HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հայաստանցի կանայք տառապում են Թուրքիայում. «Ո՞ւր ա իմ պետության աչքերը»,- հարցնում է նրանցից մեկը (վիդեո)

Անի Հովհաննիսյան
Էդիկ Բաղդասարյան 

Մի քանի օր շարունակ մենք գնում էինք Ստամբուլի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակ  ու սպասում մեր նոր պատմությունների հերոսներին: Թուրքիայում աշխատելու մեկնած հայ կանայք օրվա տարբեր ժամերին մտնում էին եկեղեցի, մոմ վառում, աղոթում ու խաչակնքելով դուրս գալիս: Նրանցից ոմանք այնտեղ էին գալիս ընկերուհիների հետ. աղոթելուց հետո նստում էին բակում տեղադրված նստարաններին ու կիսվում օրվա անցուդարձից: Մենք նրանց խոսելաձեւից արդեն հասկանում էինք, թե Հայաստանի որ մարզից ու որ քաղաքից կլինեն. հիմնականում չէինք սխալվում: Ստամբուլում աշխատող հայ կանանց մեծամասնությունը Գյումրիից է, Վանաձորից ու Երեւանից:

Եկեղեցի մտնողներից մեկը` Սիլվան (անունը փոխված է), չէր կարողանում զսպել լացը: Մենք չէինք համարձակվում նրան հարցեր տալ: Աղոթելուց հետո նստեց նստարանին, լաց եղավ ու սկսեց խոսել. «Հիմա իմ սիրտն ինչի ա մղկտում: Իմ տղեն, որ 24 տարեկան ա, դեռ ամուսնացած էլ չի, օտար երկրում հիվանդացել ա, ես չեմ կարողանում գնամ, իմ էրեխուն տանեմ բժշկի: Ու ես եկել եմ Աստծո դուռը, Աստծուց եմ խնդրում… Ուր ա իմ պետության աչքերը: Խի են մեզ սենց տանջում»,- կսկիծով ասում էր Սիլվան: Որդուն Ռուսաստանից առողջական ծանր խնդիրներով տեղափոխել էին Հայաստան, իսկ ինքը չէր կարողանում մեկնել` տեսակցության. վիզայի խնդիր ուներ: Նա ապօրինի է գտվում է Թուքիայում:

Մոտ 5 տարի առաջ, երբ Սիլվան դեռ Ստամբուլ գնալու որոշում չէր կայացրել, հողի մշակմամբ էր զբաղվում Հայաստանում: Հարկերն ու ոռոգման դժվարությունները պատճառ դարձան աշխատանքները դադարեցնելու եւ արտագաղթի ճանապարհներ որոնելու համար. «Ասում են` վայ, գնացին Թուրքիա: Հիմա Թուրքիայում տեսնես ինչերով են զբաղվում: Արի, տես ինչով եմ զբաղվում: Մեր պետությունը մեզ չի պահում, դուրս ա շպրտում: Կամ էլ դնում ա անդունդի եզրին, ասում` կամ դու ինքդ ընկի, մեռի, կամ էլ սովից մեռի. ոնց քեզ հարմար ա: Դրա համար մենք էսօր եկել ենք ուրիշի հիվանդին ենք պահում, որ կարողանանք հացի կոպեկ ուղարկենք էրեխեքին,  ապրեն»,- ասում է նա:

Սիլվան թուրքի ընտանիքում է աշխատում. տունն է մաքրում, ճաշն է եփում ու ծերերին խնամում: Աշխատանքային օրվա ավարտին կարոտը, հույզերն ու միայնությունը կիսում է  հնամաշ օրագրի էջերում: Նա հանեց օրագիրը եւ սկսեց առանձին հատվածներ կարդալ` ներկայացնելով իր ապրումները: Հետո նրան համոզեցիքն, որ օրագիրը տրմադրի մեզ: Նա սկսեց թերթել ու տարբեր էջեր պոկելուց հետո տվեց մեզ:   Ահա մի քանի հատվածներ այդ օրագրից.

«…Երանի ծիտ լինեի թռչեի գնայի Արմենիս մոտ ու գայի: Մեկ Լեւոնիս համար վառվեցի տեղս նեղ էր, հիմիկ էլ Արմենիս համար: Նստած եմ, ձմերուկ ու կլուբնիկ բերին, քթիս մուխը գնաց, որ երեխեքս չեն ուտում: Օրեցօր լղարում եմ, սրանք էլ ամեն ինչ անում են, ասում են ինչն է ապատճառը որ նիհարում ես: Արմենիս համար 100 դոլար փող ուղարկի: Տենամ Անան կհասցնի, թե չէ, սպասում եմ զանգին: Ասել եմ, որ գնա տենա երեխին ու զանգի ինձ, որ ես հանգիստ լինեմ: Սպասում եմ ու սպասելուց վատ բան չկա: Ասել եմ գնա տենա ու Արմենին տա հեռախոսը, որ խոսեմ, սիրտս հագստանա: Մռենմ քեզ Արմեն, կյանքս, իմ թանկ բալա…

…Մայիսի 18-ին գնացի իզինի, հիվանդս ասում է գնա, մի սպասի, դու շատ լավն ես, գնա երեխեքիդ հետ խոսի: Բայց փոխարինողս պետք է գա, որ ես գնամ: Չմոռանամ իրանց համար մկրատ ու կլուբնիկ առնեմ: Մարդը իմ խաթեր էսօր գործի չի գնում, որովհետեւ ինքը պետք է ինձ տանի, տղեն էլ թե ես կտանեմ, ասավ չէ, դու գնա ռեստորանի տեր եղի մինչեւ ես կգամ: Էսօր շատ լավ օրա, ես ութ շաբաթ է ինձ շատ լավ եմ զգում, կյանքիս մեջ առաջին անգամ է, որ լավ տեղ աշխատեցի: 

Քուչուկ Չեքմեջեյից նստեցի, հաշվում եմ աստանովկեքը, 12 աստանովկա պետք է գնամ…

…Երվանդս առավոտ շուտ զանգեց, ինձ իրա ծննդյան օրը, երեխեն հենց իմացել է, թե ես մոռացել եմ, բայց ոնց կլինի ես մոռանայի իմ ամենաթանգ թոռան ծննդյան օրը: Բայց ես իրկունը ժամը 11-ին զանգեցի Վահեիս հետ էլ խոսեցի, սիրտս հանգստացավ, որովհետեւ նավի քամին ինձ հանգստացրեց: Ես մի մոլոր մարդ եմ աշխարհում, գնում եմ, գնում եմ անծայր ծովերով, երբ ետ եմ դառնում իմ հին կյանքս եմ հիշում, տխրում եմ այս անծայր ծովերում: Նայում եմ շուրջս ու լաց եմ լինում …

Ինձ մնաց 2 ու կես ամիս, որ գնամ Հայաստան: Գոնե մի քիչ փողով գնամ, պարտքերս փակեմ, մեկ էլ գնամ Արմենիս մոտ, տենամ երեխես ինչ ձեւի տեղա ծառայում, խաղաղ ա թե չէ, որովհետեւ սահմանա, շատ եմ վախենում, ոնց Լեւոնի համար էի մտածում, այնպես էլ մտածում եմ Արմենիս համար: Մեռնեմ ջանիդ Արմեն ջան, թանկ ու թանկ բալա ջան:

…Նստել եմ բալկոնում նայում եմ շուրջս, գեղեցիկ, նախանձում եմ ես սրանց, թե խի հայը չունի սրանից: Սիտս լցվում է, մեր հայերը ոնց են տանջվում, մենք աշխատում ենք, սրանք զվարճանում են: Մեզանից են սովորում գործ անելը, մաքուր ու ճաշակով հագնվելը, բայց բախտ չունի մեր ազգը: Ես գիտեմ, թե ինչու չունի բախտ ազգը, Գյուլի պես ազգասեր բաշմակը պահում է իր անխելք ազգը, բայց Սերժը չի անում այն բանը, որ պետք է մեր ազգին:

Ես սրանց ասեցի, որ թուքերին չեմ սիրում, դրանից հետո թարսվեցին ինձ հետ, բայց վեջս չի: Սիրում եմ ազգիս, իմ հողը, իմ ջուրը, կարոտում եմ երեխեքիս, բայց ճար չունեի, ժամանակավոր լքեցի հողս, կվերդառնամ իմ թանկ հայրենիք, իմ սիրուն Հայաստան, փոքր ու հպարտ Հայաստան: 

…Նեղվում եմ, բայց ճար չունեմ, մնացել է 2 ամիս, թե ոնց եմ անցկացնելու էդ էլ, միայն աստված գիտի: Տեր իմ զորավոր, տուր ինձ համբերություն, որ կարողանամ էս երկու ամիսը անցկացնեմ, փառք քեզ տեր ջան, միայն հույսս դու ես…»

Թուրքերի ու հարուստ պոլսահայերի ընտանիքներում աշխատող հայ կանայք բազմաթիվ դժվարություններ են ունենում: Նրանք հաճախ իրենց օգտագործված են համարում, քանի որ գործատուներն աշխատեցնում են ավելին, քան սահմանված է: Կարինեն արդեն մի քանի ընտանիք է փոխել. չի կարողանում աշխատել այն տներում, որտեղ իր արժանապատվությունը ոտնահարված է համարում:

«Հիմնականում տան գործեր ենք անում, հետո արդեն հիվանդների կամ ծերերի ենք խնամում: Համ պոլսահայերի տներում ենք աշխատում, համ էլ թուրքերի: Հայերը, որ ճիշտն ասեմ, մեզ ավելի շատ են տանջում, քան թուրքերը: Դժվար ա էլի: Ամանները լվանում ես, ճաշն եփում ես, ամեն ինչ մաքրում ես, որ երկու րոպե պիտի հանգստանաս, ասում ա` բա պատուհանները չես լվացել: Հեշտ չի, ամեն մեկի հետ հեշտ չի»,- պատմում է Կարինեն:

Կարինեն ու իր վանաձորցի ընկերուհին 4-5 տարի Թուրքիայում աշխատելուց հետո, չափազանց շատ էին հոգնել: Ստամբուլում գտնվելը նրանց համար գումար վաստակելու միակ ճանապարհն էր: Նրանք Ստամբուլում միայն իրար ունեին` կարոտը, լարվածությունն ու հույզերը կիսելու համար:

Թուրքիա մեկնած հայ կանանց մեծամասնությունը վիրավորվում է պոլսահայերի թաքուն անհանդուրժողական վերաբերմունքից Հայաստանից ժամանած հայերի նկատմամբ: Իսկ պոլսահայերը համարում են, որ իրենց եւ հայաստանցիների միջեւ զուտ մշակութային տարբերություններն են մեծ:

«Մեզ համար էն ա վիրավորական, որ դու հայ ես, ինքը հայ ա, բայց քեզ էնպես ա աշխատեցնում, էնպես ա վերաբերվում, որ ստիպված ես լինում թողնել, ուրիշ ընտանիք փնտրել: Հանգստյան օրդ կտրում են, ասում` ինչ անպայման ա, որ հանգստանաս, մնա ստեղ: 24 ժամ մեզ հասնում ա. պիտի հանգստանանք, բայց նա քեզ տալիս ա երկու ժամ, ասում ա` գնա Հայաստան զանգի, արի: Եթե աշխատանք լիներ, մենք ինչի պիտի գայինք էստեղ: Մեր ընտանիքին, մեր էրեխեքին նվիրված անում ենք, ինչ անենք»,- պատմում են Կարինեն եւ ընկերուհին:

 Քիչ թվով կանայք են իրենց ընտանիքների ու ամուսինների հետ մեկնել Ստամբուլ: Նրանք հիմնականում միայնակ են դուրս գալիս յուրաքանչյուր դժվարության դեմ` մտքում պահելով Հայաստան վերադառնալու, կրկին  ընտանիքի մայր լինելու  ցանկությունը:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի



Մեկնաբանություններ (6)

hasmik
իշխաննություններն դիտավորյալ այնպիսի իրավիճակ ստեղծում, որ մարդիկ արտագաղթեն ու դրսից փող ուղարկեն, սա արդեն իրենց բերանով են ասում, արդյունքում ունենք պետություն,որը գոյատևում է դրսից եկած փողերով, իսկ մարդու իրավունքներ, մարդկային դառնացած ճակատագրեր, դա արդեն մեր պետության գործը չի
Yntercox
a n b a r o y a k a n u t y u n, b a r o y a l q u m, g a z a n u t y u n, p e t u t y a n k o r c a n u m .
tlkatintsi
Sure, we care about our compatriots, but to state that these women are being tortured, as they claim, is ridiculous.
hasmik
հարգելի Kevin, այստեղ խնդիրը ավելի խորն է, քան աման լվանալ կամ ճաչ պատրաստելը, հարցը մարդու իրավունքներն, որոնք ոտնահարվում Հայաստանում ամեն քայլափոխի, երբ հասարակ մարդը չի կարողանում ոչնչի հասնել, իսկ ոմանց համար անգամ մարդասպաննուրյունն է արդարացվում, ահա արդարության բացակայությունն է հիմնական պատճառը, որը ստիպում է մարդկանց հեռանալ
Kevin
Sireli Hasmik, hamadzayn em vor artarutuneh karevor a bayts verchin tarineri endaskum lavatsum chi eghel? Ints tzanotner etentsen asum.
hasmik
հարգելի Kevin, իմ կարծիքով ,եթե ինչ որ բան արվել է, դա միայն ընտրություններից առաջ արված թատրոնն է, որին հայաստանցիներս արդեն 20 տարի է գիտենք, իսկ գլոբալ առումով իշխաննությունները շարունակում են իրականացնել նույն սպիտակ ցեղասպանության ծրագիրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter