ուղեւորության համար` մի կարճ ուղեւորություն, որ տեւելու էր օրվա մեծ մասը:

Արեւն այդ օրը չափազանց ուժեղ էր այրում փողկապ կապելու համար, բայց մեր հայրը, ես ու Ջոելն այնուամենայնիվ փողկապներով էինք: Սեւ զգեստ չունենալով` մեր մայրը մուգ կապույտ էր հագել: Մայլեն պետք է սեւ շորով մի օր դիմանար: Ավելի անտարբերությունից, քան ավանդույթը հարգելով` ես չէի սափրվել Չիկագոյից մեկնելուց ի վեր: Միայն ավելի ուշ հասկացա, որ ես նույն կոստյումով էի, ինչ եղբորս հարսանիքին 2 տարի առաջ:

Սովորույթի համաձայն` դագաղի կափարիչը չպիտի փակվեր, մինչեւ այն իջեցնեին գերեզմանի մեջ: Ես գիտեի, որ թաղումը լինելու է օրվա ամենաշոգ ժամերին, եւ անհանգիստ էի` կդիմանա՞ արդյոք եղբորս մարմինը: Լսել էի ուրիշ նահատակների թաղումների պատմություններ, երբ դիակներն այնքան քայքայված էին եղել, որ սգացողները ործկացել էին արցունքների միջից: Այդ առավոտ դիարանի աշխատող մի կին գալիս էր Մոնթեի դագաղի հետեւից` պարբերաբար նրա դեմքին քսելով մի տեսակ փոշի, որ նա հանում էր փոքր մետաղե տուփից: Ինչպես պարզվելու էր, փոշու կարիքը չկար, քանի որ երկար շոգ օրվա ընթացքում Մոնթեի մաշկը չսմքեց ու չծածկվեց բծերով:

Երբ մտանք «Սպայի տուն», մի քանի դուդուկ սկսեցին նվագել «Սիրեցի, յարս տարան»: Գնդապետ Հարոյանն ու թաղման հանձնաժողովը հոգացել էին երաժշտության եւ իրենց ընկերոջ հուղարկավորության հետ կապված բոլոր մանրամասների մասին: Քելբաջարի գրոհի գաղտնի առաջնորդ գեներալ Դարիբալթայանը համարյա աննկատ մտավ դահլիճ ու գլխարկը հանեց: Աբոն, Մասիս Հրայրը, Մոսին եւ ուրիշ մարտիկներ հրաժեշտ տվեցին իրենց հեռացող հրամանատարին:

Մոնթեի մահից հետո հայրենակիցներն սկսեցին նրան կոչել «զորավար Ավո» պատվավոր անունով: Իր կյանքի ընթացքում, սակայն, Մոնթեն երբեք չհասավ նույնիսկ լիարժեք գնդապետի աստիճանին: Մեռնելուց 2-3 շաբաթ առաջ, մայիսի վերջին, Սեդան լսեց, որ «Պաշտպանության կոմիտեն» Ստեփանակերտում իր ամուսնուն փոխգնդապետի աստիճանի էր արժանացրել: Երբ Սեդան լուրը հայտնեց Մոնթեին, նա ուսերը թոթվեց ու ասաց.

- Ինձ համար մեծ տարբերություն չի լինելու:

Նա այդ աստիճանն առաջին անգամ չէր ստանում. մոտ 10 տարի առաջ Լիբանանում Զահեր ալ-Խաթիբը Մոնթեին «Աշխատավորների լիգայի» աշխարհազորայինների փոխգնդապետի աստիճան էր շնորհել:

Դուդուկները միապաղաղ ողբում էին: Երկու զինվոր կարմիր մեխակների մի պսակ հենեցին դագաղի պատվանդանին: Բեյրութից պատվիրված պսակի վրա ֆրանսերեն մակագրություն կար. «Քո հին ընկեր Ալեքից»:

Իմ հաշվարկով` այդ առավոտ ու կեսօրին սգո շարասյունով լուռ անցան մոտ 12000 հոգի, մեծ մասամբ` տանջահար տեսքով հասարակ ժողովուրդ: Կոստյումներ չունենալով` նրանք այդ շոգին հնամաշ սվիտերներ էին հագել, եւ ներկայանալի սպիտակ վերնաշապիկներ չունենալով` նրանք հագել էին իրենց լավագույն կարճաթեւ շապիկները: Հայաստանի նախագահը, փոխնախագահը, նրանց նախարարները, խորհրդարանի պատգամավորներ, ռուս սպաներ` բոլորն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հրամանատարին: Լուռ ու հանգիստ էին նույնիսկ գրկի մանուկները:

Մոտ 2 ժամ անց Պաշտպանության նախարարության մի սպա մեր շարքում նստած հարազատներին ու ընկերներին ուղեկցեց դահլիճի հետեւում գտնվող մի սենյակ` թեյի: Երբ մոտ 20 րոպեից մենք վերադարձանք մեր տեղերը, իմացանք, որ ԱՄՆ-ի դեսպան Հարրի Գիլմորն այդ ընթացքում երեւացել էր ու գնացել: Ես կասկածեցի, թե մանրամասների հանդեպ միշտ բծախնդիր գնդապետ Հարոյանն էր կազմակերպել մեր չհանդիպելը, որպեսզի այդ օրը որեւէ անհարմար իրավիճակ չստեղծվեր: Գլխումս ուրիշ միտք էլ ծագեց. որ դա դեսպանի վերջին հնարավորությունն էր` դագաղին մի հայացք գցելու եւ «Հետախուզության դաշնային բյուրոյին» (FBI) Մոնթեի մահը հավաստելու:

Մոտ ժամը 2-ին մենք պատվո պահակախմբի ու դագաղակիրների հետեւից «Սպայի տնից» դուրս եկանք կիզիչ արեւի լույսի տակ: Ես աչքերս կկոցած նայեցի Հանրապետության Հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց: Դագաղը զրահամեքենայով տարան դեպի 17-րդ դարի Սուրբ Զորավոր եկեղեցի` վերջին արարողությունը կատարելու համար, իսկ այնտեղից` սգավորներով եզերված փողոցներով, դեպի Եռաբլուրի զինվորական գերեզմանոցը: Պատերազմի սկզբից ի վեր այստեղ երիտասարդներ էին գալիս` Արցախի ռազմաճակատներ մեկնելուց առաջ իրենց համար գերեզմանի տեղ ընտրելու:

Բլրի գագաթին մի միայնակ դուդուկ էր հնչում բաց գերեզմանի վրա, խունկը ծխում էր, եւ սեւազգեստ կանայք` լալիս ու բարձրաձայն ողբում: Մեխակներն ու վարդերը, որ սգավորները կիտել էին գերեզմանաթմբի վրա, թառամում էին արեւի տակ: Մի խաչ տարուբերելով` քահանան կրկնեց հինգերորդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերը. «Մահ իմացեալ անմահութիւն է»:

Ես չգիտեմ` ինչպիսի թաղում էր սպասում մեր մայրը, բայց այդ օրը նա ցնցված էր: Այն բոլոր տարիների ընթացքում, երբ իր որդին ընդհատակում էր, բանտում կամ փախուստի մեջ, նա իր «ծաղկի ակումբում» քիչ բան կարող էր պատմել անշարժ գույքի գործակալների եւ իրավաբանների հպարտ մայրերին: Բայց հիմա, գերեզման իջնելով, որդին վերջապես վերահաստատեց իրեն մոր աչքում. կարմիր գորգեր, ուսադիրներ, բարձր քայլքով պատվո պահակախումբ, հյուրեր 9 երկրներից, շքանշաններով գեներալներ, լավ կարված կոստյումներով ալեհեր պաշտոնյաներ, հեռուստախցիկներ, լվացված ու փոսերը շտապ լցված փողոցներ, իսկ ամենից առաջ` սգավորների անվերջանալի հոսք: Այս ամենը վկայում էին, որ, գոնե մահվանից հետո, իր որդին այլեւս դատապարտված ահաբեկիչ չէր. նա ազգային հերոս էր, ինչպես այժմ սովորել էր ասել մեր մայրը: 

Սեդան Մարտունուց բերած մի բուռ հող լցրեց դագաղի մեջ, հետո Մոնթեի զինվորները փակեցին կափարիչն ու նրան իջեցրին այն հողի մեջ, որի պաշտպանության համար նա զոհվել էր: Բաց գերեզմանից փոշի էր բարձրանում: Կիզիչ արեւի տակ կանգնած, շրջապատված հարյուրավոր այլ գերեզմաններով եւ որպես վառելիք կտրված ծառերի կոճղերով` գլխիս մեջ արձագանքեց գնդապետ Հարոյանի ցածր ձայնը.

- Թող Հայաստանի օրհնված հողը թեթեւ լինի քո աճյունի վրա:

Հաջորդ առավոտ մենք թռչում էինք սարերի ու ձորերի վրայով` մի հեւացող, հնամաշ МИ-8-ով, որ գերբեռնված էր մարտիկներով, վզին խաչ կախած մի պոռնիկով եւ մոտ 250 գալոն բենզինով: Ներքեւում կռիվ էր գնում Մարտակերտի ավերակների համար: Միաժամանակ, 150 մղոն դեպի արեւելք, Սուրաթ Հուսեյնովի ապստամբ բանակը, շարժվելով ճակատամարտի հակառակ ուղղությամբ, գտնվում էր Բաքվից 5 մղոն հեռավորության վրա: 2 օր առաջ, երբ Մոնթեն դեռ թաղված չէր, Ադրբեջանի քննադատված նախագահ Էլչիբեյը Բաքվից փախել էր իր հարազատ Քելեքի գյուղը մեկուսացված Նախիջեւանում` իրանական սահմանի մոտ: Նա պաշտոնավարեց մեկ տարուց մի օր պակաս: Մինչ այդ Շուշիում եւ Լաչինում ադրբեջանցիների պարտությունը գահընկեց էր արել նախագահ Մութալիբովին եւ իշխանության բերել Էլչիբեյին: Այժմ Քելբաջարի ջախջախիչ պարտությունը գահընկեց էր արել նախագահ Էլչիբեյին եւ ճանապարհ հարթել նրա ախոյանի` նախկին խորհրդային խորամանկ պաշտոնյա Հեյդար Ալի-Ռեզա Ալիեւի վերադարձի համար: Այսպիսով, Քելբաջարի գրոհի հրամանատար Մոնթեն Աբուլֆազ Էլչիբեյի` Կովկասում Անկարայի ու Վաշինգտոնի ապավենի անկման մեջ նույնքան ներդրում ուներ, որքան մյուսները` Հուսեյնովը, Ալիեւը կամ Կրեմլի որեւէ գեներալ:

Երբ հասանք Մարտունու շտաբ, այն բուֆետում, որտեղ հրամանատարը սնվել էր, նրա համար մի դատարկ աթոռ, ափսե ու բաժակ էր դրված: Ծալովի մահճակալի կողքի պահարանիկի վրա Մաքիավելլու «Իշխանի»` թղթե կազմով մի հրատարակություն կար, նաեւ` Սուն Ցուի «Պատերազմի արվեստի» ֆրանսերեն մի քրքրված օրինակ: Աշխատասենյակի գրասեղանին, հսկայական ռազմական քարտեզի տակ, որի վրա Մոնթեն նոր սահմաններ էր գծել, նրա արյունոտ համազգեստն էր` խնամքով ծալված: Համազգեստի կողքը դրված էր արկի` աներեւակայելիորեն մեծ մի ոլորաձեւ բեկոր` մարլայով փաթաթված: Երեւանում սգավորները լեզուները ճտտացնելով հոգոց էին հանում. «Եթե նա սաղավարտ դրած լիներ...»: Սակայն, զննելով բեկորը, ես մտածեցի, որ մի շաբաթ առաջ Մերզուլիի խաչմերուկում գլխին սաղավարտ չունենալը բարեբախտություն էր. շեղելով այսքան խոշոր բեկորի հարվածը` սաղավարտը միայն կերկարաձգեր նրա տառապանքը:

Գնդապետ Հարոյանը հաստատեց այն լուրը, որ իմ եղբորը սպանած զորախմբի անդամներից մեկը գերի էր ընկել Մոնթեի մահվան օրը, եւ որ նրան պահում էին Մարտունու բանտում: Հաջորդ առավոտ Սեդան ու ես հանդիպեցինք Հարոյանին քաղաքային բանտի մոտ: Մենք չգիտեինք` ինչ է մեզ սպասում, երբ գրասենյակում նստեցինք մի սեղանի շուրջը: Հաջորդ րոպեին պահակները ներս բերեցին ճենապակու պես գունատ մի տասնութամյա պատանու եւ ինչ-որ բան գռմռացին` հրամայելով նրան կանգնել մեր առաջ: Դա մի շրջմոլիկ էր, համարյա երեխա: Չնայած նրա ծնոտի աղվամազին, դեղնած ատամներին եւ բրդյա սեւ շալվարի ու վերնաշապիկի կեղտին, նա մի բարետես տղա էր` բարձր այտոսկրերով ու կանոնավոր դիմագծերով: Չեմ հիշում նրա աչքերի գույնը, բայց երբեք չեմ մոռանա լայնացած բիբերը: Նրա աչքերը վախեցած աջ ու ձախ էին վազում, եւ նա դողում էր: Ենթադրում եմ` սպասում էր, որ իրեն պիտի սպանեն, կամ էլ` տանջեն, հետո սպանեն:

Ձեռքի շարժումով ես հրավիրեցի նրան նստել սեղանի մյուս կողմում դրված աթոռին: Երբ նա նստեց, ցույց տվեցի եղբորս սեւ-սպիտակ լուսանկարը, որ ամրացրել էի իմ զինվորական հագուստի ծոցագրպանին: Պահակներից մեկը` գորշ համազգեստով տեղացի ոստիկան սպա, թարգմանեց ադրբեջաներեն.

- Սա այս մարդու եղբոր եւ այս կնոջ ամուսնու լուսանկարն է: Նա սպանվել է այն օրը, երբ դու բռնվեցիր:

Բանտարկյալն առաջ թեքվեց ու նայեց լուսանկարին:

- Դու նրան նախկինում տեսե՞լ ես, - հարցրեց թարգմանիչը:

Պատանին գլուխն օրորեց: Ես մի քանի հարց էլ տվեցի` թե ինչ էր պատահել Մերզուլիում հունիսի 12-ին, բայց նա այդ մասին էլ շատ տեղեկություն չուներ: Մինչեւ օրս չեմ հասկացել, թե ինչու էր այդ զորախումբը հետ մնացել Մերզուլիում, եւ, իմ տպավորությամբ, բանտարկյալն էլ դա չգիտեր: Թերեւս նրանք հետախուզության էին դուրս եկել կամ պարզապես ճանապարհը կորցրել:

- Հուսով եմ` շուտով դու ողջ եւ առողջ կվերադառնաս քո ընտանիքը, ու բոլորս կկարողանանք խաղաղ ապրել, - ասացի նրան` լուսանկարը նորից փակցնելով վերնաշապիկիս գրպանին:

- Այո՛, - գլխով արեց նա` աչքերն արցունքոտ, - խաղաղ:

Նրան հրամայեցին գնալ իր խուցը, եւ մի պահակ վեր քաշեց նրան աթոռից: Կանգնելով` նա նայեց, թե ինչպես ես էլ եմ կանգնում` եղբորս ինքնաձիգը փոկից բարձրացնելով: Երբ պահակը նրան սենյակից դուրս էր բերում, նա դողում էր` ենթադրելով, թե իրեն տանում են ահավոր մահվան իմ` վրիժառու եղբոր ձեռքով: Ես առաջ գնացի եւ ափս նրա աջ ուսին դրեցի` հանգստացնելու համար: Երբ դիպա նրա թեւին, նա վեր թռավ` ասես էլեկտրական հոսանքից:

- Հանգստացի՛ր, - շշնջացի ես նրա չիմացած լեզվով, - հանգստացի՛ր:

Միայն հետո հասկացա, որ ոչ Սեդան, ոչ էլ ես այդ պատանու անունը չհարցրինք:

Բանտի միջանցքում ես երկու խոսք փոխանակեցի մի պաշտոնյայի հետ.

- Լողացրե՛ք ու մաքուր շորե՛ր տվեք այս երեխային, - ասացի ես, - եւ, եթե հարգում եք Ավոյի հիշատակը, փոխանակե՛ք նրան, խնդրում եմ, մի հայ գերու հետ, հենց որ հնարավոր լինի: Վերադարձրե՛ք նրան իր ծնողներին ողջ եւ առողջ:

Ես դադար տվեցի, որպեսզի համոզվեմ, որ բանտապետը նայում է աչքերիս.

- Եթե հարգում եք Ավոյի հիշատակը, այդպե՛ս վարվեք:

Նա գլխով համաձայնության նշան արեց:

Այդ ժամանակ, իրար համընկնող վկայություններ տված չորս ողջ մնացածների ներկայությամբ տեղի ունեցած դեպքից հազիվ մեկ շաբաթ անց, հրամանատարի մահն արդեն պարուրվել էր դավաճանության մասին լուրերով: Զարմանալի չէ, որ թուրքական թերթերը տարածում էին, թե հենց Մոնթեի մարտիկներն էին սպանել նրան: Բայց նույնիսկ սփյուռքում, Երեւանում ու Մարտունիում կան մարդիկ, որոնք կառչած են այն մտքից, թե Մոնթեն զոհն էր «հայկական մաֆիայի, որ զայրացած էր նրա վրա` իրենց մաքսանենգ գինին թափելու կամ կանեփի դաշտերն այրելու համար» (մեջբերում` հայ հերոսներին նվիրված ինտերնետային մի կայքից): Ուրիշները փսփսում էին, թե հրամանատարը դարձել էր Տեր-Պետրոսյանի կոմնակից այն նույն զինյալների զոհը, որոնք սպանել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արթուր Մկրտչյանին, եւ որոնք Մոնթեի մահվանից քիչ անց դարանից սպանեցին Մարտակերտի քսանյոթամյա հրամանատար Նորայր Դանիելյանին:

Կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց համոզել են, թե մի հայ զգուշացրել էր թշնամուն, որ Մոնթեն մոտենում է ծառայողական մեքենայով: Այս սցենարը, սակայն, հերքվում է Մարտունու բանտում պատանի ռազմագերու վկայությամբ եւ ականատեսների պատմածով` թե խաչմերուկում զրահամեքենայի շուրջը կանգնած ադրբեջանցիները պատրաստ չէին բախմանը եւ նույնիսկ չհասկացան, որ հայ մարտիկները թշնամիներ են, մինչեւ Կոմիտասն իր ինքնաձիգը չլիցքավորեց: Ես զարմանում եմ, թե, հակառակ փաստերին, որքան շատ հայեր են շարունակում պնդել` իբր Մոնթեն դավադրության զոհ էր:

Ուրիշ լուրերի համաձայն` Մոնթեն բնավ չէր մեռել, այլ նրա հայտարարված մահը հերթական հնարք էր` մի շինծու պատմություն, որ պիտի քողարկեր ահաբեկիչի անհայտանալն ընդհատակում ու տեղափոխությունն այլ ռազմաճակատ: Մոնթեի թաղումից ամիսներ անց FBI-ի աշխատակիցները շարունակում էին կասկածներ հայտնել նրա մահվանը վերաբերող հաղորդագրությունների մասին: 1994 թ. փետրվարի 25-ի մի գաղտնի տելեթայփի մեջ FBI-ի` Լոս Անջելեսի բաժանմունքը հայտնել է. «Չնայած լրատվամիջոցները լայնորեն տեղեկություններ են տարածել Մելքոնյանի մահվան ու թաղման մասին, նշվում է, թե աճյունը, որ թաղվել է իբրեւ նրան պատկանող, երբեք պաշտոնապես չի հետազոտվել ինքնության հաստատման որեւէ միջոցով` Միացյալ Նահանգների կառավարության որեւէ ներկայացուցչի կողմից: Հարկավ, ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին թույլ չտրվեց թաղումից առաջ մարմինը զննել»:

Դավադրության մասին խոսակցություններն այսօր դեռ շարունակվում են: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես համոզված եմ, որ Մոնթեն ու Սարիբեկն սպանվեցին ադրբեջանցի մարտիկների հետ պատահական հանդիպման ժամանակ: Իմ զրույցները Կոմիտասի, Սարոյի, Հովիկի ու այլոց հետ եւ այցելությունը Մերզուլի ցրել են դավաճանության մասին իմ նախնական կասկածները: Հունիսի 12-ին պատահածն անսպասելի փոխհրաձգություն էր թշնամի զինվորների միջեւ, եւ այնպես պատահեց, որ հակառակորդ կողմերից մեկը` ադրբեջանցիները, զրահամեքենա ունեին եւ 73 միլիմետրանոց հրանոթ:

FBI-ի մի հատուկ գործակալ` Ուիլիամ Օ. Հիթոնը, Los Angeles Times թերթի թղթակից Մարկ Արաքսի հետ զրույցում Մոնթեին կոչել է «վարձկան»: Բայց եթե այդպես է, որտե՞ղ են նրա վաստակած փողերը. Մոնթեից հետո չմնաց ոչ կտակ, ոչ credit card, ոչ բանկային հաշիվ: Նա երբեք մեքենա չուներ, եւ երբ նա սպանվեց, նրա ձեռքի միակ ինքնաձիգը պատկանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին: Հարկավ, հրամանատար Ավոն նույնիսկ սեփական ատրճանակ կամ սվին չուներ: Մի անգամ, երբ նրա մարդկանցից մեկը հարցրեց, թե նա ինչու ատրճանակ չի պահում, Մոնթեն ասաց. «Դա ավելորդ ծանրություն է»:

Այն, ինչ ուրիշները կանվանեին անձնազոհություն, Մոնթեն համարում էր պարզություն: Մինչ նրա հայրենակիցները տենչանքով հայացքներն ուղղել էին դեպի Արեւմուտք` «ավելի լավ կյանքի համար», Մոնթեի համար լավագույն բաներից մեկը պարզ կենցաղն էր: 1981 թ. մարտին նա հետեւյալ պատմությունն է պատմել Ալեքին. մեկ տարի առաջ, մի առավոտ, երբ ինքն աշխատանքի էր շտապում Բեյրութի «Թորոսյան վարժարան», հանկարծ թեթեւության, երջանկության ու բարձր տրամադրության զգացում ունեցավ: Մի պահ նա չէր հասկանում, թե ինչն է պատճառը, մինչեւ նկատեց, որ սովորական կոշիկների ու գուլպաների փոխարեն ռետինե չստեր էր հագել: Այդպիսին էր Մոնթեն` ամենից ոչ ամերիկյան կարգախոսով առաջնորդվող մարդը. «Որքան քիչ ունեմ, այնքան ինձ լավ եմ զգում»:

Քանի որ նույնիսկ Մոնթեին ամենից չարամտորեն վատաբանողները չէին կարող նրա գործունեության շարժառիթ համարել փողը, ապա FBI-ի գործակալ Հիթոնն, օրինակ, ստիպված էր նրան մի ուրիշ այլանդակ մղում վերագրել. «Ոմանք պարզապես սիրում են մարդ սպանել, այնպես չէ՞», - հեգնանքով ասաց նա Los Angeles Times-ի թղթակից Արաքսին: Բուլղարուհի տեսաթղթակից Ցվետանա Պասկալեւան բոլորովին այլ կերպ է նկարագրել Մոնթեին. «Նա պրոֆեսիոնալ զինվորի մտածողություն ուներ` մտահոգություն շրջապատի հանդեպ, բարի կամք, անհանգիստ խիղճ», - ասվում է նրա վավերագրական ֆիլմերից մեկում: Մոնթեն ինքը հասկանում էր, գուցե եւ` իր ամենաոխերիմ թշնամիներից էլ լավ, որ իր սխալ հաշվարկների ու վրիպումների պատճառով բազում խաղաղ բնակիչներ են վճարել իրենց կյանքով կամ խեղանդամ են դարձել: Նրա զոհերի թվում էին Բեյրութում մեքենայի մեջ դրված ռումբից տուժածները, 9 տուժած` 1980 թ. նոյեմբերի 9-ին Հռոմում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով եւ Աթենքում մեքենայի հետեւի նստարանին նստած 14 տարեկան աղջիկը: Հետո` Ղարադաղլուն ու Քելբաջարը:

Պետք է, սակայն, արձանագրել նաեւ, որ Մոնթեն կյանքեր էլ է փրկել: Իհարկե, անհեթեթ կլիներ կազմել երկու ցուցակ` նրա փրկած կյանքերի թիվը համեմատելով խլած կյանքերի թվի հետ: Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ. բացի սպանելուց, Մոնթեն նաեւ պաշտպանել է անպաշտպաններին: Նա այդ արել է Բուրջ Համուդում` 1978-1980 թվականներին, Քֆար Թիբնիթում` 1981-ին, Իսրայելի կողմից Լիբանան ներխուժման ժամանակ` 1982-ի ամռանը: Նա նաեւ հակառակվեց Հակոբյանի «կույր ահաբեկչությանը»` մի որոշ ժամանակ մահացու վտանգի ենթարկվելով: Հետագայում Մոնթեն ու իր զինակիցները պաշտպանեցին Շահումյանի բնակչությանն ОМОН-ից, «Գորշ գայլերից» եւ Ադրբեջանի ազգային բանակից: Իսկ կյանքի վերջին նա ու իր մարտիկները հեռացրին մարդասպան հրետանին ու «Գրադ» հրթիռները Մարտունու քաղաքների եւ գյուղերի հասանելիության սահմաններից:

Հնարավորության դեպքում Մոնթեն արգելել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների եւ թշնամու գերիների ու պատանդների հանդեպ դաժանությունները: Նա կրակն ուղղել է ադրբեջանական գյուղերից այն կողմ եւ ջանացել չկռվողներին լրացուցիչ տառապանք չպատճառել: Քելբաջարի գրոհից անմիջապես հետո Երեւանից իրանագիտության դասախոս Գուրգեն Մելիքյանը խոսեց Ստեփանակերտում մեքենայի մեջ նստած մի մոր ու նրա երկու երեխաների հետ: Նրանք Քելբաջարի քրդեր էին, պատանդներ, որոնց պատրաստվում էին տանել դեպի սահմանն ու փոխանակել ադրբեջանցիների մոտ գտնվող հայ պատանդների հետ: Մայրը հանվանե օրհնեց Ավոյին.

- Նա մեր կյանքը փրկեց, - ասաց նա. - եթե նա չլիներ, մեզ անպայման կսպանեին:

Այս գրքի համար նյութ հավաքելիս` ես բազում նման պատմություններ եմ լսել:

Մոնթեի մահից քիչ անց, Բերկլիի մի պացիֆիստ ընկեր` Արմեն Ս.-ն, Սեդային նրա զոհված ամուսնու մասին գրեց. «Նա ինձ ստիպեց ամաչել ինքս ինձանից»: Ինչպես Արմենը` ես էլ «հարմարավետ ապրում եմ Միացյալ Նահանգներում, մի ազգի մեջ, որի հիմքում ցեղասպանություն ու նվաճումներ են»: Իմ համաքաղաքացիների պես` ես էլ հարկեր եմ վճարում եւ աշխատում չտեսնելու տալ այն արյունահեղությունները, որ CIA-ն, Պենտագոնն ու Քեռի Սեմի տասնյակ մահվան ջոկատները տարեցտարի գործում են իմ անունից եւ իմ մուծած հարկերի դոլլարներով: FBI-ի հույժ գաղտնի գործակալ Հիթոնը եւ իմ համաքաղաքացի ամերիկացիները` «ահաբեկչության» հանդեպ իրենց ծույլ ատելությամբ, միշտ կարողացել են իրենց ձեռքերը մաքուր պահել: Ինչ վերաբերում է իմ եղբորը, ապա նա գոնե թույլ չտվեց, որ իր փոխարեն սպանեն ուրիշները:

Մոնթեն մահացավ երեսունհինգ ու կես տարեկան հասակում` 110 տարի այն բանից հետո, երբ իր տատի քեռի Հակոբ Սերոբյանը մահացավ նույն տարիքում: Հինգ սերունդով բաժանված` նրանց ճանապարհները հատվեցին ու տարան հակառակ ուղղություններով: «Ես այստեղ օտարական եմ ու պանդուխտ», - գրել էր Հակոբն Ամերիկա գալուց հետո: Մոնթեն էլ մի տեսակ պանդուխտ էր, բայց, ի տարբերություն Հակոբի, նա իրեն պանդուխտ չէր համարում երկրագնդի վրա որեւէ տեղ եւ, ի տարբերություն Հակոբի, նրա երկար ուղին նրան տուն էր բերել:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter