HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մոզրովի քարանձավում կարող է նույնիսկ սրճարան կառուցվել. Սամվել Շահինյան

«Մոզրովի քարանձավը և Հայաստանի տարածքում գտնվող մնացած բոլոր քարանձավները հնարավոր է պահպանել միայն շահագործման միջոցով: Մոզրովում` քարանձավի թափվածքների հատվածում, առաջացումներից հեռու,  նույնիսկ կարելի է սրճարան բացել, որտեղ հնարավոր կլինի նաև հնչեցնել երաժշտություն»,- քարանձավագիտությանը նվիրված ասուլիսի ժամանակ այսօր ասաց քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

Այդ ամենը կազմակերպելու համար խոշոր դրամական միջոցներ հարկավոր չեն, անհրաժեշտ է ուղղակի կառավարության թույլտվությունը` անցկացնել հետազոտություն քարանձավում, կյանքի կոչվել քարանձավագետների արաջարկած բարեկարգման ծրագրերը և այդ տարածքը հանձնել որևէ մասնավոր ընկերության, որն էլ իր հերթին կշահագործի քարանձավը` ելնելով միջազգային չափորոշիչներից:

Քարանձավագետը ցավով նշում է, որ բնության և մարդու կողմից ստեղծված այդ հուշարձանները հատուկ պահպանության կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի դրանց տարածքում իրականացնել զբոսաշրջություն, սակայն, որոշ քարանձավների դեպքում, օրինակ, շուրջ 3 կմ ձգվող Արջերի քարանձավում, այցելուների մուտքը պետք է սահմանափակել, որպեսզի քարանձավն աղբանոցի չվերածվի: Անհրաժեշտ է նաև կրթել քարանձավներ այցելող զբոսաշրջիկներին, քանի որ նրանք իրենց պարտքն են համարում կարստային պատերից մի կտոր պոկել և որպես հուշ իրենց հետ տուն տանել` չհասկանալով, որ դրանք ուղղակի կրաքար են և, կտրվելով իրենց բնական միջավայրից, ուղղակի մի քանի օրից փոշիանում են:

Սամվել Շահինյանի խոսքերով` իր գործընկեր Սմբատ Դավթյանի` կառավարությանը ներկայացրած ծրագիրը, որով նա առաջարկում է չափորոշիչների կիրառմամբ հետազոտել և շահագործել Մագիլի քարանձավը, անուշադրության է մատնված: Իսկ ահա Մոզրովի դեպքում պատկերն ավելի սարսափելի է. նույնիսկ վերջերս տեղի ունեցած պայթյունից հետո պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում բնության այդ հրաշքին, որտեղ կարող է հիմա անարգել ներս մտնել յուրաքանչյուր ցանկացող և դառնալ դժբախտ պատահարի զոհ` հայտնվելով փլուզման կիզակետում: Մոզրովի բարեկարգման և հետագայում այն քաղաքակիրթ տարբերակով շահագործելու համար քարանձավագետն առաջարկում է մի նախագիծ, ըստ որի` քարանձավը պետք է փակել հատուկ մեծ թասակով և ներսում կատարել գիտական հետազոտություններ ու բարեկարգման աշխատանքներ:

Սամվել Շահինյանը համոզված է, որ այս ամենն իրականացնելու համար իրենք չունեն ոչ մասնագետների, ոչ էլ ֆինանսական միջոցների պակաս, անհրաժեշտ է ուղղակի ցանկություն, կամք և աջակցություն կառավարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter