HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայկական էպոսը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում է` զուգահեռ «ադրբեջանական» թառին

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, որտեղ այսօր ավարտվում է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը, մշակութային ժառանգության չորս նոր էլեմենտ է ներառել ցանկում` Հայաստանից, Ալժիրից, Ավստրիայից եւ Ադրբեջանից:

Ալժիրից որպես այդպիսին ներառվել է հարսանեկան ավանդական հանդերձը, իսկ Ավստրիայից` «Շեմենլաուֆեն» տոնակատարությունը:

Հայկական «Սասնա ծռեր» էպոսը որպես ոչ նյութական մշակույթի արժեք ներառվել է այդ ցանկում:

Նշված չորս երկրների ազգային մշակութային կարեւորագույն էլեմենտներից աչքի է զարնում նախեւառաջ որպես Ադրբեջանի մշակութային արժեք ներկայացված թառը. վերջինիս պատրաստման ընթացքն ու կիրառելիությունը:

Քիչ չեն տարածաշրջանում տարածված երաժշտական գործիքները, հին ավանդական ճաշատեսակները, որոնք ազգային պատկանելության տեսանկյունից վիճելի են:

Սակայն ինչպե՞ս է պատահում, որ «Սասնա ծռեր» էպոսին զուգահեռ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը որոշում է, որ թառը ադրբեջանական ազգային երաժշտական գործիք է, եւ այն պետք է դասել ոչ նյութական մշակութային ժառանգության շարքին:

Նույնիսկ իրենք` ադրբեջանցիները, զարմացած են կամ գուցե շատ երկար էին սպասում այս պահին:

Ադրբեջանի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական էջում կարդում ենք. «Վերջին իրադարձությունը հնարավոր դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ազգային մշակույթի հանդեպ ունեցած մեծ հոգատարության, ինչպես նաեւ մի շարք միջոցառումների շնորհիվ, որոնք իրականացվել են «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ինչպես նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ԻՍԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանների եւ Մեհրիբան Ալիեւայի շնորհիվ»:

Գաղտնիք չէ, որ այսպիսի քայլերի, ինչպես նաեւ արդեն իսկ փաստ դարձած իրադարձությունների հիմքում միշտ Ալիեւների ընտանիքի եւ պետական հովանավորչությունն է: 

Պատահական չէ, որ դեռեւս Խորհրդային Ադրբեջանի նամականիշներից մեկը պատկերում էր «ազգային գործիքները», որոնց մեջ առկա էին թառը, սազը եւ զուռնան:

Ուղղակի հիշեցման կարգով արձանագրեմ, որ սազի եւ թառի մասին առաջին հիշատակմանը հանդիպում ենք հենց «Սասնա ծռեր» էպոսում. 

Տեսան փետեր կան նրանց ուսից կախ,

Փետի վրա էլ ականջներ կպուկ,

Ասին.- էդ ի՞նչ եք կախե փիճից:

Գուսաններ ասին.- էդոնք տամբուրա են:

Ասին,- Տամբուրան ի՞նչ է:

Ասին,- Տամբուրի մեջեն ձեն կէլնի անուշ-անուշ:

Ասին,- Մի հանեք, լսենք նրա ձեն:

Գուսաններից մեկ տամբուրեն առավ ձեռ,

Թազանեն զարկեց, անուշ ձեն հանեց:

- Վա՜յ,- ասին ճժեր,-էդ ի՞նչ տեսակ փետ է,

Որ ձեն կէլնի մեջեն:

Թափան գուսանների վրեն,

Որ տամբուրեն առնեն:

Քեռի Թորոս տեսավ, Էկավ,

Էդ ճժերի վրա հերսոտավ, ասաց,

- Ա~յ, իմկնի Սասնա ծռեր,

Էդ ի՞նչ կանեք,

Դուք ըսկի բան չեք տեսեր,

Էդ գուսաններ են, տամբուրներ են,

Արեք էդոնց տանենք մեր օդեն կոնախ,

Թող տամբուրա զարկեն, խաղ ասեն,

Մենք լէ ականջ անենք, խնդանանք: 

Իսկ ի՞նչ ենք անում մենք մշակութային արժեքի պահպահման եւ դրա` մեզ նպատակահարմար պրոպագանդան իրականացնելու ուղղությամբ:

Այս առիթով հիշեցի մեծ լսարան վայելող փոփ երգչուհի Սելենա Գոմեսի 2009թ. երգերից մեկի տեսահոլովակը, որտեղ նկարահանվող սենյակի պատին Սասունցի Դավթի հուշարձան-զարդաքանդակն էր, որը մի քանի կադրով ֆիքսվում է տեսահոլովակի ընթացքում:

Մնում է եզրակացնել, որ կամ տեսահոլովակը նկարահանված է ազգությամբ հայի տանը, կամ այն որեւէ առնչություն ունի Միհրան Կիրակոսյանի հետ, ով Գոմեսի հետ պարում է վերոնշյալ տեսահոլովակում:

Այս ընթացքում հայկական փոփը շարունակում է տեսահոլովակները լցնել նորագույն մեքենաների արագության հզորության եւ վերջին նորաձեւության բազմոցների խայտաբղետ կադրերով:

Ինչեւէ, հրապարակումս ուզում եմ ավարտել Սայաթ-Նովայի 1759թ. տաղերից մեկով, որտեղ եւս հիշատակված է սազը. 

Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա,
Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա,
Ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,
Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:

Հ.Գ. Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներառում է սերնդից սերունդ փոխանցվող արվեստի ավանդույթները և ձևերը, այդ թվում՝ բանավոր ավանդույթներ, կատարողական արվեստ, հասարակական արարողություններ, տոնական և պաշտամունքային ծիսակարգեր, գիտելիքներ և ներկայացումներ, որոնք առնչվում են բնության և տիեզերքի հետ, ինչպես նաև ավանդական արհեստների տեխնիկային: Ներկայացուցչական ցուցակն ընդգրկում է 86 երկրների կողմից ներկայացված 232 տարրեր:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ Բունիաթյան
Անուշ ջան ապրես որ լուսաբանումես էս կարևոր նորությունները: Ես երաժշտություն ու երաժշտական գործիքներ շատ եմ սիրում բայց ինքս երաժիշտ չեմ ու ֆանատ էլ չեմ, բայց էս լուրը շատ տխրեցրեց ինձ: Հեսա կամաց կամաց հերթը կհասնի նաև քամանչային, դաել կդարձնեն Ադրբեջանական ու կպրծնեք: Հայաստանում արդեն քանի տարիյա էլ Կոնսերվատորյայում քամանչայի բաժին ընդունվող չկա, մեկ երկու հոգի միայն, իսկ Ադրբեջանում 60 ից ավել ամեն տարի ընդունվում են: Աղջիկս երկրորդ կուրսումա քամանչայի բաժնում դրա համար սիրտս ցավումա որ շուտով երևի միջազգային հանրությանը ներկայանալուց արդեն ստիպված պիտի լինեն ներկայացնել որպես հայ աղջիկ որը նվագում է Ադրբեջանական ազգային գործիքի վրա: Ափսոսումեմ բայց դե երևի սրանից հրատապ հարցերել կան լուծելու.. Սայաթ Նովայի ականջը կանչի....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter