HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ից բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում նաև Հովիկ Աբրահամյանի պատգամավոր բարեկամուհին

Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը: Այս դրույթը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով: Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրին, որ փոխհատուցման գումարի չափը ամսական կազմում է 120 դոլարին համարժեք դրամ (այսօրվա դրությամբ` մոտ 48 հազար դրամ-հեղ.):

Ներկա դրությամբ փոխհատուցում ստանում են Ազգային ժողովի վեց պատգամավորներ` ՀՀԿ-ից Կարինե Պողոսյանը եւ Հայկ Գրիգորյանը, ԲՀԿ-ից`  Գրիգոր Գրիգորյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանն ու Խաչիկ Հարությունյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Կարինե Պողոսյանը Արարատի մարզից է: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է եւ մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենը: Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզվեց, որ ընտրվելու օրվա դրությամբ որպես եկամուտ հայտարարագրել է 3 մլն 544 հազար 671 դրամ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ հաշվեհամարին եղել է 600 հազար դրամ:

Կարինե Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի նիստերի օրերին ԱԺ ամեն օր գալիս է Արտաշատից: Հարցին, եթե ամեն օր Արտաշատից է գալիս, ինչո՞ւ է ստանում 120 դոլարին համարժեք փոխհատուցումը:

«Ես բնակարան վարձեցի, պայմանները չբավարարեց, հիմա տուն եմ փնտրում: Վարձածս տունը Դավթաշենում էր, դատարկ էր, նույնիսկ գույք եմ բերել դրել, բայց  չհարմարվեցի ու հիմա նոր տուն եմ փնտրում Կենտրոնում, դրա համար էլ գնում-գալիս եմ»,-ասաց Կարինե Պողոսյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք` արդյոք 120 դոլարով հնարավո՞ր է Կենտրոնում տուն վարձել: «Չեմ կարող, բայց ինչ անեմ, հատկապես ձմռան ամիսներին դժվար է գնալ-գալը, իսկ թե ինչքանով կվարձեմ… կվարձեմ, բայց ինձ հարմար տուն դեռ չեմ գտնում: Դավթաշենն էլ էր հեռու, չէր հարմարվում, դրա համար էլ հիմա Արտաշատից եմ գնում-գալիս»,-պատասխանեց պատգամավորը:

Հայկ Գրիգորյանը Գորիսից է եւ պատգամավոր ընտրվելուց առաջ աշխատել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: Որպես եկամուտ 28-ամյա պատգամավորը, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, հայտարարագրել է իր աշխատավարձը` 108 հազար դրամ, իսկ նրա հաշվեհամարին եղել է 0 դրամ: Որպես անշարժ գույք, Հայկ Գրիգորյանն ունի մեկ բնակարան:

Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քառօրյաների ժամանակ մնում է Երեւանում այդ ընթացքում էլ իր բարեկամները պատգամավորին ապահովում են ավտոմեքենայով, որ գնա աշխատանքի ու հետ վերադառնա: «Մի մոռացեք, որ ես մեծամասնական պատգամավոր եմ եւ չեմ կարող միշտ մնալ Երեւանում, տարածաշրջանում ընտրողների հետ հանդիպումներ եմ ունենում եւ այլն»,-ասաց պատգամավորը:

Նա հաստատեց, որ ամեն ամիս ստանում է 120 դոլարին համարժեք դրամ որպես բնակարանի վարձի հատուցում: «Բնակարան եմ վարձել Երեւանում: Իհարկե այդ գումարով հնարավոր չէ բնակարան վարձել, ինչ-որ գումար էլ ես եմ ավելացրել ու վարձել եմ»,-նշեց Հայկ Գրիգորյանը:

Գրիգոր Գրիգորյանը ծնունդով Արարատից է եւ ամենայն հավանականությամբ այնտեղ էլ ապրում է: Ըստ եկամուտների հայտարարագրի` նա ունեցել է 5000 եվրո, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենա, 0,207 հա տնամերձ հողամաս, 0, 264 հա այգի, ինչպես նաեւ 28 հա ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Պատգամավորից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նրա բջջային հեռախոսն անհասանելի էր:

Իշխան Խաչատրյանը Վեդիից է: Նա պատգամավոր է դարձել 2008թ.-ին: Գրեթե ամեն տարի նա ստացել է բնակարանի վարձի փոխհատուցման գումարը: Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզվեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 3 մլն 387 հազար 250 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Իշխան Խաչատրյանն ունեցել է 5 մլն դրամ եւ 7000 դոլար: Պատգամավորը հայտարարագրել է նաեւ «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա:

ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վանաձորցի է: Պատգամավոր է`  2008թ.-ից: Անդրադառնալով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագրին` նշենք, որ Խ. Հարությունյանի եկամուտը նույնպես գոյացել է աշխատավարձից` 3 մլն 466 հազար դրամ: Իսկ դրամական միջոցներով փոխհատուցում ստացող 6 պատգամավորներից ամենահարուստն է` 3 մլն 200 հազար դրամ եւ 32 հազար դոլար: Պատգամավորի կինը` Անահիտ Բոշյանը, 2011թ. ստացել է 888 հազար դրամի եկամուտ, որը դարձյալ աշխատավարձից է գոյացել:

ՕԵԿ-ական պատգամավորներից նույնպես պարզաբանում ստանալ չհաջողվեց. Նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Ամեն ամիս 120 դոլարին համարժեք դրամ ստանում է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե քանի պատգամավոր է ստանում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված փոխհատուցումը, սակայն նշեց, որ ինքն այն պատգամավորներից մեկն է, որին օրենքով հասնում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:

«Նշված գումարով անհնար է Երեւան քաղաքում բնակարան վարձել, որտեղ կլինի գույք եւ նվազագույն պայմաններ ընտանիքի հետ բնակվելու համար»,-ասաց Է. Մարուքյանը:

Պատգամավորի տեղեկություններով`հունվարի 1-ից տրվող գումարի չափը բարձրացվելու է, որպեսզի օրենքի խախտումը վերանա, քանի որ օրենքում հստակ գրված է. «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում »:

Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք ունի այդ գումարի կարիքը, թե՞ պարզապես օրենքով սահմանված իր իրավունքից է օգտվում: «Եթե Երեւանում բնակարան ունենայի կամ այլ եկամուտներ, որով կարողանայի այդ խնդիրն ինքս լուծել, ես կհրաժարվեի այդ բնակարանի վարձի փոխհատուցումից»,-պատասխանեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարագրին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 3 մլն 72 հազար 911 դրամի եւ 850 եվրո եկամուտ, որը գոյացել է տարբեր աշխատավարձերից ու դրանց հավասարեցված վճարումներից, ինչպես նաեւ հոնորարից: Պատգամավորի հաշվին եղել է 1 մլն 686 հազար 185 դրամ, 36 դոլար եւ 990 եվրո:

Է. Մարուքյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 1999թ. արտադրության «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ բնակարան, որը Երեւանում չէ:

Մեկնաբանություններ (1)

GB
I did not know, that Armenia's lady MP has oligarchy desire, as well !!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter