HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ստեղծվել է համակարգչի տարրական ուսուցման էլեկտրոնային դասագիրք՝ չտեսնող մարդկանց համար

Երաժիշտ Նորայր Աղասյանը տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար համակարգչի տարրական ուսուցման դասագիրք է գրել:

Նորայրը, ով ևս տեսողության հետ կապված խնդիր ունի, համակարգչին տիրապետում է արդեն մոտ 10 տարի: Նա ինքնուրույն է սովորել օգտվել համակարգչից՝ առանց որևէ մեկի ուղղորդման: Երաժիշտն այժմ իր բոլոր ստեղծագործությունները գրում է համակարգչի միջոցով ու նաև ծրագրավորումից գլուխ հանում, բայց երբ առաջին անգամ պետք է օգտվեր համակարգչից, նույնիսկ միացման կոճակը չգիտեր: Դասագիրքն էլ Նորայրը գրել է համակարգչին բացարձակապես չտիրապետող մարդկանց համար՝ իրեն հանդիպած դժվարությունները հաշվի առնելով:

Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ օգտվում են համակարգչային խոսող ծրագրերից (JAWS, NVDA), որոնք բարձրաձայն կարդում եմ համակարգչում գրեթե ամեն ինչ: Օրինակ՝ եթե ծրագիրն ասում է, որ տվյալ ֆայլը mp3 ֆորմատի է, չտեսնող մարդը կհասկանա, որ դա աուդիո ֆայլ է: JAWS-ը կարող է բարձրաձայն ասել, թե ֆայլը երբ է ստեղծվել, ինչ ծավալի է, տեքստի տվյալ տառը ինչ գույնի է:

«Համակարգչի տարրական ուսուցանում տեսողական խնդիրներ ունեցողների համար» գիրքը 28 դասից կազմված տեքստային ֆայլ է, որում Նորայրը բացատրել է, թե որն է ստեղնաշարի վրա մատները դնելու ճիշտ դիրքը՝ արագ տպելու համար, որ մատը քանի ստեղնի վրայով որ ուղղությամբ սահեցնել՝ պետք եկած տառի ստեղնը սեղմելու համար: Նորայրը նկարագրել է համակարգչի տուփը, դիմային կոճակները, գրել, թե որ կոճակը սեղմելիս ինչ ձայն է լսվում:

Գրքում բացատրվում են ստեղնաշարի որոշակի ստեղների համադրությամբ ստացվող ֆունկցիաները, նախնական կարգավորումները, խոսող ծրագրերը միացնելու, դրանցից օգտվելու, համակարգիչն անջատելու ձևը, ֆայլի տեսակները (տեքստային, գրաֆիկական, աուդիո և վիդեո ֆայլեր), տարբեր տեսակի ֆայլերի հետ կատարվող գործողությունները, նկարագրվում աշխատանքային սեղանը (desktop) և այլն:

Գրքում մի մեծ բաժին տրամադրված է ինտերնետից օգտվելուն: Բացատրվում են նաև բրաուզերները, skype-ը, outlook-ը, FineReader ծրագիրը, որը թղթի վրա տպագրված տեքստը, սկան անելու դեպքում, վերածում է էլեկտրոնային տեքստի ու կարդում:

«Սա իրոք սկսնակների՝ այն մարդկանց համար է, ովքեր չգիտեն ոչինչ: Երբ գիրքը իրենք սովորեն, նույնիսկ կարող են արդեն կարդալով գնալ առաջ»,- ասում է Նորայր Աղասյանը:

Էլեկտրոնային դասագրքի ծավալը 80 էջ է: Նորայրը մտածում է գիրքը հետագայում տպագրել մեծ տառաչափով թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար:

Նա դասագիրքն ուղարկել է ծրագրի նախաձեռնող ու ղեկավար Լուսինե Դավթյանին, ով այն արտագրել է բրալյան համակարգով, ստուդիայում կարդացել այդ համակարգից ու ձայնագրել, իսկ Նորայրը մոնտաժել է ձայնագրությունը: Այսպիսով, տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ դասագիրքը կարող են լսել ոչ միայն տեքստային ֆայլից JAWS ծրագրի միջոցով, այլև աուդիոֆայլով:

Հավանաբար այս ամիս դասագրքի CD-ն կտպագրվի մոտ 200 օրինակով, և կլինի շնորհանդեսը: CD-ի մեջ ներառվելու են դասագրքի տեքստային և աուդիո տարբերակները, ինչպես նաև դասագրքում ուսուցանվող բոլոր ծրագրերի ինստալյացիոն փաթեթները:

CD-ն բարեգործական է և չի վաճառվելու, այլ տրամադրվելու է տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց: Ծրագիրը ֆինանսավորել է «Վիվասել» ընկերությունը:

Նորայրը, ով նաև «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի նախագահն է, ասում է, որ շատ չտեսնողներ արդեն գիտեն դասագրքի մասին ու սպասում են դրան: «Մեկը մեկին ասելով՝ կիմանան»,- ասում է նա: Նորայրը մտածում է դասագիրքը նաև ինտերնետում տեղադրել, որպեսզի Հայաստանից դուրս ապրող մարդիկ ևս կարողանան օգտվել:

Նորայրի խոսքով՝ չտեսնող մարդկանց համար նման դասագիրք հայերենով գրվում է առաջին անգամ: Իսկ օտար լեզուներով, օրինակ՝ ռուսերենով, նման գրքեր կան:

Նա ասում է, որ Հայաստանում չտեսնողները վատ են տիրապետում համակարգչին: Երեք տարի առաջ Նորայրի ճանաչած չտեսնող մարդկանցից միայն 2-3-ն էր օգտվում համակարգչից, ընդ որում՝ շատ քիչ բան էր կարողանում անել: «Մի քանի հոգի կային, որ համակարգիչ ստացել էին, բայց վախենում էին միացնել: Ես նկատում էի, որ մի քանի ամիս չէին միացնում համակարգիչը»,- պատմում է Նորայրը:

Առհասարակ Հայաստանում տեսողության հետ կապված խնդիր ունեցող մարդկանց համար աուդիո գրքեր չեն ձայնագրվում (որոշ անհատներ մի քանի աուդիոգիրք ձայնագրել են իրենց սեփական և ոչ թե պետության նախաձեռնությամբ): Մինչդեռ, Նորայրի խոսքով, անգլերենով ու ռուսերենով կան անթիվ աուդիոգրքեր, հատկապես նոր գրվող բոլոր գրքերի հետ ստեղծվում են նաև դրանց ձայնագրված տարբերակները:

Դրանք նախատեսված են ոչ միայն տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր պարզապես ուզում են տրանսպորտով երթևեկելիս կամ որևէ այլ բանով զբաղվելիս աուդիոգիրք լսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter