HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թե ինչպես Միքելանջելոյի անավարտ աշխատանքը շարունակելու պատասխանատվությունը ստանձնեց մեր հայրենակիցը. Վիգեն Ավետիս

Կեսգիշերով հասա Ֆլորենցիա: 1998 թ.-ի դեկտեմբերի 28-ն էր. ոտքս դրեցի այս քաղաք, եւ այն բացվեց գրքի նման. անհետացավ ժամանակը, ես հայտնվեցի Ֆլորենցիայի հոգու մեջ: Այն իմ կարիքն ուներ, ես նրա. այստեղ մնալուս մասին մենք երկուսով որոշում կայացրինք: Արդեն երկրորդական էին այն բոլոր հարցերը, թե լեզու չգիտեմ, փող չունեմ, ծանոթ-հարազատ չկա, եւ էլի նման կարեւոր սոցիալական հարցեր:

Քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին պատմեց նկարիչ զրուցակիցներիցս մեկը, եւ ես մեկ շաբաթ շարունակ սկսեցի նյութեր փնտրել նրա մասին: Վիգեն Ավետիսի մասին հայկական լրատվամիջոցներում շատ բան չկար գրված, եղած նյութի մեջ էլ քաղաքական հարցադրումները թույլ չէին տալիս ամբողջությամբ պատկերացնել արվեստագետի ներաշախարհը:

Վիգեն Ավետիսին խնդրեցի զրուցել ինձ հետաքրքրող հարցերի շուրջ. սիրով համաձայնեց:

Հարցազրույցը դանդաղ էր առաջ ընթանում, որովհետեւ հեռավորությունը, որը որոշված էր ոչ միայն տարածության, այլ ժամանակի տեսանկյունից, ահռելի էր, պատմելու նյութը` շատ:

Օն-լայն հարցազրույց առաջին անգամ չեմ անում. փորձս այս առումով մեծ է, բայց տարածությունն ու ժամանակը, որում իրականացրել եք Ձեր աշխատանքները, նյութի ահռելի թեմա են: Դրա համար առաջնային հարցադրումս հենց տարածության ու ժամանակի մասին է: Ինչպե՞ս է այն ազդում քանդակագործի աշխատանքի վրա:

Առաջին նախապայմանն է, երբ այդ երկու հասկացությունները վերանում են, ծնվում է արվեստը:

Բայց միեւնույն ժամանակ այդ երկուսի կոնտեքստում:

Այդ երկուսի մեջ սկսում է ապրել ծնվելուց հետո` դառնալով ժամանակի եւ տարածության անբաժանելի մասը` գանձը: Միեւնույն ժամանակ, գտնվելով ներկայում, միացնում է անցյալն ու ապագան: Եվ այս կոնտեքստում այսօրվա, վաղվա եւ երեկվա արվեստ չկա. արվեստը կամ կա, կամ չկա... Այն ժամանակից եւ տարածությունից դուրս է` տիեզերական, անսկիզբ եւ անվերջ:

Գիտեմ, որ Հայաստանից գնալը ոչ այնքան սոցիալական դրդում էր, որքան որ նորի փնտրտունքը... Մինչեւ հիմա էլ ՀՀ քաղաքացի եք, չէ՞:

Այո:

Այնուամենայնիվ դուրս գալու պրոցեսը բարդ է... Ի՞նչ հոգեվիճակում էիք այդ ընթացքում... Ո՞րն էր պատճառը, ինչպիսի՞ն էին առաջին բախումները:

Ես ինքս ինձ ապացուցեցի, որ անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է ազատ ապրել Եվրոպայում` բարձր պահելով քաղաքացիության պատիվը` այսինքն մնալ ՀՀ քաղաքացի եւ դրսում ներկայացնել երկիրը: Երբ մարդուն ուղեկցում են ազնիվ եւ ճշմարիտ գաղափարները, բարդությունները դառնում են սովորական, հաղթահարվելիք նորմեր:

Սկզբից տեղափոխվեցիք Լեհաստան, այունուհետեւ հաստատվեցիք Ֆլորենցիայում: Ֆլորենցիայի հետ առաջին առնչությունն ինչի՞ միջոցով էր:

Հինգ տարի ապրեցի Լեհաստանի Պոզնան քաղաքում եւ ճակատագիրս բերեց Իտալիա` Ֆլորենցիա: Կես գիշերով հասա Ֆլորենցիա:1998 թ.-ի դեկտեմբերի 28-ն էր. ոտքս դրեցի այս քաղաք, եւ այն բացվեց գրքի նման. անհետացավ ժամանակը, ես հայտնվեցի Ֆլորենցիայի հոգու մեջ: Այն իմ կարիքն ուներ, ես նրա. այստեղ մնալուս մասին մենք երկուսով որոշում կայացրինք: Արդեն երկրորդական էին այն բոլոր հարցերը, թե լեզու չգիտեմ, փող չունեմ, ծանոթ-հարազատ չկա, եւ էլի նման կարեւոր սոցիալական հարցեր:

Եվ ահա այդքանից հետո Ձեր հաջողությունները հասան ընդհուպ նրան, որ Միքելանջելոյի անավարտ աշխատանքը շարունակելու գործը Ձեզ վստահեցին: Ինչպե՞ս ստացվեց:

...Ես շատ խստապահանջ եմ իմ նկատմամբ, եւ տարիների փորձը, օտարության մեջ ապրելը մի պարզ սկզբունք պարտադրեցին` բացառել սխալվելու իրավունքը:

Արտոնյալներ կան, որոնց կյանքը բաղկացած է սխալներից, եւ նրանց ներվում է, կամ էլ ինքնախաբեությամբ են զբաղված:

Ես դրա իրավունքը չունեմ, հստակ գիտակցում եմ իմ հնարավորություններն ու իրավունքնեը: Ակադեմիայում սովորելու տարիներին (Ֆլորենցիայում ) աշխատում էի նույնիսկ իմ մասնագիտական կարողությունները, քանդակագործական վարպետությունը հարյուր տոկոսով չօգտագործել, որպեսզի չվիրավորեմ պորֆեսորներին...

Այդուհանդերձ, ուսանող լինելով, երբեմն նախաճաշի գումար էլ չունեի, պրոֆեսորները պատիվ էին համարում, որ ընդմիջումներին ճաշեմ իրենց հետ, արտոնյալ պայմաններ էին ստեղծում. ակադեմիայի նկուղը տվեցին (գաղտնի)` որպես արվեստանոց. այն մի մեծ հռոմեական կառույց է, որը գտնվում է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի շենքի տակ:

Եկեղեցին եւ քաղաքապետարանը 2005 թ.-ին որոշել էին տեսքի բերել Միքելանջելոյի նախագծած Սբ. Լորենցո եկեղեցու արտաքին տեսքը, որի ճակատային մասում նախագծված էին 40 մարմարե քանդակներ: Կազմվեց հանձնաժողով եւ ընտրվեցին մասնագետներ: Միքելանջելոյի էսքիզների հիման վրա ես պիտի անեի այդ քանդակները, սակայն Ֆլորենցիայի բնակիչները դեմ քվեարկեցին, եւ, ցավոք, աշխատանքները հետաձգվեցին անորոշ ժամանակով:

Այս ամենը պատմեցի, որ կարողանամ բացատրել այն հաջորդականությունների շարքը, որ ինձ հասցրեց Միքելանջելոյի կիսատ թողած գործն ավարտելու համարձակությանը:

Ձեր գործերից մեկը` «Մայրությունը», մեկ կտորով 12 մետրանոց քանդակ է, որը տեղադրվել Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցի տարածքում: Մեկ այլ քանդակագործի՝ 15 տարի առաջ սկսած աշխատանքը ավարտել եք ընդամենը երկու շաբաթում: Ուրիշի մտքի կերտվածքն ինչպե՞ս յուրացրիք այդքան արագ, թե՞ ամբողջովին ներդրիք Ձեր միտքը:

Հետաքրքիր պատմություն է... Մի օր ինձ զանգահարեց Carraraic Muskoletto (Ռոբերտո Մուսկոլլետո. հայերեն՝ մկանոտ) մականունով մի արհեստավոր-քանդակագործ: Նա լեգենդար արհեստավոր էր. աշխատելու արագության պատճառով նման մականուն էր ստացել:

Ինձ բախտ վիճակվեց համագործակցել նրա հետ, գործից հետո նվիրեց իր գործիքը, որով 25 տարի աշխատել էր եւ ասաց. «Դու երկրորդ Մուսկոլլետոն ես»:

Հետո կրկին զանգահարեց ինձ եւ ասաց, որ առողջական խնդիրների պատճառով էլ չի աշխատում եւ 15 տարի առաջ կիսատ է թողել Միլանից հայտնի նկարիչ Սալվատորե Ֆիումեի քանդակը, որն աշխարհում ամենամեծն է, եւ որ ես գնամ ու ավարտեմ այն: Այդպես էլ արեցի եւ ինձ շնորհված մականունը, կարծում եմ, բարձր պահեցի:

Բարդ առաջադրանք էր, քանի որ անգամ էսքիզը չէր պահպանվել... Քանդակն արդեն կանգնեցված էր եւ ամբողջությամբ փակված, այսինքն՝ հեռվից չէր երեւում, եւ ես ստիպված էի հինգ հարկերում աշխատել` առանց տեսնելու, թե հեռվից ինչպիսին է երեւում:

Հետաքրքիր պատմություն է նաեւ Սրբուհու քանդակի պատմությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ վստահեցին այդ գործը: Քանդակն արդեն տեղադրվա՞ծ է Սինյայում:

Այսօր «Meria Magdalena Frescobaldi Capponii» հուշարձանը տեղադրված է Սինյայի Գթության քույրերի նստավայրի եկեղեցում, որի հիմնադիրն է եղել մարկիզուհի Ֆրեսկոբալդին: Եվ նրա սրբացման գործընթացի կապակցությամբ հուշարձանի մրցույթ էր հայտարարված` 100.000 եվրո դրամաշնորհով:

Ես մասնակցեցի մրցույթին` նախապես կասկածամտությամբ, որովհետեւ պարգեւը մեծ էր, եւ մասնակցում էին հինգ հեղինակավոր քանդակագործներ նույնպես:

Անցա առաջին եւ երկրորդ փուլերը, երրորդում երեք մասնակից էինք մնացել, երբ նամակ եկավ ինձ. աչքերիս չէի հավատում... Ժյուրին, որ բաղկացած էր հինգ հոգուց (այնտեղ էին ամենահեղինակավոր մասնագետները Ֆլորենցիայից եւ Վատիկանից), ինձ տվել էր առավելագույն 25 միավորը` յուրաքանչյուրը 5 միավոր, եւ իմ աշխատանքն անցել էր միաձայն:

Կուզեի` որպես քանդակագործ պատմեք արվեստի գործ ստեղծելու ընթացքի, հեգեվիճակի եւ նյութի ընկալման մասին:

Իրականացնելու համար պահանջվեց մեկ տարի. քանդակի երկու մետրանոց կավե բնօրինակը արեցի իմ արվեստանոցում, որը գտնվում էր Կապպոնիների պալատում, որտեղ հարս էր եկել Մարիա Մագդալենա Ֆրեսկոբալդին եւ ամունսացել Ջինո Կապոնիի հետ... Սա անհավատալի համընկնում էր, եւ վստահություն էր ներշնչում ինձ:

Հետո արդեն ձուլեցի գիպսե արձանը եւ տեղափոխեցի Կարրարա:

Դժվար էր գտնել այդ չափի մաքուր մարմար. այն գտա Միքելանջելոյի հանքից, որից ժամանակին օգտվել է մեծն քանդակագործը: Աշխատեցի այս հրաշք մարմարի վրա եւ բացման արարողությունից հինգ օր առաջ հրաշքով ավարտեցի, տեղադրեցինք, եւ մեծ շուքով կատարվեց բացումը:

Գթության քույրերի այդ միաբանությունը տարածված է ամբողջ աշխարհում, եւ այդ օրը` մարտի 17-ին, որ հիմնադրման օրն է, եկել էին հինգ մայրցամաքների ներկայացուցիչներն ու քաղաքային իշխանությունները: Մինչ հիմա էլ շարունակվում է ուխտագնացությունը, որպեսզի իրենց աչքերով տեսնեն հուշարձանն ու աղոթեն նրա մոտ:

Ուզում եմ՝ ընթերցողը տեղականա նաեւ, որ հաճախ եք Հայաստան այցելում: Եվ արդեն ավանդույթ է դարձել Շուշիում իրականացվող «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը: Ինչու՞ որոշեցիք սիմպոզիումն անցկացնել հենց Շուշիում:

Նպատակս Արցախը միջազգային հանրությանը ներկայացնելն է` ոչ միայն որպես կայացած պետություն, այլ նաեւ մշակութային առաջատար երկիր: Երբ մտնում ես մի անծանոթի տուն, առաջին հերթին ուշադրություն ես դարձնում ոչ թե հարստությանը կամ աղքատությանը, այլ թե ինչ արժեքներ են գնահատվում այդ տանը, ինչպես են հյուրընկալում քեզ, հյուրասիրում... Եվ հետո գործ պիտի անես այնտեղ, որտեղ որ գնահատել գիտեն, ծարավ են քեզ եւ քո գործին, իսկ Շուշին վերածնվում է եւ օր օրի գեղեցկանում:

Ես այնտեղ եղել էի 1992 թ.-ին եւ խոստացել, որ կվերադառնամ. խոստումս կատարեցի:

Այժմ ի՞նչ քանդակի վրա է աշխատում Վիգեն Ավետիսը եւ ե՞րբ է պատրաստվում կրկին այցելել Հայաստան:

Շատ կուզեի պատասխանել Ձեզ, որ մի գեղեցիկ քանդակ եմ անում, շուտով կավարտեմ եւ կտեղադրեմ այսինչ քաղաքի հրապարակում: Բայց ոչ. այս պահին մտքերս, հոգիս եւ սիրտս հայրենիքում է. մտահոգված եմ: Իմ հայրենակիցները, բարեկամները, ընկերները վատ են ապրում, անօրինությունը մեծ է, կեղեքում են, աշխատվարձն այնքան ցածր է, որ լույսի եւ գազի վճարը, հարսանիքի կամ թաղման ծախսերը չեն հասցնում հոգալ:

Կառավարությունն անցել է տգետների եւ հանցագործների ձեռքը, պատգամավորները մասամբ մականունավոր հանցագործներ են, նախագահի թեկնածուները` վատի եւ ավելի վատի մրցակցային պայմաններում են դիտարկվում... Եվ մարդիկ ստիպված թողնում են իրենց պապենական տներն ու գաղթում... Հայ տղան դառնում է բանվոր հետամնաց ռուսաստաններում, հայուհին ամուսնանում է օտարի հետ, տարեցներն իրենց կենսաթոշակով նույնիսկ կոնֆետ չեն կարող գնել իրենց թոռների համար... Պատկերն ահավոր է... Ինձ էլ եմ մեղադրում, որ թողել եմ հայրենիքս եւ հեռացել... Ու՞մ են պետք Շառլի երգերը, եթե Հայաստան չլինի:

Մեկնաբանություններ (2)

Marine
Avetis jan shat uraxem vor ko nmanner@ goyutyun unen,cishta es ashxar@ goxeri u avazaknerinna bayc de naev shat azniv u halalnerel kan voronk kkangnen ko koxqin,es dranum hamozvacem
telman
narcissist

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter