HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավաբան պետք չէ լինել անարդարությունը զգալու համար. Հայկ Ալումյան

Հարցազրույց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ 

-Պարոն Ալումյան, արդեն մոտ մեկ տարի է՝ դատարանում պաշտպանում եք «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի շահերը: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նրա և «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների գործով դատավարությունը դեռ ընթացքի մեջ է՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Ի՞նչ եք այսօրվա դրությամբ Դուք՝ որպես պաշտպան, արձանագրում: 

-Առայժմ մենք մի կողմից ունենք մի իրավիճակ, երբ նախաքննության մարմինը միակողմանի հավաքել ու հարմարեցրել է վկաների ցուցմունքներն ընդդեմ Նարեկի ու մյուս երկու անձանց, մյուս կողմից էլ՝ ունենք դատավարություն, որտեղ դեռ հետազոտվում են մեղադրական ապացույցները: Ես չեմ կարող դեռ արձանագրել որևիցե հաջողություն այդ դատավարության շրջանակներում: Բայց այն, որ հետզհետե պարզվում է, թե ինչպես են վկաների նախաքննական ցուցմունքները վերցվել, պարզից էլ պարզ է: Ձեր աչքի առաջ վկաները ցուցմունքներ են տալիս դատարանում ու նշում, որ ապրանք տալիս իրենց հաշիվ-ապրանքագրեր տրվել են, այնինչ նույն մարդիկ իրենց նախաքննական ցուցմունքներում հակառակն են պնդել, հետո էլ խոստովանում են, թե քննիչն ինչ-ինչ հնարքներ է կիրառել: Այսինքն՝ վկաների ցուցմունքների ակնհայտ հակասություններ կան: Հարց է առաջանում՝ ինչպես են ստացվել նախաքննական ցուցմունքները:  Իսկ հաշիվ-ապրանքագիր տալ-չտալը այս գործի հիմքն է: 

- Եթե կետ առ կետ նշենք, թե կոնկրետ Նարեկ Հարթունյանի գործով ինչ իրավունքներ են խախտվել, ապա ի՞նչ պատկեր կստացվի: 

- Նախ կառանձնացնեմ կալանքի սանկցիան, որը ապօրինի էր: Այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչ փոխվեց, որ խափանման միջոցը փոխվեց: Բանն էլ հենց այն է, որ  ոչինչ չփոխվեց այդ 4 օրերի ընթացքում, բայց Նարեկին ու ընկերության երկու աշխատակիցներին ազատ արձակեցին: Եղբա՛յր, եթե կարող էիք չկալանավորել այս մարդկանց, ապա ինչու կալանավորեցիք: Նույն ելակետային տվյալների հիմքով մեկ կալանավորում եք, մեկ բաց թողնում: Բայց չէ՞ որ կալանքը բացառիկ խափանման միջոց է: Եվ պիտի կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա դրա օբյեկտիվ պատճառը:

Կամ մեկ այլ պարագա. երկու տղամարդ ու երիտասադ աղջիկ գտնվել են քննիչի փոքր սենյակում, ու երբ նրանք ցանկացել են հանգստանալ, քմծիծաղ տալով նրանց առաջարկվել է սենյակի մեկ բազկաթոռը, թե պառկեք քնեք: Ընդունեք, որ անհաջող կատակ է, ավելին՝ նվաստացնող վերաբերմունք:

Երրորդ՝ բանկային հաշիվների ամբողջական սառեցումը աբսուրդի գագաթնակետն է: Այս մարդիկ մեղադրվում են 64 մլն դրամի հարկեր չվճարելու մեջ: ՊԵԿ-ը ուզում է պետական բյուջե վերադարձնել այդ գումարը: Բայց նույն այդ ընկերությունը 100 մլն դրամի հարկ էր վճարում, երբ աշխատում էր: Սակայն հաշիվների վրա կալանք դնելուց հետո արդեն մոտ 2 տարի է ընկերությունը չի աշխատում: Հիմա եկեք տեսնենք, թե ով ավելի շատ պետությանը վնաս պատճառեց: Ստացվում է, որ այս գործընթացով ընդամենը մարդուն սննկացնելով են զբաղված: 

- Լավ, բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: 

-Ֆրանսիացիները կասեին՝ փնտրեք կնոջը, մեր պարագայում կասեմ՝ փնտրեք որևէ իշխանավորի, ձեռնտու է նրանց, ում ձեռնտու չէ Նարեկի գործունեությունը, ով ձգտում է հասնել նրան, որ սփյուռքահայ գործիչը, ով այստեղ առաքելություն է իրականացնում, թողնի հեռանա: 

- Նարեկ Հարթունյանի և ընկերության երկու աշխատակիցների ձերբակալությունից հետո հանրային բողոքի մեծ ալիք բարձրացավ: Արվեստի աշխարհը, մտավորականները համախմբվեցին: Ի վերջո, 4 օր անց նրանց հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվեց հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ: Փաստորեն եթե հանրությունը չընդվզեր…

- Նարեկ Հարթունյանը թողել է իր տաք ու ապահով անկյունը, եկել է Հայաստան՝ առաքելությամբ, հայ մշակույթը զարկ տալու, մաքուր պահելու, տարածելու առաքելությամբ: «Նարեկացի» արվեստի միությունը ես չէ, որ պիտի ներկայացնեմ: Իրավաբան պետք չէ լինել, որ անարդարությունը զգալ, այնպես, ինչպես խոհարար պետք չէ լինել, որ հասկանալ ուտեստը համե՞ղ է, թե՞ ոչ: Հասարակությունը ընդվզեց, կարողացավ այդ պահին փոխել դեպքերի ընթացքը: Նարեկ Հարությունյանին հարկերից խուսափելու մի ժամանակահատված է մեղսագրվում, երբ ինքը նույնիսկ որևէ առնչություն չի ունեցել այդ ընկերության հետ: Ընկերությունը պատկանում է իր ընտանիքին, հիմնել է հայրը, իսկ տնօրենները եղել են երկու այլ անձինք ու իրականացրել են փաստացի կառավարումը, սակայն նույն ՊԵԿ-ը այդ երկու անձանց թողած՝ քրեական գործ է հարուցել ընկերության հիմնադրի որդու՝ Նարեկի դեմ: 

-Այդուհանդերձ բարի անուն ու համբավ ունեցող մարդու՝ Նարեկ Հարթունյանի մասին խոսելով՝ ՊԵԿ-ի փոխնախագահը տարվա սկզբին տեսակամրջի ժամանակ նշեց, որ Հարթունյանի գործը տիպիկ այն սփյուռքահայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր: Անմեղության կանխավարկածը խախտելու մասով Դուք դիմեցիք դատարան: Վճիռ կայացվեց: Ձեզ բավարարե՞ց այն: 

-Միայն դա չասաց պարոն Ալավերդյանը, եթե միայն դա ասեր, միգուցե դատարանում վիճարկելու բան էլ չունենայինք: Նա նույն միտքը շարունակելով՝ ասաց նաև. «և, ցավոք սրտի, այդ լավ գործընթացը ուղեկցվում է հարկերը չվճարելով»: Դարձյալ պնդում եմ, որ սա անմեղության կանխավարկածի խախտում է: Չէ՞ որ դեռ չկա դատվճիռ, և մարդը շարունակում է իր գործունեությունը, գնում է արվեստի միություն, որտեղ շփվում է երեխաների ու նրանց ծնողների հետ: Այս հայտարարությունը միանշանակ կարող էր ձևավորել կանխակալ կարծիք թե՛ հանրության, թե՛ նրա գործը քննող դատավորի մոտ: Իսկ ի՞նչ արեց դատարանը: Փորձեց ոչ մի կողմին նեղացնել, ոչ մյուսին: Առաջին կետով չընդունեց, որ Ալավերդյանի ասածը անմեղության կանխավարկածի խախտում է, մյուսով՝ սակայն հակասեց առաջին մտքին: Որոշեց պարտավորեցնել անմեղության կանխավարկածը խախտող գործողություններից ձեռնպահ մնալ: 

-Գիտեմ, որ արդեն իսկ Նարեկ Հարթունյանի գործով ՄԻԵԴ եք ուղարկել տարբեր գանգատներ: Ինչի՞ մասին են գանգատները: 

-Ձերբակալման ժամանակ Նարեկ Հարթունյանի և ընկերության երկու աշխատակիցների իրավունքների խախտումները, անմարդկային վերաբերմունքը, գույքային իրավունքների խախտումները: Այս ամենը փաթեթով արդեն իսկ ներկայացրել ենք Եվրոպական դատարան:  Մենք հետևողականորեն շարժվելու ենք առաջ: Բանկային հաշիվները սառեցնելու ուղղությամբ ևս դրվագ առ դրվագ ներկայացելու ենք Եվրոպական դատարան: 

-Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է: Բայց ինչպե՞ս եք Դուք տեսնում այս գործի ելքը:   

- Համոզված եմ, որ արդարությունը կհաղթանակի, և մենք կունենանք արդարացման դատավճիռ: Մի օր կապացուցվի, որ այս մարդիկ մեղավոր չեն: Այլ հարց է՝ պետությունը կգնա՞ նրան, որ ապահովի արդար ելք, թե՞ կանի ամեն ինչ, որ այս մարդիկ դատապարտվեն: Եվ երկրորդը՝ ինչքա՞ն կտևի այս խայտառակությունը: Սա Նարեկի համար է անսպասելի, քանի որ ինքը տարակուսած է, թե ինչու է հայրենի պետական կառույցների համար խորթ զավակ, բայց մեր՝ փաստաբաններիս համար, սա ամենաօրյա սովորական պայքար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter