Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ձեռնարկությունները Հրազդան գետը վերածել են մաքրման կայանի



«Բնությունը պահպանող չկա, Հրազդան գետին պետք է տեր կանգնես: Ջուրը մաքուր չի: Մարդ կա, որի սնունդը հենց այս ձուկն է միայն: Հրազդան քաղաքից սկսած կեղտաջրերը լցվում են գետը, վերեւից` Դավթաշենի կամրջից 300 մ ներքեւ, առանձնատներից էլ կոյուղին է թափվում»,- ասում է կարթը ձեռքին Հրազդան գետից ձեռնունայն վերադարձող մի ձկնորս: Կիրճի բնակիչները պատմում են, որ վաղ առավոտյան դեպի կիրճ ձգվող խողովակներից ձեռնարկությունների արդյունաբերական թափոնները միանգամից լցվում են Հրազդան գետը, որից հետո ջուրը փոխում է գույնը: Նրանց ասելով` սովորաբար, աղտոտողներն աշխատում են այն ժամերին ջուրը բաց թողնել, երբ հնարավոր չէ փաստել:

«...ուրեմն ազատ քլորի աղբյուր կա, որը պետք է հայտնաբերել»

«Ակվաէկ» ՓԲԸ կենտրոնին պատվիրեցինք լաբորատոր հետազոտություն կատարել Արմենալի թափոնների արտանետման կետից 300մ ներքեւ եւ Երեւան ՀԷԿ-ից 500մ ներքեւ: Փորձանմուշները վերցվեցին երկու անգամ` 2002 թ. հուլիսի 7-ին եւ 12-ին: Հրազդան գետի ջրի լաբորատոր հետազոտման արդյունքները ներկայացրինք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ինստիտուտի արդյունաբերական թունաբանության վարիչ Էմիլ Բաբայանին` գնահատելու համար: Նա հայտնեց, որ ըստ ներկայացված արդյունքների, Հրազդան գետն ընդհանուր առմամբ աղտոտված է, այդ թվում նաեւ վտանգավոր նյութերով:

«Քլորի պարունակությունն անհավատալի բարձր է գետի ջրում, շատ բարձր է ծանր մետաղների պարունակությունը: Արմենալ գործարանի եւ Երեւան ՀԷԿ-ի ջրերը Հրազդան գետ արտանետելուց հետո բարձր է ե'ւ պղնձի, ե'ւ ցինկի, ե'ւ կապարի պարունակությունը: Դրանք ծանր մետաղներ են, որոնք թունավոր հատկություններ ունեն եւ լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար»,- հայտնեց պրն. Բաբայանը: Վերջինս գտնում է, որ ներկայացված լաբորատոր հետազոտության արդյունքները պետք է դիտել որպես նախնական տվյալ, քանի որ այն մակերեսային ջրերի հիգիենիկ հետազոտության լրիվ ծրագիրը չէ, բայց` «այս տվյալներն էլ չպետք է լինեին, այսպիսի քանակությունն անթույլատրելի է»:

Մեր խնդրանքին ընդառաջելով` ինստիտուտի արդյունաբերական թունաբանության վարիչը մեկնաբանեց, թե հայտնաբերված քիմիական նյութերն ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց առողջության վրա: «Քլորի մեծ պարունակությունը կարող է ջրային կենդանիների, ձկների վրա ազդել: Ծանր մետաղները` կապարը թույն է, ազդում է կենտրոնական ներվային համակարգի վրա, հատկապես երեխաների մտային զարգացման վրա, եթե այն ընկնի օրգանիզմ: Իսկ օրգանիզմ կարող է ընկնել հողի աղտոտվելու, հետագայում բույսերի մեջ անցնելու, բուսական սննդամթերքներից` մարդուն անցնելով: Հրազդան գետի ջուրը գործածվում է ոռոգման համար, ոռոգվող տարածություններում այս մետաղները կարող են հողում կուտակվել եւ անցնել բուսականության, սննդամթերքի մեջ, դրանից անցնել մարդուն կամ կենդանիներին: Այս արդյունքներում նիտրիտներով ջրի բարձր աղտոտվածության վերաբերյալ տվյալներ կան, որոնք վկայում են թարմ օրգանական աղտոտվածության մասին: Նման ջրում լողանալը իհարկե, անթույլատրելի է»:

Էմիլ Բաբայանի ասելով` եղած տվյալները խոսում են այն մասին, որ Հրազդանի կիրճի այդ հատվածներում բավականին անմխիթար վիճակ է տիրում: «Եթե այս տվյալները ճիշտ են, ուրեմն ազատ քլորի աղբյուր կա, որը պետք է հայտնաբերել»,- շեշտեց նա:

Ստուգողները Արմենալում ու Գրանդ Սանում թերություններ չեն հայտնաբերել

Հրազդան գետի այդ հատվածում, որտեղից ջուրը վերցվել էր հետազոտելու համար, գտնվում են Արմենալ եւ Գրանդ Սան գործարանները: «Մենք Հրազդան գետ ոչ մի կաթիլ ջուր չենք լցրել եւ չենք էլ լցնելու, դա բացառված է»,-կտրուկ հայտարարեց «Արմենալ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության օդի, ջրի, մատակարակման արտադրամասի պետ Կամո Խուրշուդյանը: Նա հաստատեց նման կասկածների գոյությունը, քանի որ գործարանի տարածքից երկու խողովակ է իջնում Հրազդանի կիրճ: Հայտնեց, որ մի քանի անգամ հանձնաժողովները ստուգումներ են կատարել իրենց մոտ: Եւ, երբ վերջին անգամ, մեկ ամիս առաջ, այցելել է բնապահպանության նախարարությանը կից բնապահպանական տեսչությունը, խոսակցություններին վերջ տալու համար կտրել են գործարանից դուրս եկող խողովակը: Հավաստիացնելու համար մեզ ցույց տվեց արդեն կտրված խողովակը:

Պրն Խուրշուդյանը վստահեցնում է, որ իրենց գործարանից Հրազդան գետ լցվող ջրի փոքր քանակությունը մաքուր վիճակում է: Ցույց տալով ձեռնարկության մաքրման կայանը` բացատրեց, որ այն վերջերս է վերանորոգվել: Քանաքեռ ԳԷՍ-ից ջուրը խողովակով մուտք է գործում մաքրման կայան եւ այստեղ քիմական միջամտությամբ արագ մաքրվում է, որպեսզի սարքավորումնեը չկեղտոտվեն: Հետո ջուրը լցվում է պարզարաններ: Մաքուր ջուրը խողովակաշարով գնում է արտադրամաս, իսկ ավելցուկը` զտված ջուրը, մաքուր վիճակում լցվում է գետը: Վերջում գործածված, սառեցված ջուրը թափվում է Աէրացիայի կայան: Ձեռնարկության ավագ ինժեներ, էկոլոգ Արտակ Տեր-Թորոսյանն ավելացրեց, որ իրենց արտադրական թափոններում կան քլորիդներ, սուլֆատներ, ֆտորիդներ, նավթամթերքներ, որոնք իրենց լաբորատոր հետազոտության արդյունքներով նորմայի սահմանում են:

Պարզվեց, որ Արմենալ գործարանի հարակից տարածքից իջնող խողովակը պատկանում է Գրանդ Սանին: Այս ձեռնարկության գլխավոր ինժեներ Միքայել Աղաբաբյանը հաստատեց, որ իրենց է պատկանում, սակայն թունավոր նյութերով գետը աղտոտելու մասին տեղեկությունները զգացմունքային խոսակցություններ համարեց: Հայտնեց, որ անցյալ տարի ամռանը վերանորոգել են մաքրման կայանը եւ մեկ տարի է այն նորմալ վիճակում է: Գործարանից արտանետվող բոլոր նյութերը մաքրման կայանում մաքրվում են, մնացորդները դուրս են գալիս, եւ ջուրը խողովակով լցվում է կիրճ: «Իհարկե, Հրազդան գետ լցվող ջրում մնացորդներ լինում են, բայց կառավարությունը հաստատել է այդ բոլոր նյութերի չափաքանակները, որոնք չպիտի գերազանցվեն: Մենք այդ սահմաններում տեղավորվում ենք եւ ոչ մի լրացուցիչ վնաս չենք հասցնում շրջակա միջավայրին»,- վստահաբար հայտնեց գլխավոր ինժեները:

Պրն Աղաբաբյանը հավաստիացնում է, որ իրենց կենտրոնական քիմիական լաբորատորիայում նաեւ Հրազդան գնացող ջուրն են հետազոտում: Իրենց արտադրության մեջ օգտագործվող միակ թունավոր նյութը սնդիկն է եղել, որը ցերեկային լամպերի արվտադրության մեջ է գործածվել, հիմա այդ տեսակի լամպեր չեն արտադրում: «Մեզ մոտ մի արտադրություն ունենք, որտեղ ջրաներկեր են գործածվում տպագրական աշխատանքների համար: Միգուցե այդ օրը կարմիր ներկը շա՞տ է եղել»,- ասաց նա` նկատի ունենալով լաբորոտոր հետազոտության համար Հրազդանից վերցված փորձանմուշների օրը: Հայտնեց, որ պարբերաբար սանէպիդկայանն է ստուգումներ կատարում, մեր այցից 10 օր առաջ ստուգումներ է կատարել բնապահպանական տեսչությունը, եւ հավաստելու համար, որ բոլոր կասկածները զուր են` ցույց տվեց ստուգման ակտը. «Ստուգման արդյունքում բնապահպանական օրեսդրության պահանջների խախտումներ եւ թերություններ չեն հայտնաբերվել»:

«Ճիշտ է, Գրանդ Սանն այսօր չի արտադրում ցերեկային լամպեր, բայց մեծ քանակությամբ սնդիկ են գործածել: Եթե այդ տարածքում հողը լվացվի եւ լցվի գետը, հնարավոր է, որ սնդիկ անցնի: Եթե մեքենաշինական գործարանում նիկելապատում են կատարում, ջրերի միջոցով նիկելը կլցվի գետը: Բացի այդ, գործարանների աղբը լցնում են կիրճը, այնտեղ նիկել կա, սնդիկ կա եւ այլն: Եթե տարածքն աղտոտված է, նրանք անձրեւի միջոցով կլցվեն գետը եւ կաղտոտեն»- ասում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ինստիտուտի արդյունաբերական թունաբանության վարիչ Էմիլ Բաբայանը:

Նաիրիտն ու Կաշին Հրազդան գետը վերածել են մաքրման կայանի

Այցելեցինք նաեւ Հրազդան գետի երեւանյան հատվածի երկարությամբ գտնվող եւս երկու գործարաններ` Նաիրիտ-1, «Կաշի» ԲԲԸ, որոնք գտնվում են գետի երեւանյան հատվածում եւ տեխնիկական ջրերի արտանետումներ ունեն գետում: Վերջերս բնապահպանական խնդիրներին նվիրված սեմինարներից մեկում Նաիրիտ ՓԲԸ-ի տնօրեն Ալբերտ Սուքիասյանը հայտնեց, որ Նաիրիտի մաքրման կայանը բարվոք վիճակում չի, չեզոքացման խնդիրները լուծում է` թթվային, հիմնային նստվածքները հավաքում է, բայց...: «Պետք է կարգի բերվի, ձեւափոխվի, կատարելագործվի, այլապես Երեւան քաղաքի շրջապատում գտնվող ձեռնարկությունների գոյությունն անիմաստ է պահպանել: Քլորի առկայությունը առաջ է բերելու արտանետումներ, որը ստեղծելու է այն բացասական ֆոնը, որի բազայի վրա կարող են վերանալ նոր նյութեր»,-հայտնեց պրն. Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Խաժակ Կարայանը նույնպես պնդում է, որ Նաիրիտի մաքրման կայանը չի գործում, գործարանի կեղտաջրերն ուղղակի Հրազդանի մեջ են թափվում:

«Նաիրիտ-1» ԲԲԸ-ի տեխնիկական բաժնի պետ Վլադիմիր Մխիթարյանը վստահեցնում է, որ Հրազդան գնացող ջրերը նորմատիվ մաքուր ջրերն են: «Այսինքն դա այնքան մաքուր չի, որ կարելի լինի կրկին գործածել, բայց այնքան աղտողտված էլ չի, որ իրավունք չունենան կրկին գետ լցնել: Բնապահպանության նախարարությունով հաստատված է հաշվարկը, թե որ նյութից ինչքան իրավունք ունենք լցնելու Հրազդան, որ ջրի որակը դրանից չվատանա: Նաիրիտ 1-ը բաց է թողնում նյութեր Հրազդան, որոնք իրենց թույլատրելի սահմաններում են»:

Պրն. Մխիթարյանի ասելով` գետերի համար ամենավտանգավորը ծանր մետաղներն են, որից Նաիրիտը միայն պղինձ ունի, բայց դա Հրազդան չի լցվում: Ըստ նրա, Նաիրիտից Հրազդան գետ արտանետվող նյութերից գերակշռում է կերակրի աղը` սահմանաված չափաքանակը 350 է, իրենց մոտ երբեմն 370-ի է հասնում, որը զրուցակցիս ասելով, շատ խիստ չափաքանակ է: Այսօր գործարանն աշխատում է իր հզորության մեկ երրորդի չափով, ուստի արտանետումները պակասել են: Արտադրում են քլորոպլենային կաուչուկ, կաուստիկ սոդա, լատեքսներ, աղաթթու, քացախաթթու եւ այլն: Նախարարությունով հաստատված է հաշվարկը, թե որ նյութից ինչքան իրավունք ունեն լցնելու Հրազդան, որ ջրի որակը չվատանա:

Մասիսի տարածքում եղանք այն հատվածում, որտեղից Նաիրիտ գործարանի ջուրը միանգամից լցվում է Հրազդան գետը: Գյուղացիները մեզ ցույց են տալիս աղտոտված վիճակը ու բացատրում: «Սա Նաիրիտի բաց կոլեկտորն է, մոտ 100-200լ ջուր լցվում է Հրազդանի մեջ: Այս կեղտոտված ջուրը գնում է Արտաշատի գյուղերը ոռոգման համար: Եթե էս ջուրը Հրազդանի մեջ լցվելով ձկները սատկում են, ուրեմն կեղտոտ ջուր է: Իսկ որ ձկները սատկում են, այդ մասին ահազանգում են նաեւ սահմանապահները»: Գյուղացիները բողոքում էին, որ Նաիրիտն իրավունք չունի այդ ջուրը գետը լցնի եւ իրենք դրանով ոռոգեն, սպառնում էին չվճարել ոռոգման վարձը:

Բնապահպանության նախարարության մի աշխատակից հայտնեց, թե Նաիրիտից եկել, թույլտվություն են խնդրել, որ իրենց ջրերն այդ վիճակով թափվեն Հրազդան: «Ասում են` քեզ համար ի՞նչ տարբերություն այստեղից է թափվում ջրի մեջ, թե մի քիչ այն կողմից»: Զրուցակիցս բացատրում է, որ եթե ջրբաժանից այն կողմ լցվի, արդեն գետի մեջ չի լցվի: Նա լավատեղյակ է, որ Նաիրիտի մաքրման կայանում քիմիական ոչ մի էլեմենտ չի չեզոքացվում, չի մաքրվում, ուղղակի կոշտ նյութերը նստում են: «Եթե կոլեկտորի հարցը չլիներ, երեւի այդ նստեցումն էլ չանեին, պարզապես 8 կմ-ից ավել նրանց խողովակը գետնի տակով է անցնում, եթե կոլեկտորի մեջ նստի, քանի՞ տարի կշահագործվի»:

«Այսօր Հրազդան գետ մենք արտանետումներ չունենք եւ չունեինք, այն առումով, որ մեր մաքրման կայանը կեղտաջրերն ուղարկում է Աէրացիա»,- ասում է «Կաշի» ԲԲԸ գործադիր տնօրեն Վարդան Կիրակոսյանը` դժվարությամբ հաշտվելով մեր հարցերին պատասխանելու մտքի հետ: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ գործարանն այսօր չի աշխատում: Ինչպես ներկայացրին «Կաշի» ԲԲԸ գործադիր տնօրենը եւ գլխավոր ինժեները, հունվար ամսից գործարանը չի աշխատում, եւ մենք տեղում տեսնելու որեւէ բան չունենք: Սակայն կաշվի մշակման արտադրամաս կատարած մեր շրջագայության ժամանակ հաստոցներից մեկ-երկուսը թարմ մաքրման հետքեր էին կրում, տարածքն առատ ողողված էր ջրով, ինչը չի խոսում հունվար ամսից գործարանը կանգնեցնելու մասին:

Կաշվի ձեռնարկության հարեւանությամբ, Հրազդանի ափին գրեթե միշտ կարելի է հանդիպել Պոլիվինիլացետատ գործարանի արտադրամասի պետ Ռուսլան Ասլանյանին. «Ես զգում եմ երբ է աշխատում գործարանը, վերջին տասը օրերին այդ հոտը կա: Կաշվի գործարանը թույն է արտադրում, կաշին մշակելու համար թունաքիմիկատներ են գործածում եւ բաց են թողնում ջրի մեջ: Ժողովրդին խաբելու համար վաղ առավոտյան են ջուրը բաց թողնում, որպեսզի հետո չզգացվի: Անդուր հոտ է, առանձնահատուկ թունաքիմիկատներ են, որոնք տարբերվում են սովորական կենցաղային հոտերից»:

Վաղ առավոտյան Հրազդանի կիրճ այցելած մեր լրագրողական խումբը տեղում համոզվեց, որ քանդված պարսպից «Կաշի» գործարանն է ջուրն արտանետում Հրազդան գետ: Թե ինչու են ընտրել այդ տարբերակը, երբ տնօրենը պնդում էր, որ իրենց մաքրման կայանը կեղտաջրերն ուղարկում է Աէրացիա, կարծում ենք լավագույն բացատրությունը դարձյալ տնօրենինն է. «Միայն այն, որ հզոր նասոսներ են գործում ամբողջը Աէրացիա ուղարկելու համար, դա մեծ գումար է կազմում: Դրա պահպանումը, հոսանքը, աշխատանքը, աշխատողներին աշխատավարձ տալը, բավականին գումար է կազմում տարվա կտրվածքով»: Փոքր արտադրածավալի համար, ինչպես մեկ-երկու հաստոց աշխատեցնելն է, բնականաբար նպատակահարմար չէ մեծ ծախսեր անել եւ «Կաշի» ԲԲԸ-ում նույնպես ընտրել էին կեղտաջուրն ուղիղ Հրազդան լցնելու տարբերակը:

«Այս տարի ձուկ չկա, մի հատ ձուկ չի եղել, որովհետեւ թույն են բաց թողնում ու ձուկը վերեւ չի գալիս, երեխաներն այստեղ չեն լողանում: Սոված մարդիկ շատ կան, գալիս են ձուկ բռնելու` չկա: Երեւանյան լիճը սարքել ենք, որ մարդիկ գնան հանգստանան, բայց այստեղ լրիվ թույն է»,- շարունակում է պատմել Ռ. Ասլանյանը:

«Կաշի» ԲԲԸ գործադիր տնօրեն Վարդան Կիրակոսյանը պատմում է, որ իրենցը քիմիական արտադրություն է: «Այս գործարանից արտանետվող հիմնական քիմիական նյութերը խրոմային թափոններն են, որոնք իսկապես վնասակար են, եթե նրա քանակությունը գերազանցում է ջրի մեջ, որն անթույլատրելի է: Մենք նորման չենք գերազանցում, բախտներս բերել է, որ Հրազդանը մեր կողքին է, որից կարող ենք շատ ջուր վերցնել, լուծումը շատ է լինում: Այդ պատճառով կուզենայինք, որ մեզ մոտ բիոլոգիական մաքրում կատարվեր, որ միանգամից մաքրված ջուրը Հրազդան ուղարկեինք»: Հուսով են, որ նոր մաքրման կայանի կառուցումը, որը նախատեսում են շահագործման հանձնել առաջիկա 6-7 ամսիսներին, ինչպես նաեւ լաբորատոր նոր սարքավորումների տեղադրումը, հնարավորություն կտա նաեւ բիոլոգիական մաքրում կատարել:

Եզրափակելով` պետք է ասենք, որ մեր այցելած չորս գործարաններն էլ մաքրման կայան ունեին, սակայն նրանցից միայն մեկի` Արմենալի մաքրման կայանն է փոքր-ինչ բարվոք վիճակում: Ջրերն այստեղ ենթարկվում են միայն քիմիական, բայց ոչ բիոլոգիական մաքրման: Նրանք բոլորը հավաստիացնում են, որ իենց մոտ վիճակը վերահսկելի է, որովհետեւ նախկին արտադրածավալները չունեն, որի հետեւանքով արտանետումների տոկոսը փոքր է: Նախարարությունը հաստատել է թույլատրելի արտանետումների չափը, իսկ իրենք դա չեն գերազանցում: Սակայն, խոսակցությունների ընթացքում հնչում էին նաեւ այսպիսի արտահայտություններ` «գործարանը ստուգում են փող պոկելու համար, էս մարդն էլ փողը տալիս է` գնում են, էլ չեն ասում` ինչ կեղտոտություն ասես գալիս է այսեղից»: Մեկ տեղում այսպիսի տպավորություն ունեին ստուգողներից` «Մի աշխատող ձեռնարկություն են գտնում, գալիս են ստուգում»: Եթե առայժմ վիճակը վերահսկելի է համարվում միայն այն պատճառով, որ արտադրածավալները փոքր են, ինչ է սպասվում մեզ ստուգող կազմակերպությունների նման գործելաոճի դեպքում, եթե ձեռնարկություններին հաջողվի մեծացնել արտադրածավալները:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Այս թեմայով

  • Կոչ աշխարհի արվեստագետներին
    Ասուլիսի ընթացքում հյուրերն աշխարհի արվեստագետներին կոչ արեցին այցելել Արցախը և աջակցել երիտասարդ և տաղանդավոր այն Արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել, անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում:
  • Հրազդանի կիրճ. լրագրողական հետաքննության մեկ տարին
    «Հրազդանի կիրճում մենք այսօր կոսմետիկ, այսպես ասած, իրավիճակը փրկելու գործողություններ ենք անում: Եթե ասեմ` բավարարված եմ, եւ սրանով փրկեցինք Հրազդանի կիրճը, եւ եթե հետեւողական մինչեւ վերջ տանենք, ամբողջությամբ կիրճի հետ կապված խնդիրները կլուծենք, ապա դա ինքնախաբեություն կլինի: Բոլորիս էլ դա պարզ է:»,- Հրազդանի կիրճի բնապահպանական վիճակին նվիրված վերջին խորհրդակցության ավարտին հնչած Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի այս մտքին Հետաքննող լրագրողների ընկերակցության (ՀԼԸ) կողմից հավելում եմ. «Ինչը եւ պահանջվում էր ապացուցել»:
  • Պաշտոնյաները նվաճել են Հրազդանի կիրճը
    «Ինձ անհասկանալի է Հրազդանի կիրճի շուրջ բարձրացված աղմուկը: Այնտեղ որեւէ լուրջ բան չի կառուցվել: Մի քանի օբյեկտներ էկոլոգիային չեն կարող վնասել»,- կիրճի շինություններին վերաբերող հարցին այսպես պատասխանեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այսօր Հրազդանի կիրճում գործող օբյեկտների քանակի եւ օրինականության մասին քաղաքապետարանը առայժմ տեղեկատվություն չի տրամադրում:
  • Հրազդանի կիրճ, բայց ոչ` աղբավայր
    Երեւանը պաշտոնապես մեկ աղբավայր ունի` Նուբարաշենինը: Սակայն գործնականում դրանք երկուսն են: Որքան էլ անհեթեթ է, դեռ խորհրդային տարիներից աղբավայրի է վերածվում նաեւ Հրազդանի կիրճը: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը չի չափազանցնում, թե Հրազդանի կիրճը, եթե լիներ աշխարհի քաղաքակիրթ ցանկացած երկրում, հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ կստանար:
  • Հրազդան. վիրավոր ջրեր
    Երեւանցիների սիրելի հանգստավայրերից մեկի` Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Դա պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, էկոլոգիական խնդիրների անիրազեկությամբ, այլեւ` էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաեւ պետական կառույցների եւ համայնքային իշխանությունների կողմից համապատասխան հսկողության բացակայությամբ:
... կարդացեք ավելին «Հետաքննություն. «Հրազդանի կիրճ»» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ