HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում - 2

ՏՀՏ-ի գաղափարաբանությունը

1996-2002թթ բնութագրող առաջին իրադարձությունը ԱՊՀ-ի միասնական տեղեկատվական տարածության ստեղծման ծրագրի ընդունումն էր: Երկրորդը Տեղեկատվական հասարակության (ՏՀ) եվրոպական ծրագրերի մեջ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրների ներգրավումն էր: Այս նույն ընթացքում մի շարք օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններ սկսեցին մասնակցել Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածման աշխատանքներին: Թեեւ դասագրքային ճշմարտություն է, որ յուրաքանչյուր երկրի կառավարություն պետք է մեծ դեր ունենա ՏՀՏ-ի եւ դրանց հիման վրա նոր տնտեսության զարգացման գործում, այդուհանդերձ Հայաստանի իշխանությունները պարզապես խնդրի պատշաճ ըմբռնում եւ համապատասխան հանձնառության չդրսեւորեցին: Սա իր ցայտուն արտահայտությունն է գտել նաեւ Հայաստանի կառավարության կառուցվածքում: Հակառակ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հեռանկարի նկատմամբ պետական առերեւույթ ընդգծված հոգատարության, երկիրն այսօր չունի եւ, ըստ էության, երբեք չի ունեցել պետական կառավարման մարմին, որը կմշակեր եւ կիրականացներ ՏՀՏ-ի ոլորտի զարգացման ռազմավարություն ու ծրագրեր եւ պատասխանատու կլիներ դրա համար: Հենց նշված ժամանակահատվածում է լուծարվել Տեղեկատվութան նախարարությունը: Իսկ որ 1997թ. Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության ստեղծումը ՏՏ-ի ոլորտում պետական հետեւողական քաղաքականություն վարելու նպատակ չէր հետապնդում, հաստատվում է բազմաթիվ փաստերով: Օրինակ` 1998-ին վարչապետ Ա. Դարբինյանի կառավարության գործունեության ծրագրում եւ 1999-2001թթ. տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման մեթոդական ցուցումներում բացարձակապես խոսք չկար ՏՀՏ-ի ոլորտի եւ տեղեկատվականացման մասին:

Տեխնոլոգիական հեղափոխությունների տեղական արձագանքները

Անորոշ կարգավիճակ ունեցող խորհուրդների եւ հանձնաժողովների որեւէ քանակություն անկարող է լրացնել այս սկզբունքային բացը: Ուստի զարմանալի չէ, որ Հայաստանի կառավարության` ՏՀՏ-ի ոլորտի մասին պատմող թիվ մեկ հռետորը արտաքին գործերի նախարարն է: Ի պաշտոնե որեւէ պատասխանատվություն չկրելով, Վարդան Օսկանյանն ունի ներկայացնելու, մեկնաբանելու եւ կանխատեսելու բարձրագույն իրավասությունը: Նա առաջինն է, բայց, անշուշտ, ո՜չ միակը: Անկախ նրանից, սա իշխանությունների անձեռնահասության հետեւանք է, թե լավ մտածված մարտավարություն, արդյունքն այն է, որ պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր ու խնդիրներ այսօր բանտարկված են պոպուլիզմի գրկում: Կցկտուր տեղեկություններից եւ քաղաքական պատասխանատվության բացակայությունից բխող այս խոսքն անհրաժեշտաբար երկճյուղվում է երկու մասի. մի կողմից` այն դառնում է պարզ քանակական հաշվետվություն, երբ պահանջվում են փաստարկներ, իսկ մյուս կողմից` խիստ վերացական ու մշուշապատ պնդումներ, երբ արտահայտվում են հիմնավորող մտքեր: Առաջին դեպքում մենք իմանում ենք` ֆիրմաների եւ աշխատատեղերի քանակի, տնտեսական աճի ծավալի եւ այլնի մասին, իսկ երկրորդ դեպքում մեզ հիշեցնում են` «Պետք է կապ պահել աշխարհի հետ», «Պետք է կարողանալ օգուտ քաղել®» եւ այլն: ՏՏ-ի զարգացման եւ արագ տարածման մասին ակնարկներին հաջորդում են այսպիսի եզրակացություններ. «Հայաստանը կարող է առավելագույնս օգուտ քաղել ինֆորմացիոն հեղափոխությունից», «Նախադրյալներ են ստեղծվում Հայաստանի համար շատ կարեւոր այնպիսի խնդրի լուծման համար, ինչպիսին նոր աշխատատեղերի ստեղծումն է» (Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կ. Ճշմարիտյան), «Պետք է կարողանանք համահունչ քայլել համաշխարհային զարգացումների հետ» (Արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյան), «Նման միջոցառումները կարող են նպաստել զարգացած եւ զարգացող երկրների միջեւ տարբերությունները նվազեցնելուն» («Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովի եզրակացություններից), «Տարածաշրջանային համագործակցության գործընթացներն առաջ մղելու մեջ ՏՀՏ-ը միավորող մեծ գործոն են» (Զ. Մնացականյան, Հայաստանի ներկայացուցիչը, Տեղեկատվական հասարակությունների խնդիրներին նվիրված գագաթնաժողովի նախապատրաստական հանդիպում): Իսկ ՏՏ-ի ոլորտում Հայաստանի ներուժը, կրթության համակարգը ՏՏ-ի օգնությամբ վերափոխելը եւ հայկական սփյուռքի հնարավորությունները հիմնական թյուրըմբռնված եւ չարաշահվող թեմաներն են: Հայաստանյան հռետորների խոսքում ենթադրվում է, թե տեխնոլոգիաների անկասելի զարգացումն անպայման հարուցում է սոցիալական փոփոխություններ եւ, որ դրանք անպայման դրական են: Հայաստանում սա փաստորեն միակ հրապարակային մոտեցումն է: Այս տեսակետը անհաղորդ է ոչ միայն տեղեկատվության դարաշրջանի վտանգների եւ սպառնալիքների մասին բազում եզրակացություններին, այլեւ անտեսում է այն հիմնական ուժերը, որոնց ազդեցության դաշտում գտնվում է Հայաստանը:

ԱՊՀ-ի տեղեկատվականացման ծրագրի անհաջող ընթացքի պատճառով Ռուսաստանը հազիվ թե հրաժարվի տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցները նախկին խորհդային տարածքում քաղաքական եւ տնտեսական իր գերիշխանությունը պահպանելու նպատակին ծառայեցնելուց: Գիտելիքի եւ գաղափարախոսության կենտրոնի իր դերը նա չի պատրաստվում կորցնել: Այս տարվա հունվարին տեղի ունեցած մի քննարկման ժամանակ Ռուսաստանի Տեղեկատվական հասարակության ինստիտուտի փորձագետներն իրենց աջակցությունն էին առաջարկում ԱՊՀ-ի անդամ երկրներին ՏՀ-ի կառուցման համար մեթոդաբանություն եւ քաղաքականություններ մշակելու գործում:

Հայաստանի համար ակնհայտորեն գերադասելի եվրոպական նախագիծը նույնպես չպետք է անվերապահորեն ընդունվի: Նախկին խորհրդային երկրներ ներգրավելու համար այն պետք է հարստանա նոր մոտեցումներով: Արդեն այսօր ակներեւ է, որ եվրոպական ընտանիքի ընդլայնումն ուղեկցվում է նոր անդամների համար ոչ նպաստավոր հարաբերությունների եւ անհավասարությունների ձեւավորմամբ:

Հատկապես վերջին երկու տարում Հայաստանի ՏՀՏ-ի ոլորտում ծրագրեր է իրականացնում Համաշխարհային բանկը (ՀԲ), որի արդյունքները դեռ պետք է վերլուծել եւ հասկանալ: Գլոբալացված աշխարհի կառուցման մեջ նշանակալի դեր ունեցած միջազգային այս կառույցի գործունեությունը մանրամասնորեն վերլուծվել եւ արմատական քննադատության է ենթարկվել զարգացող երկրների տեսանկյունից: Հաղորդակցության տեխնոլոգիաների` որպես գլոբալացման ընթացքի հզոր գործիքի մասին «Միջազգային հաղորդակցություն եւ գլոբալացում» ժողովածուի մեջ Ա. Մոհամմադին գրում է. «Արագ ապակարգավորման քաղաքականությունը եւ համակարգչային տեխնոլոգիայի զարգացումը` ներառյալ հեռարձակման հաղորդակցությունների մեջ կատարված զարգացումները, կազմեցին հզոր մի զենք գլոբալացման հոլովույթի մեջ: Սրա արդյունքը եղավ անդրազգային կորպորացիաների կողմից աշխարհի շուկաների տիրապետությունը, որոնք, շնորհիվ գերակշռող շուկայական ուժի, շատ քիչ մրցակցության կամ դիմադրության էին հանդիպում: Այժմ զարգացած երկրներում հիմնված այս կորպորացիաները մուտք ունեն աշխարհի բոլոր մասերը»: Ավանդաբար Համաշխարհային բանկի վարկերի օգնությամբ է, որ զարգացող երկրները ձգտում են իրականացնել ՏՀՏ-ի յուրացման եւ զարգացման ծրագրեր: Վարկերի տրամադրումը զուգակցվում է տնտեսության վերակառուցման եւ մասնավորապես` հեռահաղորդակցությունների ապակարգավորման (մասնավորեցման եւ ազատականացման հիման վրա) մասին հրահանգներով, որը որպես կանոն ծառայում է ոչ թե տվյալ երկրի, այլ անդրազգային կապիտալի շահերին: Սա էապես փոխում է ՏՀՏ-ի` զարգացող երկրների տնտեսության վրա հնարավոր ազդեցության մասին այն պատկերացումները, որոնք հիմնվում են միայն տեխնոլոգիական հեղափոխությունների ծնած հեռանկարների վրա: Այս իմաստով զարգացող երկրների բազմամյա փորձառությունը Հայաստանի համար սթափության եւ ավելի լուրջ մտորումների մղող հրաշալի նյութ է, եթե դիտարկվի շատ ավելի լայն ընդգրկմամբ, քան որեւէ առանձին երկրի` ՏՏ-ի ասպարեզում հաջողության պատմությունն է:

Սրանք են, իմ կարծիքով, այն հիմնական ուժերը, որոնց ազդեցությունը վճռական կլինի Հայաստանում ՏՀՏ-ի ճակատագրի համար, որոնց հետ պարտավոր են լրջորեն հաշվի նստել ազգային ծրագրեր մշակողները:

ՏՀՏ-ի հայաստանյան գաղափարաբանության բաղադրիչները

Ինչպես արդեն ասվեց, ՏՀՏ-ի մասին պատմող պաշտոնական խոսքը, աչքաթող անելով ոլորտին ներհատուկ բուն քաղաքական լիցքը, հարցը քաղաքականացնում է` ենթարկելով այսրոպեական քաղաքական նպատակների: Այդպիսով շահեկան դիրքում են հայտնվում իշխանությունները` կարեւոր եւ հեռանկարային ոլորտի նկատմամբ ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար: Տարածաշրջանային առաջատարության գաղափարը ավելի է ընդգծում այդ բանը: Հետագա քաղաքականացում է կատարվում, երբ ՏՀՏ-ը ներկայանում են որպես ոչ միայն տարբեր սոցիալական խնդիրների լուծման բանալի, այլեւ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու միջոց:

Այս պնդումները հիմնավորելու ծանոթ ձեւը Հայաստանի գիտատեխնիկական ներուժի վկայակոչումն է: Վ. Օսկանյանը նորից ու ավելի շեշտված հիշեցնում է այս մասին .am ամսագրի հարցազրույցում. «Գուցե մեր երկիրն ինչ-որ տեղ ընդհանուր կանոնից բացառություն է», «Մենք հզոր ներուժ ունենք» եւ այլն: Հայոց բացառիկության մասին լսել ենք շատ անգամ, ուստի չենք զարմանում, որ ՏՏ-ի ասպարեզում նույնպես «Մերն ուրիշ է»: ՏՀՏ-ի հռետորության մեջ տիրապետող լավատեսությունը, խորքում լինելով քաղաքական, նույնիսկ պարզունակության գնով, փորձում է քողարկվել տեխնոլոգիական լավատեսության շղարշով: Ըստ այդմ, տեխնոլոգիան բարեբեր է եւ ունակ բարելավելու ամեն բան: Այս մեկնաբանությունը պարզունակացնում է նաեւ տեխնոլոգիական առաջընթացը` զրկելով մշակութային, սոցիալական չափումներից: Ուստի տեխնոլոգիաները ունիվերսալ են, չկան տեղայնացման խնդիրներ, իսկ դրանց իմաստը տրված է` պարզ ու հասկանալի: Պետք է կարողանալ օգտագործել սեփական ներուժը® Բնականաբար խնամքով շրջանցվում են ՏՏ-ի հետ կապվող բոլոր հին ու նոր խնդիրներն ու վտանգները, որոնց մասին անկարելի է չիմանալ` տեղեկատվական անջրպետի մեծացում, տեղեկատվական գաղութացում, մշակութային ինքնության կորուստ եւ այլն: Եթե ՏՀ-ը մարտահրավեր է Եվրոպայի համար, եթե նոր իրադրության մեջ վտանգված են Արեւմուտքի համար այնպիսի հիմնարար բաներ, ինչպիսիք են խոսքի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները, ապա Հայաստանի համար այդպիսի խնդիրներ միչեւ օրս չեն նկատվել:

 

Ի վերջո, այս ամենի մեջ մոռացության է մատնվում կարեւորագույն մի հարց եւս. ո՞ւմ համար է այս բաղձալի տեղեկատվական ապագան, հասարակությա՞ն, թե՞ մի նոր վերնախավի` ըստ խոստացված աշխատատեղերի քանակության:

Տեխնոլոգիաների իմաստավորումը

Իրավիճակի բարդության մյուս կողմն էլ այն է, որ այս մակերեսային խոսքը ոչ միայն ներկայացնում է իշխանությունների հավակնություններն ու ծրագրերը, այլեւ, որ շատ ավելի կարեւոր է, հասարակության համար սահմանում է, թե ինչ բան են ՏՀՏ, ՏՀ եւ այլ բաներ: Դրանով իսկ ձեւավորում են հասարակության պատկերացումներն ու սպասելիքները, որոնք այնուհետեւ շատ դժվարությամբ են փոխվում:

Թվում է, թե ՏՀՏ-ը տարածաշրջանային համագործակցության հետ կապելը նաեւ տեխնոլոգիաներին Արեւմուտքի համար հասկանալի եւ կարեւոր տեղական իմաստ վերագրելու փորձ է: Ուստի արժե գոնե հպանցիկորեն դիտարկել ՏՀՏ-ի սոցիալական իմաստավորման կարեւոր հարցը նույնպես: Ասենք, պատկերացնենք տեղեկատվական նկրտումների հիմնավորման-իմաստավորման այսպիսի տարբերակ. «Տարածաշրջանային համագործակցության հեռանկարները» Եվրոպայի համար, իսկ հայ հասարակության համար` «Տարածաշրջանային առաջատարություն եւ նոր աշխատատեղեր»: Տարածաշրջանային առաջատարությունը, լինելով ոչ անիմաստ գաղափար, թվում է անբավարար հասարակական անհրաժեշտ ըմբռնողություն շահելու առումով: Հավանաբար պետք է փնտրել սոցիալական ու մշակութային ավելի շոշափելի եւ հավանական իրողություններ, որոնք կկարողանային օրինականություն հաղորդել նման գաղափարներին: Իր հերթին, «նոր աշխատատեղերի» թեման նախ` պարզունակ է, որպեսզի դառնա այն «ոգեշնչող հասկացությունը», որը կհամակի հասարակական երեւակայություն եւ մարդկանց առաջ կպարզի ցանկալի հեռանկարներ: Երկրորդ` այդ ենթադրությունը պարզապես սխալ է. լավ հայտնի փաստ է, որ հասարակության մեջ ՏՏ-ի բավարար տարածման դեպքում աշխատատեղերը որքան ավելանալու, նույնքան էլ պակասելու միտում են դրսեւորում: Եթե իսկապես տեխնոլոգիաները հասարակության համար ինքնափոխակերպման միջոց են, ապա նոր տեխնոլոգիաների իմաստավորումը նշանակում է նաեւ հասարակության իսկ որոշ վերաիմաստավորում, հատկապես, երբ խոսքը տեխնոլոգիական ծավալուն փոփոխության մասին է: ՏՀՏ-ի ինչ լինելը, ինչ իմաստ ունենալը, մի կողմն է այն ընթացքի, որի մյուս երեսը ազգային ինքնության վերաքննությունն է ետխորհրդային անորոշությունների հորձանուտում, երբ ինքնության խորհրդանշաններից շատերը քայքայվել կամ իմաստազրկվել են: Հասկանալի է, ուրեմն, թե ինչու ՏՏ-ը կարող են դառնալ ազգային ինքնաիդենտիֆիկացման նորահայտ տարր, որն այսօր ընկալվում է որպես սոսկ ուրվագծվող, բայց արդեն իսկ շահարկվող միտում:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter