HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Սպանվածը» լքել է Հայաստանը

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Ա.Պողոսյան) հուլիսի 26-ի դատավճռով Սարգիս Փաթաթյանին դատապարտեց ազատազրկման 15 տարի ժամանակով: Դատարանը Ս. Փաթաթյանին հանցավոր ճանաչեց այն բանում, որ նա 1998 թ. հունիսի 23-ին Երեւանի Միչուրինի փողոցի թիվ 12/1 տանը (այն պատկանում է սույն գործով երկրորդ դատապարտյալ Նորայր Ղազարյանին) նկարների առք ու վաճառքից կրած խոշոր չափի վնասի համար մեղադրել է իր գործընկեր Մուշեղ Մինասյան-Բիրգին եւ վիճաբանել նրա հետ: Հարբած Ս.Փաթաթյանը ծեծել է Մինասյան-Բիրգին ու ինքնաձիգից կրակել նշված տան պատշգամբի պատին: Այնուհետեւ նա վիճաբանությանը ներկա ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի եւ գործով վկա Հունան Սահակյանի հետ Մ. Մինասյան-Բիրգին տարել է Երեւանի Մուրացան փողոցի թիվ մեկ տան բակը, գիշերվա 2-ի սահմաններում ավտոմատ զենքից կրակել եւ սպանել է վերջինիս: Մ. Մինասյան-Բիրգի դիակը մինչ օրս հայտնաբերված չէ: «Դատաքննությամբ չի հիմնավորվել ոչ Մուշեղ Մինասյան-Բիրգի սպանության փաստը եւ ոչ էլ Սարգիս Փաթաթյանի առնչությունը ենթադրյալ սպանությանը»,- ասում է Ս. Փաթաթյանի պաշտպան Զարուհի Դանիելյանը:

Քրեական գործի նյութերում չկա «կատարվե՞լ է, արդյոք, սպանություն» հարցի պատասխանը: Քրեական գործից դուրս կա առնվազն մեկ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Մ. Մինասյան-Բիրգը ողջ է եւ «ենթադրյալ սպանությունից» հետո լքել է Հայաստանը: Դատարանը չի ընդունել փաստաթուղթը: Մյուս փաստը, որ ունենք, այն է, որ Մ. Մինասյան-Բիրգին ենթադրյալ սպանությունից հետո տեսել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Մեր տվյալներով նա ուներ մի քանի անձնագիր եւ ազատ շրջում էր եվրոպական տարբեր երկրներում: Մուշեղի մի քանի անձնագրի մասին մեզ պատմել է նրա ծանոթներից մեկը: Համենայնդեպս, անհերքելի է այն համգամանքը, որ Մուշեղ Մինասյան-Բիրգն ուներ երկու` հայկական եւ հարավսլավական անձնագիր:

Ո՞վ է Մուշեղ Մինասյան-Բիրգը

Քրեական գործից անհետացել է Միլիցիա Բիրգի ( Մուշեղի կինը) եւ Սարգիս Փաթաթյանի հոր` Կարո փաթաթյանի առերես խոսակցության ձայնագրությունը, որը հանձնվել էր դատախազության քննիչ Զ.Հովհաննսիյանին` գործին կցելու համար: Խոսակցության ընթացքում Միլիցիա Բիրգը հայտնել է, որ դեռեւս Հարավսլավիայում Մուշեղը յուրացրել է իրեն պատկանող սեփական գույքը, հետագայում իր հետ եկել է Երեւան, լքել է իրեն, մեկնել Ֆրանկֆուրտ ընկերոջ մոտ, որի մոտ ունեցել է 70 արժեքավոր կտավներ: Պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են հարուցել նշված երիզը ներկայացնելու համար, սակայն դատարանը նույնքան պատճառաբանություններով մերժել է: Մուշեղ Մինասյանը ծնվել է Երեւանում 1954 թ.: Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: 1988 թ ամուսնալուծվել էր:1991 թ. նա աշխատում էր Երեւանի պետական պատկերասրահում, սկզբում որպես շրջանակ պատրաստող, այնուհետեւ` նկար վերականգնող: Միաժամանակ զբաղվում էր մանրանկարչությամբ: 1991 թ. Սուսաննա անունով մի կնոջ հետ մեկնել է Հարավսլավիա` չվճարելով Երեւանում ունեցած բազում պարտքերը: Ինչո՞վ էր զբաղված Հարավսլավիայում Մ. Մինասյանը: Միլիցիայի վկայությամբ, որի հետ ծանոթացել է 1994-ին, Մուշեղը մանրանկարներ էր անում եւ վաճառում: Իսկ թե ինչ էր անում մինչ այդ, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նա այդ ժամանակահատվածում մի քանի անգամ գնացել է Գերմանիա եւ Հոլանդիա: Կա ուշագրավ մի դրվագ: Մուշեղի 15 տարվա ընկերը` Գագիկ Ավետիսյանը իր ցուցմունքներում պատմել է.«Մուշեղն ինձ, Սարգիսին եւ մեր ծանոթներին ասում էր, որ ինքը Հարավսլավիայում տարիներ առաջ եղել է վարձու նշանառու (սնայպեր) եւ, որ այդ գործով այնտեղ վաստակել է 150 հազար դոլար: Այդ գումարը չտալու համար այնտեղ իրեն ցանկացել են ոչնչացնել եւ ինքը փախել է Հայաստան: Մուշեղը ասում էր նաեւ, որ այդ մարդիկ իրեն կարող են հայտնաբերել եւ վերացնել»:

Ազգությամբ սերբ Միլիցիա Բիրգը 1994 թ. Բելգրադում ծանոթացել է Մուշեղի հետ: Մեկ տարի անց նրանք ամուսնացել են: Նախկին ամուսնուց ունի մեկ աղջիկ: Միլիցիան մեծահարուստի ընտանիքից էր, Բելգրադում ուներ սեփական տուն: Հայրը բարձրաստիճան պաշտոնյա էր: Մուշեղի խորհրդով Բելգրադի տունը վաճառել են եւ նոր տուն են գնել Չեռնոգորիայում` ծովափին: 1995 թ Մուշեղը, Միլիցիան եւ նրա դուստրը եկան Երեւան: Մուշեղը զբաղվում էր նկարների առքուվաճառքով: Երեւանում գտնվելու ընթացքում Մ. Մինասյանը երկու անգամ գողություն է կատարել: Մի անգամ գողացել է այն տան իրերը, որտեղ երեք ամիս վարձով են ապրել: Երկրորդ անգամ գործընկերոջ` Սարգիս Փաթաթյանի, աղջկա ոսկյա ականջողերը: Այս փաստը հայտնի դառնալուց հետո, քրեական գործ է հարուցվել ու հայտարարվել հետախուզում:

«Գործը սարքել են գործարանը ձեռքիցս խլելու համար»,- ասում է «Կոմիսիոն Կարոն»

Ո՞վ է Սարգիս Փաթաթյանը: Նա դեռեւս խորհրդային տարիներին հանրահայտ «Կոմիսիոն Կարո» մականունով Կարո Փաթաթյանի որդին է: «Այս գործը իմ վրա սարքել են, որպեսզի գործարանս ձեռքիցս խլեն,- ասում է Կարո Փաթաթյանը: «1998 թ. դեկտեմբերին որոշեցի սեփական գործարանս ծախել եւ գնալ Արգենտինա: Վաճառեցի փետրվարին, պիտի գայի փողերս ստանայի: Եկա որ փողերս ստանամ, ով որ պետք է առներ, ասաց, որ դժբախտություն է պատահել, չեմ կարող փողերը տալ: Այլեւս չեմ ուզում գնել: Ես չէի ուզում ինքս աշխատեցնել, ուզում էի անպայման վաճառել: Աղջկաս ամուսինը` Արմեն Մկրտչյանը, ասում է. «Ես փողը կտամ, կվերցնեմ, կաշխատեցնեմ: Նա գաջի գործարանի պահեստապետն է: Ես էլ ասացի` վերցրու: Ձեւակերպեցի, գնացի: Հոկտեմբերին Արմենը պիտի փողերը տար: Հոկտեմբերին Արգենտինայից կնոջս հետ եկանք Երեւան: Փեսաս եկավ, ասաց` գիտես, հիմա չեմ կարող, դեկտեմբերին կտամ փողերը: Ասացի ոչինչ, դեկտեմբերին կտաս: Դեկտեմբերի 18-ին աղջիկս ծեծված, ջարդված եկավ տուն: Հաջորդ օրը ինձ հրավիրեցին ՆԳ բաժնի պետի մոտ: Մտածեցի, որ Յազչյանը` Էրեբունու ՆԳ բաժնի պետը, փեսայիս հետ մոտ է եղել, երեւի ուզում են հաշտեցնել: Ժամը երեքն էր, տարան քրեականի գծով պետի տեղակալի մոտ: Մեկ էլ սկսեցին հարցեր տալ Մուշեղից: Ասացին` նոր երեւան եկած հանգամանքներ մասին ի՞նչ կասես: Հարցրեցի` ի՞նչ նոր հանգամանքներ: Պատասխանեց` չես ասում, հետո չնեղանաս մեզանից: Հասկացա, որ այս պատմության պատճառը գործարանն է: Դիմեցի դատարան: 2000 թ. հունիսի 17-ն էր: Դատ պիտի լիներ, հետաձգեցին: Պիտի գործարանի հետ պայմանագիրը չեղյալ համարելու հարցը քննվեր»: Երկու ամիս երկրորդ կարգի հաշմանդամ Կարո Փաթաթյանը կալանքի տակ էր: «Ազատվելուց մի քանի օր առաջ ինձ տարան քննիչ Արիս Երեմյանի մոտ: Ուրիշ քննիչ էլ կար` Զորիկ Հովհաննիսյանը եւ պաշտպանս էր: Սենյակը բաց էին թողել: Արիսը ասաց` գտել եմ Մուշեղի դիակը: Ասացի` գտել ես, լավ ես արել եղբայր ջան, ես խաբար չեմ, իմ տանը չի եղել: Մեկ էլ տեսա միջանցքով ծեծված ջարդված տանում են Հ.Հովհաննիսյանին: Ինձ ազատ արձակեցին, էդ Հունան Սահակյանը եկավ մեր տուն, ասացի` այ տղա, էս ինչ հեքիաթ էիր պատմում: Նա ասաց, որ «եկել եմ ներողություն խնդրեմ, կեղծ ցուցմունք եմ տվել: Ծեծել-ջարդել են, թե այսպիսի բան պիտի ասեմ»: Ծեծել են, ագենտ են ուզեցել դարձնել, չի դարձել: Ծեծ ու ջարդից հետո նրան ստիպել են, որ ցուցմունք տա, նա էլ տվել է»:

Գործարանի հարցով դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ Կարո Փաթաթյանի ստորագրությունը կեղծել են: Դա արել է Արմեն Մկրտչյանը` Կարո Փաթաթյանի փեսան: Կեղծվել են գործարանի հողամասի տարածքների չափերը, սեփականության վկայականը:

Ի՞նչ է, իրականում, պարզել դատարանը

«Վերաքննիչ դատարանի դատավճիռն անհիմն է: Այն չի բխում նախաքննության եւ առաջին ու վերաքննիչ ատյանի դատաքննությունների ընթացքում ձեռք բերված ապացույցներից: Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ խախտումներ են կատարվել»,- ասում է փաստաբան Զ.Դանիելյանը: Մ. Մինասյան-Բիրգի սպանված լինելու հանգամանքը դատաքննությամբ չի հիմնավորվել: Սարգիս Փաթաթյանի հոր` Կարո Փաթաթյանի մոտ կա ՀՀ մաքսային վարչության գրությունն այն մասին, որ «ենթադրյալ սպանվածը» մեկնել է Հայաստանից: Վերոհիշյալ փաստաթուղթը դատարանը չի ուզում ընդունել: Զավեշտ է, բայց` փաստ: Մեղադրականում նշված վկաներից եւ ոչ մեկը Վերաքննիչ դատարան չի ներկայացել, ցուցմունքներ չի տվել: Դատարանը դատավճռի հիմք է ընդունել վկաներ Հունան Սահակյանի եւ Սերոբ Ղազարյանի նախաքննական ցուցմունքները: Հունանի մայրը` Աղուն Սահակյանը, եւ կինը` Կարինե Վարդանյանը, իրենց ցուցմունքներում նշել են, թե ինչպես է Հունանը Էրեբունու ՆԳ բաժնում աշխատակիցների կողմից ենթարկվել ծեծի ու սպառանալիքների: Հունան Սահակյանը հրաժարվել է դատարան ներկայանալուց: Իրականում նա հրաժարվել է, որովհետեւ նրան սպառնացել են: Մեր ձեռքի տակ կա մի ձայնագրություն, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես են իրեն ստիպել ցուցմունք տալ: Այդ ձայնագրության մեջ արձանագրված են նաեւ այն քննիչների անունները, ովքեր նրան սպառնացել են: Սակայն, դատարանը նման փաստերն էլ է անտեսում: Գործով վկա Հ. Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ միջադեպի կապակցությամբ, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Վերջինս կարեւոր վկաներից մեկն էր: Դատարանը հնարավոր միջոցներ չի ձեռնարկել կարեւոր վկաներին դատարան բերման ենթարկելու համար: Բավարարվել են նրանց բերման ենթարկելու որոշումներ կայացնելով եւ դրանք գործին կցելով: Այս է եղել դատարանի «առաքելությունը»:

«Ապացույցները» եւ բռնությունները նույն նժարին

Դատավճռում կա «ապացույցների» շարք, որով ապացուցվել է Սարգիս Փաթաթյանի հանցանքը: Ահա դրանցից մի քանիսը. Գործով կան եւս երկու ամբաստանյալներ` Նորայր Ղազարյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը: Քրեական գործում նրանց` նախաքննության սկզբնական շրջանում` Էրեբունու ՆԳ բաժնում տված ցուցմունքներն են: Սակայն նրանք այդ ցուցմունքներից միանգամից հրաժարվել են, երբ Էրեբունու ՆԳ բաժնից տեղափոխվել են թիվ 1 քննչական մեկուսարան: Այստեղ երկուսն էլ հայտնել են, որ Ս. Փաթաթյանի նկատմամբ տվել են սուտ ցուցմունքներ: Էրեբունու ՆԳ բաժնում Նորայր Ղազարյանը անօրինական պահվել է 75, Հ.Հովհաննիսյանը` 14 օր: Նրանց նկատմամբ կիրառվել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ: Իսկ դատարանները, ինչպես միշտ, այս դեպքում էլ, արժանահավատ են համարել հենց ՆԳ բաժնում տված ցուցմունքները: Դատարաններում ամբաստանյալների տված ոչ մի ցուցմունք հաշվի չի առնվել: «Ցուցմունքները Սարգիս Փաթաթյանի դեմ, թե իբր նա է սպանել Մուշեղին, սուտ են», - մի քանի անգամ Վերաքննիչ դատարանում դատախազ Լավրենտ Դավթյանի եւ դատավորների հարցերին պատասխանելիս նշել է Ն.Ղազարյանը: Ն.Ղազարյանը պատմել է նաեւ, որ քաղմասում եղած ժամանակ այնտեղի միջանցքներում տեսել է կնոջն ու որդուն: Որդու թեւերը կապած բերել են մոտը եւ սպառնացել: Նորայրին ծեծել են 5-6 հոգով: «Ոտքերս կապել են աթոռին ու հարվածել բոբիկ ոտքերիս: Ոտքերի հարվածներով ջարդել են ողերս, սնունդ չեն տվել, միայն ջուր էին տալիս: Քնելու ոչ պայմաններ, ոչ էլ հնարավորություն կար, կողքիս միշտ մարդ է եղել: Մի անգամ, երբ շտապ օգնություն եմ խնդրել, ինձ օղի են առաջարկել»: Այն փաստը, որ նախկին ցուցմունքներում Ն. Ղազարյանը պնդել է, թե ինքն է սպանել Մուշեղին, նա պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Մտածում էի, որ ավելի լավ է ասեմ ես եմ սպանել, քան մեղքը բարդեմ Սարգիսի վրա»: Այնուհետեւ նրան ստիպել են հրաժարվել իր կողմից սպանությունը կատարելու տարբերակից եւ մեղքը բարդել Սարգիսի վրա: Իրեն ծեծողների անունները Ն. Ղազարյանը չգիտի, բայց տեսնելու դեպքում կճանաչի: Դատական նիստերից մեկի ժամանակ Ն. Ղազարյանը կարողացավ հիշել Էրեբունու քաղմասում իրեն խոշտանգող քննիչներից մեկի ազգանունը` Կարապետյան: Նա չկարողացավ մտաբերել, թե քանի օր են իրեն անօրինական կերպով պահել Էրեբունու քաղմասում: Էրեբունու ՆԳ բաժնում 75 օր ապօրինի պահելուց հետո Ն. Ղազարյանին տեղափոխել են Նուբարաշեն: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, փոխգնդապետ Խ. Սարգսյանի եւ բուժսպասարկման պետ Գ. Խաչատրյանի 03.06.2002թ. հունիսի երեքի գրության մեջ նշված է. «Մարմնական զննման ժամանակ Ն. Ղազարյանի մոտ հայտնաբերվել են հետեւյալ մարմնական վնասվածքները` աջ եւ ձախ թիակային եւ բազկային շրջանների կապտա-կանաչային տարածված արյունազեղումներ, երկու սրունքների բազմակի քերծվածքներ»: Սա եզակի դեպք է, երբ քրեակատարողական հիմնարկը դատարան ներկայացնելու փաստաթուղթ է տալիս ազատազրկվածին մարմնական վնասվածքներ ունենալու մասին: Թե՜ առաջին ատյանում, թե՜ վերաքննիչում մյուս ամբաստանյալը` Հովհաննես Հովհաննիսյանը, պատմեց, թե ինչպես է Էրեբունու ՆԳ բաժնում տվել իր ցուցմունքները: Երեւան քաղաքի դատախազության քննիչ Արիստակես Երեմյանն Հովհաննեսին հայտնել է, որ հորը մեկ շաբաթ պահել են Էրեբունու քաղմասում` նրա տեղը պարզելու համար: «ՆԳ բաժնում 14 օր ոչ քնել եմ, ոչ էլ հանգսատացել, ինձ ենթարկել են սովի , ծեծի եւ բռնությունների: Օրվա մեջ ընդամենը 1-2 ժամ եմ հանգստացել միլիցիայի տարբեր աշախատակիցների սենյակների պոլերի վրա պառկելով»,- դատարանին այսպիսի ցուցմունք է տվել Հ. Հովհաննիսյանը: Իսկ երբ Հովհաննեսը ստիպված քննիչների թելադրանքով գծել է սխեմաներ ու մատնացույց արել այսպես կոչված դեպքի վայրն ու ենթադրյալ սպանված Մուշեղ Մինասյանի դիակի գտնվելու վայրը, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այստեղ Ս. Փաթաթյանի հետ առերես հարցաքննության ժամանակ փաստաբան Սոս Գրիգորյանի ներկայությամբ Հ. Հովհաննիսյանը հրաժարվել է նախնական ցուցմունքներից: Քննիչները հունից դուրս են եկել: Ա.Երեմյանը 2000 թ. հոկտեմբերի 31-ին կեղծ գրություն ներկայացնելով` Էրեբունու ՆԳ բաժնի ՔՀԲ պետի տեղակալ Յու. Դավթյանի եւ օպերլիազոր Ա. Պողոսյանի եւ Հովհաննեսի պաշտպան Հ. Բաղդասարյանի հետ մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ: Հովհաննեսին ներկայացրել է կնքված եւ ստորագրված փաստաթուղթ, որում նշված էր, թե նա 99 հոդվածով մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ, խոստացել է կրկնել Էրեբունու քաղմասում կատարված խոշտանգումները եւ ստիպել է տալ նոր ցուցմունքներ: Հովհաննիսյանը հրաժարվել է Ս. Փաթաթյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքներից: Այլապես նրան խոսատացել են նորից տանել էրեբունու ՆԳ բաժին: Այս ամենից հետո Հովհաննեսի փաստաբան Հ.Բաղդասարյանը 1-ին ատյանի դատարանի 2-րդ նիստից հետո անհեյտացավ: Դատարանում Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պատրաստ է պատիժ կրել սուտ ցուցմունքներ տալու համար: Գոնե այս դեպքում դատարանը թե՜ Ն. Ղազարյանի, թե՜ Հ.Հովհաննիսյանի ցուցմունքները պետք է համարեր արժանահավատ եւ նրանց նախկին ցուցմունքները հաներ ապացույցների շարքից: Քանի որ հաստատվել էր, որ մեղադրական հիմքում ըստ օրենքի չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաեւ` դատավարական գործողության կարգի այլ էական խախտմամբ:

Դատավճռի հիմքում դրված են այլ «ապացույցներ», որոնք, իբրեւ թե, հիմնավորում են Մ.Մինսայան-Բիրգի սպանությունը: Թեւ դատաբժշկական եւ մի շարք այլ փորձաքննություններով հաստատվել է, որ Նուբարաշենի աղբանոցում «գտնված» դիակի մնացորդները պատկանում են կնոջ կամ մանկահասակ երեխայի, այնուամենայնիվ, դրանց մոտ հայտնաբերված վիլյուրի երկու կտորի վրա փորձաքննությամբ գտնված եւ նույնիսկ խումբը չճշտված արյան հետքերը Վերաքննիչ դատարանը նույնպես ընդունել է որպես Ս.Փաթաթյանին մեղսագրված հանցանքները հիմնավորող ապացույց: Դատավճռում որպես ապացուց նշված են նաեւ նախկինում Փաթաթյանների ընտանիքին պատկանող «Ջիպ-Տոյոտա» ավտոմեքենայի բեռնախցում արյուն հայտնաբերելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները: Փորձագետները չեն որոշել, թե որ խմբի արյուն է, մարդո՞ւ է, թե՞ կենդանու: Ս.Փաթաթյանը նշված մեքենան վաճառել է 1999 թ., իսկ փորձաքննությունը կատարվել է մեկ տարի անց, երբ մեքենան այլ տեր է ունեցել: Վերաքննիչ դատարանը սա էլ է դրել մեղադրականի հիմքում` որպես հիմնավորող ապացույց: Այս դատավճռում բոլոր ապացույցները այսպիսին են` «անիրական, անշոշափելի, անապացույց»: Ինչու՞ է ամիսներ շարունակ դատարանը զբաղվում դատաքննությամբ, եթե որեւէ նոր բան չի բացահայտում, ինչու՞ են դատարանները կատարում սիզիֆյան աշխատանք, եթե միեւնույնն է, դատավճռի հիմքում դրվելու է դատախազության մեղադրականը:

«Արիս Երեմյանի նպատակն է փեսուս հետ զավոդը ինձնից վերցնեն, իրար հետ կոլխոզ պիտի լինեն: Այ էս է ամբողջ պատմությունը: Այսքան բանը չգիտի Արամ Թամազյանը, նրան Արիս Երեմյանը խաբում է»: Քրեական գործի թե՜ նախաքննությամբ, թե՜ առաջին ատյանի եւ թե՜ վերաքննիչ դատարանի քննությամբ չի հիմնավորվել Մուշեղ Մինասյան-Բիրգի սպանված լինելու հանգամանքը: ՀՀ քր.դատ.օր-ի 108 հոդված համաձայն անձի մահվան պատճառը հանդիսացող միակ հիմքը դատաբժշկական փորձագետի եզրակացությունն է: Գործում այդպիսի փաստաթուղթ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter