HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդի կնոջ կյանք. «ադաթի» ու պատվի անփոխարինելիությունը

Լուսինե Ավագյան

Գյավասն իր հարսներից ամենավաղն է արթնանում` ժամը հինգին: Արթնանում է ու սկսում աղմուկ բարձրացնել, որ հարսներն էլ քնած չմնան. «Փնթիություն ա քնած մնալը. գործի տեր մարդ ենք»: Գյավասը վազում է գոմ` ոչխարը դուրս գցելու ու կովերին կթելու: Հետո բակն է ավլում: Գյավասի հարսներն այդ ընթացքում 13 հոգու համար նախաճաշ են պատրաստում: Սկզբում` տան տղամարդկանց համար, հետո` կանանց. այդպես է թելադրում եզդիների «ադաթը»:

Գյավասն ապրում է Մուշականում` Երեւանից ոչ շատ հեռու գյուղում: Նա պատրաստվում է իջնել քաղաք` կաթ-մածունը վաճառելու: Հարդարում է երկար մազերը, չի մոռանում կապել նաեւ ծաղկավոր գլխաշորը. ի վերջո շեյխի հարս է. եթե շեյխի հարսը չպահպանի եզդիական «ադաթները», էլ ո՞վ պետք է պահպանի: Քաղաքում Գյավասին բոլորը հարգում են, չեն ասում` «եզդի ա, զզվում ենք կաթ-մածունից»: Հետո Գյավասն առանց դուռը թակելու սրա-նրա տունը չի մտնում. «Միշտ կուլտուրական, զանգը տալիս ենք, նոր ենք տուն մտնում: Մարդիկ կան` սուրճ են դնում, նստում ենք, մարդ կա` կաթ-մածունը առնում ա, գնում ա»:

Կաթ-մածունը վաճառելուց հետո Գյավասը շտապում է գյուղ. դեռ պետք է ոչխարը կթի, պանիր գցի: Կաթնամթերքի վաճառքից ստացված գումարով Գյավասը վճարում է տան կոմունալ ծախսերը, 7 թոռների հագուստի ու դասագրքերի գումարը եւ հազիվ հոգում անասունի կերը:

«Մեր տանջանքը մեզ ա մնում: Մենակ տնական յուղ, մածուն, պանիր ա, որ օգուտ ենք անում»,- ասում է Գյավասը: Կեսօրից հետո Գյավասն իր երկու հարսների հետ հաց է թխում: Մի հարսը գնդերն է բերում, մյուսը գրդնակում է, ինքն էլ` թխում: Ասում է` 12 տարեկանից սկսել է հաց թխել, իսկ 14 տարեկանում արդեն ամուսնացել է ու դարձել շեյխի հարս:

Եզդիները շուտ են ամուսնանում` 15-17 տարեկան հասակում: Աղջիկները դպրոց հաճախում են մինչեւ 14-15 տարեկան, հետո ծնողները հանում են դպրոցից: «էդ տարիքի հասուն աղջիկը ամոթ ա, որ դպրոց գնա»,- ասում է Գյավասը: Դպրոցի ուսուցչուհի Անահիտ Ավդալյանը, օրինակ, ցավով է պատմում, որ ինքն ունեցել է լավ ընդունակություններ ունեցող եզդի աշակերտներ, սակայն դպրոցական կրթությունը կիսատ են թողել:

«Բայց ի՞նչ կարող ես անել: Ծնողներին շատ համոզեցինք, որ մնան երեխաները, բայց ապարդյուն: Ասում են` ամուսնանալու է, ի՞նչ պիտի անի կրթությունը: Մեկ է` հետո չի աշխատելու»,- ասում է ուսուցչուհին:

Դպրոցը թողնելուց մինչեւ ամուսնությունը հայրական տանը անցկացրած մեկ-երկու տարին բավարար է լինում, որ աղջիկները տիրապետեն տնային գործերի բոլոր հմտություններին` լվացք անել, հաց թխել, կթել, մածուն մերել, կերակուր պատրաստել, անասուններին խնամել, որպեսզի «աղջիկն իր ապագա ամուսնու ընտանիքում իր ծնողների երեսը սեւերես դուրս չհանի»:

Գյուղաբնակ եզդի տղաներից շատերն էլ են դպրոցից դուրս գալիս ու ամուսնանում, երեխաներ ունենում, ինչն էլ նրանց շատ հաճախ ազատում է բանակում ծառայելուց: Տղաներն էլ սովորաբար հետդպրոցական կրթություն չեն ստանում. անասնապահություն ու բանվորություն են անում:

Վերջին տարիներին, սակայն, Երեւանի ու հարակից տարածքներում բնակվող եզդի երիտասարդների շրջանում արդեն կան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներ: Շատ եզդի աղջիկների համար, սակայն, համալսարանում սովորելը դեռ շարունակում է մնալ խնդիր. քաղաքում սովորող աղջկան գյուղում, հնարավոր է, որ այդքան էլ լավ չվերաբերվեն. մտածում են` «ադաթներին» հավատարիմ չի մնա: Բացի դրանից` ծնողներն էլ վախենում են երեխային քաղաք ուղարկել. աղջկան փախցնելու վտանգ կա:

«Համալսարան ուղարկելու համար հետը պետք ա գնաս, շենքի առաջ սպասես դասը ավարտվի, որ տուն բերես: Էդ էլ ամեն օր չես կարա անես»,- ասում է զրուցակիցներիցս մեկը:

Սովորաբար, եթե եզդի աղջկան փախցնում են, աղջիկը չի դիմադրում եւ չի վերադառնում հոր տուն, ոչ էլ ոստիկանություն է դիմում. «նախ էդ տարիքի աղջիկը ինչ ա հասկանում` փեսացուն լավն ա, թե չէ, բացի էդ էլ` հետ եկած աղջիկը ո՞ւմ ա պետք. ինչ գիտես` հետը ինչ են արել...»,- ասում է նույն զրուցակիցս:

Գյավասի թոռնուհի Նիգյարը դպրոցում լավ է սովորում եւ արդեն 8-րդ դասարանում է: Երազում է բժշկուհի դառնալ: Տանը բոլորն ասում են, որ Նիգյարը մինչեւ չդառնա 20 տարեկան, չեն ամուսնացնելու: «Մենք ուզում ենք. որ մեր երեխեն էդ տանջանքը չունենա, ինչ մենք ենք ունեցել: Երեխա վախտ պսակվելը լավ չի: Ես քաշել եմ, գոնե երեխես չքաշի»,- ասում է Գյավասը:

Սակայն դպրոցում առաջ գնալու համար էլ որոշակի մանր-մունր արգելքներ կան. օրինակ` եզդի աշակերտներին շատ հաճախ նստեցնում են վերջին շարքերում: Թեեւ ուսուցիչները պնդում են, որ հավասար վերաբերմունք են ցուցաբերում թե եզդի, թե հայ աշակերտների նկատմամբ: «Հայերեն տառերը սովորեցնելիս անձամբ ինքս բռնում եմ եւ հայերի, եւ եզդիների ձեռքերը»,- պատմում է ուսուցչուհի Անահիտ Ավդալյանը:

Գյավասը կուզեր, որ իր թոռները անասնապահությունը թողնեին ու քաղաք գնային, որ իր նման չտանջվեին, բայց «քաղաքում սրա-նրա ենթակայության տակ բանվորություն անելը կամ հավաքարարություն անելը ո՞ւմ ա պետք: Հենա մենք մեր անասունն ունենք, մենք մեր գլխի տերն ենք, գնում ենք քաղաք` ի՞նչ անենք»,-հարցնում է Գյավասը:

Գյավասի ընտանիքն ունի 100 ոչխար ու 3 կով: Անասուններին խնամում են Գյավասն ու հարսները, իսկ տղամարդիկ անասունին տանում են սար, հովվություն են անում: Աշնանը ոչխարները վաճառում են: Մեկ ոչխարի մոտավոր արժեքն է 70 հազար դրամ: Գյավասի ընտանիքում եղել է տարի, երբ անասունի վաճառքից ստացված գումարով բացի անասունի խոտն ու իրենց կենցաղային կարիքները հոգալուց` կարողացել են նաեւ արտասահմանյան մեքենա գնել: «Դե 13 հոգի ենք, պետք ա գալիս: Հարսանիքների ենք գնում, քաղաք ենք դուրս գալիս»,- ասում է Գյավասը:

Իսկ քաղաք գնալն ու կրթություն ստանալն էլ հեշտ բան չէ. նախ նյութական ռեսուրսները չեն բավականացնում, բացի այդ էլ` եզդիներին անհանգստացնում է այն միտքը, որ անգամ հայերի շրջանում կան բարձրագույն կրթությամբ մասնագետներ, ովքեր աշխատանք չեն կարողանում գտնել: Իսկ իրենք ինչպե՞ս պետք է գտնեն

Այն, որ երկրում եզդիները գրեթե չեն զբաղեցնում պետական, հասարակական, վարչական բնույթի պաշտոններ եւ մեծ մասամբ զբաղվում են անասնապահությամբ, եւ այն, որ եզդիների շրջանում գրեթե բացակայում է եզդի մտավորականությունը, չկան բարձրագույն կրթությամբ որակավորում ունեցող մասնագետներ, եզդիերեն լեզվի բավարար քանակով ուսուցիչներ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի վարչությունում պատճառաբանում են, որ եզդիները շատ թույլ կամ առհասարակ ոչ մի նախաձեռնություն չեն ցուցաբերում` իրենց կրթական վիճակը բարելավելու եւ եզդի մշակույթն ու լեզուն պահպանելու ուղղությամբ:

ՀՀ Կառավարության բյուջեից ամեն տարի Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների համար դուրս է գրվում 10 մլն դրամի չափով օգնություն: Իրենց համայնքներում, սակայն, եզդիները հավաստիացնում են, որ իրենք ոչ մի օգուտ չեն ստանում վերոնշյալ ֆինանսական հատկացումներից եւ առհասարակ չեն էլ լսել դրանց մասին:

Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի կարծիքով` գումարը ՀԿ-ների միջոցով իր նպատակակետին չհասնելու պատճառը ՀԿ-ների ղեկավարների հավակնոտ լինելն ու սեփական շահերը գերադասելն է, ինչպես նաեւ այն, որ նույն էթնիկ խմբեր ներկայացնող ՀԿ-ները չեն միավորվում եւ միասին չեն աշխատում:

Եզդիների` հիմնականում անասնապահությամբ զբաղվելու եւ մյուս ոլորտներում ընդգրկվածության բացակայության պատճառը ՀՀ վաստակավոր լրագրող եւ Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի վարիչ Հասան Թամոյանը համարում է ազգային դիմագիծը չկորցնելու ձեւ:

«Եզդիները կրթության նկատմամբ անտարբեր են եղել հիմնականում: Նրանց պապենական զբաղմունքը անասնապահությունն է: Շատ հետաքրքիր փաստ է. երբ քաղաքաբնակ վայրում ենք, կարծես թե շատ շուտ կորցնում ենք մեր ազգային դիմագիծը: Իսկ երբ մեկուսանում ենք, հեռու ենք մնում ոչ եզդիական միջավայրից, զբաղվում ենք մեր պապենական զբաղմունքով, նորից վերագտնում ենք մեր ազգայինը»,- ասում է նա:

Հայաստանում եզդիները իրենց ազգայինը կորցնելու եւ ուծացվելու վտանգից կարծես թե զերծ են: Ճիշտ է` եզդիների համար չկան առանձին դպրոցներ եւ շատերը եզդիերեն գրել-կարդալ չգիտեն, բայց բոլոր դպրոցներում, որտեղ կան 6-ից ավելի եզդի աշակերտներ, գործում են եզդիերեն լեզվի խմբակներ: Ընտանիքն է զբաղվում երեխայի կրթությամբ:

Տանը բոլորը եզդիերեն են խոսում, իսկ եզդիների մշակույթը, կրոնն ու պատմությունը փոխանցվում է սերնդեսերունդ` հիմնականում բանավոր պատմության միջոցով: Գյավասն էլ իր երեխաներին ու թոռներին է այդպես դաստիարակում: «Մենք չենք կարող անհետանալ: Իմ մերս ինձ ինչ դաս կարդում էր, ես նույնը իմ երեխեքիս ու թոռներիս եմ կարդում»,- ասում է Գյավասը:

Ըստ եզդիների համոզմունքի` եզդին իր ինքնությունը կարող է կորցնել միայն մեկ դեպքում. եթե եզդին ամուսնանում է հայի կամ այլ ազգի ներկայացուցչի հետ, նա այլեւս եզդի լինել չի կարող: Հայաստանում ապրող եզդիների համար մեկ այլ խնդիր է նաեւ երկրում բնակվող եզդիների արտագաղթը Ռուսաստան եւ եվրոպական երկրներ: Առանց այդ էլ եզդիները սակավաթիվ են եւ ստիպված ամուսնանում են ազգականների հետ (ըստ 1989 թ. անցկացված մարդահամարի` Հայաստանում եզդի բնակչության թիվը կազմում էր 56.127 մարդ: Վերջին` 2001 թ. մարդահամարի արդյունքներով` երկրում մնացել է 40.620-ը):

Եզդիները հայերի նման լքում են երկիրը` աշխատանք չունենալու եւ ցածր վարձատրվելու պատճառով: Գյավասն էլ է դժգոհում երկրից. 7 թոռ ունի, 13 հոգուց բաղկացած ընտանիք, բայց ոչ մի պետական նպաստ ու օժանդակություն չի ստանում: Բայց մյուս կողմից էլ փառք է տալիս, որ երկրում կռիվ չկա, ու խաղաղ է ամեն ինչ...

Լավաշը թխելուց հետո Գյավասը փոխում է ալրոտ հագուստը, հագնում ծաղկավոր երկար շրջազգեստն ու պատրաստվում ճաշի: Հետո վազում է գոմ` անասունների մոտ: Կովերին կթում է, կաթը մերում է, որ հաջորդ օրը տանի քաղաք: Կեսգիշերին Գյավասի հոգում խաղաղություն է տիրում. հարսների հետ միասին սերիալների գիշերային կրկնություններն է նայում: Գյավասը շատ է սիրում սերիալներն ու դրանց հերոսներին. անգամ իր սիրելի հորթի անունը կնքել է սերիալներից մեկի հերոսի` Միգելի անունով: Գյուղն ու հարսները քնած են լինում, երբ Գյավասը մտնում է անկողին...

Հեղինակը Կովկասի ինստիտուտի ուսանող է

Մեկնաբանություններ (7)

anali ezidka
es lriw suta 4hawataq orinak es ezdi em u es tari Nor tarin anzkazrel em Dubayum,,,,da erewi hetamnaz kina exel.....im aroryan tarberwuma ays knoj aroryayiz,,,,znoxneris patmelow hnum el ayspisi zizaxeli arorya 4i exel,,,,,4i el ama4um.....
լիլիա
lriv suta sut
lilia
ezdi axjikner@ sirun en? es mi axjik em janachum shat sirun e.
Lusine Avagyan
Erik, shnorhakalutyun ardzaganqid hamar. Malakanneri het shpvele mi poqr bard e,, irenq pak en u hamarya kontakt chen unenum hayeri het. Iharke da arden lragroxi hmtutyunneric el e kaxvadz.. Miguce myus hamarnerum gtnes nranc masin.
Erik
Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար: Նման թեմաների մասին ցավոք քիչ է խոսվում մամուլում: Ինքներս չենք ճանաչում մեր երկիրը և դրա բնակիչներին: Հուսով եմ կարդալ նման մի նյութ նաև մալականների մասին...
Varaz Syuni in Amsterdam
Հայաստանում եզդի բնակչության թիվը kich e u CHI sparnum azgayin anvtangutiany. Hayastany Yezdineri mijotsov METS PR karox e anel uxvats taratskashrjani BAZMA-MILLION Krderin/Yezdinerin, voronts het Hayatsany ays kam ayn kerpov (voroshich) KAP e unetsel/unenalu.
SYREN-ATENK
Hayastanum aprox ezdinern el ayn nuyn hogsern u problemnern unen, inch` hayern. Bayc ezdinerin shat e vnasum arhestakan taranjatumn krderic.Henc ezdineric shatern chen uzum @ndunel, vor ev ezdin ev kurdn nuyn azgi tarber kronner davanox azgi mardik en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter