HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական սպորտ. երկու քարի արանքում, երկու սարի արանքում

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) հրապարակել է 2012-ի լավագույն մարզիկների ցուցակը: Ինչպես եւ սպասվում էր, այս տարվա լավագույնն է ճանաչվել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը Լոնդոնում նվաճեց օլիմպիական արծաթը, իսկ մինչ այդ դարձել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Երկրորդը նույն ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է, իսկ երրորդը՝ ծանրամարտիկ, Լոնդոնի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Իրապես հենց այս երեքն էին արժանի լավագույն եռյակում հայտնվելուն, որովհետեւ օլիմպիական խաղերում հաջողությունը այն էլ Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ իրադարձություն է եւ ընդհանրապես ամենամեծ նվաճումն է սպորտի ասպարեզում:

Սակայն պատահեց այնպես, որ մարզական որոշ ղեկավարների ու նաեւ շատ երկրպագուների զարմացրեց այն հանգամանքը, որ լավագույն 10-յակում չկա որեւէ ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր աներկբա լավագույնն է Հայաստանում, հայտնվել է լավագույն մարզիկների 11-րդ հորիզոնականում: Յուրա Մովսիսյանը 14-րդն է, Ռոման Բերեզովսկին՝ 15-րդը, ըմբիշ Յուրի Պատրիկեեւի հետ 17-րդ տեղը կիսում է Սարգիս Հովսեփյանը, իսկ Արաս Օզբիլիզը 18-րդն է:

Անցյալ տարի Հենրիխը 4-րդն էր, իսկ Յուրան՝ 7-րդը: Այս տարին լավագույնն է Մխիթարյանի կարիերայում, բայց ինչու՞ հանկարծ նա հայտնվեց ավելի ցածր տեղում, քան 2011-ին: Դրան երկու պատճառ կարող է լինել: Նախ՝ Մխիթարյանի ֆուտբոլիստ է, իսկ ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, եւ քանի որ մեր ազգային հավաքականն այս տարի ցույց չտվեց նախորդ տարվա կրակոտ խաղը, նրա անդամների օգտին քվեարկողների թիվը նվազել է: Այսպիսի տեսակետ կա:

Սակայն չպետք է մոռանանք, որ մեր ֆուտբոլիստներն այսօր մեծ ճանաչում ունեն եւ բարձր գնահատականի են արժանանում ոչ միայն (ոչ թե) հավաքականի թիմային հաջողությունների շնորհիվ, այլեւ (այլ) իրենց անհատական բարձր մակարդակի: Օրինակ՝ նույն Մխիթարյանը, որն այսօր թերեւս Հայաստանի ամենաճանաչված ու ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է, ինչն առաջին հերթին ակումբային մակարդակով նրա հաջող ելույթների, եվրոպական ասպարեզում աչքի ընկնելու արդյունք է:

Եվ հենց այս առումով մարզասեր հասարակության կողմից ֆուտբոլիստներն առաջին հերթին դիտարկվում են իբրեւ անհատներ եւ ոչ իբրեւ թիմի մասնիկ: Չնայած երկու դեպքում էլ նույն Մխիթարյանի պարագայում հաջողություններն ակնհայտ են. Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, լավագույն ֆուտբոլիստ տարբեր հարցումների արդյունքներով:

Այստեղ է ահա, որ պարզ է դառնում, թե որն է ֆուտբոլիստների «անհաջողության» հիմնական պատճառը: Ի տարբերություն նախորդ անգամների՝ այժմ ՀՄԼՖ-ն ընտրությունն անցկացնում է կանոնակարգի համաձայն: Ըստ այդմ՝ «ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հաջորդաբար օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներին, այնուհետեւ միջազգային պաշտոնական մյուս մրցաշարերի (համաշխարհային օլիմպիադաներ, ուսանողական խաղեր եւ այլ) մրցանակակիրներին եւ վերջում՝ մասսայականություն վայելող մարզաձեւերի ներկայացուցիչներին: Հաշվի են առնվում մեծահասակների միջազգային պաշտոնական մրցումներում ձեռք բերած նվաճումները եւ հաջողությունները»: Հատկանշական է, որ ոչ բոլոր մարզական լրագրողներն էլ մասնակցել հարցմանը՝ կարծես բոյկոտելով ընտրությունը. հայտնի է, որ ՀՄԼՖ-ի կողմից անցկացվող այս քվեարկությունը մշտապես տարակարծությունների տեղիք է տվել: Իսկ ով էլ մասնակցել է, հիմնականում առաջնորդվել է կանոնակարգի վերոնշյալ կետով, ինչը, բնականաբար, առավելություն է տալիս, ասենք, Եվրոպայի մրցանակակրին, եթե վերջինիս համեմատելու լինենք Մխիթարյանի կամ Մովսիսյանի հետ:

Եթե միշտ կիրառվի այս սկզբունքը, հայ ֆուտբոլիստները կարող են մոռանալ լավագույնը դառնալու կամ թեկուզ եռյակում ընդգրկվելու մասին, քանի որ մենապայքարային մարզաձեւերի ներկայացուցիչները, Եվրոպայի բրոնզը նվաճելով, ավելի բարձր կդասվեն, քան ամենամասսայական ֆուտբոլի ներկայացուցիչները: Սա, իհարկե, այնքան էլ ճիշտ չէ, ու պիտի շեշտենք, որ որոշ լրագրողներ, նկատի ունենալով ֆուտբոլիստի համբավը երկրում եւ արտասահմանում, նրա մրցանակները ոչ մեդալների տեսքով, տվյալ մարզիկին ավելի բարձր տեղ են հատկացնում, քան միջազգային որեւէ մրցաշարում մեդալ նվաճած ըմբշին, սամբիստին կամ այլոց:

Ինչ ինչ, բայց գոնե այս տարի Մխիթարյանն իսկապես արժանի էր լավագույն տասնյակում տեղ ունենալուն: Այս տեսանկյունից կարելի է նաեւ հասկանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն իրեն բնորոշ ոճով, այդուհանդերձ, մի լավ «նախշել» է «հայկական սպորտը ղեկավարողներին»: Տարակուսանքը՝ տարակուսանք, բայց հետաքրքիր է, թե ինչ կապ ունեն այստեղ այդ ղեկավարները, որոնց դեմ ուղղված են Հայրապետյանի սլաքները:

Ու նորից պետք չէ հեռուն գնալ. Հայրապետյանն, ըստ ամենայնի, նկատի ունի սպորտի նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին, որոնք ԲՀԿ-ի ոլորտն են համարվում, իսկ ՀՀԿ-ական Հայրապետյանի ու Գագիկ Ծառուկյանի հին վեճն ու պարբերական փոխհրաձգությունը ծանոթ է գրեթե բոլորին: Չնայած իր հայտարարության մեջ Հայրապետյանը որեւէ մարզիկի կամ մարզաձեւի անուն չի նշել, սակայն պետք է կարծել, որ խոսքն առաջին հերթին ֆուտբոլիստների, գուցե նաեւ՝ շախմատիստների մասին է, որոնցից ուժեղագույնը՝ Լեւոն Արոնյանը, չորրորդն է այս տարի: Հիշեցնենք, որ շախմատն էլ ղեկավարում են ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Եվ ուրեմն՝ ՀՄԼՖ-ի այս քվեարկությունը առիթ է դարձել ՀՀԿ-ԲՀԿ հերթական ու անհարկի առճակատման: Ու չնայած ԲՀԿ-ն չէ մրցույթն անցկացնողը, բայց մասնավորապես սոցիալական ցանցերում հենց ԲՀԿ-ն է «մեղադրվում» շախմատիստների ու ֆուտբոլիստների «սայթաքումների» մեջ:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ հնարավոր չեղավ խուսափել հայկական սպորտը քաղաքականացնելու ու քաղաքականության կեղտով առողջ ու ազնիվ բնագավառի համբավ ունեցող ոլորտը մրոտելու փորձերից: Չնայած պետք է նաեւ հիշենք, թե ինչ տգեղ իրադարձություններ տեղի ունեցան այս տարի՝ լոնդոնյան խաղերի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը շտապեց գնահատական տալ ծանրորդ Առաքել Միրզոյանի ելույթին ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործողություններին, ինչին հետեւեց նույնքան տհաճ պատասխանը Միրզոյանի կողմից: Աշնանն էլ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հայ օլիմպիականների ելույթները որակեց խայտառակ ու բաց նամակով պատասխան ստացավ նույն մարզիկներից:

Ցավալի է, բայց փաստ. երեւույթը շարունակվում է այսօր ու նման ընթացքի դեպքում լինելու է նաեւ գալիք տարի: Հայկական սպորտը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ դարձել է շահարկման ու էժանագին քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու առարկա:        

Մեկնաբանություններ (1)

alfred tamazyan
why not give a chance to other sports to be able to nominate their own top athletes. make the the nation more competitive. Include Water Polo. Comment...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter