HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 միլիոնանոց զուգարան

Լարիսա Փարեմուզյան
Էդիկ Բաղդասարյան 

2007 թ. Ալավերդու քաղաքապետարանը 7 մլն 200 հազար դրամ (21,5 հազար դոլար) է հատկացրել Սանահին գյուղի վանական համալիրի մուտքի մոտ զուգարան կառուցելու համար: Զուգարանի շինարարությունը դեռ չի ավարտվել: Վանքին հարող տարածքում, հենց մուտքի մոտ զուգարան կառուցելու գաղափարը ծագել էր Ալավերդու քաղաքապետի գլխում (Տես լուսանկարը):

Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի պետ Արտավազդ Նազարեթյանը, ի պատասխան մեր հարցի` տեղյա՞կ են, որ նման շինություն է կառուցվել եւ տվե՞լ են, արդյոք, համապատասխան թույլտվություն, ասաց, թե ինքն այնտեղ եղել է մոտ մեկ ամիս առաջ եւ զուգարան չի տեսել: Երբ ասացինք, որ զուգարանի շենքն արդեն մի քանի ամիս է կա, ավելացրեց, որ ինքը տեղյակ չէ դրանից:

Ալավերդու քաղաքաապետարանի քաղաքաշինության վարչության պետ Գագիկ Սոխակյանը մեզ տեղեկացրեց, որ շինարարության թույլտվությունը տվել է Գուգարաց թեմի առաջնորդ սրբազան Սեպուհ Չուլջյանը:

Զավեշտն այն է, որ նորակառույց զուգարանը չունի կոյուղագիծ, այդ տարածքում չկա նաեւ ջուր: «Հոր ենք փորել եւ մեքենայով ենք տեղափոխելու»,- զուգարանի գործունեության «մեխանիզմը» բացատրում է պրն Սոխակյանը:

«Իսկ ջու՞րը, գյուղում ջուր չկա, երբ մենք այնտեղ էինք, գյուղացիները դույլերով էին ջուր կրում»,- հարցնում ենք մենք: «Բաք ենք դրել, ջուրն էլ ժամով տալիս ենք»,- ասում է Սոխակյանը: Գյուղացիները հակառակն են պնդում` ամիսներ շարունակ գյուղում ջուր չկա:

7 մլն 200 հազարից քաղաքապետն, անշուշտ, վերցրել է իր մեծ բաժինը: Շինարարների հաշվարկներով` զուգարանի կառուցման վրա ծախսվել է հազիվ 2 մլն դրամ:

Հայաստանի քաղաքներում, գյուղերում սովորաբար ամենահարուստ մարդիկ համայնքի ղեկավարներն են` քաղաքապետերն ու գյուղապետերը: Բացառություն չէ նաեւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Նրան է պատկանում քաղաքի կենտրոնի շուկան` մի շարք խանութներով: Ալավերդիում կա մի շուկա` խանութների ցանցով, անունը «ԿԱՏԱ» է` Կարեն, Աշոտ, Տարոն, Արթուր անունների առաջին տառերն են: Կ.-ն Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Եսայանն է, Ա.-ն` «Թումանյան» էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը, Տ.-ն` Տարոն Աբգարյանը` քարհանքեր շահագործող գործարար, Ա.-ն Ալավերդու ներկայիս քաղաքապետ Արթուր Նալբանդյանն է: Ալավերդիում գործող 6 մանկապարտեզներն այս խանութից են գնում սնունդը:

Քաղաքապետարանը 27 մլն դրամի ապրանք է գնել «Կատա» ցանցի խանութներից, որից 17 մլն-ը` սննդի համար:

Ալավերդու քաղաքապետը կարողանում է քաղաքի բյուջեից «փախցնել» ուզածի չափով: Նա իր բջջային հեռախոսազանգերի համար բյուջեից տարեկան 400 հազար դրամ է հատկացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter