HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հանրային լսումը բոյկոտեցին, բայց համարվեց «կայացած» (վիդեո)

«Ժողովուրդ, եթե սա համարեք հանրային լսում, ռիսկային է լինելու, որովհետև ստանալու է իրավական նշանակություն. չկա հիմք, որ սա հանրային լսում է, եկեք շարքով դուրս գանք: Ցտեսություն»,- ասաց «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Գրիգորյանն այսօր՝ Թեժ սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի հանրային քննարկման ժամանակ: Քննարկումը դրանից հետո համակարծիք խմբերով շարունակվեց Կոտայքի մարզպետարանի միջանցքում:

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումը բոյկոտելու իրենց պատճառն ունեին, որը, նրանց խոսքով, հիմնավորված է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» մասին  օրենքով:

«Թռչկան»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը թույլ չտվեց, որ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը և «Ալումինա քորփորեյշն» ընկերության տնօրեն Էմին Կնյազյանը ներկայացնեն հանքի շահագործման նախագիծը՝ նշելով, որ օրենքի խախտում է տեղի ունեցել. անցել է հանրային քննարկում անցկացնելու ժամկետը:  

«Նախագիծը առաջին անգամ ներկայացվել է 2012թ. ապրիլի 12-ին: Ապրիլի 12-ից անցել է մոտ ինը ամիս: Ինը ամիս անցել է, մենք խոսում ենք ազդակիր համայնքից կարծիք հավաքելու մասի՞ն: Ժողովուրդ ջան, սա օրենքի կտրուկ խախտում է: Ազդակիր համայնքի կարծիքները պետք է հավաքենք մաքսիմում 180 օրվա ընթացքում: 180 օրը շուտվանից անցել է, կարծիքներն էլ նախորդ լսումների ժամանակ բացասական են եղել, մենք բոլորս ներկա ենք եղել, ձայնագրություններ կան: Այս հանրային լսումն անցկացնելը օրենքի տեսանկյունից անիմաստ է»,- նշեց. Լ. Գալստյանը:

«Մի հատ թույլ տվեք ներկայացնեն, թե ինչի համար ենք հավաքվել: Մարդիկ թող ներկայացնեն, ես տեղյակ էլ չեմ, պաշտոնական թող ներկայացնեն, մի հատ լսենք, կարգ գոյություն ունի, ամեն մեկը կարծիք է հայտնում տեղից: Կարո՞ղ է մենք պարապ ենք: Թե՞ դուք ավելի հայրենասեր եք, քան թե ես»,- դժգոհեց Հրազդանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչ Հուսիկյանը. նրա խոսքն ուղղված էր «Թռչկան», «Առողջ Հրազդան» և «Օրհուս» կնտրոնի ներկայացուցիչ երիտասարդներին: Նրանք, համակարգչի առջև խմբված, արագ փնտրում էին օրենքի հոդվածները՝ ստուգելու համար հնչած ելույթներում օրենքի մեջբերումները:

«Ինչի՞ եք ամեն ինչ տանում դեպի հայրենասիրություն, մենք ասում ենք, որ օրենքով ենք առաջնորդվում, դուք ասում եք՝ հայրենասիրություն: Մայիս ամսից նախագիծը ձեզ տրված է, կարող էիք ծանոթանալ, ի՞նչ խնդիր կա»,- պատասխանեց Հրազդանի «Օրհուս» կետնրոնի ներկայացուցիչ Ժորա Առաքելյանը:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը ձգձգվում է այն պատճառով, որ պատվիրատուն՝ «Ալումինա քորփրեյշն» ընկերությունը, փաստաթղթերը լրակազմ չի ներկայացնում: Նրանք ընդունեցին, որ հանրային լսում անցկացնելու ժամկետների մասով խախտված է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» մասին  օրենքը, բայց ավելացրին, որ նույն օրենքի պահանջով՝ պատվիրատուն պետք է լրակազմ ներկայացնի փաստաթղթերը փորձաքննությունը ընթացքի մեջ դնելու համար: Մինչ օրս «Ալումինա քորփորեյշն» ընկերությունը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին իր  փաստաթղթերը ներկայացրել է ոչ լրակազմ, բայց վերջինիս կողմից  բնապահպանական փորձաքննություն անցկացնելու մասին մերժում չի ստացել:

Ազդակիր համայնքներն են Մեղրաձորը, Մարմարիկը, Հրազդանը, Հանքավանը, Արտավազը, Ծաղկաձորը:

Քննարկմանը ներկա էին բնակիչներ Մեղրաձոր համայնքից, որտեղ էլ հենց գտնվում է Թեժ սարի հանքավայրը: Նրանք ասացին, որ գյուղում բոլորն են դեմ հանքի շահագործմանը, և եթե հերթական հանրային լսումը կազմակերպվի Երևանում, գնալու են` ներկա լինեն: Այն հարցին, թե ինչու քննարկման ժամանակ կարծիք չեն արտահայտում, նրանցից մեկը պատասխանեց. «Դե, մենք օրենքից էնքան էլ տեղյակ չենք, ուղղակի գիտենք, որ էդ նյութերը վնաս են էլի, էդ ցիանը, գնալու ենք մասնակցենք»: 

«Հետքի» հարցերին պատասխանեց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը

Այսօր կարողացա՞ք ճշտել՝ ինչ կարծիք ունեն ազդակիր համայնքները, ի՞նչ եզրահանգումներ ունեք:

Փաստորեն բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները, «Առողջ Հրազդան», «Թռչկան», բոլորը դեմ են տվյալ հանքավայրի շահագործմանը, այսիքն՝ ծրագրին: Ցանկացած փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ պետք է սեփական աչքով տեսնել՝ ինչ է կատարվում: Ես անձամբ եկա իմ տեսակետը կազմեցի. ինչպիսին կլինի եզրակացությունը՝ այս պահին չեմ կարող ասել, առայժմ չունենք Կոտայքի մարզպետարանիի կարծիքը, Հրազդանի, Ծաղկաձորի քաղաքապետարանների կարծիքները:

Բայց Ծաղկաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչը այստեղ է և դրական չի արտահայտվում:

Համենայնդեպս, ֆիզիկապես ներկա լինելը ուրիշ է: Մենք գրավոր իրենց դիմել ենք, սպասում ենք գրավոր պատասխանի: Եզրակացություն կազմելու համար պետք է ունենանք բոլոր հիմքերը, ազդակիր համայքնի կարծիքները:

Ազդակիր համայնքներից որևէ մեկից պատասխան ունե՞ք:

Ազդակիր համանյքներից և մարզպետարանից, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ, որևէ կարծիք դեռ չունենք: Այդ կարծիքները հավաքելուց հետո կլինի փորձաքննության հաջորդ փուլը, կկայացնենք որոշում: Կպատրաստենք փորձաքննական եզրակացության նախագիծը, կներկայացնենք նախարարությանը: Այսօրվա գալը, անվանենք դա հասարակական լսում, թե քննարկում, պարզ դարձրեց ներկաների մերժողական վերաբերմունքը տվյալ նախագծի վերաբերյալ: Մնացած գործընթացները ցույց կտա ժամանակը: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել և գուշակություններ անել. փորձաքննության եզրակացությունը կլինի դրական թե բացասական, չեմ կարող ասել: Վերջնական որոշում կայացնեուց առաջ հնարավոր է կազմակերպվի ընդլայնված քննարկում: Շատ բարդ նախագիծ է, կան ռիսկային գործոններ: Չպետք է տուժեն ոչ ազդակիր համայնքները, ոչ էլ մյուս կողմը: Դրա տակ ստորագրում ենք, պետք է կարողանանք ցանկացած պահի տեր կանգնել մեր ստորագրությանը:

Փորձաքննության եզրակացությունը ե՞րբ պատրաստ կլինի: Մոտավոր ժամկետ կարո՞ղ եք նշել:

Մի քիչ դժվարանում եմ ասել, ծննդյան տոներն են գալիս, բայց եթե լինի, պարտադիր բոլոր կողմերին պիտի բավարարի: Համայնքներից գրավոր կարծիքները ստանալուց հետո, ենթադրում եմ, մեծ, ընդլայնված քննարկում կանենք, երևի թե Երևանում, որ հնարավորինս անսխալ, քիչ խոցելի եզրակացություն կազմենք:

Մեկնաբանություններ (1)

Megradzor
Da klini 4-gyuxeri «CEXASPANUTYUN».

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter