Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ի՞նչ են մատուցում Հայաստանի պաշտոնական ինտերնետային էջերը



Լրագրողների հույսերը, որ ինտերնետ էջեր հիմնելով գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը մի օր կդառնա մատչելի` անկախ լրատվամիջոցի կարգավիճակից, չարդարացան: Պարզվում է` մեր գերատեսչությունների համար սայթերը հերթական դեկորացիա են, ինչպես մամուլի ծառայությունները, որտեղ տեղեկատվություն հայթայթողը ոչինչ չի գտնի, առավել եւս` լրագրողը: Պաշտոնական ինտերնետ էջերը հիմնականում չեն գործում, այսինքն` չեն թարմացվում, եւ վիճակն այնպիսին է, որ նույնիսկ գործող էջերում չկա հիմնական ու պահանջվող տեղեկատվությունը:

Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը (ՔՀԶՄ) ուսումնասիրել է մի քանի պաշտոնական ինտերնետ էջեր` ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), Սահմանադրական դատարանի եւ այլն: Եզրակացությունը, որ ներկայացրին վերջերս, այն է, որ պաշտոնական ինտերնետային էջերում տեղեկատվությունը թարմացվում է միայն առաջին դեմքերին վերաբերող պաշտոնական հանդիպումների, ընդունելությունների եւ այցելությունների մասով: Մի խոսքով այն, ինչ վերաբերում է նրանց վարկանիշին: Ինտերնետ էջերում ոչինչ չես գտնի տվյալ գերատեսչության գործունեության, ծրագրերի, ցուցանիշների եւ այլնի մասին, կամ, եթե ինչ-որ բան է տեղադրված, ուրեմն առնվազն երկու տարվա վաղեմության տվյալներ են: Այսինքն, մարզային լրատվամիջոցների թղթակիցներն իրենց պետք եկած թվի կամ որեւէ տեղեկատվություն ստանալու համար պետք է Երեւան հասնեն, որտեղ դարձյալ երաշխավորված չէ տեղեկատվություն ստանալու նրանց ցանկությունը:

www.president.am

Գերատեսչությունների ինտերնետ էջերից լավագույնը ՀՀ նախագահինը համարվեց: «Մշտապես նորացվում է, չի պարունակում անհեթեթ տեղեկություններ, սակայն այնտեղ չես գտնի նախագահի հրամանագրերը»: Ավելացնենք` ներկայացված չէ ՀՀ նախագահի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործունեությունը, ի՞նչ խնդիրներով են զբաղված եւ ի՞նչ է արվում: Այսինքն, տվյալ ոլորտի մասին փաստական տեղեկատվություն փնտրողն այդպես էլ չի գտնի այն: Ոչ միայն լրագրողները, այլեւ հանրությունը չափազանց հետաքրքրված են աշխատակազմի մի շարք բաժինների, օրինակ, վերահսկողական ծառայության, Արդարադատության խորհրդի գործունեությամբ, որոնց առավել շատ են դիմում քաղաքացիները:

Ընդ որում, ինտերնետ էջում տեղադրելը նրանցից լրացուցիչ աշխատաժամանակ չի պահանջի, քանի որ, օրինակ, Արդարադատության խորհուրդը ՀՀ դատական եւ դատախազական մարմինների աշխատանքների վերաբերյալ քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմում-գանգատների հիման վրա եռամսյակը մեկ անգամ ամփոփ զեկուցագիր է պատրաստում: Առանց գումարներ վատնելու այն պարզապես կարող էր տեղադրվել սայթում եւ դառնար հանրության սեփականությունը: Բացի այդ, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջն է` ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ ԶԼՄ-ներով հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն:

www.parliament.am

Հնացած տեղեկատվության առումով ամենատիպականը Ազգային ժողովի ինտերնետ էջն է, որտեղ վաղուց արդեն անվավեր դարձած օրենքները շարունակում են գործող օրենք ներկայացվել: 2001թ.-ին խորհրդարանը ՀԿ-ների մասին նոր օրենք է ընդունել, սակայն ԱԺ-ում իբրեւ գործող օրենք շարունակում են մատուցել «Հասարակական կազմակերպությունների մասին» 96թ.-ին ընդունված օրենքը: Նույնը վերաբերում է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքին: 1999թ.-ին ԱԺ-ն նոր օրենք է ընդունել, սակայն ինտերնետային էջում տեղադրված է այս օրենքի1990թ.-ին խմբագրված տարբերակը: Այսքանից հետո, ինտերնետային էջով զգուշացնում են` «Այս համակարգչային էջերը պաշտոնապես ներկայացվում են ՀՀ ԱԺ-ի կողմից: Ցանկացած այլ ներկայացումներ եւ հղումներ այդ ներկայացումներին համարվում են անօրինական»: Նկատել են, որ օրենսդրությունը հիմնականում տեղադրվել է 98թ.-ին, սակայն դա չի նշանակում, որ դրանից հետո սայթը չի գործել: Ավելին, նշվեց, որ գերատեսչությունների ինտերնետ էջերից ԱԺ-ինը միակն է, որ որոշ չափով թարմացվում է, սակայն դա վերաբերում է միայն ԱԺ նախագահի պաշտոնական այցերին ու հանդիպումներին:

www.concourt.am

ՀՀ սահմանադրական դատարանի ինտերնետ էջն իր իսկ ընդունած որոշումներից բացի, Հայաստանի բարձրագույն իրավական համակարգի մասին այլ ասելիք չունի: Իսկ եթե ունի` այցելուին, ավելի ճիշտ մարդկությանը դեռեւս անհայտ մի տառատեսակով է ներկայացված: ՍԴ-ում գտել են նաեւ տեղեկատվություն մատուցելու չափազանց անմեղ տարբերակ` ուրիշները թող ասեն, իսկ իրենք հղում կանեն նրանց: Ահա այսպես, ինտերնետ էջի ողջ բովանդակությունը կազմված է հղումներից` ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության ինտերնետային էջերին, որոնք տեղեկատվական առումով նրանցից լավ վիճակում չեն: Ստացվում է, որ ինտերնետային էջում մեկի սխալը շրջանառության մեջ է դնում մյուսը: ՔՀԶՄ-ն նկատել է, որ ՍԴ-ի Մարդու իրավունքներ բաժինն աննկատ անցում է կատարում հասարակական կազմակերպության սայթին: Այդպես էլ ընթերցողին անհասկանալի է մնում, թե ինչպես է Սահամանադրական դատարանը հանձն առել ներկայացնելու ՀԿ-ի տեսակետները: «ՀՀ կնքած համընդգրկուն միջազգային պայմանագրերը» էջում տեղադրված է ընդամենը երեք պայմանագրի տեքստ եւ երեքն էլ վերաբերում են ռազմական իրավիճակներին:

www.armenian.judiciary.am

Դատարանների նախագահների խորհուրդը վերջերս իր ինտերնետային էջի բացումը կատարեց եւ հանրության ակնկալիքները, որ վերջապես հնարավորություն կունենան հարուստ տեղեկատվություն քաղել դատարանների գործունեության մասին, ինչպես խոստանում էր էջի ծանոթագրությունը, իրականություն չդարձավ: Բացման հանդիսությունից անցել է ավելի քան մեկ ամիս, եւ պարզվում է` էջը դեռեւս այցելուներ չի ընդունում:

www.gov.am

ՀՀ կառավարության էջում չես գտնի կառավարության որոշումները, իսկ վարչապետը, պարզվում է երկու կենսագրություն ունի: Հայերեն էջում նա ընթերցողին է ներկայանում որպես Հանրապետական կուսակցության անդամ, իսկ անգլերեն էջում անկուսակցական է: ՀՀ կառավարության միջոցառումների ցանկը 2000թ.-ից հետո չի թարմացվել, սակայն վարչապետի վերջին ուղերձը ժամանակին տեղ է գտել սայթում: Քաղաքացիական հասարակության զարգացման միության հետազոտությունները ցույց էին տվել, որ կառավարությունը դրամական խնդիրներ չունի, տարբեր ժամանակներում գումարներ են տրամադրվել ինտերնետ էջ ստեղծելու եւ գործուն պահելու համար: Ավելին, ՀՀ կառավարության էջում նույնիսկ գովազդներ են տեղադրված, որը նշանակում է էջը պահպանելու համար, իրոք, գումարի խնդիր չունեն, միայն թե ցանկություն լինի:

www.elections.am

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային էջը ստեղծվել է 99թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ առայսօր բովանդակում է այն, ինչ տեղադրվել է չորս տարի առաջ: Հույս կա, որ շուտով կայանալիք նոր խորհրդարանական ընտրությունները պատճառ կարող են դառնալ մեկ-երկու կցկտուր տեղեկատվությամբ եւս էջը թարմացնելու համար:

www.armeniaforeignminstry.com

Տեղեկատվության անմատչելիության առումով անգերազանցելի է համարվում ՀՀ արտաքին գործերի նախարարության սայթը: Անհեթեթությունն սկսվում է ինտերնետային էջի անվանումից, որի դոմեյնը (տիրույթը) com. է: Մասնագետների բացատրությամբ` այն տրվում է գործարարներին: Նախարարների կազմն այստեղ ներկայացվում է հանրապետության նախորդ նախագահի նշանակած կազմով` ընթերցողին ավելի քան հինգ տարի ետ մղելով իրականությունից: Մեկ այլ աղբյուր վկայեց, որ ԱԳՆ-ի հետ իրենց աշխատանքը նույնպես չի ստացվել, այն դեպքում, երբ իրենց ծրագիրն իրականացվում էր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ կառավարության համաձայնության ու աջակցության մասին հավաստագրով: Սակայն, ամիսների բանակցությունից հետո, իրենց այդպես էլ չի հաջողվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկատվություն ստանալ Armenia geteway էջում տեղադրելու համար: ԱԳՆ-ն չափազանց ժլատ է զուտ պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու առումով եւ, որպես կանոն, հրաժարվում է նման տեղեկություններ տրամադրել:

Կապի նախարարությունն ընդհանրապես սայթ չունի, որը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության մատչելիության նկատմամբ մեր երկրի վերաբերմունքի փայլուն ապացույց է: Նշենք, որ ներկայումս ինտերնետ կենտրոններին անգամ սպառնում է փակվելու վտանգը, քանի որ ԱրմենՏելը որոշել է վերջնականապես կատարյալ դարձնել տեղեկատվական շրջափակումը Հայաստանում:

Ընդհանուրի համար նկատելի է մի բան` պաշտոնյայի անտարբեր մոտեցումը տեղեկատվության թափանցիկությանը, մատչելիությանը, որով էլ չի կարեւորվում ինտերնետային էջում տեղեկատվություն տեղադրելը: Հակառակ դեպքում, նույն փութաջանությամբ նրանք կիրականացնեին պաշտոնական տեղեկատվության մատուցումը, ինչպես դա անում եւ կարեւորում են, երբ խոսքը վերաբերում է իրենց անձնականին:

Պաշտոնական ինտերնետ էջերի չգործելը հակված են բացատրել հիմնականում տեղեկատվության մատչելիությանը կարեւորություն չտալով, քան թե ֆինանսական դժվարություններով կամ աշխատուժի պակասով: Քանի որ, օրինակ օրենսդիր մարմնի տեղեկատվական ոլորտը մի ամբողջ աշխատանքային խումբ է սպասարկում: Ընդունված օրենքն ու այլ անհրաժեշտ տեղեկությունները ինտերնետ էջում տեղադրելը նրանցից ոչ ֆինանասական ներդրումներ, ոչ էլ լրացուցիչ ժամանակ է պահանջում: ՀՀ կառավարությունը, որը պաշտոնական տեղեկագրեր կազմողն ու հրատարակողն է, նույնը կարող էր տեղադրել սայթում` ժամանակ չվատնելով: Մանավանդ որ պաշտոնական տեղեկագիրը հրատարակվում է խիստ սահմանափակ քանակով, բարձր արժեքով եւ մեծ մասին անհասանելի է: Պարզապես տեղեկատվություն տեղադրելը նրանք իրենց խնդիրը չեն համարում:

Միաժամանակ, բոլորին հասկանալի է, որ պարզ գերատեսչական ակտերին ծանոթությունն անգամ չափազանց դժվար կլինի մի երկրում, որտեղ պաշտոնական տեղեկատվության տարածումը պաշտոնական անձանց ձեռնարկատիրական գործունեությունն է դարձել` հանձինս «Իրտեկ» համակարգի: Քանի որ «Իրտեկը» վաճառում է դրանք, կնշանակի մյուս գերատեսչությունների հետ դրանք չհրապարակելու համաձայնություն ունի: Զավեշտական չէ՞, որ ՀՀ կառավարությունն իր իսկ ընդունած որոշումները «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակելու համար «Իրտեկի» համաձայնությունը պետք է ստանա, հնարավոր է` նաեւ վճարի նրան:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ