HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերից- 4

սկիզբը

Կեղծ, անորակ, ժամկետանց, Հայաստանում չգրանցված, այսինքն` համապատասխան լաբորատոր փորձաքննության չենթարկված, անվտանգության երաշխիք ու վաճառքի թույլտվություն չունեցող դեղերի վերաբերյալ մեր երրորդ նյութի հրապարակումից մեկ ամիս անց` ս. թ. հոկտեմբերի 22-ին, ՀՀ  ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ազգային անվտանգության մարմինների  կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստան դեղամիջոցների խոշոր  խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:

ԱԱԾ-ի տեղեկացմամբ, «ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված  թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների կողմից արտոնագրված չեն»: Չգրանցված այդ դեղերի առգրավման վերաբերյալ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հրապարակած տեղեկատվության մեջ ոչինչ չի նշված, բայց ենթադրենք, թե առգրավվել են:

 ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կենտրոնում չգրանցված այդ դեղամիջոցները Մ. Խաչատրյանը Հայաստան է ներկրել  իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում, որոնց անունները և հասցեները ԱԱԾ-ն չհրապարակեց, նույնպես հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ, ինչից կարելի է հետևություն կատարել, որ դրանք ներկրվել են ավելի վաղ: Այսինքն` պարզ է դառնում, որ դեղամիջոցների մաքսանենգ ներկրման նախորդ դեպքը, գուցե և դեպքերը, հաջողվել են, այլապես Մ. Խաչատրյանի գործընկերոջ դեղատներում չգրանցված դեղեր չէին հայտնաբերվի: Ակնհայտ է, որ խոսքն, ընդհանուր առմամբ, ավելի քան 10 մլն դրամի չարտոնագրված, հնարավոր է նաև` վտանգավոր դեղամիջոցների մասին է, եթե դրանցից յուրաքանչյուրի գինը միջինը 1000 դրամ լինի, ապա ավելի քան 10 000 տուփ չգրանցված ու կասկածելի դեղերի:

Եթե ԱԱԾ-ի բացահայտումը չլիներ, Հայաստանում չգրանցված այդ դեղերը Մանվել Խաչատրյանի հանցակից գործընկերոջ երկու դեղատներում, բացառված չէ, հանրապետության նաև այլ դեղատներում, ամենայն հավանականությամբ, շարունակվելու էին հաջողությամբ իրացվել, որովհետև հանրապետության դեղատնային ցանցում  ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած վերահսկողությունը խիստ անբավարար է: Այս կարծիքին է նաև դեղաէկոնոմիկայի մասնագետ Մովսես Արիստակեսյանը: Ցավոք, նրա հույժ կարևոր ու հրապարակային առաջարկությունը` «ստեղծել դեղերի շրջանառությունը վերահսկող մի կազմակերպություն` ՀՀ Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ հիման վրա», կառավարության անմիջական ենթակայությամբ ու լայն գործառույթներով, առ այսօր մնում է ձայն բարբառո անապատի:

Պարզ է նաև, որ եթե վերոնշյալ դեղերը կամ դրանց մի մասը անորակ լինեին, բավարար արդյունավետություն չունենային, ինչը միանգամայն հնարավոր է չգրանցված դեղերի պարագայում, հիվանդները դժվար էլ թե գլխի ընկնեին, թե ինչումն է բանը, և իրենց չբուժվելը կամ բուժման վատ ընթացը համարելու էին բժշկի նշանակած սխալ բուժման հետևանք, որը նույնպես Հայաստանում տարածված է:

Ընդգծենք, որ ԱԱԾ-ի հիշյալ բացահայտումն օրենքի դաշտից դուրս գտնվող դեղերի առաջին և միակ բացահայտումը չէ: Օրինակ, 2010 թ. մարտին ՀՀ ԱԱԾ մարմինների  իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող մի խումբ անձանց գործունեությունը:

Մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Տիգրան Ավետիսյանը դեղատներից իր ծանոթների միջոցով ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը սպառվող  զգալի քանակությամբ դեղեր և հատուկ  գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում: Առանձին դեպքերում, Տ. Ավետիսյանը էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ և այլ դեղերի անվան տակ դրանք  մի քանի անգամ թանկ գնով վաճառել :

Տ. Ավետիսյանն ընթացքում իր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել Երևանի բնակիչներ Մինաս Պետրոսյանին ու Մկրտիչ Մխիթարյանին, որոնց աջակցությամբ մի շարք դեղատներ է հանձնել խոշոր չափերի հասնող ժամկետանց և կեղծ դեղեր: Տ. Ավետիսյանի տանից հայտնաբերվել և առգրավվել են ժամկետանց դեղերի մեծ  տեսականի, տարբեր դեղերի նոր պիտակներ և ժամկետների  կեղծման  նպատակով  օգտագործվող պարագաներ: ԱԱԾ-ի հավաստմամբ, «Նշված հանցագործության կատարումը հնարավոր է դարձել դեղատների կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դեղերի շրջանառությանն առնչվող գործող կարգերի պահանջների կոպիտ խախտումներ թույլ տալու արդյունքում»: Մեջբերվածին համամիտ լինելով հանդերձ, հավելենք` նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից գրեթե բարձիթողի վիճակի, դեղատնային ցանցում դեղերի շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու արդյունքում:

Վերոնշյալ բացահայտումից մեկ ամիս անց` 2010 թ. ապրիլի 14-ին,  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է դեղամիջոցների   մաքսանենգ ներկրմամբ և ապօրինի արտադրությամբ զբաղվող հանցավոր խումբ:

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արմեն Առաքելյանը հանցավոր համաձայնության գալով Վրաստանի երկու քաղաքացիների հետ, թաքցնելով մաքսային   հսկողությունից, Հայաստանի տարածք են ներկրել դեղամիջոցների մեծ  խմբաքանակ: Ա. Առաքելյանի վարձակալած տանը հայտնաբերվել է ապօրինի գործող դեղագործական արտադրամաս, որտեղ առանց համապատասխան  թույլտվության, չպահպանելով դեղամիջոցների արտադրության տեխնոլոգիան և չափանիշները, արտադրվել են տարբեր տեսակի դեղամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են Երևանի դեղատներում:

Ճիշտ է, Արմեն Առաքելյանը և նրա հանցակիցները ձերբակալվել էին, վերոնշյալ բոլոր դեպքերով էլ փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը նախաքննություն է կատարել կամ կատարում, բայց այս ամենն ակնհայտորեն դեռ բավարար չէ, քանի որ դեղատներում եթե չասենք կեղծ, ապա չգրանցված, ժամկետանց, անորակ դեղերի վաճառքը շարունակում է զանգվածային բնույթ ունենալ: Օրինակ, ԱԱԾ-ի 2010 թ. հիշյալ բացահայտումներից մեկ տարի անց` 2011 թվականին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն ընդամենը 17 դեղատնում կատարած ստուգայցերի արդյունքում հայտնաբերել էր շուրջ 282 անուն չգրանցված և ժամկետանց դեղեր, այսինքն, եթե թվային տվյալները միջինացված ներկայացնենք, յուրաքանչյուր դեղատանում` ավել քան 16 չգրանցված և ժամկետանց դեղեր:

Նույնիսկ անհրաժեշտություն առաջացավ, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը զբաղվի դեղերին առնչվող ուսումնասիրությամբ: ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության համաձայն` ԱԱԽ-ի աշխատակազմի ստեղծած հանձնաժողովը դեղերի որակի ապահովման գործընթացի արդյունավետության դիտարկում կատարելով, հայտնաբերել է լուրջ խախտումներ: ԱԱԽ-ն չհայտնեց իրավախախտների անունները: Դիտարկման արդյունքների մասին զեկուցել է ՀՀ նախագահին, ու դրանով էլ, որքան տեղյակ ենք, ամեն ինչ ավարտվել է, համենայն դեպս, այս ոլորտում ակնկալվող կարգուկանոնը, անվտանգությունն ու ապահովությունը չկա: Որ 2012 թվականին էլ նույն վտանգավոր վիճակն է, հաստատում է նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Վերոնշյալ խնդիրների առնչությամբ հիշյալ ծառայությունից տեղեկացանք մասնավորապես հետևյալը.

«Շուկայում առկա են տեղական արտադրողների կողմից արտադրված, սակայն պետական գրանցում չունեցող և, հետևաբար, որակի և անվտանգության տեսանկյունից չափազանց կասկածելի դեղեր: Տեղական դեղարտադրողների կողմից չգրանցված դեղերի արտադրությունը և վաճառքն ունեն մեծ ծավալներ: Ընդհանուր առմամբ, տեղական արտադրողների կողմից արտադրվող և դեղատներում վաճառվողչ գրանցված դեղերիթիվը կազմում է 86 անուն դեղ:

Հաջորդ փաստն այն է, որ ՀՀ-ում առկա են համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություններ, որոնք արտադրում են շուրջ 30անվանում չգրանցված դեղեր:

Առանձնակի ուշադրության  է արժանի այն փաստը, որ հանրապետությունում խոշոր չափերի է հասնում չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերի շրջանառությունը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեղերի պահպանման, բաշխման և իրացման հետ կապված օրենքով սահմանված պահանջների կատարումը պարզելու նպատակով, աշխատանքային խմբի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին ընտրանքային կարգով Երևան քաղաքի 13 դեղատներում  կատարվել են ստուգայցեր, որի արդյունքում պարզվել է, որ դեղատներում վաճառվում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, ժամկետանց և անորակ 167 անվանում դեղեր»:

Ինչպես ակնհայտ է, պետական համապատասխան մյուս մարմինները, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել դեղերի ներմուծման, արտադրության և իրացման գործընթացների նկատմամբ իրենց  հսկողական ու վերահսկողական գործառույթները, և իրավիճակը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Վստահաբար կարող ենք ասել, որ 2013 թվականին էլ վիճակը նույնն է լինելու (օբյեկտիվ, անաչառ ուսումնասիրության դեպքում դա միանշանակ կփաստվի), հաջորդին էլ, քանի դեռ ՀՀ ԱԱԾ-ն և նախագահի վերահսկողական ծառայությունը չեն հրապարակել չգրանցված, ժամկետանց, անորակ դեղեր վաճառած ու վաճառող դեղատների պատասխանատուների ու դեղատների անունները, հասցեները, հայտնաբերված այդպիսի դեղերի անուններն ու համարները (որպեսզի սպառողներն այլ դեղատներում զգոն, ուշադիր լինեն և այդպիսիք հայտնաբերելու դեպքում չգնեն, ահազանգեն):

Չգրանցված և ժամկետանց դեղերի վաճառքի դեպքում դեղատների կամ դրանց պատասխանատուների համար նախատեսված վարչական տուգանքները նրանց մեծամասնության համար այնքան փոքր են, որ ակնկալվող ազդեցությունը չունեն, հետևաբար ուղղակի անհրաժեշտություն է դառնում բարոյական ազդեցության միջոցների օգտագործումը: Օրինախախտներին հեռուստատեսությամբ հետևողականորեն պախարակելուց հետո, ինչը, բնականաբար, կնվազեցնի այդ դեղատների այցելուների թիվը ու տուգանքից անհամեմատ մեծ չափով կխփի նրանց գրպանին, վերջիններս և այլ դեղատների պատասխանատուներ այլևս ցանկություն չեն ունենա այդպիսի դեղեր վաճառելու:

Սակայն, ոլորտին առնչվող պաշտոնյաներից ոմանք մասնավոր զրույցների ընթացքում (առանց ձայնագրման) ասում են, թե օրինախախտների և դեղերի անունները չեն հրապարակվում, որ բիզնեսին վնաս չպատճառվի: Ստացվում է, որ իշխանությունները բիզնեսի ու բյուջեի դարդն են, չլինի հանկարծ հանրապետության հազարավոր դեղատներից մի քանիսը փակվեն, մի քանի տասնյակից բյուջեի եկամուտները նվազեն, իսկ մեր բոլորի առողջության վրա թքա՞ծ...

Մեկնաբանություններ (3)

Արթուր
Հարգելի Սամվել, նախ նկատի ունեցեք, որ ոչ թե ԱԱԾ-ի հաղորդագրությանը, այլ իմ հոդվածին եք մեկնաբանություն գրել, հետևաբար ոչ թե ,«կբռնեք» այլ ,«կբռնեն» ոչ թե «վախենում եք», այլ «վախենում են» : Հոդվածագիրը ձեզ նման չունի նրանց բռնելու իրավասություն: Երկրորդ. շատ դեղատներ օլիգարխների չեն պատկանում, հետևաբար չեմ կարծում, թե գոնե ԱԱԾ-ն ու նախագահի վերահսկողական ծառայությունը նրանցից վախենում են: Երրորդ . նրանց կատարած աշխատանքը չեմ համարում ընդհանրապես անիմաստ: Պատկերացրեք, թե ինչ խայտառակ ու վտանգավոր վիճակ կլիներ բազմաթիվ դեղատներում, եթե նրանց այդ աշխատանքն էլ չլիներ: Այլ խնդիր է, որ այդ աշխատանքը չի ապահովում հասարակության ակնկալած և անհրաժեշտ արդյունքը, իսկ թե ինչու չի ապահովում, հոդվածում արդեն բացատրել եմ: Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ տուգանքների չափերի փոքր լինելու հարցում, 50 կամ 150 հազար դրամ տուգանքը խոշոր դեղատների կամ դեղատնային ցանցի տիրապետողների պարագայում նույնիսկ ծիծաղելի է: Կարծում եմ, բոլորին էլ հասկանալի է, թե ՀՀ կառավարությունը և ԱԺ-ն ինչու չեն բարձրացնում տուգանքների չափերը: Այնտեղ աշխատող մեզ հայտնի և անհայտ բազմաթիվ պաշտոնյաներ կամ նրանց մերձավորները դեղատների տերեր են: Չգրանցված դեղերի պարագայում կա նաև այլ պատճառ:
Անժելիկա
Սամվել ջան տուգանքների հետ կապված համամիտ եմ, բայց նաև ասեմ, որ օլիգարխներից մենք` ոչ մեկս չենք վախենում, և յուրաքանչյուր անօրինականություն վախ թե ուշ բացահայտվում է: Պարզապես հարցը պետք է բարձրացնել հենց ՀՀ կառավարության ներսում, ԱԺ-ում և հենց իրենց միջից պետք է լինեն պատժվողները. Իսկ քեզ Արթուր ջան շնորհակալություն հոդվածի համար:
ՍԱՄՎԵԼ
ԱՆԻՄԱՍՏ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ...ԵԹԵ ԴԵՂԱՏՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂՈՐՅՔՙԻՍԿ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐԵՆ ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ....ԹՈԶ ՓՉԵԼ ՀԱՐԿԱՈՐ ՉԻ...ԿԲՌՆԵՔ ՄԵԿ-ԵՐԿՈՒՍԻՆ ԱՌԱՋ ԿԳԱՆ ՆՈՐԵՐԸՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ ԳՈՐՑ ՈՒՆԵՆԱԼ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԵՏ ,ԴԵՂԱՏՆԵՐԻ ՏԵՐԵՐԻ ,ՈՒՐԵՄՆ ԼԱՎ Է ԱՆԻՄԱՍՏ ՔԱՅԼԵՐ ՉԱՆԵԼ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter