HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ պետական կառույցները հաշվի են առնում Թեղուտի պաշտպանության շարժման կարծիքը

Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ: Այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը մոտեցել է առաջնորդարանի մոտ հավաքված Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստներին, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնել վարչապետին՝ Հայաստանում բնապահպանական, մասնավորապես, հանքերի շահագործման խնդիրների հետ կապված:

«Մենք ուշադիր հետևում ենք ձեր շարժմանը, տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին, ավելին՝ բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում շարժման ներկայացուցիչների հետ»,- ցուցարարներին ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա ողջունելի է համարել հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ակտիվությունը և նախաձեռնությունները, քանի որ դրանք բխում են հայ ժողովրդի շահերից: «Եթե չկա ակտիվություն, եթե չկա այս կամ այն բնագավառում ոլորտի շահերը պաշտպանող կազմակերպություն, մարդիկ, ովքեր նվիրված են այդ գաղափարներին և ովքեր գաղափարն առաջ են տանում, քաղաքացիական հասարակություն հնարավոր չէ կառուցել: Կառավարության պարտականությունն է ձեզ համար ստեղծել այդպիսի հնարավորություններ, որ դուք կարողանաք ազատորեն հնչեցնել ձեզ մտահոգող հարցերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ շարժումը տալիս է դրական արդյունքներ, պետական կառույցները հաշվի են առնում շարժման կարծիքը: «Կառավարությունը նույնպես աջակցում է ձեր այդ շարժմանը: Ես համոզված եմ, որ այս երկխոսությունն օգտակար է մեր ժողովրդի, պետության համար: Իհարկե, կան ձեր կողմից ներկայացված բազմաթիվ պահանջներ, որոնց լուծումները խնդրահարույց են, բայց մենք պատրաստ ենք նստել, քննարկել այդ հարցերը և փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն նաև ձեզ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter