HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Բարեփոխված» արդարադատության նախարարությունը

Երբ  արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանն ասաց՝ հիմա ես ո՞ւմ հավատամ, նկատի ուներ՝ ի՞նձ հավատա, թե՞ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գնել Ղալեչյանին: «Ուզում ես ասել՝ ես քեզ խաբու՞մ եմ»,- հարցրեցի ես ու պատասխանի չսպասելով՝ անջատեցի հեռախոսս, ջնջեցի Կարինե Քալանթարյանի հեռախոսահամարը՝ որոշելով այլեւս չզանգել որեւէ հարցով:

Երեք տարի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից այդ հիմնարկներում պահվող տարբեր անձանց այցելելու մեր խնդրանքներին տրվում է նույն մերժողական պատասխանը, չնայած հանրային կապերի բաժնի պետը փոխվել է: Այդ խոսակցությունը եղել է մոտ քսան օր առաջ: Որբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, վերջապես քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գ. Ղալեչյանից ստացանք մեր 2 գրավոր հարցումներից առաջինի պատասխանը, երկրորդի պատասխանը ստացանք այսօր: Նամակներին պատասխանել է, որովհետեւ անցած շաբաթ զանգահարել եմ նրանց վարչություն եւ ասել, որ գալիս ենք պատասխան գրությունները վերցնենք, չնայած նրանք մի քանի անգամ ասել էին, թե պատասխանել են: Որոշել էինք դատական հայց ներկայացնել՝ վիճարկելու Հրայր Թովմասյանի անգործությունը: 

«Հետքը» երկրորդ նամակն էր ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արման Վահանի Դավթյանից: Վերջինս աջակցություն է խնդրում՝ վերականգնելու արդարությունը, ինչին չհասնելու դեպքում սպառնում է դիմել ինքնասպանության: Ահա մի հատված այդ նամակից. «Հարգելի խմբագրություն, Մաշտոցի ՆԳ բաժնի քրեականի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ օպեր Արմանը եւ մի քանի ոստիկաններ ինձ, կնոջս՝ Սոնա Մկրտչյանին, եւ ընկերոջս՝ Արթուր Մանուկյանին, խոշտանգել են, էլեկտրաշոկով այրել են մեջքս, օպեր Արմանը պարկետով հարվածել եւ կոտրել է ձախ ձեռքիս մատները, ստիպում էին հանձն առնել իրենց թվարկած գողությունները, որոնք ես չեմ կատարել»:

Հանդիպելով Արմանի հարազատների հետ՝ միանգամից նամակ գրեցինք արդարադատության նախարարին: Ի վերջո, իսկապես չի բացառվում, որ Արմանը դիմի ինքնասպանության, այդ պարագայում պատասխանատվությունը նաեւ մեզ վրա է ընկնում: Ուսումնասիրելով այս գործը՝ գալիս ենք այն համոզման, որ հիմքեր կան մեղադրանք առաջադրելու մի քանի քննիչների: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նամակ ենք գրել՝ նշելով. «Խնդրում ենք Ձեր թույլտվությունը, որպեսզի «Հետք» էլ. թերթի լրագրող Արարատ Դավթյանն այցելի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հարցազրույց անցկացնի այնտեղ պահվող Արման Դավթյանի հետ (վերջինս համաձայն է): Հարցազրույցի թեման վերաբերելու է վերջինիս առաջադրված մեղադրանքին»:

Նամակը հասցեագրել էինք Հրայր Թովմասյանին, քանի որ նրա նշանակումից հետո մեր թերթի աշխատակիցներին արգելում են մուտք գործել որեւէ քրեակատարողական հիմնարկ: Գիտեմ, որ նախարարը խիստ զբաղված է բարեփոխումներով, հայտնի է, որ նա որոշակի վերաբերմունք ունի ազատազրկման վայրերում գտնվողների նկատմամբ : Բայց  դրանք չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի նա ոտնահարի դատապարտյալի եւ լրագրողի իրավունքները:

Մեր երկու նամակներին էլ Գ. Ղալեչյանը պատասխանել է, թե «աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով առայժն հնարավոր չէ իրականացնել հարցազրույցը»: Երեք տարի առաջվա մերժման տեքստն էլ է նույնը: Եւ տարիների մերժումներն էին պատճառը, որ նամակն ուղղել էինք բարեփոխումներ իրականացնող նախարարին: Որովհետեւ նախապես գիտենք, թե ինչ է պատասխանելու Գ. Ղալեչյանը: 

Պարոն նախարար, Ձեր ենթակայության տակ գտնվող ազատազրկման վայրերում գերծանրաբեռնվածության խնդիր չկա, երբ ցանկանում եք՝ տասնյակ լրագրողների տանում եք միջոցառումների, այցերի: Եթե այդքան ծանրաբեռնված եք, ապա ինչպե՞ս է Հովհաննես Թամամյանի մոտ հայտնվում դատախազության մի պաշտոնյա եւ նրա Ծաղկաձորի տան վերաբերյալ սակարկություններ անում: Եւ սա ընդամենը մի դեպք է: Այսուհետեւ ստիպված պետք է հերթապահություն սահմանենք քրեակատարողական հիմնարկների շրջակայքում, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ աշխատանքով է գերծանրաբեռնված այդ հիմնարկների աշխատակազմը:  

Մեկնաբանություններ (8)

DAVID
Արդարադատության նախարարը չգիտի ինչ ա անում, իրա քիթը խոթում ա էնտեղ, որտեղ ընդհանրապես անելիք չունի
Վ. Առաքելյան
Հարց է ծագում, ինչ որ օպերներ, ոստիկաններ, ՆԳ բաժնի քրեականի կամ այլ պետերի ցուցմունքով, փակ բանտում խոշտանգում, էլեկտրաշոկով այրում, հարվածելով եւ ձեռքի մատները կոտրելով, կամ ասենք բռնաբարելով /վրաստանի հանրահայտ դարձած բանտում, գաղտնի տեսախցիկով նկարահանված եղանակով/ ստիպում են բոլորովին անմեղ անձանց հանձն առնել իրենց թվարկած գողությունները, այդ դեպքում, հանցագործների այդ մեծագույն ոհմակի դեմ ինչպես կարելի է պայքարել, եթե ոչ լրագրողների և օրենքի միջոցով: Իսկ եթե ընդհանրապես գոյություն չունի դեպի փակ կալանավայր լրագրողների մուտքը ապահովող գործող օրենք, ապա այդ դեպքում օրենքը ոհմակներին ծառայող օրենքն է:
hasmik
բարեփոխված նախարարից հետո կտրուկ բարձրացել է դատավճիռների գները, մոտ 3 անգամ, օրենքը գոյություն չունի, միայն փող, այն էլ շատ, բանտերը լցրել են անմեղ մարդկանցով, գերծանրաբեռված խցերով կալանավայրերը այնպիսի շահույթ է բերում բարեփոխված նախարարին, որ անգամ Լֆիկը կերազեր, այնքան ուտելիք, որ դրսից բերվում է կալանավայրեր, փոխանակ իրենք ապահովեն, որովհետև պետական բյուջեն փող է տրամադրում, բայց բարեփոխված նախարարին դա ձեռք չի տալիս, էլ չեմ ասում մահճակալի , հեռախոսի, տեսակցության և այլի համար հավաքված փողերը աստղաբախշական թվեր են կազմում, և այս բորորը հովանանորվում է ամանաբարձր մակարդակով, ինչքան շատ կալանավոր, այնքան լավ
Հարութ
մենք արդարադատություն չունենք. նախարարն ում է պետք. շուտով երկիրնել կկորցնենք. կրակնենք ընկել սրանց ձեռը.
hasmik
արդարադատության նախարարը դեռ չի հասկանում թե ինչ է մարդու իրավունքը, որ ինքը էդ ոչ չեղած պաշտոնին թիկնել է մարդու իրավունքները պաշտպանելու համար, ոչ թե ոտնահարելու համար
Գեւորգ
Ճիշտն ասած՝ Հ. Թովմասյանը կարգին, ինտիլիգենտ ու բանիմաց մարդու տպավորություն էր թողել ինձ վրա: Հիմա շատ ցավալի է, որ լռում է այսպիսի ահավոր դեպքի վերաբերյալ: Ինչու անմիջապես արձագանք ու միջոցառումներ չեն եղել? Չէ որ դժվար չէ կռահել թե հիմա այդ խեղճի գլխին ինչ երկանք են աղում այնտեղ: Թող տղամարդկություն ունենա գոնե այս ոչ մեծ գործը հասարակության առաջ ազնվորեն բացի: Կամ ասի թե ումից է վախենում, ինչն է խանգարում? Թե դրա համար էլ է նախագահի հատուկ ցուցումը պահանջվում, այլապես ինչի համար է ջայլամային անհասկանալի լռությունը? Եթե իրեն քարի արանք են դրել, թող թքի հեռանա, որ ծերության ժամանակ խիղճը չտանջի: Մեծադղորդ հանրային խորհուրդն ինչու չի խառնվում? Իրավապաշտպանն ինչ է ասում? Մի Էդիկ Բաղդասարյան ինչ կարող է անել մարդակեր սիստեմի դեմ? Եթե կարծում եք լռության մատնելով կարելի է խայտառակությունից փրկվել, ապա միամիտ ու սխալ մոտեցում է, դա միայն խորացնում է անվստահությունն ու զզվանքը: Ով ով, Վ. Գասպարյանը պիտի որ սա լավ հասկանա ու ճիշտ կողմնորոշվի:
Անահիտ
Շատերն են հիասթափություն ապրել նախարար Հրայր Թովմասյանի անձից: Մանավանդ, երբ նա խուսափում է կատարալ անձամբ տված խոստումները, որոնց կատարումը մեծ ջանքեր և պատասխանատվություն չի պահանջում: Այս աշխարհում ապրելն ավելի հեշտ կլիներ, եթե մարդիկ երևային այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան:
samvel
արդարուրություն,արդարադատություն,օրենք և իրավունք անհետ չվեցին այս երկրից,իսկ նախարարարը մնաց ...դե մեր նախարարները դրանց կարիքը հազվադեպ են ունենում;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter