Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Համայնքները սկսել են մարել բյուջետային պարտքերը



«Համայնքներն արդեն ոչ իրատեսական բյուջե չեն կազմում, տարածքային կառավարման նախարարությունը մեթոդական ցուցումներ է տվել համայնքապետերին, եւ այս տարվանից բոլոր համայնքներն իրատեսական բյուջեներ են կազմել` նկատի ունենալով իրենց եկամուտների հավաքագրումը: Ոչ իրատեսական բյուջեների նախագծերը վերադարձվել են լրամշակման»,- հայտնեց նորաստեղծ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Վարչության պետը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակազմի կազմավորումից հետո` նոյեմբեր ամսից սկսած, իրենց վարչությունը հանրապետության 10 մարզերի բոլոր համայնքներում բյուջետային պարտքերի պատճառների ուսումնասիրություն է կատարել` պարզելու, թե ինչքան պարտք ունի յուրաքանչյուր համայնք, եւ որոնք են կուտակման պատճառները: Պարզվել է, որ բյուջետային պարտքեր չունի միայն Արարատի մարզը: Տարվա սկզբին 9 մարզերի համայնքներում ավելի քան 2 մլրդ 700 հազարի պարտք է հաշվարկվել, որից ավելի քան 2 մլրդ դրամը բաժին է ընկել աշխատավարձերին, մնացածը` սոցվճարին: Պրն Գիլոյանի տեղեկացմամբ` ամենաշատ պարտքերը կուտակել են Շիրակի մարզը` 658 մլն դրամ, եւ Գեղարքունիքի մարզը` 603 մլն դրամ: Բյուջետային պարտքերը համայնքներում սկսել են կուտակվել 1996-ից մի շարք պատճառներով: Վարչության պետը պարտքերի կուտակման օբյեկտիվ պատճառ է համարում այն հանգամանքը, որ համայնքներին տրամադրվող պետական դոտացիան 2000 թ.-ից սկսեց ավելանալ, իսկ մինչ այդ այն հազիվ բավարարում էր պատվիրակված լիազորություններն իրականացնելուն: Բացի այդ, համայնքապետարանների աշխատակիցները դեռեւս ծանոթ չէին ոլորտը կարգավորող օրենքներին եւ կարեւորություն չէին տալիս դրանց, իրենց լիազորությունները չէին պատկերացնում:

Սուբյեկտիվ գործոն է դիտվում համայնքապետերի կազմակերպչական վատ աշխատանքը` հարկերը չհավաքագրելը, համայնքային սեփականությունը փոշիացնելը, ոչ իրատեսական բյուջեներ կազմելը, որոնցում առյուծի բաժինը հատկացվել է աշխատավարձերին ու վարչական ծախսերին եւ այլն: Դրանց հետեւանքով բյուջետային պարտքեր են կուտակվել հիմնականում աշխատավարձի ու սոցվճարների ուղղությամբ: Չնայած իրենց դրսեւորած անգործությանը` վերջին տարիներին նկատելի է մի միտում, երբ պաշտոնավարման ավարտից հետո համայնքապետարանների աշխատակիցները աշխատավարձային պարտքերը գանձելու պահանջով դիմում են դատարան, որի հետեւանքով մի քանի տասնյակ համայնքների բյուջեներ կալանքի տակ էին գտնվում:

«Նախարարությունը սկսեց համագործակցել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) եւ Հարկային պետական ծառայության հետ, որպեսզի համայնքների հաշվեհամարները կալանքից հանվեն, եւ նրանց հնարավորություն տրվի աշխատելու ու մաս-մաս մարելու կուտակված պարտքերը»,- հայտնեց նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջինս նշեց, որ նախկինում համայնքի հաշվեհամարը կալանքի տակ էր գտնվում ԴԱՀԿ որոշումով, եւ կուտակված գումարը միանգամից կարող էր փոխանցվել նախկին համայնքապետին: Դրա հետեւանքով աշխատավարձից զրկվում էին համայնքապետարանների ներկայիս աշխատակիցները, կազմալուծվում էր տեղական իշխանության աշխատանքը:

«Ստացվում էր, որ այն համայնքապետերը, որոնց չաշխատելու պատճառով էին կուտակվել բյուջետային պարտքերը, հիմա դատարան դիմելով` կարող էին միանգամից 5000-6000 դոլար ստանալ (նկատի ունենանք, որ նրանք նաեւ բարձր աշխատավարձեր էին սահմանել իրենց համար - Ս. Պ.): Որպեսզի նախկին ապաշնորհ համայնքապետերը միանգամից չհարստանան, եւ համայնքապետարանների այսօրվա աշխատակիցներին նույնպես աշխատավարձ ստանալու հնարավորություն տրվի, որոշեցինք, որ համայնքապետարանները պարտքերը մարելու համար ժամանակացույց կազմեն: Հիմա հստակ գիտենք, թե համայնքներից յուրաքանչյուրը որ թվականին է մարելու կուտակած պարտքը»,- նշեց պրն Գիլոյանը: Նա տեղեկացրեց, որ համայնքները եռամսյակը մեկ անգամ նախարարությանը հաշվետվություն են ներկայացնում պարտքերի մարման ընթացքի վերաբերյալ: Տեղեկությունները ճշտում են նաեւ ԴԱՀԿ-ից եւ, վարչության պետի ասելով, արդեն կան համայնքներ, որոնք մարել են պարտքերը: Ներկայիս տվյալներով` 2 մլրդ 700 հազար դրամ պարտքից մարվել է 500 մլն-ը:

Պրն Գիլոյանը տեղեկացրեց, որ նախարարությունը նաեւ մի շարք մեխանիզմներ է մշակել նոր պարտքերից խուսափելու համար: Նախարարությունում համայնքապետերին խորհուրդ են տալիս միանգամից չհամաձայնել դատական հայցերի հետ եւ փոխադարձ ակտիվություն դրսեւորել. հակընդդեմ հայցով վիճարկել համայնքապետարանների նախկին աշխատակիցների անգործությունը` պահանջելով վճարել նրանց ու նրանց հարազատների չվճարած հարկերը: Վարչության պետի ասելով` այս մոտեցումը նպատակին ծառայեց եւ որոշ չափով զսպեց նախկին համայնքապետերի ախորժակը. գումարային պահանջով դատարան դիմելու դեպքերը վերջին շրջանում նվազել են:

Բացի այդ, կառավարությունը մի շարք մեխանիզմներ է մշակել, որոնք պետք է որ բացառեն բյուջետային պարտքերի հետագա կուտակումները: Նախկինում բյուջեները կազմում էին նկատի ունենալով եկամուտի ու ծախսային բաժինները, այսինքն` աշխատավարձ, կոմունալ ու սպասարկման ծախսեր, որոնք ոչ իրատեսական բյուջեներ կազմելու ժամանակ հանգեցնում էին պարտքերի կուտակման: Մինչդեռ համայնքային բյուջեները, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, պետք է կազմվեն համայնքի մշակած եռամյա զարգացման ծրագիրը նկատի ունենալով, որը մեր իրականությունում լիովին չի գործում: Այդ պատճառով կառավարման նոր ծրագրով պարտավորեցվում է կազմել ծրագրային բյուջե` համայնքի զարգացումը նկատի ունենալով:

Պետությունն ամեն տարի ավելացնում է համայնքներին տրվող դոտացիան, որն արդեն պետք է բավականացնի պատվիրակված լիազորություններն իրականացնելուն: Բացի այդ, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր նախագիծ է մշակվել, որով փոխվելու է դոտացիան տրամադրելու կարգը եւ, Տեղական ինքնակառավարման վարչության պետի ասելով, դրանով դոտացիոն գումարների առավել օբյեկտիվ բաշխում է նախատեսվում:

Մշակվել եւ համայնքներին է բաժանվել ավագանու նիստերը վարելու կանոնակարգը, որպեսզի ավագանիները ծանոթանան նիստերը վարելու, տեղական խորհրդի կառավարման ձեւերին, ապահովեն բնակչության մասնակցությունն ու իրազեկվածությունը համայնքային կառավարմանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ