ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Լեւոն Գուլյանի ինքնասպան լինելը հերքվել է



Փաստաբանները համոզված են, որ մեղավոր անձինք արդեն հայտնաբերվել են, բայց նախաքննությունը դեռեւս մեղադրանք չի առաջադրում

«Այն վարկածը, որ Լեւոն Գուլյանն ինքն է փորձել փախչել ոստիկանությունից եւ պատուհանից ցած նետվելով է մահացել, արդեն իսկ, իմ գնահատմամբ, նախաքննության ձեռք բերած մի շարք ապացույցներով հերքվել է»,- մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց փաստաբան Արամ Կարախանյանը` շեշտելով, որ իր կարծիքը հիմնված է նախաքննության ընթացքում ձեռք բերված մի շարք ապացույցների վրա:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա մայիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մահացած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի գործով դատաբժշկական փորձաքննություններից բացի` անցկացվել են նաեւ մատնադրոշմային, քիմիական-մանրաթելային եւ այլ փորձաքննություններ, որոնց արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն իսկ այդ վարկածը պետք է շրջանառությունից դուրս գա: Քննության համար արդեն այլ վարկած պետք է ընտրել, որի շրջանակում հավանական է դառնում, որ Լեւոն Գուլյանին սպանել են, եւ ոչ թե նա մահացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից փախուստի դիմելու հետեւանքով: Շուրջ 4 ամիս նախաքննություն է ընթանում Լ. Գուլյանի գործով, եւ այս պահի դրությամբ դեռեւս չկան առաջադրված մեղադրանքներ: Փաստաբանի ասելով` այն ապացույցները, որոնք այս գործի մեջ են, վաղուց պետք է մեղադրանք առաջադրած լինեին: 

Լ. Գուլյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությունը ծառայողական քննություն էր սկսել, որի արդյունքում 2 անձինք, ովքեր կապ են ունեցել այն աշխատասենյակի հետ, որտեղ գտնվել է Լ. Գուլյանը, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: «Այսինքն` ծառայողական քննության ընթացքում նրանք ունեցել են տվյալներ, որ կոնկրետ աշխատակիցներ եւ որոշակի պաշտոնյաներ առնվազն չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունը»,- հայտնեց Ա. Կարախանյանը: Վերջինս վստահ է, որ այդպիսիք շատ հեշտ հայտնաբերվել են, եւ նրանց նկատմամբ որոշակի իրավական գործողություններ պետք է կատարվեին ծառայողական քննության շրջանակներում, սակայն դրանք թողնվել են նախաքննությանը»: 

Փաստաբանի ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով` նախաքննությունն իրականացնող Երեւան քաղաքի դատախազությունը պատրաստվում է նախաքննության ժամկետը երկարաձգել եւս 2 ամսով: «Ամեն դեպքում, անավարտ գործողություններ կան, եւ զուտ այդ տրամաբանությամբ հնարավոր չէ նախաքննությունն ավարտել սեղմ ժամկետում»,- նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Կարախանյանը: Վերջինս ավելացրեց, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները բավականին միջնորդավորված են եւ սուղ, որովհետեւ նախաքննական մարմինը չի ապահովում քննության թափանցիկությունը, ինչը խոստացվել էր սկզբում` նկատի ունենալով կատարվածի աննախադեպ լինելը: Փաստաբանի ասելով` իրենք տեղյակ են միայն այն գործողություններին, որոնց եզրակացությունները տրամադրվել են ծանոթանալու համար. դրանք փորձաքննությունների արդյունքներն են, իրենց վստահորդի հարցաքննությունները եւ այն գործողությունները, որոնց մասնակից է դարձվել տուժողի իրավահաջորդը: Նշվածները տեղի են ունեցել նախաքննության սկզբում, իսկ հետագայում տուժողի իրավահաջորդը մասնակից չի դարձվել քննչական որեւէ գործողության, չնայած իրենց մասնակցությունն ապահովելու համար միջնորդություն են ներկայացրել` նախապես երաշխավորելով նախաքննության գաղտնիությունը: «Որոշումով մեզ մերժում չի տրվել, բայց տրվել է մի գրություն, որտեղ մոտավորապես այսպիսի միտք էր արտահայտված. «Մենք ձեզ մասնակից կդարձնենք այն գործողություններին, ինչին օրենքով իրավունք ունեք մասնակից դառնալու»: Այսինքն` քննչական մարմնի մոտեցումն այս գործին նույնն է, ինչ մյուս քրեական գործերով»,- ասաց Ա. Կարախանյանը:

Փաստաբանն այս գործով իրենց համար թիվ մեկ խնդիր է համարում այն, որ անկախ փորձագետների եզրակացությունն այդպես էլ չհասավ Հայաստան (hիշեցնենք, որ մայիսի 19-ին ԵԱՀԿ միջնորդությամբ Հայաստան եկան երկու անկախ փորձագետներ եւ անցկացրին դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին մասնակցում էր նաեւ պետական դատաբժշկական հանձնաժողովը): Թեպետ դիակի զննությունը համատեղ արվեց, բայց, Ա. Կարախանյանի կարծիքով, դա հանձնաժողովային չէր կարող համարվել, քանի որ ամենից առաջ երկու կողմերը միասնական լեզվին չէին տիրապետում, որպեսզի ընդհանուր հայտարարի գային: Բացի այդ, անկախ փորձագետները սկզբից եւեթ հայտարարեցին, որ կստորագրեն միայն իրենց եզրահանգումների տակ եւ չեն ստորագրի փորձաքննությանը մասնակից ցանկացած այլ բժշկի եզրահանգումը: 

«Սկիզբը շատ խոստումնալից էր, բայց հետագայում, պայմանավորված ժամկետից բավականին ուշացումով, մի քանի խնդրանք-նամակներից հետո միայն փորձագետներից մեկն ուղարկեց իրենց եզրակացության էլեկտրոնային տարբերակը»: Նշված եզրակացությանը փաստաբանները ծանոթանալու հնարավորություն տվեցին դատախազությանը եւ լրատվամիջոցներին: Փաստաբանը չի կիսում մամուլում արտահայտված այն տեսակետները, որ անկախ փորձագետների եզրակացությունը համապատասխանում է հայաստանյան փորձագետների եզրակացությանը եւ սենսիացիոն ոչինչ չկա այնտեղ: 

«Եթե նրանք հետազոտում էին նույն դիակը, անշուշտ, նրանց եզրակացությունները չէին կարող 180 աստիճան տարբեր լինել: Ի վերջո, վնասվածքները, որոնք ակնհայտ էին, մեր փորձագետները չէին կարող չտեսնել, միեւնույն ժամանակ, մեր եւ արտասահմանցի փորձագետները վնասվածքների ստացման եղանակները բնութագրելիս պետք է օգտագործեին քրեական իրավագիտության մեջ եղած մոտեցումները»,- ասաց փաստաբանը: Վերջինիս կարծիքով` նրանց եզրակացություններում որոշակի տարբերություններ կան: «Արտասահմանցի փորձագետների եզրակացությունում նշված է. «Կան վնասվածքներ, որոնք առաջացել են հարվածելու, խփելու հետեւանքով: Այսինքն` դրանով իսկ նրանք ընդգծում են, որ անձի նկատմամբ կիրառվել է բռնություն, որովհետեւ այդ վնասվածքներն ընկնելու հետեւանքով չէին կարող առաջանալ»,- ընդգծեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արամ Կարախանյանը: 

Այդուհանդերձ, ինչպես նշեց փաստաբանը, իրենց սպասումները չարդարացան, քանի որ փորձագետներն իրենց ասելիքը շատ ավելի «լղոզված էին գրել»` խուսափելով ուղղակիորեն պատասխանել նախաքննության առաջադրած հարցերին, որոնք ներկայացվել էին ե՛ւ մեր, ե՛ւ արտասահմանցի փորձագետներին: Նրանք նկարագրել էին վնասվածքները եւ ընդհանրացված եզրակացություն էին գրել` չպատասխանելով հստակ առաջադրված հարցերին, ինչը որոշակի խնդիրներ առաջացրեց: Կար հստակ ձեւակերպված հարց` արդյոք այդ բոլոր վնասվածքները հնարավո՞ր էր ստանալ մեկ անգամ բարձրությունից ընկնելուց, իսկ նրանք պատասխանել էին` կան վնասվածքներ, որոնք կարող էին առաջանալ բարձրությունից ընկնելուց: 

«Հարցերին հստակ պատասխանելը շատ կարեւոր էր, որովհետեւ նա բազմաթիվ վնասվածքներ ուներ, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանք հնարավոր չէր մի ընկնելով ստանալ: Մենք նաեւ տեսել ենք այն պատուհանը, որից, քննվող վարկածի համաձայն, նա ընկել է, եւ համոզվել ենք, որ այդ իրավիճակում ընկնելուց առաջացած ու ստացված վնասվածքներն իրար չեն համապատասխանում: Դա հասկանալու համար նույնիսկ մասնագետ պետք չէ լինել»,- ասում է Ա.Կարախանյանը: 

«Ինչու՞ փորձագետներն այդպես էլ չներկայացրին հանրության համար շատ սպասված եզրակացության պաշտոնական տարբերակը» հարցին ի պատասխան` Արամ Կարախանյանը հիշեցրեց այն միջադեպը, որի ականատեսն էր եղել եւ իրենց էր փոխանցել տուժողի ներկայացուցիչը: Փորձագետների հետ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանի ու Արամ Կարախանյանի ձեռք բերած պայմանավորվածությունը, որ նրանք մեկնելուց առաջ մամուլի ասուլիսով կներկայացնեն իրենց տեսակետը, անհայտ պատճառներով տեղի չունեցավ: Մամուլի ասուլիսն անցկացրեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը, որին նրանք չմասնակցեցին: Փաստաբանը նշեց, որ փորձագետներն այդ պահին պատրաստ էին որոշակի դատողություններ անելու եւ այդ օրը ներկայացել են ասուլիսին, բայց իրենց վստահորդից տեղեկացել են, որ մինչեւ ասուլիսը սկսվելը նրանց հրավիրել են առանձնազրույցի, որից հետո փորձագետները հայտարարել են, որ ասելիք չունեն ու հեռացել են շենքից: «Թե ով էր նրանց հետ հանդիպել, եւ ի՞նչ խոսակցություն էր ընթացել, հաստատապես չեմ կարող ասել, բայց միջադեպը որպես այդպիսին տեղի էր ունեցել»,- նշեց փաստաբանը:

Արամ Կարախանյանը բնական է համարում ՄԻՊ-ի` ասուլիսով հանդես գալը, որն ի պաշտոնե պետք է այս գործը պահեր իր ուշադրության կենտրոնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացու առեղծվածային մահվան համար: Թեեւ սկզբում պաշտպանն այդպիսի հայտարարություններ արեց, սակայն զարմանալի է համարում, որ հետաքրքրությունն այս գործի նկատմամբ սառել է: «Կարծում եմ, որ նա իբրեւ հեղինակավոր անձ կարող է պարտավորեցնել պետական մարմիններին կատարելու նպատակաուղղված ճիշտ քննություն»,- ասում է փաստաբանը: Պաշտպանի մամուլի քարտուղար Գրիգորի Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ դատախազությունից իրենց հայտնել են նախաքննության ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու մասին, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` պաշտպանին այլ մանրամասներ չեն փոխանցվել: Մամուլի քարտուղարն ավելացրեց, որ Պաշտպան Ա. Հարությունյանը նախաքննության վերաբերյալ իր տեսակետը կարող է հայտնել քննության ավարտից հետո: 

Մեր հարցին` նախաքննության ընթացքում եղե՞լ է ոչ օբյեկտիվ իրավիճակ, որով խախտվեին տուժողի իրավահաջորդի ու նրանց ներկայացուցիչների իրավունքները, փաստաբանը հայտնեց, որ նախաքննությունը շատ պասիվ վիճակում է: Քննության ընթացքում ականատես վկաներ են գտնվել, որոնք այս գործով անմիջապես իրենց վրա են կրել ոստիկանության աշխատողների անօրինական գործողությունների ազդեցությունը, նրանց նկատմամբ որոշակի խոշտանգում է կիրառվել. մարդիկ անօրինական պահվել են ոստիկանությունում, զրկվել են ազատ տեղաշարժվելու իրավունքից, ջրից ու սննդից: Եվրոպական համաձայնագրի բնորոշումով խոշտանգում է համարվում նաեւ մարդուն հոգեբանական ճնշման ենթարկելը, իսկ եթե հարցաքննության հրավիրվածը հարեւան սենյակից ծեծի ձայներ է լսում, որը տեղի է ունեցել այս գործով, դա խոշտանգում է: 

Փաստաբանն ընդգծեց, որ նշվածները նախաքննական մարմնին թույլ էին տալիս դրանք իրականացնողների նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Իրենք միջնորդություն են ներկայացրել` խնդրելով ծանոթացնել այդ շրջանակում կատարված գործողություններին եւ պատասխան են ստացել, որ ժամանակին ամեն ինչ կտրամադրեն: Ասվածից տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն երկու ենթադրություն են անում. առաջին` նախաքննական մարմինը դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրել, երկրորդ` առաջադրվել է մեղադրանք, բայց նրանք իրենց պաշտոնական պարտականությունը ժամանակին չեն կատարում եւ իրենց չեն ծանոթացրել այդ մեղադրանքին: «Երկու դեպքում էլ հետեւությունը մեկն է` նախաքննական մարմինը ճիշտ չի աշխատել: Եթե մենք այս հարցերի լուծումը չենք տեսնում, ուրեմն նախաքննության բացառիկ օբյեկտիվության մասին խոսելն ավելորդ է»,- եզրափակեց փաստաբանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ