HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Բաբուխանյանն ընդդեմ report.am-ի. այս անգամ վիրավորանքը գնահատվում է 1 մլն դրամ

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը իր պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորելու համար report.am կայքից, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանից և կայքի հրատարակիչ «Խմբագիր» ՍՊԸ-ից պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում:

Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սա որպես հայցապահանջի լրացում ավելացրեց:

Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանը արդեն երկրորդ հոդվածի հրապարակման համար է դատի տվել Էդիկ Անդրեասյանին: Այս անգամ նա պահանջում է հերքել report.am կայքում հրատարակված «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածը, քանի որ, ըստ հայցվորի, հոդվածը և դրա տակ արտահայտած կարծիքները վիրավորել են նրա պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Հայկ Բաբուխանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել իրենից, ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը հայցի բավարարման կամ մասնակի բավարարման դեպքում, ինչպես նաև վճարել փաստաբանական, դատական ծախսերը (8 հազար դրամ պետական տուրք), այսօր ավելացված պահանջով էլ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` 1 մլն դրամ փոխհատուցել հասցրած վիրավորանքի համար: Փաստաբանաը, սակայն, դեռ չհստակեցրեց, թե որքան են կազմում փաստաբանական ծախսերը, դատավոր Արայիկ Մելքումյանը պահանջեց հաջորդ նիստին հստակեցնել նաև դա:

Դատավորի հաշտության առաջարկին այդպես էլ կոնկրետ ոչ առաջարկ եղավ, ոչ էլ արձագանք: Հայցվորի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց հաշտվել, եթե պատասխանողները որևէ տարբերակ առաջարկեն, իսկ Էդիկ Անդրեասյանը նշեց, որ իրենց առաջարկած հաշտությանը Հայկ Բաբուխանյանն արդեն պատասխանել է` նշելով, որ պարտադիր հերքում է պահանջում և մինչ տվյալ փուլը դատական ու փաստաբանական ծախսերի փոխհատուցում, ինչին իրենք համաձայն չեն. «Ես չեմ պատրաստվում հերքել իմ հոդվածը»,- դատարանում հայտարարեց վերլուծաբանը:

Այսպիսով, նախնական նիստում Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Էդիկ Անդրեասյանի երկրորդ հոդվածի նախադասությունները և մտքերը, որոնցից վիրավորվել է Հայկ Բաբուխանյանը:

Ըստ այդմ` «ես ամեն ջանք թափել էի Հայկին հասկացնելու, որ կարիք չկա Դաշնակցության, «Ժառանգության» և մյուսների փեշերից կախվելով` հրապարակում մնալու խնդիր լուծելը: Իսկ ահա այս հոդվածով` ՍԻՄ ճամբարից միանգամայն հակառակ, բայց անպտուղ ջանքերն են գործադրել` Հայկ Բաբուխանյանի ու նրա կուսակցության անունը մասնավորապես Դաշնակցության քղանցքից կախելու և փոսից հանելու մտադրությամբ» արտահայտությունն ամբողջությամբ մեջբերեց, իսկ այն, որ «ճիշտն ասած` չգիտեմ ի՞նչ անել այն կեղծիքների ու բացահայտ սխալների հետ, որոնք, այսպես ասած, պատահաբար հայտնվել են Ձեր ստորագրությամբ լույս տեսած հոդվածում» արտահայտությունը, քանի որ վերագրվում է Հայկ Բաբուխանյանին, իսկ հոդվածագիրը Գայանե Զարգարյանն է, նույնպես վիրավորել է ՍԻՄ կուսակցության նախագահին:

«...Գայանե Զարգարյանը, հավանաբար նկատի ունենալով մեր կայքէջի հիմնադիր եւ «Խմբագիր» հաղորդաշարի ղեկավար Աբել Միքայելյանին, գրում է «ընկեր Աբել»: Այստեղ եւս ակնհայտ սխալ կա. Աբել Միքայելյանը Դաշնակցության անդամ չէ, հետեւաբար ճիշտ չէ նրան «ընկեր»-ով դիմելը, իսկ այլապես նա խնդրեց այս հետգրության մեջ ավելացնել ժողովրդական հայտնի խոսքը` «շները քեզ ընկեր», բայց ուղղված անշուշտ ոչ կնոջը, այլ նրա պատվիրատուին»` խմբագրության կողմից ավելացրած հետգրության մեջ փաստաբանաը հատկապես «շները քեզ ընկեր» արտահայտությունն առանձնացրեց: Եվ քանի որ նա ողջ հոդվածից ամբողջական նախադասություններ էր առանձնացրել որպես վիրավորանք, դատավոր Արայիկ Մելքումյանը պահանջեց հաջորդ նիստին հստակեցնել կոնկրետ բառերը կամ բառակապակցությունները, ինչպես նաև հոդվածի տակ տեղ գտած մեկնաբանություններում առկա բառերը, որոնք վիրավորական են հայցվորի համար:

Դատարանը նիստը հետաձգեց մինչը հունիսի 30-ը` ժամը 15:00-ն: 

Մեկնաբանություններ (2)

Խնկո Ապեր
Mleh Ishkhanian (Beirut)-ին` Դուն դժվար ալ հասկնաս:
vardan
Այ Հայկ Բաբուխանյան: Քո ու Ռոբերտ Քոչարյանների նմանները նախ պետքա բարի համբավ, արժանապատվություն ունենան , նոր դրանից հետո վիրավորվեն ու արատավորվեն: Եթե մի բանը չկա , ոնց կարողա չեղած բանի բարի համբավ արատավորվի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter