HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրեն. «Մենք հիմա ունենք մեկ Երեւան եւ 150 կմ սահմանի վրա ձգվող դատարկված բնակավայրեր»

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են, պատճառն արտագաղթն է: Գյուղերի դատարկվելու «հայելին» դպրոցներն են, որտեղ տարեց տարի աշակերտների թվի նվազում է արձանագրվում: Սահմանամերձ գյուղերում մարդիկ ոչ միայն վատ են ապրում, այլեւ ապրելու հեռանկար չեն տեսնում: Դպրոցի տնօրենները ահազանգում են, որ այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի հետո առաջնագիծը կդատարկվի:

Կախակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտաշ Խլոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 1996 թ. իրենց դպրոցն ունեցել է 117 աշակերտ եւ ձեւավորված 10 դասարան, այժմ՝ 40 աշակերտ եւ 6 դասարան: Դասարանների մի մասը աշակերտների թվականակի պակաս լինելու պատճառով կոմպլեկտավորվել է, քանի որ առանձին գործել չէին կարող:

«Արտագաղթ է, մարդիկ մի քիչ հարստանում, տուն են առնում, գնում են: Ով հնարավորություն ունի, գյուղից դուրս է գալիս. կամ Հայաստանի այլ հատվածներ, կամ արտերկիր են գնում: Բազմիցս ասել եմ, որ սա սահմանամերձ գյուղ չի, այլ սահմանապահ գյուղ է: Ինքս 1993 թ. եղել եմ Քելբաջարի ազատագրման մասնակից, լինելով Հայաստանի սահմանների պաշտպաններից մեկը, ինչը շարունակում եմ անել մինչ օրս, այն մարդիկ, ովքեր այս գյուղում տուն են գնում, իրենց նայում եմ որպես սահմանապահների: Սահմանը պահողը մարդիկ են, ոչ թե զորքն է: Չի կարող տարածք գրավես, ու բնակչություն չլինի: Սարսափել է, կարող եք նայել բոլոր գյուղերը, միգուցե մեր գյուղում վիճակը մի քիչ լավ է»,- ասում է Արտաշ Խլոյանը:

Հարցին, թե ինչու է առաջին գիծը դատարկվում, եւ մարդիկ հեռանում գյուղից, տնօրենը պատասխանեց. «Խնդրում եմ՝ այդ հարցը ինձ մի տվեք, հարցրեք պատկան մարմիններին, չեմ ուզում շատ կարծիքներ հատնեմ, որովհետեւ բացասական կարծիք եմ ասելու: Դատարկվում է, որովհետեւ գյուղի նկատմամբ չկա ճիշտ վերաբերմունք, գյուղացին ինքն իր հոգսերի հետ մնացել է միայնակ: Պետությունը պետք է ավելի շատ հոգա գյուղացու մասին, ավելի շատ ժամանակ տրամադրի նրան, քան հիմա իր ժամանակը տրամադրում է Երեւանում բարձրահարկ շենքեր կառուցելուն: Մենք հիմա ունենք մեկ Երեւան եւ 150 կմ սահմանի վրա ձգվող դատարկված բնակավայրեր: Սոթքից մինչեւ Վահան գյուղ նայեք քանի աշակերտ է սովորում դպրոցում ու պատասխանն արդեն կստանաք»:

Դպրոցի տնօրենի խոսքերով` Կախակնում կան երիտասարդներ որոնք վախենում են ամուսնանալ, երեխաներ ունենալ, որովհետեւ սոցիալապես ի վիճակի չեն ընտանիք պահել: «34-35 տարեկան պահակներ ունենք, ամուսնացած չէին: Վերջերս 34 տարեկան պահակը ամուսնացել է, այնքան էի ուրախացել, որ հարսին ասացի` ինչ ուզում ես ասա, ամենալավ հարսը դու ես լինելու, որովհետեւ լավ գործ ես արել»,- պատմում էր Ա. Խլոյանը:

Նրա ասելով՝ աշակերտները հաճախ են բացակայում` հագուստ ու կոշիկ չունենալու պատճառաբանությամբ: Ծնողները չեն հասցնում նույնիսկ գիրք ու տետրի գումարը վճարել: Ըստ տնօրենի` սեպտեմբերին գրքերը բաժանում են աշակերտներին, սակայն մինչեւ մայիս չեն կարողանում դրանց գումարները հավաքել: Անցյալ տարի դրանք վճարել է տարածքից ընտրված պատգամավորը:

Կախակնի դպրոցն անմխիթար վիճակում է: Թիթեղապատ տանիքն ամբողջությամբ քայքայված է եւ անձրեւաջրերն ամբողջությամբ ներթափանցում են երկրորդ հարկ ու թափվում դասարանում նստած աշակերտների վրա: Քանի որ դասարանների թիվը պակասել է, դպրոցում ազատ դասասենյակներ կան, եւ նման «արտակարգ» իրավիճակների դեպքում երեխաներին տեղափոխում են ավելի ապահով դասասենյակներ, որպեսզի դասարանում գոնե անձրեւանոցով չնստեն:

Անձրեւաջրերը քայքայել են նաեւ դպրոցի պատերը, եւ, եթե մի քանի տարի էլ այս վիճակը շարունակվի, անհնար կլինի դպրոցում դասեր անցկացնելը:

«Ձմռանը շատ դժվար է դպրոցում 16-17 աստիճան ջերմություն ապահովելը: Պատուհանները շատ հին են, նույնիսկ դրանց կողքի բացվածքից հանգիստ կարելի է դուրսը տեսնել: Գրություն ենք ուղարկել Գեղարքունիքի մարզպետին, որպեսզի տանիքի վերանորոգման հարցում օգնի»,- ավելացրեց Արտաշ Խլոյանը:

Դպրոցը նաեւ ջուր չունի, հետեւաբար նաեւ կոյուղի: Ջուրը վերցնում են հարեւանությամբ ապրող բնակիչներից մեկի բակից, բայց եթե վերջինս տանը չլինի ու դուռը փակի, երեխաները ծարավ կմնան: Իսկ զուգարանը գտնվում է դրսում:

Տնօրենը դժվարացավ հիշել, թե արդյոք դպրոցը երբեւէ կապիտալ վերանարորոգվել է: «Ինձ թվում է դպրոցի կառուցման իսկ օրվանից` 1975 թ.-ից, այն կապիտալ վերանորոգման չի ենթարկվել»,- ավելացրեց Արտաշ Խլոյանը: 

Հարեւան Արփունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Վարդանյանը եւս նշեց, որ տարեց տարի աշակերտների թիվը նվազում է, եւ իրենց մոտ նույնպես դասարանները միացվում են: Գյուղը սահմանակից է Ադրբեջանի Դաշքեսան շրջանին եւ Ադրբեջանի հետ ունի 16 կմ երկարությամբ սահման, իսկ սահմանից հեռավորությունը 0 կմ է:

Դպրոցն ունի 104 աշակերտ, եւ կոմպլեկտով ձեւավորվել է 9 դասարան: «Դասարանների կոմպլեկտավարումը երեխաների տունը քանդում է: Նկատել եմ՝ այն առաջին դասարանցիները, ովքեր առանձին են տառերը սովորել, եւ կոմպլեկտավորում չի եղել, նրանց մեջ ակտիվ, սովորող երեխաները բարձր դասարաններում ավելի շատ են լինում, քան կոմպլեկտավորվածների մոտ: Կոմպլեկտավորումը դժվար է եւ երեխայի համար եւ ուսուցչի: Այս տարի 6-7-րդ դասարանները կոմպլեկտավորված են, մաթեմատիկայի ուսուցիչը 30 տարվա մանկավարժական ստաժ ունի եւ չէր ցանկանում կոմպլեկտ դասարանի հետ պարապել: Մի կերպ ենք համոզել, ճարահատյալ դասարանը վերցրեց»,- ասում է Նելլի Վարդանյանը:

Նրա խոսքերով` գյուղից ընտանիքներով արտագաղթ չկա, սակայն այս տարի խոպանչիներն են շատացել, ինչը նախկինում չի եղել:

«Այս տարի 10 առաջին դասարանցի ունենք, բայց մոտակա տարիներին էլ նման բան չի լինի, կունենանք ընդամենը 4-5 առաջին դասարանցի: Աճը կանգնել է:

Սոցիալական պատճառներով է պայմանավորված, մարդիկ 2 երեխա են ունենում ասում են՝ հազիվ էլ պահենք ունեցած տնտեսությունով ու նպաստով: Գյուղում ընդամենը մեկ ընտանիք կա, որ 4 երեխա ունի»,- նշում է տնօրենը:

Արփունքի դպրոցի տանիքը նույնպես վնասված է, եւ վերանորոգման խիստ կարիք է զգացվում: «3 տարի է՝ տնօրեն եմ, 3 տարի է՝ հնչեցնում եմ այս հարցը, դրանից առաջ էլ նախկին տնօրենն է այդ մասին բարձրաձայնել, բայց առայժմ արձագանք չկա»,- նեղսրտեց Ն. Վարդանյանը:

Դպրոցը չունի նաեւ մարզասրահ եւ ձմռանը կամ անձրեւոտ օրերին երեխաները կամ դասասենյակներում են ֆիզկուլտուրա պարապում, կամ էլ միջանցքներում:

Արփունքում նաեւ մշակույթի տուն չկա, եւ երիտասարդները զբաղվելու բան չունեն:

Թե կառավարությունը երբ կթեքվի իրենց կողմը, սահմանամերձ գյուղի բնակիչները դժվարանում են ասել:

Մեկնաբանություններ (5)

hasmik
նույն վիճակը Սյունիքի գյուղերում է, մնացել են մի քանի ծեր ու հիվանդ մարդիկ, երիտասարդ ընտանիք ընդհանրապես գյուղերում չեն ապրում, մեծ մասն Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում են
ominac
Վերջերս Սպանիա գացած էի, եւ շատ գիւղեր պարպուած են, երեւի այս գիւղերէն հեռանալը միայն հայաստանի չի վերաբերիր, ոչ ալ հայաստանի կառավարութեան խնդիրն է։ Ազատ շուկայական պայմաններու մէջ մարդիկ իրենք կը որոշեն թէ ուր կապրին, պարզ է որ ոեւէ երիտասարդ մը համացանցի վրայ երկար նայելով սիրտը քաղաք բնակիլ պիտի ուզէ։ Գիւղէն քաղաք երթալը դարասկիզբին սկսաւ, 1970 թուականներէն վերջ շատ աւելի շատցաւ․ Տակաւին չեմ կարդացած որ ինչ որ երկիր կրցած է լուծել խնդիրը։ Հաւանաբար ոչ ալ կրնան լուծել, այլ ժողովուրդը մի քանի քաղաքներու մէջ վերջանայ։
Artlindo
Verch@ mi or es ameninch@ paiteluya , es chgitem eli enqan azdvac em!!! lav vontz kara senc ban lini??????
Sahmanapah
K E Z Z Z E YEREVANI HANRAPETUTYUN@
hasmik
սրանց ոչ սահմանամերձ գյուղերն են պետք, ոչ էլ Երևանը , սրանց միայն թալանն է հետաքրքրում, ավելի լավ գնում են, այնտեղեց փող են ուղարկում, իրենք էլ փող են աշխատում, սրանք աստծո առաջ պետք է պատասխան տան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter