ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Տունը երկու տեր ունի, բայց տիրազուրկ է ճանաչվել



Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը հոկտեմբերի 3-ին քաղ. գործերից մեկով կայացրած վճռով գերազանցել է ինքն իրեն: Այգեստան 11 փ. 29 տունը ոչ ավել, ոչ պակաս ճանաչել է տիրազուրկ` այն պայմաններում, երբ հայցվորները տան սեփականատերերն են եւ իրենց սեփականության իրավունքը պաշտպանելու պահանջով են դիմել դատարան: Դատավորն իր վճիռը «հիմնավորել» է այսպես. «ՀՀ քաղ. օր-ի 178 հոդվածի համաձայն տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից...»:

Դատավորի այս ձեւակերպումը ոչ մի կերպ չի մոտենում իրականությանը, քանի որ, տվյալ դեպքում սեփականատերերը հայտնի են, անձամբ ներկայացել են դատարան իրենց սեփականությունը պաշտպանելու մտադրությամբ եւ իրենց հաստատակամությունը մեկ անգամ էլ վավերացրել են մամուլում: Հայցվորները` հիշյալ տան սեփականատերեր Ալբերտ եւ Թամարա Ադունցները, դատարան են ներկայացել սեփականության իրավունքի վկայականները ձեռքներին, որը գրանցված է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նրանք խնդրել են իրենց սեփականությունից վտարել այնտեղ ժամանակավոր բնակվող իրենց մյուս քրոջ ընտանիքին, որը հրաժարվում է ազատել տունը: Քույրը` Անահիտ Խալաթյանը, որ սեփականատերերի համաձայնությամբ ժամանակավորապես բնակվել է վիճելի տանը` հակընդդեմ հայցով դատարանից խնդրել է քրոջն ու եղբորը զրկել սեփականության իրավունքից եւ իրեն ճանաչել Այգեստան 11 փ. 29 տան սեփականատեր:

Պ. Օհանյանն այդպես էլ վարվել է: Թամարա Ադունցին զրկել է սեփականությունից եւ տան սեփականատեր է ճանաչել Անահիտ Խալաթյանին: Այն դեպքում, երբ Թ. Ադունցի սեփականության իրավունքը ճանաչվել է դատարանի 2002 թ. փետրվար ամսվա օրինական ուժի մեջ մտած վճռով, որով եւ դատարանը Կադաստրին պարտավորեցրել է նրա սեփականությունը գրանցել Կադաստրում: Մինչ օրս էլ անհայտ է մնում, թե պրն. Օհանյանը ինչպե՞ս է պարզել, որ համասեփականատերերը «փաստորեն հրաժարվել են տան նկատմամբ իրենց սեփականության իրավունքից, եւ առանց այդ իրավունքը պահպանելու մտադրության այն թողել են Անահիտ Խալաթյանին, որն իր ընտանիքով 1981թ.-ից մինչեւ այսօր բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է այն, որպես սեփական գույք»:

Պրն. Օհանյանը թե՜ Հայաստանում, թե՜ միջազգային օրենսդրության մեջ հազիվ թե գտնի որեւէ հոդված, որը սեփականատիրոջից իր սեփականությունը խլելու իրավունք տա: Բայց դե, օրենքը մի բան է, հայ իրականությունը` մեկ այլ բան:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ