HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների խաղալիքներում թունավոր մետաղներ են հայտնաբերվել

Տոնավաճառներում և ոչ ֆիրմային խանութներում վաճառվող մանկական խաղալիքների ավելի քան 70 տոկոսը վտանգավոր է երեխաների առողջության համար, քանի որ պարունակում է տոքսիկ մետաղներ:

Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN- International POPs Elimination Network) գիտության ոլորտի խորհրդատու, ԱՄՆ-ից ժամանած Ջո ԴիԳանգին (լուսանկարում` աջից) իր հետ բերած հատուկ սարքավորումով հերթով ստուգում է Հայաստանի տարբեր խանութներից և շուկաներից գնված խաղալիքները: Նրանցից մեծ մասում կապարի, սնդիկի կամ այլ թունավոր մետաղների թույլատրելի սահմաններից բազաթիվ անգամներ գերազանցող մետաղներ կան: Ներկաներից մեկի երեխայի' մետրոպոլիտենի անցումներից մեկում գնված ատրճանակում կապարի բարձր պարունակություն է հայտնաբերվում: Սնդուկը (Ջո ԴիԳանգիի ձեռքին), որի բանալիները երեխաները բերանը տանելու սովորություն ունեն, նույնպես բարձր տոքսիկ նյութեր է պարունակում: 

Անմասն չէ նաև մանկական կոսմետիկան: Հայկական շուկայից գնված մանկական շրթներկի մեջ սնդիկի պարունակությունը 250 անգամ գերազանցում է թույլատրելի չափաբաժինը: Ստուգվածներից մաքուր է երեխաների սիրելի լեգոն:

2012թ.-ին Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN) 6 անդամ կազմակերպություն իրականացրել է երեխաների համար նախատեսված արտադրանքներում ծանր մետաղների պարունակության հետազոտություններ: Հետազոտվել է շուրջ 600 մանկական ապրանքատեսակ, որոնք պատահականության սկզբունքով ձեռք են բերվել տարբեր շուկաներից և խանութներից' Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Այս երկրներից գնված բոլոր խաղալիքները բերվել են Հայաստան, իսկ ստուգումներ իրականացրել է դոկտոր Ջո ԴիԳանգին:

Հիմնականում ուշադրություն է դարձվել մկնդեղի, ծարիրի (сурьма), կապարի և սնդիկի պարունակությունների վրա, չնայած որոշվել է նաև այլ թունավոր մետաղների, օրինակ, կադմիումի և քրոմի խտությունները: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում:

Ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանում նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 %-ը պարունակում է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Հայաստանում ծրագրի անդամ կազմակերպությունը «Հայ կանայք' հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն է: ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանն ասում է, որ խաղալիքները ձեռք են բերել թե' ֆիրմային խանութներից, թե' տոնավաճառներից, թե' ոչ ֆիրմային խանութներից: Եթե ֆիրմային խանութներում իրենք պահանջել են սերտիֆիկատ և որոշ տեղերում նրանց ցույց են տվել միայն սերտիֆիկատի առաջին էջը, ապա տոնավաճառներում կամ մյուս ոչ ֆիրմային խանութներում տեղեկություն էլ չեն ունեցել, թե դա ինչ է, որտեղից պետք է վերցնեն, ինչի համար է նախատեսված:

Խաղալիքների վրա պարտադիր է հայերեն մակնշումնը` արտադրության, ծագման, պարունակության մասին, սակայն որևէ հայերեն գրություն դժվար է գտնել խաղալիքի վրա, բացառությամբ հայրենական արտադրության որոշ տեսակների: Հայերեն մակնշման բացակայության համար նախատեսված է տուգանք` 50-100 հազար դրամի չափով, ինչը մասնագետները շատ քիչ են համարում և գտնում են, որ պետք է ավելացնել տուգանքի չափը: 

«Այն պիտակները, որոնք կպցված են խաղալիքների վրա, չեն ներկայացնում բոլոր տվյալները, որոնք պետք է լինեին խաղալիքի վրա, այսինքն' գնորդը չի էլ կարող կողմնորոշվել' դա լավ խաղալիք է, թե ոչ: Եվ նույնիսկ տոնավաճառի խաղալիքներից այնպիսի հոտ էր գալիս, և լպրծուն ու կպչուն նյութեր էին, որ առանց լաբորատոր հետազոտության էլ երևում էր, որ դրանք որակով չեն, և փաստորեն դուրս եկավ, որ մետաղների պարունակությունը այդ խաղալիքներում բարձր է»,- ասում է Լ. Սիմոնյանը:

Ուսումնասիրված խաղալիքներից երկուսը հայկական արտադրության են եղել, որից մեկում' այբբենարանի տառերը նկարած լեգոների վրա որևէ մակնշում չի եղել ընկերության և արտադրություն իրականացնող կազմակերպության մասին:

Հայկական մյուս ընկերությունը «Մամուշ» ՍՊԸ-ն է, որի ուսումնասիրած փափուկ խաղալիքներից մեկի ոտքի թելերի կամ դրանց ներկի մեջ է եղել տոքսիկ մետաղի թույլատրելիից բարձր պարունակություն, սակայն ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ շատ արագ այդ թերությունը կվերացվի, և իրենք այլևս այդ նյութերը չեն օգտագործի: 

Հետազոտությունների արդյունքները ծրագրի մասնակից երկրների ներկայացուցիչները մտահոգիչ են համարում, քանի որ երեխաներն ամեն ինչ բերանը տանելու սովորություն ունեն, և դրա հետևանքով ենթարկվում են ծանր մետաղների լրացուցիչ ազդեցության:

Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը: Մասնագետները օրինակ են բերում. հողում, որի վրա քայլում են երեխաները, կապարի թույլատրելի խտությունը 32 մգ/կգ է, իսկ ստուգված մանկական խաղալիքներում, որոնք երեխաները հաճախ կարող են դնել բերանը, այն տատանվում է 32 մգ/կգ -12 140 մգ/կգ սահմաններում, այսինքն' մոտ 350 անգամ գերազանցում էր թույլատրելի խտությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս' ավելի լավ է մեկ խաղալիք առնել ֆիրմային խանութից, մի քիչ էլ թանկ, բայց համոզված լինել, որ այդ խաղալիքը երեխայի առողջությանը չի վնասում, քան գնել 4-5 խաղալիք, որոնք կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության և կյանքի համար:

Խաղալիքների 80 տոկոսը Հայաստան են ներկրվում Չինաստանից: Երկօրյա սեմինարի ընթացքում, որը տեղի էր ունենում «Կոնգրես» հյուրանոցում, մասնագետները նշեցին, որ հարկավոր է խստացնել վերահսկողությունը մաքսակետում և առավել մանրազննին ստուգել ներկրվող խաղալքիները:

Այս ոլորտի վերահսկողությունը դրված է բնապահպանության, առողջապահության և էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման վարչության վրա: «Այդ լաբորատորաները չունեն այնպիսի սարքավորումներ և պայմաններ, որպեսզի կարողանան ժամանակակից մեթոդով, արագ հետազոտություն իրականացնել»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը:

Հանրապետական սանէպիդկայանի ներկայացուցիչը (չցանկացավ հրապարակել իր անունը) հավաստիացնում է, որ իրենք ստուգումներ իրականացնում են: Սակայն դժվարանում է հիշել, թե ինչ խաղալիքներ են ստուգել և ինչ են հայտնաբերվել' պատճառաբանելով, որ հանպատրաստից է եկել սեմինարին և տվյալների չի տիրապետում: Սանէպիդկայանի աշխատակիցն ասում է, որ իրենք ստուգումներ են իրականացնում այն դեպքում, երբ տեսչության կողմից հանձնարարական է տրվում' տարին մեկ կամ երկու անգամ: Օրինակ' ստուգվել են տարբեր խաղալիքներ' պլաստմասե, ռետինե, և հայտաբերվել են որոշ շեղումներ: Սանէպիդկայանի աշխատակիցն ասում է, որ իրենց ստուգած խաղալիքներում հայտնաբերվել է հիմնականում կադմիումի բարձր պարունակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter