HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Մոտ 150 սիրիահայ ուսանող կրթավճարի մասնակի փոխհատուցում կստանա

Ավարտվել է սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը: «Շուտով կլինի նիստ, և նախատեսված գումարը կբաշխվի: Հավանաբար մինչև շաբաթվա վերջ կավարտվի գումարի տրամադրման գործընթացը: Մոտ 150 սիրիահայ ուսանող է դիմել հիմնադրամին՝ կրթավճարի փոխհատուցում ստանալու համար»,- նշեց ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

Հատկացվող գումարը փոխանցվելու է բուհին. կրթաթոշակ ստացող ուսանողը պարգևատրման ժամանակ կստանա նաև հավաստագիր: Այն հարցին, թե արդյոք հիմնադրամին դիմած սիրիահայ բոլո՞ր ուսանողները կստանան պարգևատրում, Արուսյակ Պողոսյանը պատասխանեց. «Ավելի կոնկրետ կարող եմ ասել նիստից հետո, բայց հավանաբար բոլորն էլ, ովքեր դիմել են մեզ, օգնություն կստանան: Մշակվելու է կարգ, որը առաջարկվելու է նաև սփյուռքի նախարարության կողմից. համապատասխան դրա կբաժանվի գումարը»:

Հնարավոր է, որ նախատեսված 40 միլիոն դրամը հավասարապես չբաշխվի ուսանողների միջև, քանի որ վարձաչափերը տարբեր են, նշեց Արուսյակը: Քանի որ դիմող ուսանողների թիվը մեծ է, տրամադրված 40 միլիոնը չի բավարարի նրանց կրթավճարն ամբողջությամբ փոխհատուցելու համար, ավելացրեց նա:

Այն հարցին՝ հիմնադրամն արդյոք ունի՞ վիճակագրական տվյալներ, թե Հայաստանում սիրիահայ քանի ուսանող կա, պատասխանեց. «Ըստ մեր տվյալների՝ մեզ դիմել են բոլորը, ովքեր կան: Մենք բուհերից ունենք սիրիահայ ուսանողների ցուցակներ, և այդ ցուցակներից անգամ ավելի մարդիկ են դիմել մեզ՝ նրանք, ովքեր նոր են եկել և համապատասխան ցուցակներում չկան: Այդ ուսանողներին մենք նույնպես ընդգրկել ենք մեր ցուցակներում: Ունենք ուսանողներ գրեթե բոլոր բուհերից՝ ԵՊՀ-ից, բժշկական համալսարանից, տնտեսագիտական համալսարանից, անգամ քոլեջներից»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացվում 100 միլիոն դրամ՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրն իրականացնելու համար։

Հատկացված 100 միլիոն դրամից 60 միլիոնը կտրվի ՀՀ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի համար, իսկ 40 միլիոն դրամը՝ սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter