HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ կենցաղային կարիքները. 2080 հատ ձեռքի օճառ, 280 հատ սեղանի անձեռոցիկ, 40 դույլ

2012թ. ՀՀ պետական բյուջեից «Ազգային ժողովի և պատգամավորների պահպանման համար» հատկացվել է 2.739.493.5 հազար դրամ, «կենցաղային և հանրային սննդի նյութերի համար»՝ 9.344.6 հազար, «սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստների համար»՝ 23.580.0 հազար:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից գրավոր հարցմամբ փորձեցինք ճշտել, թե ինչի՞ վրա են ծախսվել պետբյուջեից հատկացված գումարները: Նշենք, որ հարցման պատասխանը այնքան էլ դյուրին չստացանք: Մի քանի թերի ու կցկտուր պատասխանից ու մեր դժգոհությունից հետո ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը վերջապես ուղարկել է համեմատաբար ամբողջական պատասխան:

Ըստ ստացված պատասխանի՝ «Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանումը» ծրագիր է, որը ներառում է ԱԺ աշխատակազմի և պատգամավորների ամբողջ տարվա ծախսերը՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն:

2012-ին էլեկտրաէներգիայի, գազի ծախսը կազմել է 70918.3 հազ. դրամ, ջրի ծախսը՝ 15665.8 հազ. դրամ:

«Կենցաղային և հանրային սննդի նյութեր» տողով ձեռք են բերվել Ազգային ժողովի տնտեսական կարիքների համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ տարբեր մատակարար կազմակերպություններից:

Օրինակ՝ 1300-ական դրամով ձեռք է բերվել 280 հատ սեղանի անձեռոցիկ, 1100-ական դրամով՝ 40 հատ պլաստմասե դույլ, 550-ական դրամով՝ 30 հատ «սավոկ», 240-ական դրամով՝ 2080 հատ ձեռքի օճառ, 100-ական դրամով 1400 հատ 60 վատանոց լամպ և այլն: Այլ ապրանքների անունները և ձեռք բերելու գները ԱԺ-ն սրբորեն թաքցրել է և չի տրամադրել:

Ինչ վերաբերում է «սոցիալական օգնությանը», ապա դա օրենքով նախատեսված, 131 պատգամավորին հատկացվող 15.000-ական դրամն է, որը պատգամավորական գործունեության համար է:

Նշենք, որ 2010-ին ԱԺ-ն ավելի շատ օճառ է օգտագործել, քան այս տարի: 2010 թ. Ազգային ժողովը ձեռք էր բերել 2400 հատ ձեռքի օճառ, 280 լիտր հեղուկ օճառ, 240 կգ լվացող միջոց (ռախշա), 350 հատ հոտազերծիչ, 230 կգ մաստիկա և այլն: Քիչ չեն եղել նաև օգտագործած ավելները: Սենյակների համար գնվել էր 300 հատ ավել, իսկ բակի համար՝ 400:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Հետաքրքիր է, եթե որևէ մեկը առաջարկի այդ 70 մլն. դրամի փոխարեն ընդամենը 7 մլն դրամով նույն շռայլ քանակի էլ. էներգիան ապահովող փոքր ծավալի սարքի տեղադրում Ազգային Ժողովում, ապա կհամաձայնվեն թե՞ կմերժեն այդ փոխշահավետ գործարար առաջարկությանը, պատճառաբանելով, թե հավերժական շարժիչ երբեք չի հայտնաբերվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter