HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բրազիլացի հանդիսատեսը հուզված է «1915»-ից

Բրազիլիայում կայացել է Արթուր Հարոյանի «1915» պիեսի ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ներկայացման օրերին դահլիճը շարունակում է լեփ-լեցուն մնալ:

Օգոստոսին անդրադարձել էի Բրազիլիայում բնակվող մեր հայրենակից Արթուր Հարոյանի գործունեությանը` ««Շարունակիր հետևել նշաններին». Պաուլո Կոելյոյի խորհուրդը հայ երիտասարդ դրամատուրգին» հոդվածի միջոցով:

Այսօր արդեն, կապ հաստատելով Բրազիլիա, Արթուրի հետ զրուցեցի «1915» ներկայացման պրեմիերայի, հաջողության եւ արձագանքների մասին: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին «Viga Espeçao Cênico» թատրոնում. այն շարունակվում է ցուցադրվել մինչ օրս: 

Ներկայացման պրեմիերային երկար ժամանակ էիք սպասում. ինչպիսի՞ արձագանք ունեցավ այն տեղացիների եւ տեղի հայ համայնքի շրջանում:

Զարմանալի եւ միաժամանակ հաճելի է այն, որ հանդիսատեսի մեծ մասը բրազիլացիներ են, իհարկե, հայեր էլ կան: Մեր պաշտոնական էջին շատ նամակներ ենք ստանում թե հայերից, թե բրազիլիացիներից:

Ըստ այդ նամակների բովանդակության` ներկայացումից հետո նրանք չեն կարողանում հանգիստ քնել, քանի որ պատմությունը շատ ռեալիստորեն է փոխանցված... Նրանք նույնիսկ սկսել են Ցեղասպանության մասին ինֆորմացիայի փնտրտուքներ, ուսումնասիրություն:

Շատ անգամ ներկայացման վերջում դերասանները խոնարհվում են լռության ներքո, քանի որ ծափերն այդ պատմությունից հետո հանդիստեսի համար սահմռկեցուցիչ են, եւ նրանք հուզված դուրս են գալիս դահլիճից: 

Այսինքն՝ այն մտավախությունը, թե բրազիլացի հանդիսատեսը չի կարողանա հասկանալ այն, ինչ դրված է ներկայացման հիմքում, հակառակ ուղղությա՞մբ է աշխատում: 

Ներկայացման առաջին օրվանից մինչեւ հիմա շատ դետալներ ենք փոփոխել. որոշ տեսարաններ ավելի պարզեցրել ենք, քանի որ այն, ինչ կատարվում է բեմում, ավելի շատ նման էր ֆիլմի, քան թատերական ներկայացման:

Ցավոք սրտի, այս երկուսի միախառնումից հանդիսատեսը ոչինչ չէր հասկանաշ: Եվ նույնիսկ հիմա էլ հանդիսատեսի մի մասի համար պարզ չէ, թե չորս կանայք, շարունակելով մասնակցել տեսարաններին, առաջին տեսարանից հետո արդեն մահացա՞ծ են, թե՞ ոչ:

Ավելի պարզ դարձնելու համար ներմուծեցինք սիմվոլիզմը, թե ինչու հերոսուհիներից մեկի` Անուշի գրած նամակների վրա ոչ մի բառ իրականում չկա գրված... Թե ինչու նրանք յոթ օր ըմպում եւ ուտում են դատարկ ափսեներից, թե ինչու են խոսում ինչ-որ առարկայի մասին, տեսնում են այդ առարկան, սակայն իրականում բեմում չկա եւ գոյություն ունի. միայն երեւակայության մեջ է:

Սիմվոլիզմը այս ներկայացման ամենագլխավոր տարրերից մեկը դարձավ... Գուցե նաեւ հիմքը:

Ավելի բավարարված եմ զգում, երբ հանդիսատեսը մինչեւ վերջ չի գուշակում ներկայացման հանելուկը, չի զանազանում մահվան եւ կենդանության սահմանը: 

Շարունակվու՞մ է ներկայացման ցուցադրությունը: 

Ամեն երեքշաբթի եւ չորեքշաբթի այն կրկին ներկայացնում ենք հանդիսատեսի դատին:Դահլիճը լեփ-լեցուն է: Ներկայացումից հետո հանդիսատեսի մեծ մասը չի հեռանում, մնում եւ զրուցում է մեզ հետ:

Ներկայացումը խաղացանկում լինելու է մինչեւ դեկտեմբերի 12-ը: Պլանավորում ենք հանդես գալ Բրազիլիայի այլ քաղաքներում նույնպես, իսկ եթե Հայաստանում գտնվեն բարերարներ, կներկայացնենք նաեւ մեր հայրենիքում: 

Նշեմ նաեւ, որ դերասանական կազմը, որը բաղկացած է բրազիլացի պրոֆեսիոնալ դերասան-դերասանուհիներց, շատ է ցանկանում տեսնել եւ ճանաչել Հայաստանը, որովհետեւ արդեն շատ զգացական մակարդակում գիտեն մեր պատմության արյունալի էջի մասին:

Նրանք ուզում են նաեւ համտեսել նուռը, որը ներկայացման գլխավոր սիմվոլներից մեկն է: 

Հ. Գ. Արթուր Հարոյան. «1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի և թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր` Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ և ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: Պիեսի հիմքում նաև ընկած են Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ և մենախոսություններ, ինչպես նաև իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: 

Ներկայացման մասին պատմող հոլովակը կարող եք դիտել այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter