HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայտնի չէ՝ Արցախի թեմի առաջնորդը տեղյա՞կ է Գանձասարի պարսպի երեսպատումից, թե՞ ոչ

Արցախի Վանք գյուղում գտնվող Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատման վերաբերյալ Արցախի թեմի պաշտոնական դիրքորոշումը հայտնի կլինի մի քանի օրից, երբ Արցախ վերադառնա թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին «Հետքի» հետ հեռախոսազրույցում հայտնեց Արցախի թեմի երիտասարդական ուղղության պատասխանատու, Արցախի երիտասարդական կազմակերպությունների Արցախի թեմին կից հոգևոր խորհրդի համակարգող Սամվել սարկավագ Մկրտչյանը:

2011թ. ամռանը, երբ արցախցի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը առաջին անգամ սկսեց երեսպատել միջնադարյան վանական համալիրի պարիսպը, Սամվել սարկավագն անձնամբ էր Պարգև Սրբազանին հայտնել այդ մասին: Իսկ 10-15 օր առաջ վերսկսված երեսպատման մասին Սամվել սարկավագը Պարգև Սրբազանին հայտնելու հնարավորություն չի ունեցել, քանի որ վերջինն ԱՄՆ-ում է եղել Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով, և նրա հեռախոսահամարները չեն աշխատել: Հիմա էլ Արցախի թեմի առաջնորդը Երևանում է:

Հարցին, թե Պարգև Սրբազանը այսքան օր անց դեռ տեղյակ չէ՞ վերսկսված երեսպատման մասին՝ Սամվել սարկավագը պատասխանեց. «Ես չեմ խոսել, չգիտեմ՝ ինքը տեղյակ է, թե՞ չէ: Երբ գա, իհարկե, բոլորս էլ ասելու ենք: Դա այնպիսի մի բան է, որ եթե դրանով հետաքրքրված եք, բնականաբար մենք էլ անտարբեր չենք կարող լինել: Եթե ուզում եք ավելի պաշտոնական դիրքորոշում, Սրբազանը երբ գա, մեր տեղեկատվական համակարգի պատասխանատուն դրա մասին ավելի լիազորված ու ավելի ինֆորմացված տարբերակը կտրամադրի բոլորին»:

«Հետքի» այն դիտարկմանը, որ մինչ թեմը դիրքորոշում հայտնի, Գանձասարի պարիսպը կարող է ամբողջությամբ երեսպատված-վերջացած լինել, Սամվել սարկավագն արձագանքեց. «Չեմ կարծում, որ էդպես»:

Սամվել սարկավագը շեշտեց, որ լիազորված չէ խնդրի վերաբերյալ որևէ բան ասել:

Գանձասարի վանքը ոչ միայն Արցախի, այլև ընդհանրապես հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: 2011թ. ամռանը վանքի պարսպի երեսպատումը դադարեցվել էր Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter