HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր գյուղն անկախ է

1981թ. սեպտեմբերի 7-ին կառավարության որոշմամբ քանդվել է Շիրակի մարզի 5.000 տարվա պատմություն ունեցող Բարձրաշեն գյուղը: Հողերին տիրանալու եւ Մարալիկը շրջկենտրոն դարձնելու նպատակով գյուղը քանդել են` պատճառաբանելով, թե ջուրը չի բավականացնում: Գյուղի երիտասարդները բնակաթափումը կանխելու համար դիմում են ներկայացրել կենտկոմի քարտուղարին: Այն մերժվել է. որոշված էր գյուղը հիմնովին քանդել: 1100 հա հողից 560 հա անցել է Մարալիկին, մի մասն էլ` Իսահակյան գյուղին: Բարձրաշենցիները վերաբնակեցվել են Իսահակյան եւ Մարալիկ ավաններում:

Վեց կով ունեցող գյուղացին հաջորդ օրը կանգնեց կաթի հերթում: 1987թ. կառավարությունը, բավարարելով «Էլեկտրոն» արտադրական միավորման անասնապահական օժանդակ տնտեսություն կազմակերպելու խնդրանքը Բարձրաշենի հողերից 26 հեկտար հատկացրել է նրան: Նախաձեռնողն այդ միավորման ղեկավարներից մեկն էր, ծնունդով բարձրաշենցի Կնյազ Կնյազյանը: Ահա թե որն է նրա ջանքերի պատճառը. «Երբ շրջկոմի քարտուղարը եկել է բարձրաշենցիներին համոզելու, որ քանդեն իրենց տները, հայրս քարը վերցրել է, տվել նրան ու ասել. « Ես 15 տարեկանում որբ մնացի, բայց էնքան ցավ չզգացի, որքան հիմա, երբ գյուղը քանդեցին: Առ, էս քարով խփի իմ գլխին, սպանի, բայց իմ տունը մի քանդիր»: Հորս տունը քանդում են: Եւ հորս էդ արցունքները եղան պատճառը, որ որոշեցի որքան հնարավոր է ուժ ու ջանք գործադրել, վերականգնել գյուղը»: 1988թ. երկրաշարժից հետո բարձրաշենցիները սկսեցին վերադառնալ հայրենի գյուղ: Մի կերպ վերականգնեցին իրենց տները, ու ամեն ինչ սկսեցին զրոյից: «Լույսը կտրին, հեռախոսը կտրին, բայց մենք պայքարեցինք եւ ապրում ենք. թուրքը, որ թուրք է, այդպիսի բան չէր անի»,- ասում է բարձրաշենցի Խաչիկ Սիմոնյանը: Բարձրաշենը այսօր Իսահակյանի համայնքին պատկանող առանձին բնակատեղի է: 1997թ. ՀՀ կառավարությունը Բարձրաշեն գյուղի զարգացման համար նախատեսել էր պահուստային ֆոնդի հողերից հատկացնել 48 հեկտար, սակայն այդ որոշումը առայսօր չի իրագործվել:

Գյուղի պատմությունից

Գյուղում պահպանվել են հեթանոսական եւ քրիստոնեական շրջանի գերեզմանոցները, Արեւի պաշտամունքին նվիրված կոթողի հարթակը: Պեղումների ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել է խեցեղեն` ապարանջաններ, խուփեր... Բարձրաշենը եղել է Բագրատունյաց իշխանների ամառանոցը: Մինչեւ 1800-ական թվականները գյուղն ունեցել է ջրի բնական աղբյուր: Ջուրը բնակիչներին է հասել քանքանի ջրատարի միջոցով: Բարձր դիրքի շնորհիվ գյուղն ունեցել է ստրատեգիական մեծ նշանակություն: Երբ թշնամին հարձակվել է, բարձունքից տեսանելի է եղել նրա յուրաքանչյուր քայլը: Տեղացիներն էլ եկեղեցիների զանգերի միջոցով տեղեկացրել են նաեւ շրջակա գյուղերին: Դրա համար էլ թշնամուն հարկավոր էր բնակազերծել այդ տարածքները: Փորձել են գյուղը ջրից զրկել. Քանքանի ջրատարի ակունքը խցանելով անլվա բրդով: Ջրատարը դադարել է գործել, գյուղը մնացել է առանց ջրի եւ բնակաթափվել : 1848թ. բարձրաշենցիները նորից վերադարձել են գյուղ, փորել են ջրհորեր: Բարձրաշենցիների տները տեղակայված են ս. Աստվածածին եկեղեցու շրջակայքում: Սրբատաշ տուֆով շարված 7-րդ դարի կիսականգուն այս եկեղեցին Անիում գտնվող մի վանքի քույր եկեղեցին է համարվում: Եկեղեցու ձախ կողմում Նիկողայոս Մառի արձանագրությունն է: Գյուղից քիչ հեռու Պողոս- Պետրոս մենաստանի տուֆակերտ կառույցն է (10-13-րդ դդ.):

Գյուղում յոթ ավետարան է եղել: Դրանցից միայն երկուսն են պահպանվել` Ոսկեկող եւ Շեկ ավետարանները: Ոսկեկող ավետարանը բերել է Մշո Գուլանխա Շիրվանշիր գյուղի տիրացուն` Առաքելը: Պատմում են, որ Շիրվանշիր գյուղում թուրք ասկյարները ավետարանը գցել են տաք թոնիրը: Սակայն պտտվելով բոցի մեջ` այն դուրս է թռել թոնրից: Շատերի պատմելով` տիրացուն այդ ավետարանով հիվանդներին բուժել է: Մինչեւ օրս էլ Ոսկեկող ավետարանը պահպանվում է տիրացու Առաքելի կիսաքանդ տանը:

«Իսկական անկախը մենք ենք»

Բարձրաշենում այսօր ապրում է 75 բնակիչ: Տուն չլինելու պատճառով, ինչպես իրենք են ասում, ապրում են նահապետական ընտանիքների պես` մի քանի եղբայր միասին: Չեն դժգոհում, ասում են` լավ էլ «յոլա» ենք գնում: 10 տան մեջ ապրում է 17 ընտանիք: Բարձրաշենի ամենամեծ ընտանիքը գյուղացի Խաչիկինն է: Արդեն 34 տարի է, ինչ ապրում է կնոջ` Անյայի հետ: Անյան 15 տարեկան էլ չի եղել, երբ Խաչիկը «խաբել», քաղաքից հարս է բերել:

«Գյուղը որ տեսա. դե ես քաղաքի աղջիկ էի, անասունից վախենում էի: Գյուղի գործին ծանոթ չէի. սկզբից նույնիսկ Խաչիկը պարանը կապում էր կռնակիցս, որ թոնիրը չընկնեմ: Բայց քիչ-քիչ հարմարվեցի. ինձ պարզերես արեցի»,- պատմում է Անյան: Ունեն 4 երեխա: Նրանցից երեքն ամուսնացած են: 6-7 տարի բնակվել են Մարալիկում: Բայց, ինչպես Խաչիկն է պատմում, մի ամբողջ տարի այնտեղ ապրած չի լինի. օրվա մեծ մասն անցկացրել է իր հարազատ գյուղում: Տան հիմնական գործն Անյայի ուսերին է: Արթնանում է առավոտ կանուխ, կովերին է կթում, հավերին ու խոզերին կեր տալիս, թրիք «թխում»: Շաբաթը երկու անգամ թոնրում լավաշ են թխում: Գոհ են իրենց կյանքից, ուրախ են, որ գյուղում երեխաների համար «վատ» շրջապատի վտանգ չկա: Չնայած բոլոր մեծերն էլ ուզում են, որ իրենց աղջիկներն ընտանիք կազմեն քաղաքում. երիտասարդներին այլեւս հետաքրքիր չէ գյուղը, նորության, փոփոխության կարիք ունեն: Ջահել տղաների հիմնական գործն անասուն արածացնելն է: Աղջիկներն ու հարսներն էլ ջրհորերից ջուր են կրում, աթարները դասավորում: Նույնիսկ փոքրերն են մտահոգվում` անձրեւը թրջեց, անասունը փչացրեց իրենց դարսած աթարը...

Իշխանությունները, պաշտոնյաները գյուղի մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ: Գալիս խոստումներ են տալիս, գնում: «Իսկական անկախը մենք ենք, ոչ օրենքի ենք ենթարկվում, ոչ բան: Մենք ենք, մեր գլուխը»,- ասում է Խաչիկը: Հիվանդանոց չկա: Պատահել է, որ հղի կանանց ձիերով են իջեցրել հարեւան Աղին գյուղի հիվանդանոց:

Բարձրաշենի դպրոցն արդեն վեց տարվա պատմություն ունի: Այն մի ժանգոտ վագոն է, որտեղ կիսաջարդ աթոռներ են, մի երկու սեղան, գրատախտակ, պատառոտված քարտեզներ: Դպրոցն ութամյա է, ունի 17 աշակերտ: Այս տարի տվել է առաջին շրջանավարտը: Ուսուցիչների հիմնական մասը միջնակարգ կրթություն ունի: Գրադարան չկա. ուսուցիչները տարբեր տեղերից գրքեր են հայթայթում ու աշակերտները հերթով կարդում են: Տեղացիները հպարտությամբ են խոսում իրենց դպրոցի մասին. չէ՞ որ ստեղծել են միմիայն իրենց ջանքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter