HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Human Rights Watch»-ը կոչ է անում կասեցնել Մատաղիսի գործով մեղադրանքը և խոշտանգումների առնչությամբ քննություն սկսել

պրն. Աղվան Հովսեփյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
ՀՀ, Երևան 0010
Վ. Սարգսյանի 5
Էլ.փոստի միջոցով: [email protected]

Հարգելի պրն. Հովսեփյան,

Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ:

Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի առնելով, որ բռնությունների ներքո արված խոստովանությունը դեռևս մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնական ապացույցն է, մենք նաև կոչ ենք անում դատախազությանը կասեցնել մեղադրանքը, քանի դեռ այդ քննությունը չի իրականացվել:

2005 թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ իրենց ծառայակիցների սպանության մեղադրանքով: 2006 թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել է ցմահ ազատազրկման: Սակայն 2006 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին:

Ինչպես հասկանում ենք, դատախազությունըշարունակել է մեղադրանք ներկայացնել Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին և 2008 թ. գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան: Նաև ինչպես հասկանում ենք, ոչ դատարանները, ոչ էլ դատախազությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ այս լուրջ պնդումների առնչությամբ անկախ, հրատապ, ամբողջական և արդյունավետ քննություն չեն իրականացրել:

2008 թ. մայիսին Շիրակի մարզի դատարանը նույն գործով նոր դատաքննություն է սկսել Սարգսյանի, Սերոբյանի և Զալյանի դեմ, այս անգամ մեղադրելով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, որը հանգեցրել է երկու զինծառայողի մահվան: Սա երկրորդ անգամն է, որ նրանց նկատմամբ դատաքննություն է իրականացվում նույն միջադեպի վերաբերյալ:

Առանց մեղադրյալների անմեղության կամ մեղավորության վերաբերյալ որևէ դիրքորոշում ունենալու՝ մենք խորապես մտահոգված ենք, որ նոր մեղադրանքները կրկին մեծ մասամբ հիմնված են մեղադրյալներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքի վրա: Բավական հիմքեր կան հավատալու, որ խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգումների և դաժան ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվելուց հետո:

Սարգսյանը նախ հայտնել է իր փաստաբանին և ապա դատարանին, որ երբ առաջին անգամ՝ 2004 թ. ապրիլի 19-ին, հարցաքննվել է որպես վկա, ինքը մի քանի օր շարունակ զինվորական դատախազության քննիչների կողմից ենթարկվել է դաժան ծեծի և հոգեբանական ճնշումների, որի արդյունքում խոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին:

Սարգսյանը հայտնում է, որ քննիչները, ձեռքերը ետևում կապելով, ձեռնաշղթաներ են հագցրել իրեն և այդ դիրքով ծեծել: Նրանք նաև սպառնացել են, որ կբռնաբարեն իրեն: Խոստովանության տեսագրության մեջ Սարգսյանի դեմքն ուռած է և կապտած, որը հստակ վկայում է, որ նա խոստովանությունից առաջ վատ վերաբերմունքի է արժանացել:

Հետագայում՝ նախաքննության և դատաքննության ընթացքում, Սարգսյանը պնդել է իր անմեղությունն՝ ասելով, որ իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունք տալ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ներքո: Մյուս մեղադրյալները՝ Սերոբյանը և Զալյանը, նույնպես Սյունիքի մարզի դատարանում առաջին դատաքննության ժամանակ հայտնել են, որ քննիչների կողմից խոշտանգումների են ենթարկվել հարցաքննությունների ժամանակ, և երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Սյունիքի մարզի դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի միջնորդությունները, որոնք ներկայացվել են խոշտանգումների վերաբերյալ բողոքները հիմնավորելու համար: Օրինակ՝ դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունները՝ զննելու այն սենյակի հատակը, որտեղ նրանք հարցաքննվել են: Ըստ պաշտպանական կողմի՝ Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին խոշտանգելու հետևանքով հատակին արյան հետքեր կան:

Դատարանը նաև հրաժարվել է զննել բժշկական փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել այն հիվանդանոցից, որտեղ Սարգսյանը տարվել է հացադուլի ընթացքում: Փաստաթղթերում նշված են բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնց մի մասը ծեծի արդյունք է:

Միջազգային համաձայնագրերը, որոնց կողմ է նաև Հայաստանը, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը և խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, պահանջում են խոշտանգումների կիրառման միջազգային և բացարձակ արգելքի պահպանում:

Այս համաձայնագրերը նաև շեշտում են, որ խոշտանգումների ներքո արված հայտարարությունները չեն կարող վկայակոչվել որպես ապացույց՝ բացառությամբ խոշտանգումներ իրականացնող անձի դեմ:

Միջազգային իրավունքը նաև պարտավորեցնում է երկրներին երաշխավորել մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ քրեական վարույթն իրականացվի՝ ըստ համապատասխան հիմնարար ընթացակարգերի: Այս չափանիշերը չպահպանելը Հայաստանի միջազգային պարտավորությունների լուրջ խախտում կլինի:

«Human Rights Watch»-ը հավատում է, որ հաշվի առնելով այս գործում առկա խոշտանգումների վերաբերյալ հավաստի պնդումները և Հայաստանի պարտավորությունները՝ շատ կարևոր է, որ խոշտանգուների առնչությամբ շտապ ևամբողջական քննություն իրականացվի, և մեղադրանքը կասեցվի մինչև քննության ավարտը:

Շնորհակալություն այս հրատապ խնդրի վերաբերյալ Ձեր ուշադրության համար

Անկեղծորեն
Ռեյչլ Դենբեր
«Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն
2012 թ., դեկտեմբերի 17

Մեկնաբանություններ (1)

hasmik
Human Rights Watch-ն էլ է ընկել ՀՀ քաղաքացիների օրը, հաջորդը կգրի ՀՀ նաղագահին, ոստիկանապետին, նախագահի վերահսկողությանը... ինձ մնում է հաջողություն ցանկանալ այդ կազմակերպությանը ՀՀ-ում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter