HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հիմա, որ վարկը վերցնեմ, ժպիտը դեմքիս մտնելու եմ տուն, որ երեխեքս ուրախանան, բայց թե ինչ է կատարվում սրտումս, մենակ ես գիտեմ»

Արդեն մեկ ամիս է, մարզերում բանկերի ու վարկային կազմակերպությունների դռների առջև այնպիսի հերթեր են գոյանում, որ մի պահ մտածում ես՝ կարո՞ղ է սոցիալական օգնություն են բաժանում, ու մարդիկ րոպե առաջ շտապում են ստանալ իրենց հասանելիքը: Իրականում ոչ մի օգնություն էլ չկա. առջևում ամանորի տոներն են, և գյուղացիներն իրենց սեղանները դատարկ չթողնելու համար ստիպված վարկեր են վերցնում՝ որպես նպատակ գրելով «գյուղատնտեսական»:

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի մի բնակչուհի, ով չցանկացավ անունը հրապարակել, պատճառաբանելով, թե պարտատերերը կիմանան, որ վարկ է վերցրել, ու կգան պարտքերի հետևից՝ հարամելով իր երեխաների Ամանորը, պատմեց, որ իր ընտանիքը արդեն 3 տարի է, վարկով է Նոր տարին դիմավորում: Ըստ նրա՝ ամբողջ ամառ ընտանիքով հողերում չարչարվում են, սակայն տարեվերջին մնում են առանց գումարի և վարկերով են գոյատևում:

Տիկնոջ պատմելով՝ 3 տարի է, իր ոսկեղենը բանկում է. հին վարկը մարելով ոսկին նորից թողնում է գրավի տակ՝ վերցնելով նոր վարկ: Տիկնոջ ձեռքին կանխիկ կար 30 հազար դրամ, որով պիտի գործող վարկը փակեր և ոսկին նորից թողնելով ի պահ բանկին՝ 300 հազար դրամ նոր վարկ վերցներ: Մոտ այդքան գյուղատնտեսական վարկ էլ մեկ այլ բանկում ուներ:

Կինը պատմեց, որ ունի 3 անչափահաս երեխա և ամուսին: «Ամուսինս ամաչում է արդեն բանկ գա, ստիպված ես եմ երեսս սևացրած գալիս: Տանը երեխա չլիներ՝ կգոհանայինք եղածով, բայց հիմա չեմ կարող: Նոր Տարին էլ մրցակցություն է դարձել, երեխեքս ամաչում են, որ մի տարի սեղանն աղքատիկ է լինում: Անցյալ տարի 10 տարեկան տղաս 3 օր անկողնուց դուրս չեկավ, որովհետև ամաչում էր ընկերներից, սեղանն աղքատիկ էր: Ով հյուր էր գալիս, ասում էինք՝ մորս տուն եմ ուղարկել տղուս, բայց սենյակում պառկած էր: Բանկում վարկ վերցնողների կեսը հիմա մեր գյուղացիներն են, ու բոլորն էլ Նոր տարվա համար են վարկ վերցնում»,- ցույց տալով խմբված մարդկանց՝ ասում էր նա:

Գյուղացի կինը, վարկը դեռ չվերցրած, արդեն մտահոգվում էր այն մարելու մասին: «Հիմա, որ վարկը վերցնեմ, ժպիտը դեմքիս մտնելու եմ տուն, որ երեխեքս ուրախանան, բայց թե ինչ է կատարվում սրտումս, մենակ ես գիտեմ ու Աստված… Տղա ջան, էլ չեմ կարող խոսել, դարդերս իրար եկավ»,- զրուցակիցս աչքերը սրբելով քայլելով գնաց դեպի հերթը:

Ամբերդի համայնքապետ Մանվել Բաբայանն ասաց, որ գյուղի 90 տոկոսը վարկի տակ է: Նա չէր տիրապետում ոսկու գրավով վերցրած վարկերի վիճակագրությանը, քանի որ լոմբարդային վարկերի դեպքում համայնքապետարանը տեղեկանք չի տալիս և չգիտի, թե ովքեր են վերցրել:

«Չեմ կարող ասել՝ Նոր տարվա հետ կապված են վերցրել, թե այլ նպատակով, բայց գյուղի 90 տոկոսը վարկի տակ է: Նոյեմբերի 15-ին են ԱԿԲԱ-ից վերցրել վարկերը»,-նշեց համայնքապետը:

Բանկերի աշխատողները նույնպես փաստում էին, որ այս օրերին վարկ վերցնողների թիվը մեծանում է, ինչը կապված է Ամանորի հետ:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները նույնպես այդ մասին են վկայում: Օրինակ՝ նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.3 մլն դոլար, նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում՝ 31.1 մլրդ դրամ և 36.4 մլն դոլար:

Նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ, իսկ դոլարովը՝ 43.2 մլն դոլար, իսկ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 41.8 մլրդ դրամ և 68.5 մլն դոլար:

Մեկնաբանություններ (1)

yura
ՓՈԽԱՐԵՆԸ---- «Հարսնաքարի» գործով դատավորը «ծախսում է» կուտակած գումարները Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Դավիթ Հարությունյանը 2011-ի սկզբին ունեցել է 100 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 15 մլն, ինչպես նաև 220 հազար դոլար: Դ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, 2011թ. ոչ մի եկամուտ չի ունեցել, փոխարենը նրա հաշվին եղել է 15 մլն դրամ և 477 հազար դոլար: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՈՐՏԵՂԻՑ ԱՅԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter