HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ների հայտարարությունը՝ «Մատաղիսի» գործի վերաբերյալ

2008 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի «Մատաղիսի» գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թևակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված և ի վերջո ազատ արձակված երեք անմեղ երիտասարդների՝  Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի վրա՝ թաքցնելով իրական մեղավորներին:

Վճռաբեկ դատարանում բեկանվելուց հետո նոր նախաքննությունը ի հայտ չի բերել փաստական նոր հանգամանքներ և ներգրավել է Վճռաբեկ դատարանի կողմից ազատ արձակված նույն մեղադրյալներին՝ Ռ. Սարգսյանին, Մ. Սերոբյանին և Ա. Զալյանին:

Դատախազության միջնորդությամբ մի քանի տասնյակ հարցաքննված վկաները ոչ մի նոր բան չկարողացան ավելացնել արդեն իսկ փլուզված մեղադրանքին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այս դատաքննության ընթացքում նախկին զինծառայողները հարցաքննությունների ժամանակ ցուցմունք են տվել իրենց նկատմամբ կիրառված դաժան ծեծերի և կամայական ազատազրկումների վերաբերյալ:   

2012 թ. հոկտեմբերի 30-ին դատարանը սույն գործով անցել է դատական վիճաբանությունների փուլ, երբ գործով մեղադրողները պետք է հանդես գային իրենց ճառով, սակայն դատական վիճաբանությունների փուլ անցնելուց հետո՝ մինչ օրս, որի ընթացքում արդեն իսկ նշանակվել է 4 դատական նիստ (նոյեմբերի 7-ին, 14-ին, 19-ին, 23-ին), մեղադրողները տարբեր պատրվակներով, մասնավորապես արձակուրդում գտնվելու, հիվանդ լինելու կամ գործի նյութերին չտիրապետելու պատրվակներով, ձախողել են դատական նիստերը:

Մինչ մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն ներկայանում դատարան, իսկ ներկայացողն էլ պնդում է, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ և չի կարող դատական ճառ կազմել այս գործով՝ դատախազությունը զբաղված է ստվերային գործունեությամբ: Մի շինծու վկայի էր նախապատրաստել դատաքննության համար, որը սակայն, ներկայանալով դատարան հայտարարեց, որ դատարան գրած իր դիմումը թելադրված է եղել մեղադրողներից մեկի կողմից՝ դատարանում ուղիղ նրան մատնանշելով և մեղադրելով նրան նման դիմում թելադրելու մեջ:

Այժմ նոր տվյալներ են ի հայտ գալիս այն մասին, որ դատախազությունը չի դադարեցնում իր ջանքերը այս անձից նոր զրպարտանքներ կորզելու ուղղությամբ: Իր փորձերը դյուրին դարձնելու նպատակով դատախազությունը փորձում է վերակենդանացնել տարիներ առաջ կարճված ու այս գործի հետ կապ չունեցող մեկ այլ գործ՝ դրա միջոցով ճնշում գործադրելու համար այս վկայի վրա:

Զուգահեռաբար դատախազությունը տարբեր շինծու պատրվակներով շարունակում է ձգձգել «Մատաղիսի» քրեական գործը՝ երեք երիտասարդներին պահելով պատանդի կարգավիճակում:

Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարևորագույն փորձաքար է: Խստորեն դատապարտում ենք փորձերը՝ կասկածելի և անթույլատրելի միջոցներով հիմնավորել անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետ: Այս երիտասարդներն արդեն իսկ իրենց կյանքի երեք լավագույն տարիներն անցկացրել են բանտերում, իսկ ինը տարի ամբաստանյալի աթոռին, ենթարկվել են անտանելի խոշտանգումների և ճնշումների՝ մի բանի համար, որում իրենք մեղավոր չեն, և որի իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ: Կոչ ենք անում դատարանին և դատախազությանը՝ հավատարիմ մնալ օրենքին և Սահմանադրությանը: Հայտարարում ենք, որ ամեն ինչ անելու ենք արդարության հաղթանակի համար, այդ թվում՝ մշտադիտարկման ենթարկելով դատավարության ընթացքը, ներգրավելով տեղի և միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը:

Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Զինվորական դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Սպանված զինծառայողներից մեկի հայրը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։

2006 թ. դեկտեմբերի 22-ին՝ սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հայր Մ. Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն
«Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Հույս» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
«Քաղաքացիական ֆորում» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» ՀԿ
«Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
«Կաղնի» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
«Էկոլուր» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
«Շահխաթուն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter