Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մահապատժի հարցում ցանկացած որոշում չի լինելու ժողովրդի վարքի վավերությունը



Աշխարհի առաջադեմ երկրներում ստեղծված ինստիտուտները մահապատժի հարցը ուսումնասիրելու նպատակով տասնյակ տարիներ հետազոտություններ են կատարում` հասկանալու համար, թե ի՞նչ ներգործություն է ունենում այդ ծայրահեղ պատժատեսակը հանցագործությունները կանխելու հարցում կամ` արդարացվա՞ծ է արդյոք պատժի այդ տեսակի կիրառումը: Եվ, ի վերջո եզրահանգումը մեկն է լինում` բոլոր ժողովուրդների համար այս հարցը զգացմունքային հարթության վրա է լուծում ստանում եւ չի կանխում կամ կրճատում հանցագործությունները:

Թուրքիան, որ հայտնի է պատժատեսակների կիրառման իր դաժանությամբ, 2002թ. օգոստոսի 2-ին հարկադրված եղավ ընդառաջել Եվրոպայի պահանջներին եւ քվեարկեց մահապատիժը վերացնելու օգտին: Ներկայումս Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը լուծում չի տվել հարցին: Հայաստանի խորհրդարանին արդեն մեկ տարի չի հաջողվում պատասխան գտնել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունից հրաժարվելու, այսինքն մահապատիժը փաստացի իրականացնելու կամ մերժելու հարցում: Չնայած որ Եվրախորհրդի պատվիրակները հաստատակամ են մնում իրենց պահանջներին:

Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 6-րդ արձանագրությունը չվավերացնելու կամ այն ժամանակավորապես հետաձգելու հիմնական պատճառը «Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալների նկատմամբ բացառություն թույլ տալու խնդրում որեւէ արդյունքի չհասնելն է: Դրանով իսկ Հայաստանը շարունակում է մնալ Եվրախորհրդի անդամ այն եզակի պետություններից մեկը, որն արդեն 11 տարի չի իրագործում, սակայն, փաստացի պահպանել է մահապատժի ինստիտուտը: Դժվար թե Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում, որոնք քվեարկել են մահապատժից հրաժարվելու կամ պահպանելու օգտին` կողմնորոշվել են հանցագործության մի օրինակով կամ այնպիսի նախադեպով, թե հատկապես ով է սպանվել հանցագործության արդյունքում: Մանավանդ որ, նման դեպքեր տեղի ունեցան այլ երկրներում` Շվեյցարիայի, Հնդկաստանի խորհրդարաններում, Փարիզի քաղաքապետարանում եւ այլն:

Հայերը հայտնի չեն արեւելյան շատ ժողվուրդներին հատուկ դաժանությամբ եւ ազգային կարծր սովորույթներով, սակայն հանրությունը «Հոկտեմբերի 27-ի» դեպքերից շատ առաջ` վերջին 7 տարիներին, պարբերաբար բանավեճ սկսելով այս հարցի շուրջ, այդպես էլ չանդրադարձավ մահապատժին` իբրեւ երեւույթ: Մասնագիտական ոչ մի բացատրություն չտրվեց` ելակետ ընդունելով Հայաստանի իրավիճակը, հայության խառնվածքը` ազգային, կրոնական, իրավական, սոցիալ-մշակութային, պատմա-քաղաքական եւ այլ տեսանկյունից: Մեր երկրի քրեական վիճակագրությունը փաստում է, որ հանցագործության թվի ակնհայտ նվազում է արձանագրվել: ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, 1996թ.-ից սկսած գրեթե ամեն տարի մինչեւ մեկ տասնյակով պակասել է սպանությունների թիվը: 2002թ. առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել են ծանր հանցագործությունները, այդ թվում` 11,4 տոկոսով նվազել են դիտավորյալ սպանությունները: 2001թ. գրանցվել է դիտավորյալ սպանության 88 դեպք 2000թ. 91 դեպքի դիմաց: Պակասել են նաեւ սպանության փորձերի դեպքերը:

Սակայն, այս ցուցանիշը նույնպես մահապատժից հրաժարվելու պատճառ չի համարվում: Կան երկրներ, որոնք վերացնելուց տարիներ հետո կրկին անդրադառնում են մահապատժին: Այս հարցը շարունակական քննարկման թեմա է անգամ այն երկրներում, որոնք տասնամյակներ առաջ հրաժարվել էին պատժի այդ ծայրահեղ տեսակից: Օրինակ, Նյու-Յորքի նահանգում տարիներ անց վերականգնել են մահապատիժը` չնայած որ ծանր հանցագործությունների թիվն այդ ժամանակ զգալիորեն կրճատվել էր: Ֆրանսիան մահապատժից հրաժարվել է 1981թ.-ին, սակայն ֆրանսիական ամսագրերից մեկը մի քանի տարի առաջ վերստին անդրադառնալով մահապատժի հարցին` ներկայացրել էր տեսակետներ, որոնք առաջարկում էին երկրում վերականգնել մահապատիժն այն դեպքերի համար, երբ առանձնակի դաժանությամբ են վերաբերվում ծերերին ու երեխաներին:

Իրավաբանների ուսումնասիրություններում նշվում է, որ մահապատիժը Հայաստանում կիրառվել է ծայրահեղ դեպքերում: Իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Ղազինյանը «Քրեական դատավարության պատմական եւ արդի հիմնախնդիրները Հայաստանում» գրքում գրում է, որ դեռ 5-րդ դարում Հայաստանում որոշ քրեական գործերով թույլատրվել է ինքնադատաստանը: Սպանում էին, օրինակ, անառակության մեջ բռնվածին: Հայաստանում եկեղեցական դատական համակարգը, որը գործել է 4-9 դդ.-ում եւ կազմված էր երեք ատյաններից, դատավարական հարցերում ղեկավարվում էր սովորութային իրավունքի նորմերով եւ գործադրում պատժի մի քանի ձեւեր` մահապատիժ, աքսոր, ազատազրկում, մարմնական եւ դրամական պատիժներ եւ այլն: Որոշ հանցագործություններով դեռեւս գոյություն ուներ ինքնադատաստանը, քանի որ մասնավոր անձինք իրենց անարգանքների համար պատժում էին անձամբ: 10-8-րդ դարերում արդեն արյան վրեժը չէր թույլատրվում:

«Եթե դատենք գրավոր տեղեկություններով, մեր ժողովրդի ընտրությունը շատ հումանիստական է եղել»,-մահապատժի թեմայի վերաբերյալ իր տեսակետն է կիսում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նշում է, որ ամենավաղ շրջանից մեր եկեղեցին եւ աշխարհիկ իշխանությունները արյան վրիժառությունը կանխելու նորմեր են մշակել: Երբ չարամիտ դիտավորությամբ մարդ էր սպանվում` փոխարենը իբրեւ արդարությունը վերականգնելու ուղի կամ տնտեսական, կամ վարչական տույժեր էին նշանակում` կով, հող պետք է տրվեր, եւ դա կարող էր կասեցնել արյան վրիժառությունը: «Այսինքն, կանոնական իրավունքի նորմերի մեջ` «Դատաստանագիրք» եւ այլ գրավոր տեղեկություններում, այդ ծայրահեղ պատժից խուսափելու հազար ու մի տարբերակ է առաջարկվում: Այս նորմերով դատելու դեպքում կարող ենք ասել, որ մեր իրավական ինստիտուտները միշտ փորձել են ազդել ժողովրդական ինստիտուտների վրա, որպեսզի խնդիրը չհասնի չափազանցության, բայց ժողովրդի մեջ, միեւնույնն է, շարունակվել է»:

Տիկին Խառատյանի ասելով` ամբողջ Կովկասում, մասամբ նաեւ առաջավոր Ասիայում գործել է արյան վրիժառության ինստիտուտը, որի որոշ դրսեւորում նույնիսկ մինչ օրս էլ կա, երբ կյանքի դեմ կյանք է պահանջվում: Նրա կարծիքով, մահապատիժն էլ մի ինստիտուտ է, որով կյանքի դեմ կյանք է պահանջվում: «Եթե դատենք, որ գոնե 5-րդ դարից իրավական ինստիտուտներ ունեինք եւ դրա դեմն առնող մեխանիզմներ ենք մշակել, այնուամենայնիվ, մինչեւ 19-րդ դարի վերջը, 20-րդ դարի 50-ական թվականներին արյան վրիժառության դեպքեր եղել են: Եթե արդարադատությունը չի բավարարել տուժող կողմին, մարդիկ իրենք իրենց վրեժը լուծել են: Նշանակում է` ընդհանուր առմամբ անբավարարվածության զգացումն է մղում արդարության վերականգնման քայլերին»: Հ. Խառատյանը նշեց, որ քանակական մեծամասնությամբ Հայաստանում ավելի շատ գործել են իրավական ինստիտուտները եւ սովորութային նորմերը` քինախնդրություն ընտանիքների միջեւ, տնտեսական վնաս եւ այլն, բայց սպանություն համեմատաբար քիչ է եղել:

Հայաստանյան եկեղեցին առայժմ ձեռնպահ է մնում մահապատժի նկատմամբ իր տեսակետը հայտնելուց, քանի որ եկեղեցած ժողովը դեռեւս չի քննարկել այդ հարցը, սակայն առանձին հոգեւորականներ արտահայտում են իրենց կարծիքը: Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ տեր-Բագրատ Գալստանյանը հայտնեց, որ քրիստոնեական վերաբերմունքը մահապատժի առումով բացասական է եւ մերժված, ուստի քրիստոնեական աշխարհն այսօր ողջունում է շատ պետությունների կողմից մահապատիժը վերացնելու քայլերը: «Այս բոլորով հանդերձ հուզող խնդիր է բարձրագույն պատիժը` մահապատիժը, որը ճանաչված է Հին Կտակարանում, նրա ուղղակի փոփոխության մասին ցուցում չկա նաեւ Նոր Կտակարանում եւ մեր եկեղեցական ավանդության մեջ»: Այսուհանդերձ, ինչպես նշեց վարդապետը, եկեղեցին պարտավորություն է զգացել պետական իշխանություններից ողորմություն հայցել մահապատժի դատապարտվածների համար: «Քրիստոնեությունը բանտարկյալների նկատմամբ բարի վերաբերմունք ունի նրանց դարձի բերելու իմաստով, որը խորը հիմքեր ունի: Տերը բանտարկյալներին ծառայելը համեմատում է իրեն ծառայելուն` «Բանտում էի եւ դուք ինձ այցի եկաք»:

Զրուցակիցներս մահապատժից խուսափելու հիմնական պատճառ նշում են դատական սխալի հավանականությունը: «Ակնհայտ է, որ մահապատիժը պահանջվող դաստիարակությունը չի կարող ունենալ եւ անսրբագրելի է դարձնում նաեւ դատական սխալ որոշումը»,- ասում է տեր-Բագրատ վարդապետը: Նա նշեց, որ մարդու մեղք գործելու հակումն է ծնունդ տալիս հանցագործություններին, որով խափանվում են օրենքով սահմանված կարգերը: «Այսուհանդերձ, մեղքը ըստ ուղղափառ արժեքների ավելի լայն հասկացություն է, քան հանցագործության վերաբերյալ աշխարհիկ ընկալումը: «Մարդու սրտից է, որ ելնում են չար մտքերը` սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն» (Մտթ.15:19): Անհրաժեշտ է ընդունել նախ, որ հանցագործության պատճառ կարող են լինել նաեւ տնտեսական եւ սոցիալական պայմանները, օրինականության բացակայությունը»,- ավելացրեց նա:

Տիկին Խառատյանը գերմանական հայտնի ասացվածքի օրինակով ասաց, թե ավելի լավ է հազար հանցագործ անպատիժ մնա, քան մի անմեղ մարդ մահվան դատապարտվի: «Ելնելով նրանից, որ դատարանն ինքը անկատար մարմին է եւ դատավճիռը շատ հաճախ կարող է սյուբեկտիվ լինել` անձի ցանկությամբ կամ ապացույցների անբավարարության պատճառով, ելնելով մեր դատական իրականությունից` սա շատ ավելի վտանգավոր է: Այնուամենայնիվ, կարծում եմ, մահապատժի ինստիտուտը շարունակում է մնալ զսպող գործոն: Եթե դա չլինի` վարքի ագրեսիվ դրսեւորման հավանականությունը շատ ավելի մեծ կլինի: Կան հանցանքների որոշ տեսակներ, որոնք այլ լուծումներ չունեն»:

«Ազգի կամ հասարակության մեջ բացարձակ նվիրական արժեքների բացակայության պայմաններում ոչ մի պատժամիջոց չի կարող կանխել չարի կամքը»,- համոզված է Տեր-Բագրատ վարդապետը: Վերջինիս կարծիքով, օրինախախտման վերացման լավագույն կերպը պետք է լինի ազնիվ եւ արժանապատիվ կյանք վարելու գիտակցության ուսուցումը: Այնուամենայնիվ, գործված եւ օրենքով դատապարտված հանցագորուծությունը ենթադրում է նաեւ արդար պատիժ, այն մտածումով, սակայն, որ այն ուղղված է մարդու դաստիարակմանը, ինչպես նաեւ հասարակության ապահովագրմանը հանցագործից եւ օրինախախտումից: Եկեղեցին այս մտածումով կոչված է հոգ տանելու հանցագործի հոգու համար եւ այդ իմաստով պատիժը չի ընկալում որպես վրեժի միջոց, այլ ներքին սրբագրման եւ ուղղման եղանակ: Սակայն միանգամայն դատապարտելի է օրինախախտողների նկատմամբ կիրառվող դաժանությունը, մարդկային արժանապատվության ստորացումը, որոնք երբեք էլ չեն նպաստի այդ մարդկանց ճիշտ ճանապարհի վերադարձնելու, այլ ավելի կխորացնեն իրենց սխալի մեջ: Այս իմաստով էլ պետք է ապահովել նրանց պաշտպանությունը եւ անկաշառ դատավարությունը:

Սպանություն կատարողները զղջո՞ւմ են իրենց արարքի համար, կամ հաջողվո՞ւմ է ճիշտ ճանապարհի վերադարձնել նրանց: Ս. Սարգիս եկեղեցու քահանա տեր-Կարապետը շուրջ 10 տարի այցելում է կալանավորներին: «Երբ առաջին անգամ ուզում էի ոտք դնել բանտ` ասացին, եթե հազարից մեկին կարողանաս դարձի բերել` դա հաղթանակ է»: Նրա ասելով` հանդիպել է մարդկանց, առաջին անգամ կալանավորվածների, որոնք ափսոսում են կատարվածի համար` «ցավում եմ, որ իմ ձեռքով մարդ գնաց, բայց նա մարդ չէր»: «Քանիսներին այցելել եմ մահվանից երկու-երեք օր առաջ` իրենց խնդրանքով: Ամեն ինչի մասին պատմել են: Ինչ որ արել են, մշտապես ասել են` աստված չկա, սուտ է, կեղծ է»: «Այսօր պատրաստվում եմ մեռնելու, ես սարսափում եմ` ի՞նչ պիտի ասեմ...»: «Նրանց մոտ այդ գործոնը չէր աշխատել կյանքի ընթացքում, բայց եկել էր մահվան պահը եւ այդ անցումից սարսափում էին»-հավելում է տեր-Կարապետը:

Ավելացնենք միայն, որ 2002թ. առաջին կիսամյակում մահապատժի դատապարտման մեկ դեպք կա: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով մահապատժի է դատապարտվել Հ. Հովհաննիսյանը, որը վիճակախաղի 3 տոմս կորցնելու համար կացնի բազմաթիվ հարվածներով սպանել է իր 15-ամյա որդուն: Նախկինում իր կնոջը սպանելու համար նա դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 99 հոդվածով:

Այնուամենայնիվ, ի՞նչպիսին կարող է լինել մեր ժողովրդի հավանական կողմնորոշումը մահապատժի հարցում: «Որպես քրիստոնյա, չէի ուզենա, որ մահապատիժ լիներ, որովհետեւ աստված է մեզ կյանք տվել, աստված էլ իրավունք ունի վերցնելու: Աստծո տաս պատվիրաներից մեկը հայտարարում է` մի' սպանիր: Իբրեւ մարդ` կասեի, որ մահապատիժը չպետք է հանվի: Ցավոք, աշխարհում շատերը կան, որոնք հոգեկան հիվանդներ են եւ որոնց համար սպանությունը, կարծես թե, հաճույք է, հոգեկան բավարարվածություն: եթե հազարին չզգաստացնի, գոնե հարյուրին, տասին կզգաստացնի մահապատժի դատապարտվելու սարսափը: Ավելին, դա պետք է սաստկացնել, իրականացնելով հասարակության ներկայությամբ, որպեսզի զգաստացնի»,-ասում է տեր-Կարապետը:

Տիկին Խառատյանը վստահ է, որ եթե քանակական հետազոտություն անեինք ընտրելով սոցիալական շերտերը` մահապատժին ոչ կասեին ոչ թե հումանիստական նկրտում ունեցող մարդիկ, այլ հատկապես քրեականացված անձինք, որովհետեւ մահապատժի տագնապի զգացողությունը նրանք ավելի շատ կունենան: Գտնում է, որ ԱԺ-ի ցանկացած որոշման` ո՜չ «այո»-ի, ո՜չ «ոչ»-ի դեպքում չի լինելու ժողովրդի վարքի կամ մոտեցման վավերությունը: «Այս պահին ժողովուրդը կողմ է մահապատժին` վերջին 10 տարվա կյանքով թելադրված: Մեր ժողովրդի այսօրվա կարծր դիրքորոշումն ուղղակի պայմանավորված է ընթացիկ կամ ոչ շատ վաղ անցալի կյանքի իրողություններով: Ժողովրդի մեջ այսպիսի միտք է ձեւավորվել` էս բոլոր հանցագործությունները որ արվեցին` բա անպատի՞ժ են մնալու: Սա ոչ թե ընդհանուր դատողություն է մահապատժի մասին առհասարկ, այլ ամեն մարդ իր «այո»-ն եւ «ոչ»-ը ասելիս կոնկրետ գիտի ու՞մ է մահապատժի դատապարտում, նույնիսկ անձնավորված»,- համոզված է ազգագրագետ Հ. Խառատյանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ