HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տեր Վահրամը՝ Գանձասարի երեսպատման մասին. «Կաթողիկոսը չէ, որ պետք է առանձին վանքերի և եկեղեցիների խնդիրները հետապնդի»

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկություններ չունի 13-րդ դարի Գանձասար վանական համալիրի պարսպի երեսպատման վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դիրքորոշման մասին:

«Կփորձեմ ճշտել: Ավելի ուշ հեռաձայնեք, ես կկապվեմ Արցախի թեմի առաջնորդի հետ, կտեսնեմ՝ ինչ է»,- այսօր «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց տեր Վահրամը:

Մեր այն հարցին, որ երեսպատումը սկսվել է մոտ 20 օր առաջ, և մինչև հիմա կաթողիկոսը որևէ կերպ չի՞ հետաքրքրվել այդ մասին՝ տեր Վահրամը պատասխանեց. «Խնդիրը հետաքրքրվելու մասին չէ: Կա թեմակալ առաջնորդ, և թեմակալ առաջնորդն է զբաղվում իր թեմում գտնվող վանքերի և եկեղեցիների խնամքով, և կաթողիկոսը չէ, որ պետք է առանձին վանքերի և եկեղեցիների խնդիրները հետապնդի»:

Այնուամենայնիվ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն ասաց, որ կփորձի Գանձասարի պարսպի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ ճշտել և հայտնել: Սակայն մեր հաջորդ երկու հեռախոսազանգի ժամանակ տեր Վահրամն այլևս տեղեկատվական համակարգում չէր, իսկ իր բջջային հեռախոսին արված զանգերին էլ չպատասխանեց:

Արցախի թեմի առաջնորդարանում ևս այսօր ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Երեսպատման վերաբերյալ թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դիրքորոշումը մինչ այժմ հայտնի չէ:

Դեկտեմբերի 7-ին «Հետքի» հետ հեռախոսազրույցում Արցախի թեմի երիտասարդական ուղղության պատասխանատու, Արցախի երիտասարդական կազմակերպությունների Արցախի թեմին կից հոգևոր խորհրդի համակարգող Սամվել սարկավագ Մկրտչյանը ասել էր, որ հայտնի չէ՝ Արցախի թեմի առաջնորդը տեղյա՞կ է երեսպատումից, թե՞ ոչ, քանի որ Պարգև սրբազանն այդ օրերին գտնվել է ԱՄՆ-ում, իսկ այնուհետև՝ Երևանում:

«Երբ գա, իհարկե, բոլորս էլ ասելու ենք: Դա այնպիսի մի բան է, որ եթե դրանով հետաքրքրված եք, բնականաբար մենք էլ անտարբեր չենք կարող լինել»,- ասել էր Սամվել սարկավագ Մկրտչյանը և շեշտել, որ լիազորված չէ խնդրի վերաբերյալ որևէ բան ասել: Նա ևս այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Արցախի Վանք գյուղի 13-րդ դարի Գանձասար վանական համալիրի պարսպի երեսպատումը 15-20 օր առաջ վերսկսել է արցախցի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը:

Առաջին անգամ նա պարսպի երեսպատման աշխատանքներ սկսել էր իրականացնել 2011թ. ամռանը: Այն ժամանակ երեսպատման դեմ մեծ աղմուկ բարձրացավ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, և Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով երեսպատումը դադարեցվեց:

Դեպքի առթիվ 2011թ. հուլիսի 7-ին Գանձասար էին այցելել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ովքեր այժմ որևէ դիրքորոշում չեն հայտնում:

Գանձասար վանական համալիրը ոչ միայն Արցախի, այլև ընդհանրապես հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: Ճարտարապետները վանքի պարսպի երեսպատումը համարում են «հանցագործություն», «այլանդակում», «ծաղրուծանակ» և «գերիշխանության հաստատում հայկական երկու պետությունների նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter