HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործը՝ փորձաքար ՊՆ-ի համար

Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի (ՆԱԴ) տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վարդան Թունյանը: Ազատման փաստը լրատվամիջոցներն անմիջապես կապեցին գոմեշի մսի պատմության հետ, ինչը տարօրինակ չպիտի համարել: Ի վերջո, ՊՆ-ի գնումները կատարվել են հենց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի միջոցով, եւ բոլոր փաստաթղթերի վրա առկա է հենց այդ կառույցի պետի՝ նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի (գեներալ-լեյտենանտ) ստորագրությունը: Բնականաբար, փաստաթղթերն էլ ձեւակերպվել են նշված վարչության կողմից:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շտապեց լրատվամիջոցներին տեղեկացնել, որ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում Թունյանի հաստիքը կրճատվել է, եւ դա է նրա ազատման պատճառը: Գոմեշի մսի գործը քննող ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանն էլ նշեց, որ Թունյանը որեւէ քրեական գործով իբրեւ վկա կամ կասկածյալ չի անցնում: Երբ Սարգսյանին հարցրինք, թե, այդուհանդերձ, Թունյանը հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից, նա հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննում են շատերին, սակայն նպատակահարմար չեն գտնում այլ տեղեկություններ հայտնել:

Կարելի է ենթադրել, որ Թունյանին ոչ թե հարցաքննել են, ինչի դեպքում նրան անպայման պետք է որեւէ կարգավիճակ տրվեր, այլ պարզապես բացատրություն են վերցրել, քանի որ այսպես թե այնպես նրա ղեկավարած վարչությունն անմիջական կապ է ունեցել նույն գոմեշի մսի գնման փաստաթղթերի ձեւակերպման հետ: Պետք է կարծել, որ քննչական ծառայությունը նույնը պետք է աներ նաեւ ՆԱԴ պետ Միրզաբեկյանի հետ:

Մ. Սարգսյանը նախկինում հայտնել էր նաեւ, որ քննարկվում է մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե հիմնավորվի, որ նրանց գործողություններում առկա է քրեական տարր: Առայժմ, ըստ ՊՆ-ի, միակ մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է: Մյուս կողմից՝ միայն վերջերս պաշտոնապես հաստատվեց, որ քրգործի հետ կապ ունեցող գլխավոր «հերոսներից» մեկը՝ գեներալ Արշալույս Փայտյանը, հարցաքննվել է իբրեւ վկա, այն էլ՝ վաղուց: Այլ վկաների մասին ՊՆ-ում լռում են:

Ի՞նչ տրամաչափի զինվորական ու գուցե նաեւ քաղաքացիական պաշտոնյաներ են հարցաքննվել, ովքե՞ր են նրանք, նրանց որեւէ կարգավիճակ տրվե՞լ է, թե՞ քննիչները բավարարվել են բացատրություններ լսելով, ինչու՞ աղմուկ-աղաղակով պաշտոնազրկված Փայտյանը մնում է սոսկ իբրեւ վկա, երբ նույնիսկ նախագահն էր խոսում 200.000 դոլար «պարտքի» մասին: Սրանք հարցեր են, որոնց մասին նախաքննական մարմինը լռում է՝ պահպանելով, կարծես, ոչ թե նախաքննական, այլ ռազմական գաղտնիքը: Պատահական չէ, որ նույն Փայտյանի վկայակոչման ու հարցաքննության մասին Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե փաստը հրապարակայնացրել են՝ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը բավարարելու համար:

Համոզված ենք, որ այդ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն Փայտյանի, այլեւ ընդհանրապես գեներալիտետի ու բարձրաստիճան այլ զինվորականների հնարավոր ներգրավվածությամբ:        

«Հետքի» տեղեկություններով՝ Օհանջանյանը կտրականապես հրաժարվում է հայտնել այս պատմության հետ կապ ունեցող որեւէ պաշտոնյայի անուն: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշում է, որ գործարարը չի ընդունում իր մեղքը:

Քրեական գործը հարուցվել է ամռանը, ու մինչեւ հիմա նախագահի ասած «խոշոր գլուխներից» որեւէ մեկը չի բռնվել: Եվ հարց է դեռ՝ կբռնվե՞ն: Հիշենք, թե ինչ էր ասել նախարար Սեյրան Օհանյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան. «Ես քրեական պատասխանատվության համար պատասխանատու չեմ, իսկ մնացածը պաշտպանության նախարարի հրամանով պատժվել են. ծառայողական քննություն է անցկացվել, եւ համապատասխան տույժեր են ստացել, բայց պաշտոնից, բացի Փայտյանից, այլ ազատումներ չեն եղել»: Դատելով ասվածից՝ կարելի է ենթադրել, որ եթե նախարարը բավարարվել է տույժերով, ապա նախաքննական մարմինն էլ կբավարարվի նույն մարդկանց ընդամենը իբրեւ վկա հարցաքննելով:

Իսկ ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ զինվորներին գոմեշի մսով են կերակրել, յուրացրել են պետբյուջեի միջոցները: Ունա՞կ են ՊՆ-ն եւ դրա քննչական ծառայությունը պարզել, թե որտեղ է թաղված «շան գլուխը», թե՞ ամիսներ տեւող քննության ավարտին կիմանանք, որ իբր ընդամենն ինչ-որ գործարար էր տվյալ պարագայում «խոշոր գլուխը», իսկ իրականում՝ քավության նոխազը:     

Լուս.՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter