HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայ գյուղացին վաճառում է գյուղմթե՞րքը` կիվի՞ն, նարի՞նջն ու թուրի՞նջը

Եզրակացնում եմ, որ ոչ քաղաքապետարանի աշխատակիցները, ոչ լրատվականի պատասխանատուները ուղղակի տեղյակ չեն, որ հայ գյուղացին դեռևս չի աճեցնում կիվի, նարինջ ու թուրինջ:

Սովորաբար երկրում տեղի ունեցող կարևոր քաղաքական ու նաև տոնական աժիոտաժային օրերին ընդառաջ սովորականից ավելի են ակտիվանում զանգավածային տարբեր լրատվամիջոցների լրատվական բլոկերը. «ծնվում են» նոր, «վերակենդանանում»` դաշտում առկա, բայց մինչ այդ աչքի չընկած լրատվական կայքերը, հեռուստաընկերությունները, որոնք ունեն լրատվական բլոկեր, ավելի են ամրապնդում դիրքերը, իսկ չունեցողները սկսում են տրամադրել լրատվություն:

«Լայմ» հեռուստաընկերությունը, հետևելով այդ միտումներին, մեկ ամսից ավելի է, թողարկում է լրատվական իր հաղորդումը:

Ընդամենը մեկ անգամ մասնագիտական աչքով պատրաստվում էի դիտել լրատվական հաղորդման ամբողջ եթերը, երբ ուղղակի զարմանքից աչքերս չռված մնացին:

Լրագրողը ռեպորտաժում ներկայացնում է Քաղաքապետարանի ստեղծած Գյուղմթերքի շուկան, որը նախատեսված է գյուղացիների համար` իրենց ապրանքը ավելի էժան վաճառելու համար, իսկ կադրում տեսնում ենք կիվի, նարինջ, թուրինջ և դրանց կողքին մեկ-երկու արկղ խնձոր:

Լուրերի մեկնաբանը նշում է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր բացվեց ևս մեկ գյուղատնտեսական ապրանքների շուկա այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Սպառողն այստեղ հնարավորություն ունի մթերքը գնել անձամբ գյուղացուց ավելի մատչելի գներով»:

Այնուհետև սկսվում է այս մասին պատմող ռեպորտաժը, որն աչքի է ընկնում ոչ միայն ռեպորտաժի կառուցվածքային սխալներով, այլև ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկատվություն:

Լրագրողական և օպերատորական աշխատանքը, պայմանավորված քաղաքապետարանի աշխատակիցներին մշտապես կադրում պահելու պատասխանատվությամբ, երևի թույլ չի տալիս այնքան կենտրոնանալ շուկայում առկա ապրանքատեսակների վրա, որ լրագրողը նույնիսկ մտքի ծայրով չի անցկացնում, որ հայ գյուղացին երբեք չի զբաղվել կիվիի, նարնջի կամ թուրինջի մշակմամբ:

Բայց սյուրռեալիզմը ռեպորտաժում հասնում է գագաթնակետին, երբ լրագրողը սկսում է հարցադրում անել «գյուղացուն», որի տոնավաճառային սեղանին դրված է «գյուղմթերքը»` կիվին, նարինջն ու թուրինջը, և խնդրում է հերթականությամբ ասել վերջիններիս գները:

«Քանաքեռ-Զեյթունի բանկիչները վերավաճառվող ապրանքի գնից ավելի էժան գնով հնարավորություն կունենան գնումներ իրականացնել, հատկապես երբ Ամանորին մնացել են հաշված օրեր, իսկ հայկական ժողովրդական սովորույթի համաձայն՝ ամանորյա սեղանները պետք է առատ լինեն»,- նշում է լրագրողը:

Մնում է պարզել` քաղաքապետարանն իսկապես հավատացա՞ծ է, որ մեր այգիներում աճում են արևադարձային մրգեր, թե՞ արդեն լրագրողները այդ մասին հավատացնում են նաև հեռուստադիտողներին:

«Լայմnews»-ի վերոնշյալ ռեպորտաժն՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter