
Կառավարության և «Այ-Բի-Էմ» ընկերության միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող «Այ-Բի-Էմ» (IBM) ընկերության կենտրոնակայան: «Այ-Բի-Էմ» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:
Աշխատանքային խումբը մինչև 2013 թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և «Այ-Բի-Էմ» ընկերության միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:
«Այ-Բի-Էմ» ընկերությունն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում:
Մեկնաբանել