Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում - 3



Մեծ ներուժ եւ տնտեսական թռիչքի հնարավորություն

Այն ուժգին ճգնաժամը, որ սասանեց խորհրդային տնտեսության եւ հասարակության հիմքերը սկսած 1970-ականների կեսից, արտահայտությունն էր խորհրդային համակարգի եւ արդյունաբերականության (ինդուստրիալիզմի) խորհրդային տարբերակի` դեպի տեղեկատվական հասարակություն անցումն ապահովելու անկարողության:
Մ. Կաստելս

Հնդկաստանի հաջողությունը ոգեւորում է բազմաթիվ զարգացող երկրների միամտորեն հավատալու, թե իրենք նույնպես կարող են գնալ նույն ճանապարհով: Բայց նրանք չեն կարող...

Ռ. Մանսել, Ու. Վեհն

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման Հայաստանի «մեծ ներուժը» հիմնական փաստարկն է ներկա իրադրության գնահատականների եւ ապագայի կանխատեսումների: Այս ներուժը ներկայացվում է որպես խորհրդային ժառանգության արդյունք, որը ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է, որոշ զարգացող երկրների նման, միջազգային շուկայում ակնառու հաջողություն ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացմամբ եւ հատկապես ծրագրաշարերի (ծրագրային ապահովման) արտահանմամբ:

Այս պարագային ՏՏ-ը հանդես են գալիս իբրեւ խորհրդային անցյալը ներկային «կամրջող» կարեւոր գործոն: Խորհրդային ժառանգության որոշակի կողմի այս անվերապահ վերաարժեվորումը, որ թվում է ինքնին հասկանալի, իրականում իր մեջ պարադոքսային մի բան ունի` խիստ բնութագրական ներկա «անցումային շրջանի» գիտակցության համար: Այս ներուժը (պաշարներ, կարողություններ, գիտելիքներ), որպես կանոն, չի որոշակիացվում, այլ շարունակ վկայակոչվելով, ավելի ու ավելի է առասպելականացվում: Այստեղ իհարկե որոշակի դեր է խաղում դրա առնչումը նախկին հզոր կայսրության ռազմաարդյունաբերական համալիրին: Խորհրդային տարիներին այս բնագավառը ամբողջովին փակ էր, դրսի հայացքի համար անմատչելի, եւ շատ մանրամասնություններ հիմա էլ մնում են գաղտնի: Այդուհանդերձ, հազիվ թե որեւէ մեկն այսօր լրջորեն հերքի Խորհրդային Հայաստանի` էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (օգտագործելով այն ժամանակ ընդունված անվանումը) հետ կապված հետազոտության, մշակումների եւ արտադրության կարողությունները: Ես նույնպես այդպիսի նպատակ չունեմ. որքան էլ որ քննադատական լինի իմ մոտեցումը, այն բնավ մերժողական չէ: Բայց, ընդունելով հանդերձ անցյալի կարողությունը, հակված եմ մեծապես վիճահարույց համարելու այդ կարողությունների` ներկա պահին վերաբերող գնահատականները, առավել եւս դրանց համապատասխանությունը նոր պայմաններին:

Այս ժառանգության արդիականությունը, բնականաբար, հրատապ է դառնում առաջին հերթին տնտեսական հաջողության եւ սոցիալական անհետաձգելի խնդիրներ լուծելու ցանկությամբ: Այստեղ վճռական խթան է դառնում որոշ զարգացող երկրների հաջողությունը ՏՀՏ-ի բնագավառում, որը նման թռիչքի հնարավորություն է հուշում Հայաստանի համար նույնպես: Այսպիսով, մի կողմից` անհերքելի ժառանգությունը, իսկ մյուս կողմից` մի շարք երկրների հաջողության գայթակղիչ փորձը, որտեղից էլ հետեւում է այս երկուսը համատեղելու «տրամաբանական» քայլը. ժառանգված կարողությունը հենց այն է, ինչի օգնությամբ կարելի է հասնել տնտեսական կտրուկ առաջընթացի: Ահա այս տրամաբանությունն է, որ ես փորձում եմ ստորեւ հարցականի տակ դնել, առաջարկելով ավելի ուշադիր քննության առնել, հասկանալ խորհրդային ժամանակաշրջանից մնացած կարողությունները եւ այն, թե որքանով են դրանք ի զորու ծառայելու Հայաստանին այսօր` մտնելու համաշխարհային շուկա եւ եվրոպական համագործակցության շրջանակ:

Տեղեկատվական տեխնոլոգիաները Խորհրդային Միությունում

Հոդվածի համար որպես բնաբան ընտրված առաջին հատվածը Մ. Կաստելսի նշանավոր ուսումնասիրության` «Տեղեկատվական դարաշրջանը. տնտեսություն, հասարակություն եւ մշակույթ» եռահատորի երրորդ հատորից («Հազարամյակի վերջը») է: Այստեղ ծավալուն մի գլուխ է նվիրված ԽՄ-ի փլուզմանը, որտեղ գտնում ենք այդ պատմական իրադարձության պատճառների եւ հետեւանքների խորը վերլուծություն:

ԽՄ-ի արդյունաբերական զարգացումը տեխնոլոգիական առումով որեւէ ընդգծված ձեւով չի առանձնացել ընդհանուր համաշխարհային ընթացքից եւ մինչեւ 1960թ. լուրջ պատճառներ չկային խոսելու զարգացած երկրների համեմատությամբ խորհրդային տնտեսության ետ մնալու մասին: Մ. Կաստելսի բառերով ասած` «ինչ¬որ բան» պատահեց 1970-ականների կեսին, որ տեխնոլոգիական լճացում ծնեց ԽՄ-ում: Բայց այդ «ինչ¬որ բանը» պատահեց ոչ թե ԽՄ-ում, այլ առաջավոր կապիտալիստական երկրներում: Խոսքը նոր տեխնոլոգիական հեղափոխության մասին է, որը հիմնված էր տեղեկատվական տեխնոլոգիաների եւ լայնածավալ կիրառությունների մեջ այդ տեխնոլոգիաների տարածման վրա այնպես, որ խորհրդային համակարգի համար ծայրահեղորեն դժվարին գործ դարձավ դրանք յուրացնելը եւ սեփական նպատակներին հարմարեցնելը: Որպես հետեւանք, «Համաձայն բոլոր ցուցանիշների, ԽՄ-ը բաց թողեց տեղեկատվական տեխնոլոգիայի հեղափոխությունը, որը ձեւավորվեց աշխարհում 1970-ականների կեսին»: Արդեն 1990 թվականին Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի մասնաճյուղի առաջատար մշակումները, ըստ փորձագիտական հետազոտության արդյունքների, մոտ 20 տարով ետ էին մնում ամերիկյան կամ ճապոնական համակարգչային արդյունաբերությունից: Իսկ անձնական համակարգիչների հեղափոխությունը լիովին շրջանցեց խորհրդային տեխնոլոգիան:

Այս տեխնոլոգիական փոփոխության մեջ սկզբունքային նշանակություն ուներ նորարարությունը, որը կապված էր ռիսկի եւ անկանխատեսելիության հետ: Իսկ խորհրդային համակարգը ապաքաջալերում էր նորարարությունը` հարուցելով տեխնոլոգիական լճացում հենց այն ժամանակ, երբ մնացած աշխարհում կատարվում էր պարադիգմային մեծ տեղաշարժ: Տեղեկատվական տեխնոլոգիաների նորացման եւ տարածման համար լուրջ խոչընդոտ էր տեղեկատվության վերահսկողության քաղաքականությունը: Իսկ խորհրդային բյուրոկրատիայի (ներառյալ գիտական բյուրոկրատիան) համար քայքայիչ էր անգամ «անձնական համակարգիչի» գաղափարը: Այսինքն «իր բուն էությամբ խորհրդային իշխանություն մերժում էր հասարակական համակարգի մեջ ՏՏ-ի տարածումը: Իսկ առանց այդ տարածման, ՏՏ-ը չէին կարող զարգանալ հատուկ, պետության կողմից վերագրված գործառական նշանակության շրջանակից դուրս: Դրանով իսկ անհնարին էր դառնում տեղեկատվական տեխնոլոգիայի պարադիգմի համար բնութագրական սպոնտան նորարարության ընթացքը, որը կատարվում էր շնորհիվ այդ տեխնոլոգիաների տարաբնույթ գործածությունների եւ ցանցային փոխազդեցության»:

Նախնական փուլում սկսելով ամերիկյան տեխնոլոգիայի պատճենումից, ճապոնական ֆիրմաները, իսկ ավելի ուշ` մի շարք ասիական երկրներ, մեկ-երկու տասնամյակում հասան ամերիկյան արտադրանքի հետ մրցունակության, մինչդեռ ԽՄ-ի փորձը հակառակ արդյունքն ունեցավ: Եւ սա` հակառակ այն վիթխարի պաշարների, որ ԽՄ-ը նվիրում էր գիտությանը, հետազոտությանն ու մշակումներին, հակառակ բնակչության կրթական բարձր մակարդակին եւ այն բանի, որ աշխատող բնակչության կազմում ուներ տոկոսային հարաբերությամբ գիտնականների եւ ինժեներների շատ ավելի մեծ քանակություն, քան աշխարհի որեւէ այլ մեծ երկիր:

Արդյունաբերականից տեղեկատվական մոդելի անցումը ձախողելու մեջ, ըստ Կաստելսի, մեղավոր էր ոչ թե պետությունը, այլ խորհրդային համակարգը. կուսակցության կողմից` պետության, իսկ պետության կողմից` հասարակության ամբողջական վերահսկողությունը տնտեսության կենտրոնացված պլանավորման եւ խստորեն վերահսկվող մշակութային ապարատների օգնությամբ պարտադրվող մարքս-լենինյան գաղափարաբանության միջոցով:

Եզրակացնելով, ցանկանում եմ ընդգծել սկզբունքային խզումը կամ տարբերությունը խորհրդային ժամանակի (ուրեմն` խորհրդային ժառանգության եւ ՏՏ-ի համապատասխան ընկալման) եւ նոր իրադրութան միջեւ, ապա նաեւ անզգուշությունը այս սկզբունքային տարբերությունը զանց առնող մոտեցման, որը խորհրդային ժամանակի կարողությունը հեշտորեն տեղափոխում է ներկա իրադրություն: Այս առումով ՏՏ-ը որքան ծանոթ, նույնքան էլ նոր եւ անծանոթ պետք է համարվեն: Այսինքն, ՏՏ-ի դերի եւ նշանակության պատշաճ ըմբռնումը հարկ է համարել նպատակ, խնդիր, այլ ոչ թե խորհրդային ժառանգությամբ տրված ինքնին հասկանալի մի բան:

Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի եւ ուսանելի է դառնում ԱՊՀ-ի անդամ երկրների միասնական տեղեկատվական տարածության նախագծի ձախողումը, որը հետեւանք էր ոչ միայն քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական, այլեւ հատկապես խորհրդային ժամանակից ժառանգված հայեցակարգային լուրջ պատճառների:

Խորհրդային ժառանգության տարբեր երեսները

Հասկանալի է ուրեմն, որ ՏՏ-ի զարգացման հայաստանյան կարողությունների այսօրվա գնահատականները հաշվի չեն առնում պատմական համատեքստի կտրուկ փոփոխությունը: Այս մոտեցման մեջ ոչ հեռավոր անցյալի ժառանգությունը ոչ միայն ապապատմականացվում է, այլեւ ստանում է բացառապես դրական իմաստ: Տեխնոլոգիան, այսպիսով, որպես զուտ գիտելիք եւ հմտություն կամ էլ պարզապես տեխնիկական մարմնացում, թեթեւորեն անջատվում է սոցիալ-մշակութային համատեքստից եւ շեշտված գաղափարաբանական վերագրումներից: Կարծում եմ, որ սխալ է ժառանգությանը զուտ դրական նշանակություն վերագրելը, որ իր ամբողջության մեջ ժառանգությունը երկդիմի է` կարողությունն ու անկարողությունը միմյանցից անբաժան: Այս հանգամանքի անտեսումը խանգարում է նոր իրողությունների թելադրած տեսանկյունից նկարագրել եւ անվանել այդ «ներուժը» եւ ըստ այդմ` ճանաչել եւ գնահատել թե՜ ունեցածը, թե՜ այն, ինչ պակասում է:

Այնինչ անզեն աչքով անգամ տեսանելի է, որ առայժմ անհասկանալի «ներուժի» կողքին Հայաստանը չունի փորձագետներ եւ տարրական գիտելիք ՏՀՏ-ին վերաբերող տարբեր կարեւորագույն տիրույթներում: Իսկ մի՞թե զարգացման պատշաճ ծրագրերի եւ քաղաքականությունների բացակայությունը չի խոսում սկզբունքային նշանակություն ունեցող կարողությունների եւ ունակությունների բացակայության մասին ...

Այդպես այսօր Հայաստանում խոսում են ՏՏ-ի զարգացման մասին արդյունաբերություն-հասարակություն ավանդական բաժանման մոդելի շրջանակում` անտեսելով նոր տեխնոլոգիաների սոցիալական նշանակությունը եւ չհասկանալով դրանց զարգացման մեջ սոցիալական գործոնի վճռական դերը: Այդպես հիշատակվում է Հայաստանի բնակչության կրթական բարձր մակարդակը, բայց մոռացվում, որ կրթության համակարգը ըստ էության շատ հեռու է մնացել տեղեկատվականացման ընթացքից, ուստի այդպիսի կրթությունը չի կարող էական գործոն համարվել ՏՀՏ-ի զարգացման համար: Իսկ ՏՏ-ի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարող իշխանության կառավարման համակարգը բոլորովին անհաղորդ է կառավարման արդիական տեղեկատվական տեխնոլոգիաներին: Ճիշտ այդպես «մեծ ներուժ» ունեցող երկրի դպրոցները չունեն ինֆորմատիկայի ուսուցիչներ ու դասագրքեր, իսկ համալսարանները, բնականաբար, չունեն այդպիսի մանկավարժների պատրաստման ծրագրեր: Եւ այլն, եւ այլն...

Այս դիրքորոշումը, որն ըստ էության մերժում է տեղեկատվական տեխնոլոգիաների հասարակական բնույթը եւ իր բուն իմաստից զրկում Տեղեկատվական հասարակության գաղափարը, շատ չի հեռացել խորհրդային գաղափարաբանությունից: Տեղեկատվական տեխնոլոգիաների հասարակական նշանակությունն ըմբռնելու անկարողությունն է հենց, իմ կարծիքով, կազմում խորհրդային ժառանգության այսօր դեռ պահպանվող խիստ անցանկալի կողմը:

Հնդկաստանի փորձառության դասերը

Վերջապես անդրադառնանք հարցի մյուս կողմին` որոշ զարգացող երկրների հաջողության փորձին: Նման դեպքերում մատնանշվող երկրներից առաջինների թվում Հնդկաստանն է, որը վերջին տասնամյակի ընթացքում անշեղորեն առաջադիմում է ծրագրաշարերի արդյունաբերության եւ արտահանման գործում: Արժե ուրեմն դիտարկել Հնդկաստանի փորձի որոշ մանրամասներ: Ռ. Մանսելը եւ Ու. Վեհնը «Գիտելիքի հասարակություններ. տեղեկատվական տեխնոլոգիան կայուն զարգացման համար» գրքում խոսում են ՏՀՏ-ի զարգացման մի շարք, իրենց բառով ասած, «առասպելների» մասին: Առաջին առասպելն այն է, որ «Զարգացող երկրները միլիարդներ են վաստակում ծրագրաշարերի արտահանումից»: Բերելով հենց Հնդկաստանի օրինակը, նրանք ընդգծում են, որ հայտարարվող թվերը խաբուսիկ են: Ասենք, եթե 1995/96թթ. Հնդկաստանի արտահանումների արժեքը կազմել է մոտ 750 միլիոն ԱՄՆի դոլար, ապա դրա մեծ մասը (մոտ երկու երրորդը) այնուհետեւ դուրս է եկել երկրից պատվիրատու երկրներում անհարժեշտ աշխատանքներ կատարող հնդկաստանցի մեծաքանակ մասնագետների տարատեսակ ծախսերի, մարկետինգի համար ծախսերի, տեղական արտադրության համար ներմուծվող սարքավորումների եւ այլնի համար վճարումների տեսքով: Այսինքն ակնհայտ չափազանցություն կա արտահանման տվյալների ներկայացման եւ զարգացող երկրներում արդյունաբերության այդ ճյուղի հաջողության մեկնաբանության մեջ:

Ներկայացվող այլ առասպելների թվում մեզ համար հետաքրքրական է նաեւ հետեւյալը. «Ծրագրաշարերի արտահանումները հանգեցնում են տեղական (ներքին շուկայի, հայրենական արտադրանքի) բարելավումների»: Այս ենթադրությունը նույնպես որպես կանոն անհիմն է, իսկ ավելի հաճախ պատահում է ճիշտ հակառակը, քանի որ կատարվում է տեղական հմտությունների ուղղորդում դեպի արտահանման արտադրություն: Տեղի է ունենում «հմտությունների եւ պաշարների մղում տեղական կարիքներին ծառայող արտադրությունից դեպի այնպիսի ծրագրաշարերի արտադրություն, որից շահում են արդյունաբերապես զարգացած երկրներում հիմնված ֆիրմաները: Նմանօրինակ արտահանումը, փոխանակ նպաստելու տեղական շուկային, ավելի է մեծացնում դրա թուլությունները»:

Ահա եւ վերջին առասպելը. Հնդկաստանի օրինակը վարակիչ է ուրիշ զարգացող երկրների համար, որոնք հավատում են` «Քանի որ Հնդկաստանը կարողացավ, մենք էլ կկարողանանք»: Հնդկաստանի հաջողությունը, եթե խուսափենք մակերեսային մեկնաբանությունից, հիմնված է այնպիսի նախադրյալների վրա, որոնց մեծ մասը որպես կանոն բացակայում է նրա փորձով ոգեւորված երկրներում: Ի հավելումն անգլերեն լեզվի համատարած իմացության եւ երկրի մեծ չափերի ընձեռած բնորոշ առավելությանը, «Հնդկաստանը անցկացրել է ավելի քան երկու տասնամյակ` զարգացնելով մի շարք վճռորոշ հմտություններ, կապեր, քաղաքականություններ եւ ենթակառույց, որ այդքան պակասում են բազմաթիվ այլ զարգացող երկրներում: Որպես արդյունք, Հնդկաստանը կարող է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը` դուրս մղելով ավելի ուշ եկածներին»:

Շարունակելով այս թեման, ցանկանում եմ ամբողջացնել այն ուրիշ աղբյուրից քաղված մի քանի այլ տեղեկություններով ու տվյալներով:

Դեռեւս 1970-ականների կեսին Հնդկաստանում հիմնվել է Ազգային կենտրոն, որի նպատակն էր համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կառավարման (ադմինիստրացման) համակարգի շարունակական արդիակակնացումը: Այն թափ հավաքեց 1980-ականներին, երբ հաստատվեց արբանյակային կապով կապված ցանց. NICNET-ը (այսօր երկրի ամենամեծ ցանցը), որը կապում է բոլոր մարզային, պետական եւ ազգային կենտրոնները եւ աշխատեցնում սոցիալական գիտություններին, բժշկությանը եւ օրենսդրությանը վերաբերող տվյալների մեծածավալ շտեմարան` միեւնույն ժամանակ ծառայելով երկրի բոլոր հետազոտական հաստատություններին: Ինչպես պնդում է Ռ. Սունդարամը` «Սա նշանակում էր ոչ թե պարզապես ավելի շատ համակարգիչներ կառավարման մեջ, այլ իշխանության իսկ կառուցվածքի փոխակերպում»: 1980-ականների վերջին էլեկտրոնային կառավարման համակարգը կիրառվում էր բոլոր մարզային կենտրոններում, որոնք կապված էին պետական մայրաքաղաքներին, իսկ սրանք էլ` ազգային մայրաքաղաքին: Այսպես ազգային ցանցի միջոցով հետագայում մատչելի էին դառնում նաեւ էլեկտրոնային փոստը եւ այլ ինթերնեթային ծառայություններ... 1995-ին միմյանց կապված էին 6000 ինստիտուտներ եւ ընթանում էր եւս 8000 քոլեջի ներգրավումը ERNET մեծությամբ երկրորդ պետական ցանցի մեջ:

Փոփոխությունների այս մյուս կողմը, որը, թվում է, ուղղակիորեն չի վերաբերում ՏՏ-ի արդյունաբերությանը, իրականում հաստատում է այն ենթադրությունը, թե միայն ՏՏ-ի արդյունաբերությունը կամ ծրագրաշարերի արտահանումը չի եղել այս երկրի մտահոգության առարկան, որ հրապարակավ քննարկվող առաջընթացի հիմքում ընկած են շատ ավելի խորքային, տեւական սոցիալական փոխակերպումներ: Հնդկաստանի հաջողության նախապայմանների թվում են կառավարման համակարգի, իշխանության կառուցվածքի փոփոխությունը, տեղեկատվության եւ հաղորդակցության հզոր ցանցի մեջ գիտության ու կրթության համակարգերի միավորումը, սոցիալական հրատապ նշանակությամբ մեծածավալ բովանդակություն ունեցող, երկրով մեկ տարածված ցանցի ստեղծումը եւ պահպանումը...

Այս հանգամանքներից մի քանիսն անմիջականորեն վերաբերում են Հայաստանին: Կրթության եւ կառավարման համակարգերի լուրջ խնդիրների մասին արդեն ակնարկեցի վերը, սոցիալական գործուն նշանակություն ունեցող տեղեկատվական-հաղորդակցական ցանցերի նշանակության գիտակցումը մյուս կարեւոր թեման է... Իսկ ՏՏ-ի արդյունաբերության զարգացման անունի տակ տեղական կարողություների ու պաշարների ուղղորդումը դեպի արտահանում եւ տեղական կարիքների անտեսումը հենց այն է, ինչ վերջին մեկ-երկու տարում աստիճանաբար ուրվագծվում է Հայաստանում: Սրա հետեւանքով մեծապես նվազում են հասարակության եւ տնտեսության մեջ ՏՀՏ-ի արդյունավետ տարածման, ուստի եւ ՏՀՏ-ի իրական զարգացման հնարավորությունները:

շարունակելի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Հրաչ Բայադյան. Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ