HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նահանջ դեպի ճշմարտություն

Ռազմիկ Մարկոսյան

Մարդիկ կան, որոնց կյանքը մի հանճարեղ բանավոր խոսքի պես հնչում ու անցնում է երկրի երեսից: Երանի նրանց, ովքեր մոտ են կանգնած լինում ու լսում են: Երանի վկաներին, քանի որ այդպիսի մարդկանց ապրելու արարողությունն անպատմելի է, ու անփոխանցելի է նրանց եզակիությունը` որպես մի աստվածաշնորհյալ արտոնություն: Այդ մարդիկ հանճարեղ ապրողներ են: Նրանք երբեք չեն սխալվում: Այդպիսիների վրիպումը մի ուրույն նշանակետ ունի: Նրանք սայթաքում են միայն դեպի վեր և նահանջում միայն դեպի ճշմարտությունը: 

* * *

Ես ճանաչում եմ նրանցից մեկին: Ի~նչ երանություն. ես ոչ միայն նրա կյանքի ինքնատիպ ընթացքի վկան եմ եղել, այլև նրա հարազատ եղբայրն ու մտերիմ ընկերը: Ես շեշտում եմ մեր ընկերության մասին, քանի որ եղբորս համար բոլոր տեսակի բարեկամական հարաբերությունները կիսատ էին, եթե դրանց միահյուսված չէր ընկերությունը: 

Օնիկը ծնողներիս ավագ որդին էր, իսկ ես` կրտսերը: Մեր միջև մեր բազմանդամ ընտանիքի միջնեկներն էին ու մեր տասնչորս տարվա տարբերությունը: Երկար ժամանակ էր պետք, մինչև որ տարիքային պատնեշն ընկրկեր ու մինչև որ ինձ էլ մեկնվեր ամուր  ընկերության ձեռքը:

Իսկ մինչ այդ ես նրա ունկնդիրն էի, նրա նշանակալից կյանքի հանդիսատեսը: Ասենք, տարիքն այնքան էլ կապ չուներ, բոլորի հայացքն էլ նրան էր ուղղված: Ծնողներինս էլ: Եղբորս հանդեպ նրանց վերաբերմունքը մի քիչ արտասովոր էր. ամեն ինչից առաջ, անգամ  սիրուց առաջ ակնածանքն էր: 

Օնիկը մեր տան չգրված օրենքն էր: Նա մեր սեղանը բաց պահողն էր, մեր դարպասի ծանրությունն էր, մեր խղճի թեթևությունը: Նա լույսի պես տարածվում, ընդգրկում էր ամենքիս, ու ամեն բան շտկվում էր մեկ առ մեկ:

Որտեղ էլ որ լիներ, նա դրության տերն էր, բայց ոչ իր կամքով: Նրան կարգում, թագադրում էին: Նա սխալներ չէր հանդուրժում. տեղին հաղթում, տեղին պարտվում էր, թագավորինը թագավորին էր  տալիս, աստծունը՝ աստծուն: Մարդիկ նրա շուրջը տարերք էին ստեղծում: Բոլորն իրենց չգտածը նրա մեջ էին փնտրում:  

Պատանեկան, տպավորվող տարիքում էի, երբ մեր տան հավաքների ժամանակ այնպիսի զրույցների էի ներկա լինում, որոնք աննկատ ձևավորում էին ինձ: Եղբորս հպանցիկ հայացքը թաքուն հետևում էր, թե ինչ հափշտակությամբ եմ լսում թեթև գինովցած Պարույր Սևակի հախուռն խոսքը, Վահան Միրաքյանի հետաքրքիր պատմությունները, Էդմոն Քեոսայանի հումորը: Օնիկի ընկերներից մի քանիսն այսօր իմ կողքին են, մյուսներից իմ մեջ մնացել է ինքնատիպ, խոհեմ, կենսասեր ու ստեղծագործ մարդու մի հավաքական կերպար` անչափ համակված իմ հարազատ եղբորով:

Ջերմ ու ոգեղեն այն երեկոներից հետո, ընկերներին ճանապարհելով` նա ինձ կանչում, նստեցնում էր կողքին, ձեռքը գցում էր ուսիս ու լավ տրամադրության պատճառով իր խիստ, մի քիչ ծնողական կեցվածքը մոռացած` «անմեղ» հարցեր ու իմաստուն խորհուրդներ էր տալիս: «Ճանապարհդ ճիշտ ընտրիր կյանքում: Ճանապարհ ընտրելիս ճակատագիրդ ես ընտրում»,- ասում էր նա` կարծես որպես ամփոփում` այդ երեկոյից ստացած իմ դասի:

Սովորաբար մարդիկ բարի գործ անելիս հաճույք են ստանում: Եղբորս ապրած օրն առանց բարի գործի չէր անցնում, բայց ինչ էլ որ աներ, համարում էր, թե իր պարտքն է կատարում: Հիշում եմ՝ ոնց էր մտահոգվում, որ Սևակի Չանախչիի տունը ճանապարհից շատ էր հեռու: Գյուղի ծայրը հասնելն անվերջ հոգս էր թե՛ տանտերերի, թե՛ հյուրերի համար: Խնդրի լուծումը տունը տեղաշարժելու չափ անհնար էր թվում: Բայց եղբայրս ելքը գտավ: Մայրուղուց ձախ թեքվող մի ճանապարհ կառուցվեց դեպի Չանախչիի ծայրը, գյուղը կարծես դեմքով շրջվեց, ու գյուղի վերջին տները նոր ճանապարհին ամենամոտ տները դարձան:  Այսօր գրողի երկրպագուները հենց այդ ճանապարհով են այցելում Սևակի՝ ուխտատեղի դարձած տունը: 

Այդպես հազար ու մի դժվարություն հաղթահարեցին նրա մտերիմներն ու հարազատները: Ի՞նչ խոսք, նա անչափ ուրախանում էր այդ ամենի համար, բայց դա ոչ թե բարություն անողի հրճվանք էր, այլ մտերիմ մարդու ուրախությունը կիսողի:

Այդպես էր ապրում իմ ավագ եղբայրը: Նրա շուրջը չպիտի լինեին անցանկալի իրավիճակներ, չլուծված խնդիրներ: Նա կարծես կոչված էր հարթելու ու հաղթահարելու դրանք:

Բայց ահա եկավ մի օր, երբ եղբայրս ստիպված էր մասնակցել մի դատավարության: Մեղադրյալի աթոռին ես էի նստած` որպես քաղաքական հանցագործ: Դա մի անտանելի տեսարան էր  հարազատներիս համար: Սովորության համաձայն` բոլորի հայացքը Օնիկին էր ուղղված: Իմ գործունեությունը, որքան էլ որ արդարացի էր ու օրինական, դատարանն այն որակեց որպես ոտնձգություն խորհրդային պետական համակարգի դեմ, ու սահմանվեց իմ պատժաչափը` չորս տարի խիստ ռեժիմի կալանք և երկու տարի աքսոր:

Դատավարությունից որոշ ժամանակ անց ես արտաքսվեցի` ՊԱԿ-ի «զգայուն» ուղեկցությամբ: Հեռվում մնաց այն ամենն, ինչ սիրելի էր ինձ` Հայաստանը, մեր տունն ու բակը, մեր տան հոգսաշատ մեծերն ու անհոգ փոքրերը, խոհուն հայացքով, պայծառ, իմաստուն իմ եղբայրը:

Ինձ տարան Մորդովիա: Էտապի ընթացքում լրացավ իմ 25-ամյակը: Այդ օրը հարազատներս հավանաբար վշտից կուչ եկած` մերթ հարցեր էին տալիս իրար ու մերթ սիրտ էին տալիս: Ես մտքով նրանց հետ էի, պատկերացնում էի բոլորին մեկ առ մեկ, բացի Օնիկից: Ես գիտեի, որ ինձ ոչինչ ու ոչ ոք օգնել չի կարող:  Դրա համար էլ նրան պատկերացնել  չէի կարողանում:  

Բանտային համակարգը քաղաքական կալանավորին տևական ժամանակ նույն վայրում չէր թողնում: Ինձ անընդհատ ճամբարից ճամբար էին տեղափոխում: Մորդովիայից Ուրալ, Ուրալից Ղազախստան, Ղազախստանից Մանգիշլակ` իմ բոլոր «ժամանակավոր կացարաններում» Օնիկը ինձ հետ տեսակցելու ելք էր որոնում, բայց դա նրան հազվադեպ էր հաջողվում, քանի որ համակարգը «սիրում էր» տեսակցությունից զրկումը կիառել իմ դեմ որպես պատժամիջոց: Պատահում էր, որ ինձ երկու օրվա փոխարեն տրվում էր ընդամենը երկու ժամվա տեսակցության իրավունք: Այդ դեպքում ես ինքս էի հրաժարվում` նկատի ունենալով ճանապարհի երկարությունն ու մյուս բոլոր դժվարությունները:

Երկու օր լիներ, թե երկու ժամ` մեր հանդիպումն անցնում էր երկու վայրկյանի պես: Այդ ընթացքում ես` հյուծված ու կարոտած, բայց մի զարմանալի ավյունով լեցուն, եղբորս ներկայացնում էի իմ պայքարի դրդապատճառներն ու նպատակները` վստահ, որ նա իր արդարամտությամբ կսատարի ինձ: Ինձ նրա գաղափարական ընկերակցությունն էր պետք ու համոզված էի, որ չեմ մերժվի: Բայց ամեն անգամ զարմանքով ու ցավով տեսնում էի, թե եղբայրս ինչպես է հակադրվում  ինձ: Նա մերթ հորդորում, մերթ պնդում էր կանգ առնել, ընկերներիցս շատերի պես հրաժարվել պայքարից: Բայց  ես հենց իրենից էի առնականության ու սկզբունքայնության դասեր առել ու երբեք չէի ընկրկում: Ես, որ եղբորս թույլտվությունը ստանալուց հետո անգամ իր ներկայությամբ չէի ծխում, նրա հետ ունեցած մեր տարաձայն զրույցների ընթացքում հակադրվում էի, չէի ընդունում ոչ մի զիջում, երբ խոսքը խորհրդային ապազգային քաղաքականությանն ու մեր ազգային հարցերին էր վերաբերում: Փորձում էի եղբորս ապացուցել, որ ինձ դատապարտողներն են հանցագործ, ոչ թե ես: Չէ՞ որ այն հանգամանքը, որ ես ազատությունից զրկված էի այն պատճառով, որ պահանջում էի հարգել ԽՍՀՄ սահմանադրությունը, որը ազգություններին տալիս էր հանրաքվեի միջոցով միության կազմից դուրս գալու ազատ իրավունք՝ նույնքան ազատ, որքան այդ կազմի մեջ մտնելու իրավունքն էր, ինչը, նախորդին հավասար օրենսդրական ուժ ունենալով հանդերձ՝ նախորդին հակառակ՝ խորհրդայնաբար ջատագովվում էր, հենց այդ հանգամանքն արդեն վկայությունն էր այն բանի, որ ես դատապարտված էի հանիրավի… Ընթացող ամեն օրվա մեջ ներկա էր մեր պատմական անցյալը, և ներկան անցյալի չափ պատմական էր ինձ համար:

Այսպես, տեսակցությունն ավարտվում էր, իսկ Երևանում եղբորս էին սպասում  կսկիծից մի բուռ դառած հարազատներս` անհույս հայացքները հառած անհայտին…

Իմ բանտարկությունից որոշ ժամանակ անց ՊԱԿ-ը սկսեց ընտանիքիս նկատմամբ ճնշումներ գործադրել: Ինչ-ինչ, բայց խորհրդային անվտանգության համակարգը լավ նշանառու էր: Առաջինը եղբորս հարվածեցին` միութենական նշանակության գործարանի տնօրենի պաշտոնից (մասնագիտությամբ նա օդաչու էր, տնտեսագետ, մեխանիկ, աշխատում էր ճշգրիտ էլեկտրասարքերի գործարանում) նրան «տեղափոխելով» այլ աշխատանքի: Գրքերի, բառարանների ու բազմաթիվ թարգմանությունների հեղիանակ քույրս, որ դասավանդում էր մանկավարժական ինստիտուտում, առանց որևէ բացատրության ազատվեց աշխատանքից: 37 թվից հազար տարի էլ անցներ, մուրճ ու մանգաղի երկիրը շարունակելու էր զգուշանալ մտածելու ունակ իր քաղաքացիներից, հասարակության հետ ունեցած նրանց շփումներից:

Անազատության մեջ օրերը կապարի քաշ ունեին: Նրանք չէին անցնում, այլ կարծես կիտվում ու ծանրանում էին իրենց տակ մնացած ամեն ինչի վրա: Իմ ուղեղում  ժամանակի անընդհատ փոփոխվող խեղապատկերն էր: Երբեմն այն սառցաբեկորի պես քարացած էր թվում, ու վայրկյանը` ժամից մեծ միավոր: Անցնող օրը երբեմն հալչում, ձուլվում էր նախորդին ու մտապատկերվում որպես ժամանակի հետընթաց շարժում: Այնուամենայնիվ, իմ զգացողությունից անկախ, տարիներն անցնում էին, ու մոտենում էր կալանքիս ավարտը: Իմ վերադարձին ընդամենը տասը օր էր մնացել, և ես մտքով արդեն իմ հայրենիքում էի, իմ տանը ու փորձում էի վերագտնել ժամանակի իրական ընթացքը, շոշափել ազատ լինելու օրինական արտոնությունս, երբ անսպասելիորեն ինձ փախուստի փորձ անելու մեղադրանք ներկայացվեց ու գործը հանձնվեց դատարան: Հանցակազմի իսպառ բացակայության պայմաններում ես կրկին դատապարտվեցի: ՊԱԿ-ի` պրոֆեսիոնալ ձեռնածուների մասնակցությամբ բեմադրված խաղ-դատավարությունը միանգամայն իրական դատավճիռ կայացրեց. պատիժս երկարաձգվեց 3 տարով: Դա մի հարվածով կորցրեց իմ չապրած օրերի` դժվարությամբ գումարված հաշիվը ու մսխեց հարազատներիս համբերության վերջին փշրանքները:

Իսկ եղբա~յրս: Երբ այդ անպատկառ դատավարությունից հետո տեսա նրան, նրա մեջ զարմանալիորեն չկար նախկին լարվածությունը: Նա զենքը վայր դրածի, ինքնակամ նահանջածի պես նայեց ինձ ու ասաց. «Քեզ միշտ մի բան էի ուզում ասել. երբեք  չզղջաս պայքարիդ համար»: Ես շանթահար եղա: Եղբորս հայացքից հասկացա հանկարծ, որ ամբողջ ընթացքում նա ինձ հետ գաղափարական պայքար է մղել սոսկ հանուն ինձ: Պատերազմ մեկնող մահապարտի հարազատի պես նա փորձել է ինձ իմ որոշումից հետ պահել: Ոնց էր ջանում ապացուցել, թե ես սխալ ճանապարհ եմ ընտրել, որ հայրենասիրության դրսևորման ուրիշ ձևեր էլ կան: Միայն թե կորստյան չմատնվեի, միայն թե կյանքս չտայի աշխարհի ճակատագիրն իր ճիրաններում պահող արնագույն աչքերով հրեշին: Բայց խաղն ավարտված էր, ու պարտություն էր կրել խաղն ինքը: Պարզապես հրեշի ներուժը հաշվարկելի չէր: Եվ արդ, իմ առջև կանգնած էր վրիպելիս մի ուրույն նշանակետ ունեցող, տեղին հաղթող, տեղին պարտվող, թագավորինը` թագավորին, աստծունը՝ աստծուն տվող իմ եղբայրը, իմ ընկերը: Նա կանգնել, նայում էր ինձ ու ամեն կերպ փորձում էր ինձանից թաքցնել, որ դժվար է զենքերը վայր դնել ու նայել կրակի մեջ նետվող հարազատին:  

* * * 

Այսօր աշխարհի կործանման միտքը մարդկանց շատ ավելի հավանական է թվում, քան այն տարիներին` ԽՍՀՄ փլուզումը: Բայց ԽՍՀՄ-ը փլուզվեց, քանի որ իր քաղաքացիների արյամբ էր սնվել: Արնագույն աչքերով հրեշը տապալվեց` փայտոջիլի նման իրենից թողնելով իր ծծածի հետքը միայն: Ես վստահ եմ, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց նաև այն պատճառով, որ եղբայրս, մեծ ցանկություն ունենալով հանդերձ, չկարողացավ նրա պաշտպանյալի դերը կատարել. համակարգի բարոյականությունը չբավարարեց դրան: Եղբայրս այդ դերը երբեք չէր ստանձնի, եթե դա իրե'ն պետք լիներ: Այդ դերակատարությունը նրա կյանքի մեծագույն անձնազոհությունն էր, որ դեպքերի ընթացքից անկախ` մնում է այդպիսին: 

Այդ գիշեր ես քնեցի մի երազաչափ ու եղբորս տեսա: Նա ինձ կանչեց, նստեցրեց կողքին, սովորության համաձայն ձեռքը ընկերաբար ուսիս գցեց ու ասաց. «Քեզ միշտ մի բան էի ուզում ասել. ճանապարհդ ճիշտ ընտրիր կյանքում: Ճանապարհ ընտրելիս ճակատագիրդ ես ընտրում»:

Այն ժամանակներից շատ տարիներ են անցել: Մեր միջև հիմա կյանքի ու անմահության պատնեշն է ու մեր` գրեթե նույն տարիքային տարբերությունը, միայն թե հիմա ես եմ նրանից տարիքով մեծ: Ու ես ասում եմ նրան. «Հարազատս, ինչ մեծ էր փրկագինը, որը դու տվեցիր ինձ համար: Թեև ես չընդունեցի այն, բայց մտածում եմ, որ քո փոխարեն ես էլ նույնը կանեի: Նաև համոզված եմ, որ դու էլ ի'մ փոխարեն կընտրեիր նույն ճանապարհը` որպես ճակատագիր: Միայն թե այս կյանքում մեր դերերը մենք չենք ընտրում: Դրանք ի վերուստ են սահմանված: Նաև, ես միշտ մի բան էի ուզում քեզ ասել. ի~նչ փառահեղ էր այն արարողությունը, որը դու ապրեցիր որպես երկրային կյանք»: 

Մեկնաբանություններ (7)

Արտուշ Անդրեասյան
Այստեղ կա մի մարդ, որն արդեն ամբողջ հասակով մեկ ոտքի է կանգնել: Նա ինքն իրեն զգում է անսահման պաշտպանված, իսկ դա ընդամենը՝ նոր եղանակի խորհրդի միջով առաջանալու, կրակաշունչ հույզերը բացահայտելու մի տենչանք է: Եվ ոչ ավելին . . . Այստեղ կա մի մարդ, որն արդեն նոր մաշկ հագած, գլուխը՝ բարձր, քայլում է վերքերի վրայով, իսկ դա ինքնին՝՝ հուշեր վերապրելու, ավելի ճիշտ, իր տեղը փնտրելու և չգտնելու մի ձգտում է: Եվ ոչ ավելին . . . Այստեղ կա մի մարդ, որն արդեն կտրել, անցել է ոլորաններն ու իր մի քանի ստվերները խղճի դառնության հետ քարշ տալով, եկել, հասել է լույսի պոեզիային, իսկ դա օրացույցի բոլոր տոն օրերը թերթելու, առանց ներելու կամ չներելու ցանկության, ամենքի պես ու ամենքի հետ ծերության դուռը հասնելու մի մղում է: Եվ դեռ ավելին . . .
Ռուբեն
Թղթային կարճ տարածությունում գրված է վեպի խորությամբ:Ամբողջական պատկերը առաջ է գալիս:Մարդկային պարզ հարաբերությունների խտացում է:Կարծես մեր ժողովրդի մի մեծ ժամանակահատվածի հավաքական կենսագրությունը անհատապես հավաքվել է Մարկոսյաննրի ընտանիքում:Բարձ արժեքների,բարոյականության,ներքին պայքարի և վերջնական համերաշխության պատմություն է:
Սյուզի
Խոսքերը կարող են հուշարձան դառնալ, հուշարձանը կարող է այսքան խոսուն լինել...Այսքան գեղեցիկ նյութ ու այսքան վեհ նահանջ չէի կարդացել ու զգացել վաղուց: Միայն կուզեի, որ սիրելի Ռազմիկ՝ Ձեր անցած ու անհնարին թվացող ուղին էլ այսքան սիրով ու նույնքան ազնվությամբ նկարագրվեր կողքից ու ներսից տեսնողի կողմից...
Օնիկ Միքայելյան
Օնիկ Միքայելյան Սիրելի Ռազմիկ. Հաճույքով կարդացի քո հերթական զգայացունց հոդվածը: Դա ոչ թե հոդված է, այլ հոգեկան բարձրակարգ ապրումների սեղմագիր: Կյանքի այդպիսի դրվագների համարժեք նկարագիրը Դոստոևսկին ներկայացրել է մի մեծածավալ աշխատանքով՝ Կարամազով եղբայրները: Ձեր դեպքը չի զիջում նրան: Ապրումով ասված խոսքը ճեղքում է ցանկացած արգելք և հասնում սրտին: Քո ասած խոսքերն այդպիսին են՝ վեհացնող և ուսանելի: Ուրախ կլինեմ, որ դրանք հասանելի լինեն շատ մարդկանց՝ հատկապես հայ երիտասարդներին, որպեսզի մեղմվի նյութապաշտության մոլուցքը:
Ուլիխանովների ընտանիք
Մեզ բախտ է վիճակվել ծանոթ լինելու Մարկոսյանների մեծ ընտանիքի հետ, ում կամքի ուժը շարժառիթ է հանդիսացել իրեն շրջապատող մարդկանց համար: Կարողանալով կյանքի ընթացքում պահպանել մարդկային բոլոր հատկանիշները` դա էր Մարկոսյաններին բնորոշ ապրելակերպը: Երկու եղբայր` երկու անհատականություն, իրենց ուրույն անցած ճանապարհներով:
Մարինե
Մեծ սպասումով և սիրով կարդացի զետեղված Ձեր բոլոր նյութերը: Իսկապես դրանք բարոյական բարձր արժեքներ ներկայացնող սեղմագրեր են, բայց ինձ համար առավել ուշագրավ են այն թեմաները, որոնք խնդիրներ ներկայացնելով միաժամանակ առաջարկում են նաև իրենց լուծումները: Դրանք ինձ հիշեցնում են Բեթեզդայի անդամալույծի բժշկման ավետարանչական պատմությունը. ով ջրերը խառնվելուն պես առաջինն էր իջնում ավազանը, բժշկվում էր իր հիվանդությունից...
Անդրանիկ Հակոբյան
Հաշվի առնելով խորհրդային քաղաքական ճամբարներում ապրածդ տարիներդ ու չապրածդ ծնունդները, քեզ, սիրելի Ռազմիկ Գրիգորի, կրկնակի անգամ ու կրկնակի ջերմությամբ է հարկավոր շնորհավորել դեկտեմբերի 21-ի, ծննդյանդ տարեդարձի առթիվ: Բայց ,,Հետք,, եկա ասելու, որ ազնվադեմ ու ազնվակերպ եղբորդ քո իսկ ծննդյանդ օրը մատուցածդ խնկարկման ուխտը թող երիցս ընդունելի լինի ինչպես սրբազան մատաղ: Դու, որ երկար տարիներ մարտիրոսի պես, իմացյալ, կամոք զրկել ես քեզ ծնունդ ունենալու շատ մարդկային իրավունքից, ավելի թանկ նվեր ինքդ քեզ մատուցել չէիր կարող, քան ,,Նահանջ դեպի ճշմարտություն,, այս աղոթքը: Մի ընտանիքի ու մի տաժանակրի այս հպանցիկ ու նրբորեն ցավն ու ողբերգությունը քողարկած վերհուշի մեջ կան հրաշալի ու ծանրակշիռ ընդհանրացումներ, որոնք մի քանի անգամ է հարկավոր կարդալ, հարկավոր է բերանացի անել, այնքան, որ համամարդկային են: Հավանաբար ինքդ քեզ համոզելու համար ես ընդհանրացնում, որ ,,մեր դերերը մենք չենք ընտրում,,: Այս խորը տարողունակ, բազմածալ եզրույթը գոնե ինձ համոզում է, որ այո, ըմբոստի ու ազատատենչի այդ գենը քեզնից շատ առաջ խլրտացել է Մարկոսյան քանի-քանի պապ ու տատերի երակներում, Օնիկ Եղբայր Մարկոսյանի սրտի զարկերի ներքո, որպեսզի, դու, քո դերը չընտրելով, ընտրեիր ՔՈ դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter