HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կնոջը ծեծելու պատճառով դատված ամուսինը երեխաներին կտեսակցի առանց մոր. այլապես նորից կծեծի՞

«Հետքն» արդեն գրել է Մերի Մարտիրոսյանի, նրա երեխաների եւ նախկին ամուսնու մասին: Վերջինս՝ Հայկ Պապյանը, դատարանի միջոցով իրավունք է ստացել տեսակցել իր երեխաներին՝ 12-ամյա Սիրանուշին եւ 10-ամյա Սամվելին՝ առանց մոր ներկայության: Մերին վճիռը բողոքարկել է վերաքննիչ ատյանում, սակայն բողոքը մերժվել է:

Հայկն ու Մերին փաստացի ամուսնական կապի մեջ են եղել 1999-2007 թթ., եւ, ըստ Մերիի, չնայած Հայկը ճանաչել է երեխաների հայրությունը, բայց հրաժարվել է օրինականացնել ամուսնական հարաբերությունները՝ գրանցել պետական մարմնում: 2010-ին Հայկն ամուսնացել է իր աշխատակցուհու հետ, որից հիմա երեխա ունի: Մերիի պատմելով՝ չնայած մինչ այդ էլ շարունակ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, այն բանից հետո, երբ նա այլեւս ուրիշի հետ էր ամուսնացած, որոշել է աչք չփակել բռնության վրա եւ դիմել ոստիկանություն, որից հետո հարուցվել է քրգործ: Հայկին դատարանը մեղավոր է ճանաչել ու տուգանել 40.000 դրամով:

Մերին դեմ չէ, որ երեխաները տեսակցեն իրենց հորը, սակայն պնդում է, որ դա լինի բացառապես իր ներկայությամբ, քանի որ երկուսն էլ խնդիրներ ունեն, որոնցից լավագույնս տեղյակ է միայն ինքը: Սիրանուշը, Մերիի ասելով, շարունակական ծեծերի արդյունքում վաղաժամ է ծնվել, մանկական պարալիճ ունի, տեղաշարժվում է անվասայլակով, իսկ Սամվելը աուտիզմ ունի:

Ընդհանուր իրավասության դատարանի միջնորդությամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը անցկացրել էր հետազոտություն եւ կազմել ակտ այն մասին, որ նպատակահարմար է գտնում երեխաների տեսակցությունը հոր հետ առանց մոր, քանի որ վերջիններիս հարաբերությունները չափազանց լարված են, ինչը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա: Հանձնաժողովի այս ակտը առնվազն տարօրինակ է, քանի որ Մերին ու մասնագետները բազմիցս շեշտել են, որ երեխաները խիստ կապված են մոր հետ, պարբերաբար ընդունում են համապատասխան դեղորայք եւ ունեն հատուկ սննդակարգ, որին տեղյակ է միայն մայրը, հենց վերջինս է դասերի ժամանակ ու այլ վայրերում մշտապես գտնվում երեխաների կողքին:   

Երեխաների դպրոցի հոգեբան Անուշ Հովհաննիսյանը մասնագիտական կարծիք է հայտնել, որ «մոր ներկայությունը դստեր եւ հոր հանդիպման ժամանակ ցանկալի է երեխայի շահերից ելնելով», «մոր ներկայությունը հայր եւ որդի հանդիպման գործընթացում խիստ անհրաժեշտ է»: Բանն այն է, որ Սամվելն առանձնահատուկ վերաբերմունք ունի հոր հանդեպ, բավական ագրեսիվ է նրա նկատմամբ, իսկ Սիրանուշը հորմոնալ անցումային փուլում է, նաեւ կանացի խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով նրա կողքին ցանկալի է մոր ներկայությունը:

Մերին տարակուսում է նրանից, որ դատարանը, այսպես կոչված, բազմակողմի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունից հետո եկել է այն եզրահանգման, թե իբր ինքն է ամուսնու հանդեպ բացասական կարծիք ձեւավորում երեխաների մոտ: Վերաքննիչ դատարանը ստորին ատյանի նման հաշվի է առել միայն հանձնաժողովի եզրակացությունը՝ գրելով, թե Մ. Մարտիրոսյանը նույնիսկ դրա դեմ առարկություն չի ներկայացրել: Մերին պնդում է, որ թղթերի մի մեծ տրցակ էր տարել դատարան՝ պնդելու, որ տրված եզրակացությունն օբյեկտիվ չէ, այնինչ դատարանը չի լսել իրեն: Հոգեբան Ա. Հովհաննիսյանի ասածներից դատարանը կենտրոնացել է միայն Սիրանուշի մասով ասվածի վրա՝ «մոր ներկայությունը դստեր եւ հոր հանդիպման ժամանակ ցանկալի է երեխայի շահերից ելնելով»: Այսինքն՝ ըստ դատարանի՝ մոր ներկայությունը պարտադիր չէ, իսկ ու՞ր մնաց Սամվելի վերաբերյալ մասնագիտական կարծիքը՝ «մոր ներկայությունը հայր եւ որդի հանդիպման գործընթացում խիստ անհրաժեշտ է»:

Թե Սիրանուշը, թե Սամվելը մանկական հոգեբուժական դիսպանսերում դիմում են գրել՝ հայտնելով, որ համաձայն են հանդիպել հոր հետ միայն մոր ներկայությամբ: Մերին իր տեղը չի գտնում այն բանի պատճառով, որ իր բողոքին ի պատասխան Հայկի իրավաբանները գրել են, թե դատական նիստի ժամանակ «Սամվելը եւ Սիրանուշը հայտնեցին, որ սիրում են հայրիկին, իսկ Սիրանուշը հայտնեց նաեւ, որ ուզում է հայրիկին հանդիպել, սակայն վախենում է մայրիկից»:

Մայրն ասում է, որ Սիրանուշը նույնիսկ լաց է եղել, երբ իր մասին այս տողերը կարդացել է, ու ասել. «Մամա, ես նման բան չեմ ասել»: «Դատարանի դահլիճում ձայնագրվածը իմ մոտ կա, տանը դրած է: Երեխաներս ասում են՝ առանց մամայի չենք գնա: Տղաս հարձակվել էր պապայի վրա ու ասում էր՝ դու մարդասպան ես, դու բանտ պիտի նստես, ես քեզ հետ չեմ գա,- պատմում է Մերին,- նա նույնիսկ թղթերի մեջ չի գրում Պապյան Սամվել Հայկի, գրում է Պապյան Սամվել Մամայի: Երեխաներն ուրիշ պատկերացումներ ունեն, որովհետեւ ամբողջ կյանքում տեսել են, թե ոնց է պապան մամային ծեծել»:

Վերաքննիչ ատյանը (դատավորներ՝ Կարինե Հակոբյան, Տիգրան Սահակյան, Տարոն Նազարյան) կողմերին առաջարկել է ժամանակավոր՝ 6 ամսով, տեսակցությունները նշանակել մոր ներկայությամբ, սակայն Հայկը դեմ է արտահայտվել: Մերին ասում է, որ եթե իր ներկայությամբ հայրը հանդիպի երեխաներին, որեւէ խնդիր չի լինի. «Մենք 5-6 անգամ հանդիպել ենք տարբեր առիթներով, այդ թվում՝ երեխաների ծնունդների ժամանակ: Այդ ամենը ես ուզում էի ասել դատարանում, բայց դատավորը փակեց բերանս, ասում է՝ մենք դրա հետ գործ չունենք, ես էլ ասում եմ՝ իմ ներկայությունը որեւէ կոնֆլիկտ չի առաջացնի: Հայկն էլ ասաց՝ ես էս կնկա ներկայությամբ իմ երեխեքին մի րոպե էլ չեմ տեսնի»:  

Մայրը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, սակայն մեծ հույսեր չի կապում երկու ատյանում մերժվելուց հետո: Նրա ցանկությունը մեկն է միայն. ներկա լինել հոր եւ երեխաների տեսակցության ժամանակ: Այսքանից հետո զարմանալի է խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ու դատարանի այն մոտեցումը, թե մոր ներկայությունը բացասական կլինի: Փաստորեն, կնոջը ծեծելու պատճառով դատված ամուսինը դեմ է մոր ներկայությանը, ու միակ ճանապարհը, ըստ վերոնշյալ կառույցների, մորից հեռու հանդիպում կազմակերպելն է: Ակամա հիշում ես հայտնի խոսքը՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր…  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter