HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ո՞վ պայթեցրեց ԱԺ պատգամավորի մեքենան

«Ազգ» թերթի մայիսի 8-ի համարում «ԱԺ պատգամավորի 210 հազար դոլարի գրավը» հետաքննական հոդվածը տպագրվելուց մեկ շաբաթ հետո «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» այցելեցին ՀՀ գլխավոր դատախազության երկու քննիչներ: Նրանք ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը քննող քննչական խմբի անդամներն էին, որոնք հոդվածը մի լավ տնտղելուց հետո հասկացել էին, որ պարտված են: Մի քանի օր առաջ` սեպտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը կալանքից ազատեց 19-ամյա Վարուժան Գյուրջինյանին, որը ձերբակալվել էր 2001թ. դեկտեմբերի 29-ին` ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը իրականացնելու մեղադրանքով: 9 ամիս կալանքի տակ պահելով` նախաքննությանը չհաջողվեց նրան ահաբեկչի կերպարանք տալ:

Քննիչները զրույցի ընթացքում գոնե առերեւույթ հետաքրքրված էին, թե ինչո՞ւ եւ որտե՞ղ եմ հանդիպել գործին առնչվող մի վկայի` Ռուբեն Գաբրիելյանին, որին քննչական խումբը փորձել էր անտեսել: Բանն այն է, որ Ռ. Գաբրիելյանի վկայությունները նրանց պարտավորեցնում էին որոշ սրբագրումներ մտցնել մինչ այդ օրը կազմած քրեկան գործի 9 հատորների բովանդակության մեջ, իսկ հոդվածի հրապարակումից հետո հարկադրված եղան եւս մեկ հատորով համալրել քրեական գործը: «ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի ուսանող Վարուժան Գյուրջինյանը 2001թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 4-ի սահմաններում Ամիրյան փողոցում նստելով պատահական տաքսի ավտոմեքենա, գնացել է Ավան թաղամաս` Մելիք Գասպարյանի տան մոտ, պայթուցիկ սարքը մագնիսի միջոցով ամրացրել է շենքի բակում կայանված նրա ավտոմեքենայի տակ` վարորդի նստատեղի ուղղությամբ, որից հետո պատահական այլ ավտոմեքենայով վերադառնալով տուն` անաղմուկ պառկել է մահճակալին ու քնել (Հիշեցնենք, որ նույն մահճակալին նրանք քնած են եղել երեք ընկերներով - Ս.Պ.): Առավոտյան արթնանալով` Սեւակ Մարտիրոսյանի հետ իր ուսանողական գործերով գնացել է Հայաստանի ճարտարագիտական համալսարան, իսկ Վ. Սյուքիասյանը մնացել է քնած: ՀՊՃՀ-ում գործերն ավարտելով, բաժանվել է Ս. Մարտիրոսյանից, որից հետո պատահական տաքսիով գնացել է դեպքի վայր` հավաստիանալու պայթուցիկ սարքը գործել, ավտոմեքենան պայթել է, թե՞ ոչ: Հեռվից նայելով ու համոզվելով, որ ավտոմեքենան գործել է, ժամը 13-14-ի սահմաններում վերադարձել է տուն»:

Ահա այսպիսի եզրակացությամբ քննչական խումբը ավարտված էր համարել ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանի մեքենայի պայթյունի նախաքննությունը` ինքն իրեն համոզելով, որ ամեն ինչ պարզել է: Իրենց երազած միակ վարկածը դարձավ մեղադրանք շնորհիվ ձեռք բերված «ապացույցների»` «պատահական տաքսի ավտոմեքենայով», «անհայտ անձից գնված պայթուցիկով» եւ այլն: Ու հանկարծ, թերթի էջերում հայտնվում է մի վկա Ռուբեն Գաբրիելյան անունով եւ ինձ` լրագրողիս պատմում է, որ Ս. Մարտիրոսյանից բաժանվելու ու ձերբակալվելու արանքում ընկած մեկ ժամը իրենք միասին են եղել, երբ քննչական խումբն ուզում էր, որ այդ ժամին Վարուժան Գյուրջինյանը մի անգամ էլ Ավան հասներ` «դեպքի վայր` հավաստիանալու պայթուցիկ սարքը գործել, ավտոմեքենան պայթել է, թե՞ ոչ»:

Ռուբենն ինքը քննիչներին ամեն ինչ պատմել է այնպես, ինչպես հարցազրույցի ժամանակ, միայն թե այդ ամենը վերագրել է դեկտեմբերի 28-ին: Հենց այն հանգամանքը, որ քննչները հոդվածի հրապարակումից հետո, մայիսի 15-ին են միայն հարցաքննել այդպիսի մի կարեւոր վկայի, արդեն իսկ մեզ հիմք է տալիս պնդելու, որ միտումնավոր են փոխել նրանց հանդիպման օրը: Հակառակ դեպքում, նրանք Ռ. Գաբրիելյանին շատ ավելի վաղ կհարցաքննեին, քանի որ նրա մասին տեղեկացրել էր Վ. Գյուրջինյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում:

«Ինտերնետ մենք մտանք մոտ ժամը 11:30-ին, Վարուժը զանգեց քեռուն, խոսեց եւ ժամը 11:50-ի կողմերը բաժանվեցինք»,- հայտնել է Ռ. Գաբրիելյանը քննիչներին: Ընդ որում հատկանշական է, որ Ռուբենը իր մի քանի էջանոց ցուցմունքների ավարտին է փոխում հանդիպման օրը` կտրուկ փոխելով բացատրությունների ոճը: Ապա ավելացնում է. «Իսկ լրագրողի մոտ նշել եմ դեկտեմբերի 29-ը, որվհետեւ այդ մասին ինձ խնդրել էր Արտուրը» (նկատի ունի մեղադրյալի հորը-Ս.Պ.): Բայց քննիչներին արդեն Ռուբենը չի ցանկացել խաբել: Գնահատե՞նք նրա ազնվությունը: Իրականությունն այն է, որ զրույցի ընթացքում քննիչները հանգեցին նրան, որ ես չունեմ հեռախոսային խոսակցության տվյալները, որը նրանց հիմք տվեց մեկ օր առաջ տեղափոխել նրանց հանդիպումը:

Հետաքննությունն իրականացնելու ընթացքում հեռախոսակապի աշխատակցի միջոցով պարզել էի, որ Ռ. Գաբրիելյանը ինտերնետ կենտրոնից` 52-96-40 համարից, իր քեռուն` 25-35-08 համարին զանգել է հենց դեկտեմբերի 29-ին, ժամը` 11:22 րոպեին: Այսինքն, հեռախոսազանգը գրանցվել է, չնայած կենտրոնի տնօրենը քննիչներին հայտնել է, որ Արմենտելում քաղաքային հեռախոսազանգերի 2001թ. դեկտեմբեր ամսվա տվյալները չեն պահպանվել: Սակայն, գրավոր տվյալները կարող էինք ստանալ միայն ինտերնետ կենտրոնի տնօրենից: Նա զգուշացավ` իմանալով, որ խոսքը քրեական գործի մասին է: Արմենտելը մերժեց նաեւ փաստաբանների` զանգերին ծանոթանալու գրավոր միջնորդությունը, դարձյալ տալով նույն պատասխանը` միայն դատարանի գրավոր հարցումով: Հետաքրքիր է նաեւ այն, որ քննիչները բազում այլ անձանց հեռախոսազանգեր են կցել գործին, բայց 25-35-08 համարի տվյալները չի կցվել:

Հոդվածը հրապարակելուց հետո քննիչներն արդեն պարտավորված էին պարզել, թե նրանք ո՞ր օրն են զանգել ինտերնետ կենտրոնից` դեկտեմբերի 28-ին, թե՞ 29-ին: Հարցումն արվել է մայիսի 18-ին: «Ձեր հեռախոսակապի տրամադրման ծառայությունից 2001թ. դեկտեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում Մոսկվա քաղաքի # եւ Երեւան քաղաքի # հեռախոսահամարին զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ»: Ինտերնետ կենտրոնի գործադիր տնօրենը պատասխանում է. «Մեր հեռախոսահամարից միջազգային զանգեր 2001թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում չեն կատարվել»: Իհարկե, այս պատասխանն էլ ճիշտ չէ, քանի որ նրանց տրամադրած հեռախոսային խոսակցության տվյալներում դեկտեմբեր ամսին գրանցված բազմաթիվ նման զանգեր կան, սակայն Մոսկվայի զանգերը չկան: Նշված զանգերը գոյություն չունեն նաեւ դեկտեմբերի 28-ին` չնայած Ռուբենի պնդմանը, որ դեկտեմբերի 28-ին Վարուժանը զանգել է կենտրոնից: Քննիչները հետաքրքրված չե՞ն, թե ինչու չեն գրանցվել Մոսկվայի զանգերը: Իբրեւ գաղտնիք հայտնեմ, որ ես ձեռք եմ բերել Մոսկվայի զանգերի տվյալները, որտեղ զանգերը գրառված են հենց դեկտեմբերի 29-ին:

Չնայած, ի՞նչ է փոխում քրեական գործի մեջ Ռուբեն Գաբրիելյանի ցուցմունքները փոխոխելը, որի վրա այդքան ջանք են գործադրել քննիչները, եթե ապացույց չունեն, որ Վարուժանն է պայթեցրել մեքենան:

Ի՞նչ էր անում Մելիք Գասպարյանը մինչեւ «ահաբեկչությունը» ու դրանից հետո

Քննչական խումբը շատ էր ցանկանում, որ օգնենք իրենց` «Մոսկվայում լրագրողները հետաքննություն են կատարում քննիչների հետ»: Մենք նույնպես չենք զրկում հայաստանցի քննիչներին մեր աջակցությունից եւ առաջարկում ենք համատեղ պարզել` ի՞նչ էր անում Մելիք Գասպարյանը «ահաբեկչությունից» հետո:

Նախաքննության ձեռք բերած բոլոր տվյալները հավաստում են, որ նա խոսում էր բջջային հեռախոսով եւ` անընդմեջ: Շտապ օգնության բուժաշխատողները հայտնել են, որ 10:10 րոպեին ռացիայով կանչ են ստացել, որից հետո գնացել են այդ հասցեով` Ավան, Աճառյան փ. 18 շենք, բնկ. 34: «Մենք մտանք բնակարան, Մելիք Գասպարյանն անհանգիստ քայլում էր բնակարանում: Հիվանդանոց տանելու ճանապարհին նա անընդհատ խոսում էր բջջային հեռախոսով: Հարցերին պատասխանեց, որ լավ է զգում եւ իրեն հիվանդանոց են տանում»,- պատմել է բուժքույր Իրինա Բալայանը: Բժշկուհի Ռիմա Հարությունովան հայտնել է, թե իր հարցին` որեւէ մեկին կասկածո՞ւմ է, պատգամավորը պատասխանել է` չգիտեմ եւ, որ ինքն արդեն տեղեկացրել է իր նախարարին:

Արմենտելից քննչական խմբի ձեռք բերած հեռախոսազանգի տվյաները եւս հաստատում են, որ մեքենայի պայթյունից անմիջապես հետո Մ. Գասպարյանը ակտիվ հեռախոսազրույց է սկսել բջջային հեռախոսով: Ընդ որում, պարզեցինք, որ առաջին երկու զանգերով` 10:18 րոպեին, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ է կապվել: Մ. Գասպարյանը նախարարին երկրորդ անգամ զանգահարել է 10:21 րոպեին: Այնուհետեւ, ԱԺ պատգամավորն անընդմեջ խոսել է բջջային հեռախոսով` օրվա ընթացքում «իր նախարարի հետ կապվելով մի քանի անգամ»: Այսպիսով, պատգամավորի հեռախոսային խոսակցության ռիթմը ցույց է տալիս, որ նրա շփոթմունքը կարճատեւ է եղել եւ շարունակել է գործնական զրույցը բջջային հեռախոսով:

Մ. Գասպարյանի կինը քննիչին տված բացատրության մեջ հայտնել է, որ ժամը 8-ին մեքենայի ազդանշանը միացավ, սակայն հարց չի տրվում` որտե՞ղ էր ամուսինը այդ պահին, ոչ մի խոսք այն մասին, թե ինչպիսի՞ն էր ամուսնու արձագանքը: Մանավանդ որ, նրա ասելով, նախկինում նման դեպք չի եղել, բացի այդ, 2 ժամ հետո մեքենան պայթել է: Կինը Մ. Գասպարյանի մտերիմ ընկերների շարքում, որոնց հետ նա «կիսվում» է, նշել է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին: Ինչպես տեսնում եք, Ռ. Գաբրիելյանը միակ կարեւոր վկան չէ այս գործով, որին քննիչները ցանկացել էին շրջանցել, նրանք չեն ցանկացել նաեւ Վ. Այվազյանից պարզել, թե ինչ էր հաղորդում նրան Մ. Գասպարյանը պայթյունից վայրկյաններ անց:

Պայթյունի ականատեսներ ո՜չ մենք մեր հետաքննությամբ, ո՜չ էլ քննչական խումբը չհայտնաբերեցինք: Անգամ պատգամավորի ընտանիքը` աղջիկը եւ մյուսները, պայթյունի մասին տեղեկացել են Մ. Գասպարյանից` «հորիցս իմացա», եւ հատուկ նշում է` այդ պահին մոտը մարդ չկար: Պատահականությո՞ւն համարենք: Իսկ ա՞յն, որ Վ. Գյուրջինյանին տեղատեսության տանելիս նրանք երկրորդ օրը դետալներ են հայտնաբերել դեպքի վայրում: Թեպետ նախորդ օրը օպերատիվ քննչական խումբը տեղազննում էր կատարել, բայց պարզվում է` պայթուցիկ սարքի որոշ դետալներ մոռացել էին մեքենայի շուրջբոլորը ու դրանք անպայման գտնում է քննիչ Աշոտ Նադոյանի ձեռքը` ջանալով նրան դուրս թողնել կադրից: Այսպիսով, քրեական գործի 10 հատորներում կա ամեն ինչ, բացի գործին առնչվող վարկածներից ու դրանց ուղղված բացահայտումից: Բայց, քանի որ դատախազությունը պետք է ի վերջո քննի ԱԺ պատգամավորի մեքենայի պայթյունը, կարծում ենք, վերը արված մեր դիտարկումները պետք կգան նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter