HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ակտիվիստներ. «Քարերի սիմֆոնիայից» դուրս եկող երկու ավտոճանապարհից միայն մեկն են հսկում ոստիկանները

«Երբ ընկերներիս ցույց էի տալիս Գառնու «Քարերի սիմֆոնիայի» նկարները, նրանք զարմանում էին. այնքան էին հիացած այդ գեղեցկությամբ, որ չէին հավատում, թե այդ քարերը բնական են: Բոլորը ցանկանում էին գալ ու իրենց աչքով տեսնել այդ հրաշքը: Ցավոք, բնության այդ հուշարձանն այսօր վերածվում է Ջուղայի գերեզմանոցի: Պարբերաբար այնդտեղից թալանվում են վեցանկյուն ժայռաքարերը»,- նշում է իրանահայ բնապահպան-ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը:

Նա իր ընկերոջ հետ նկարահանել է, թե ինչպես են օրը ցերեկով ժայռից պոկում քարերը՝ դրանք հետագայում բեռնատարներով տեղափոխելու համար: Հիշեցնենք, որ Գառնու «Քարերի սիմֆոնիան» 2008 թվականից կառավարության որոշմամբ համարվում է բնության հուշարձան և հատուկ պահպանվող տարածք:

Բնապահպան ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը նշում է, որ իրենք դեռ հոկտեմբերի 22-ին այս հարցով դիմել էին Գառնու գյուղապետին, ով իր հերթին խոստացել էր տեղյակ պահել ոստիկանությանը:

Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել և նոյեմբերի 26-ին բնապահպանները նորից ականատես են եղել նույն պատկերին և այս անգամ արդեն նկարահանել են ժայռի ավիրման պրոցեսը:

Երբ կրկին հանդիպել են Գառնու գյուղապետին, նա չի հերքել, որ «Քարերի սիմֆոնիան» գտնվում է Գառնու վարչական շրջանում, սակայն գյուղապետարանը չի կարող հսկողություն սահմանել 7 կմ շառավղով, դա բնապահպանության նախարարության պարտականությունն է:

Բնապահպանները համոզված են, որ ցանկության դեպքում հնարավոր է այդ տարածքում հսկողություն իրականացնել, քանի որ «Քարերի սիմֆոնիայից» դուրս եկող երկու ավտոճանապարհից միայն մեկն են հսկում ոստիկանները, իսկ մյուսը դուրս է մնացել որևէ հսկողությունից:

Սարմեն Շահիջանյանի կարծիքով՝ «Քարերի սիմֆոնիան» ավելի շատ օգուտ կարող է բերել թե գառնեցիներին, թե ամբողջ Հայաստանին, եթե այն շահագործվի ոչ թե որպես քարի հանք, այլ որպես տուրիստական գոտի:

Լուս.՝ ձախից Սարմեն Շահիջանյան և Սամվել Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter