HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարության հերթական «անակնկալը» հարկ վճարողներին

Տարեվերջին կառավարությունը տնտեսվարող սուբյեկտներին հերթական անգամ պահում է շոկային վիճակում. Ազգային ժողով է ներկայացվել հարկային փաթեթ, որն իր մեջ ներառում է 16 օրենքների լրացումներ եւ փոփոխություններ: Նկատի ունենալով, որ պատգամավորնեն ի վիճակի չեն այս քառօրյայում ընդունել փաթեթը, դեկտեմբերի 17-ին նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, որպեսզի օրենքները հրատապ ընդունվեն եւ մի մասը հունվարի 1-ից մտնի ուժի մեջ, մյուսները՝ 2014թ-ից:

«Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի եւ ոլորտին վերաբերող այլ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ պատգամավորները բուռն քննարկումներ են իրականացնում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ նշեց, որ մինչեւ արտահերթ նստաշրջանը քննարկումներ լինեն եւ թույլ չտալ, որպեսզի փոփոխության արդյունքում հարկերն ավելանան:

Եթե փաթեթն ընդունվի, ապա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր հարկատեսակ՝ «Շրջանառության հարկ»: Շրջանառության հարկը oրենքով uահմանված կարգով, չափերով ու ժամկետներում առեւտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) եւ (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է:

Առեւտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին եւ (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունը ընդունվում է 40 տոկոս: Անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

Շրջանառության հարկ վճարողը դադարում է համարվել այդպիuին, եթե ընթացիկ տարում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն. դրամը:

Շրջանառության հարկ վճարողները  եռամսյակի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետեւյալ դրույքաչափերով.

                                         Եկամուտների տեսակը 
                                                

Դրույքաչափը

Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ

3.5%

Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) oտարումից եկամուտներ

10%

Նոտարական գործունեությունից եկամուտներ

 20%

Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ

 5%

Պատգամավորները բուռն քննադատեցին կառավարության մոտեցումը, որ տարվա վերջին հարկային փաթեթ է բերում խորհրդարան եւ ընդունվելու դեպքում հարկատուներին ստիպում հունվարի 1-ից գործել խաղի նոր կանոններով, ինչը հարկային մարմինների կողմից ճնշումների լայն լծակներ է ստեղծվում:

Պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արծվիկ Մինասյանը քննադատեցին նաեւ 58.35 մլն. դրամի շեմի սահմանումը ասելով, որ այլ օրենքներով շեմն ավելի բարձր է՝ 70-100 մլն դրամ:

Վահրամ Բաղդասարյանը կասկածի տակ դրեց «Շրջանառության հարկի» ապագան` ասելով, որ շատ հնարավոր է որոշ ժամանակ անց այդ հարկատեսակից հրաժարվեն, քանի որ այն պահի տակ ընդունված նախագիծ է լինելու եւ խորը վերլուծություններ չեն արվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter