HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատական տեղեկատվության անմատչելիությունը հակադրվում է ընթերցողի պահանջներին

Վերջերս մամուլի թեմայով սոցիոլոգիայի ինստիտուտի կատարած հարցման արդյունքները պարզել են, որ հարցվողների 27,1 %-ը ընդհանրապես չի վստահում թերթերին, իսկ 13,8 %-ը ներկայացվող թեմաները հետաքրքիր չի համարում եւ այդ պատճառով թերթ չի ընթերցում: Եթե համադրելու լինենք այս երկու թվերը, կտեսնենք, որ մամուլը կորցրել է իր ընթերցողին հիմնականում չվստահելու եւ անհետաքրիքիր լինելու պատճառով: Սա մեզ` լրագրողներիս, չափազանց մտահոգում է, մանավանդ, երբ արդեն լրիվ գիտակցվել է, որ թերթը նույնպես ապրանք է, որը սպառող պետք է ունենա: Նույն հարցումը ցույց է տվել, որ ընթերցողը չափազանց բարձր է գնահատում տեղեկատվության օբյեկտիվությունը, հավաստիությունը, տարբեր աղբյուրներից ձեռք բերված, ստուգված եւ համադրված տեղեկատվությունը: Դրա կողքին շատ բարձր են գնահատում տեղեկատվության օպերատիվությունը: Սրանք արդարացի եւ լուրջ պահանջներ են, սակայն չեն ապահովվում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Սուբյեկտիվն այն է, որ լրագրողների մոտ նույնպես սերնդափոխություն է կատարվում, սակայն սկսնակներն իրավական բնագավառը լուսաբանելու փորձառություն եւ անհրաժեշտ ինֆորմացվածություն չունեն, հետեւաբար թեմայի լուսաբանումը պրոֆեսիոնալ չի կարող լինել:

Օբյեկտիվ պատճառները հանգում են տեղեկատվության անմատչելիությանը: Դատական համակարգում լրագրողների ձեռք բերած ամենամեծ նվաճումը դատաքննություններին անարգել մասնակցությունն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունների լուսաբանմանը: Իրավական համակարգի լուսաբանում ասվածը հիմնականում հենց այդպես էլ ընկալվում է. եթե հարցումների ժամանակ դատավորին կամ լրագրողին հարցնում են` համակարգի տեղեկատվությունը մատչելի՞ է, որպես կանոն պատասխանում են` «այո, մեզ թույլատրում են լուսաբանել դատավարությունները»: Այս հարցում այլ երկրների համեմատությամբ, հայ լրագրողները նույնիսկ արտոնություններ ունեն. քրեական գործերով դատաքննությունների ժամանակ հիմնականում թույլատրվում է եւ տեսագրում, եւ լուսանկարահանել, եւ ձայնագրություններ կատարել:

Վերը նշված հարցումը ցույց է տվել, որ ընթերցողն իրեն հետաքրքրող թեմաները դասակարգելիս առաջնային է համարել իրավական թեմաների լուսաբանումը: Իսկ իրավական թեմաներ ասելով նկատի չունի միայն դատարանները: Դատական համակարգը միայն դատարանները եւ դատաքննություններին մասնակցությունը չէ: Համակարգ հասկացությունն իր մեջ ներառում է արդարադատության նախարարությունը, արդարադատության խորհուրդը, դատարանների նախագահների խորհուրդը, նաեւ` փաստաբանական միությունները, որոնց գործունեության ամբողջությունն է պատկերացում տալիս դատական համակարգի մասին: Սակայն, նրանց գործունեության մասին մեր պատկերացումը հիմնականում ձեւավորում են քաղաքացիներն իրենց բողոքներով:

Դատական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում շատ կարեւոր դեր է վերապահված դատարանների նախագահների խորհրդին ոչ միայն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու, այլեւ` միջպետական համաձայնագրեր, պայմանագրեր կնքելու, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ զանազան ծրագրեր իրագործելու առումով: Ի՞նչ գիտենք մենք այդ ամենի մասին: Գրեթե ոչինչ: Նշված կառույցներից ոչ մեկը դեռեւս չի իրագործել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները: Այսինքն, հանդես չի եկել մամուլի հաղորդագրություններով, հաշվետվություններով, մամուլի ասուլիսով` գնահատական տալու իր ղեկավարած օղակի գործունեությանը: Թվում էր, Դատարանների նախագահների խորհրդի ինտերնետ էջի բացումը, որ տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, զգալի օգնություն կլիներ այս հարցերի պատասխանը գտնելու համար, սակայն մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել կարդալ այդ էջը:

Դատավորներն իրենք ասում են. «Ցավ ենք զգում, երբ ոչ ստույգ փաստեր են ներկայացնում, նյութերը նախքան հրապարակելը պետք է ստուգել դրանց հավաստիությունը»: Համամիտ ենք նրանց հետ, սական միշտ չէ որ մեզ հաջողվում է լիարժեք ճշտել տեղեկատվությունը: Հարկադրված մեր ամենօրյա թղթակցական աշխատանքի համար ընտրել ենք տեղեկատվություն ստանալու գրավոր տարբերակը եւ մեր թղթապանակն օր-օրի հարստանում է զանազան գաղտնիքների անվան տակ ներկայացվող մերժումներով, ոչինչ չասող պատասխաններով կամ արհամարհանքով, ինչպիսին ընտրել էր Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանը: Նա չպատասխանեց մեր նամակին, որով խնդրում էինք ծանոթանալ արդեն ավարտված քաղաքացիական գործին: Ավելորդ չենք համարում մեջբերել նաեւ հրապարակումներից մեկում դատավորի խոստովանությունը` «լրագրողները մեզ սթափ, զգոն են պահում, նրանք են համակարգի մասին պատկերացում տալիս»:

Դատական տեղեկատվությունը միայն լրագրողներին չէ, որ անմատչելի է: Սովորաբար, դատական փաստաթղթերին ծանոթանալու մեր խնդրանքը մերժվում է` ասելով, որ դատավարության մասնակից կողմ չենք, միայն կողմերին է տրված այդ իրավունքը: Սակայն հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ նույն խոչընդոտները կարող են առաջանալ նաեւ կողմերի, փաստաբանների համար: Քաղաքացիները նման բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ են հղել արդարադատության նախարարին, դատախազությանը եւ այլն:

Լրատվամիջոցների նկատմամբ դատավորների վերաբերմունքն իր ձեւակերպումն է գտել Դատարանների նախագահների խորհրդի 2001 թ. դեկտեմբերի 27-ին ընդունած Դատավորի վարքագծի կանոնագրքում: «Դատավորը պարտավոր է ըմբռնումով վերաբերվել դատարանի գործունեությունը լուսաբանող լրատվական միջոցներին, չխուսափել հասարակական վերահսկողությունից, եթե դրանցով չի հակասի արդարադատության շահերին, կասկած չի հարուցի դատարանի անկողմնակալության նկատմամբ»:

Թերեւս այդ «եթեի» սեփական լուծումն է գտել Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գայանե Կարախանյանը, երբ դատական նիստը փակ լինելու մասին որոշում չի կայացրել, սակայն լրագրողին պարտադրել է ենթարկվել փակ լինելու մասին իր հայտարարությանը: Նոյյան Տապանի թղթակից Սոնա Մաշուրյանը տեղեկացրեց, որ Գ. Կարախանյանն իր հայեցողությամբ լուծեց սահմանախախտ քրդերի դատավարությունը չլուսաբանելը: Սկզբում արգելել է տեսախցիկները, այնուհետեւ գտել է, որ լրագրողներին նույնպես պետք է դուրս հրավիրել: Ս. Մաշուրյանը չի ցանկացել ենթարկվել դատավորի կամայական որոշմանը եւ հայտնել է, որ կհեռանա դահլիճից, եթե դատարանը փակ նիստ գումարելու մասին որոշում ընդունի: Նրա ասելով, տիկին Կարախանյանը հարկ չի համարել օրինականացնել իր ցանկությունը, սակայն հայրենասիրական քարոզներ կարդալով` դահլիճից դուրս է հրավիրել:

Իրավական համակարգի մաս կազմող մեկ այլ օղակ` Արդարադատության խորհուրդը (ԱԽ), տեղեկատվության փակ լինելն ամրագրել է իր կանոնակարգի 4-րդ կետով. «Խորհրդի նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ կարող է գումարվել խորհրդի որոշմամբ»: Դատավորներից ոմանք գտնում են, որ առհասարակ ճիշտ չէ ԱԽ-ի կանոնակարգի այդ կետը: Նրանց կարծիքով, բնական կլիներ, եթե հակառակը սահմանվեր` անհրաժեշտության դեպքում միայն խորհուրդը որոշում կայացներ փակ նիստ գումարելու մասին: Միաժամանակ, դատավորները դժգոհում են իրենց անպաշտպանվածությունից: Պատճառն այն է, որ նրանց լիազորությունները դադարեցնելը խիստ գաղտնի է պահվում, չի նույնացվում բաց դատաքննության, որը նրանց նաեւ պաշտպանվելու հնարավորություն կտա:

ԱԽ-ի գործունեության մասին միակ պաշտոնական տեղեկությունը, որ մինչ օրս հրապարակվել է, սահմանափակվել է այն դատավորների անունները հրապարակելով, որոնց դատավարական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են խորհրդի որոշմամբ: Ոչ մի խոսք այն մասին, թե ո՞րն էր լիազորությունները դադարեցնելու իրական պատճառը: Ինչպե՞ս կարող էր դատավորն իր կամքով հրաժարվել պաշտոնից, երբ դատավոր դառնալը իրավաբանական կրթություն ունեցողների 99%-ի ձգտումն է:

Նրանցից ետ չեն մնում փաստաբանական միությունները: Գնալով մեծանում է քաղաքացիների դժգոհությունը փաստաբանների գործունեությունից: Դժգոհում են, որ նրանք, չպահպանելով մասնագիտական էթիկան, զանազան խաբեությունների են դիմում, սակայն միություններին ուղղված իրենց բողոքների ճակատագիրն անհայտ է: Ավելին, միությունները դեռեւս չեն հրապարակել փաստաբանների կարգապահական վարույթների արդյունքները` այդ հարցում ձգտելով հետ չմնալ դատավորներից ու դատախազներից:

Մեր կարծիքով, լրագրողների ու դատավորների անխուսափելի դարձած առճակատման պատճառը դարձյալ տեղեկատվության անմատչելիությունն է: Լրագրողների դեմ ներկայացված հայցերը հիմնականում պատվի եւ արժանապատվության հայցեր են: Եթե վերլուծելու լինենք, էթիկայի խախտումների պատճառը ոչ այնքան լրագրողների չիմացությունն է, այլ` տեղեկատվության պակասը: Ստացվում է, որ լրագրողը պետք է ենթադրությունների կամ կիսատ-պռատ լսածի վրա հիմնվի, քանի որ մենք աշխատում ենք ընթերցողի համար, իսկ ընթերցողը մեզնից օպերատիվություն է պահանջում: Եթե 15 օրում չեն պատասխանում գրավոր հարցմանը, մեկ ամսում չեն պատասխանում, ի՞նչ պիտի անի լրագրողը, եթե ոչ հիմնվի ենթադրությունների վրա: Նման հրապարակումներն են քաղ. հայցերի հիմք տալիս:

Եվս մեկ հետաքրքիր դիտարկում. «Խոսք եւ իրավունք» կազմակերպությունը անկախ մասնագետների միջոցով վերլուծության ենթարկեց անցնող տարիներում լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացված պատվի եւ արժանապատվության հայցերի քննությունը: Փորձագետների գնահատականներն ամփոփելով կարող ենք ասել, որ բավարարված հայցերի գրեթե կեսով դատարանը սահմանափակել է լրագրողների ազատ խոսքի, կարծիք հայտնելու իրավունքը: Մանավանդ, երբ դրանք վերլուծվել են Միջազգային կոնվենցիայի 10 հոդվածի տեսանկյունից: Եվրոպական դատարանը լրագրողից չի պահանջում փաստերի հավաստիություն, նյութերը ավելի շատ պետք է հավասարակշռված լինեն: «Դատարանները չեն կարող մամուլի փոխարեն որոշել, թե լրագրողներն ինչ եղանակով պետք է պատրաստեն իրենց նյութերը, որ դրանք մանրակրկիտ հետազոտման արդյունք լինեն եւ ցույց տան կատարված լրագրողական աշխատանքի լրջությունը»,- ասվում է Եվրոդատարանի փաստաթղթերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter