HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աղքատության դիմագիծը

Արդեն 13 տարի փախստականները Վարդենիսում ժամանակավոր են բնակվում

Էլմիրա Նասիբյանը Վարդենիսի վարչատարածքի Գեղաքար գյուղում հաստատվել է 1989թ.-ին: Միայանակ կինն այսօր սարսափ է դարձել շրջապատի համար: Համագյուղացիները պատմում են, որ նա արդեն երրորդ տունն է տեղափոխվում: Ձմռանը վառելիք չունենալով քանդել է տան բոլոր փայտային մասերն ու այրել, ընդ որում բոլորին զարմացնելով կտուրի գերանները հանելու վարպետությամբ, որոնցից վերջինը պահում է մահճակալի տակ:

Համագյուղացիներն անհանգստացած էին, քանի որ վերջին ժամանակներս օգտվելով հարեւանի բացակայությունից` այրել էր նաեւ նրա տան դուռը: Կտուրի փլուզվելու վտանգը Է. Նասիբյանին սպառնում է երրորդ անգամ, նա գրեթե բաց երկնքի տակ է քնում: Գեղարքունիքի մարզպետ Հակոբյանն ընդառաջեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լեւոն Ներսիսյանի խնդրանքին` Գեղաքար գյուղում հաստատված Էլմիրա Նասիբյանին ապահովել կացարանով ու աշխատանքի տեղավորել որեւէ հիմնարկում: «Ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա»,- կտրուկ ասաց նա` իր պատասխանով զարմացնելով բոլորին: Նրա վարմունքի մակերեսային բացատրությունն, իհարկե, այս կլինի` չի ուզում հեռանալ, որովհետեւ համայնքը շատ է ուզում, որ հեռանա: Իրականում նրա չարանալու հիմքերն ավելի խորն են: Այս տարիներին նա մերժել է Սախարով կենտրոնի առաջարկած թե սննդային, թե դրամական օգնությունը:

Փախստականները Վարդենիսում բնակություն են հաստատել 13 տարի առաջ, նրանց տեղավորել են գյուղական համայնքների լքված տներում, առանց իրավաբանական համապատասխան ձեւակերպման: «Երբ նրանց այստեղ բնակեցրել են` ասել են ժամանակավոր է, բայց արդեն 13 տարի ժամանակավոր են բնակվում: Նրանք դեռ խորհրդային մտածելակերպով են առաջնորդվում, ասում են` տունը թող պետությունը սարքի` ես բնակվեմ: Սովոր չեն, որ իրենք պետք է ստեղծեն, բողոքականը մեջները դրած է, մենք էլ սովորեցրինք ուզելուն` «փչացրինք», հիմա շատ դժվար է նրանց վերափոխելը»,- ասում է Լ. Ներսիսյանը:

Գեղարքունիքի մարզպետ Վահագն Հակոբյանը հայտնեց, որ մարզում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 600-700 ընտանիք կա, որոնց մեջ մեծ թիվ են կազմում փախստականները: «Մարզի 30 գյուղերում փախստականներ են բնակվում, ընդ որում նրանք եկել են քաղաքային վայրերից: Բնակչությանը տեղավորել են գյուղերում, երիտասարդները հեռացել են, մեծահասակները, կանայք ու երեխաները մնացել են պետության վզին: Մեծահասակներին ու երեխաներին պահելը շատ դժվար է, մանավանդ որ գյուղական կենցաղը նրանց համար խորթ է եղել: Աղբեթ գյուղի փախստականներին ասել եմ` օգտվեք լճից, բայց ձուկ բռնել չգիտեն: Շատ-շատերը կամաց-կամաց գալիս հասնում են այս վիճակին: Մնացել են նպաստի ու թոշակի հույսին: Հողեր ունեն, չեն մշակում, մարդ կա, որ դեռեւս ճամպրուկային տրամադրության մեջ է»,- ասում է մարզպետը:

Կարճաղբյուր գյուղում հաստատված վերջին երեք փախստական ընտանիքներից մեկն այդ օրերին հեռացել էր գյուղից` բնակարան էր գնել Աբովյան քաղաքում ու տեղափոխվել: Երկու ընտանիքները շարունակում են ապրել կողք-կողքի, սանիտարական պայմաններից զուրկ, կիսախարխուլ կացարաններում: Նրանցից մեկին` միջին տարիքի մի տղամարդու, Սախարով կենտրոնի նախագահն առաջարկեց տեղափոխվել փախստականների համար կառուցված քոթեջ, բայց նա մերժեց` երեւի թե հոգնել է անվերջ միգրացիայից:

«Գեղաքար տանող ճանապարհն առաջին ձյան հետ փակվում է»

Ասացին, որ ամռանն էլ Գեղաքար հասնելու համար փորձությունների միջով պետք է անցնել: Բայց, քանի դեռ առաջին ձյան հետ ճանապարհը չի փակվել, գեղաքարցիները վերջին օրերին շտապել են ոտքով հասնել հարեւան Խաչաղբյուր գյուղ ու իրենց վրդովմունքը հայտնել էլցանցի տեսուչին: «Անցյալ շաբաթ եկել են հոսանքի գումարը գրելու եւ առանց հաշվիչների ցուցիչին նայելով` կլորիկ գումարներ են ներկայացրել: Մի քանիսի հոսանքն անջատել են»,- պատմեցին գեղաքարցիները: Նշեցին, որ հարեւան գյուղացի տեսուչն այդ հարցում չափման միավորներից միշտ էլ աչքաչափն է նախընտրել:

Սախարով կենտրոնի հայթայթած միջոցներով վերանորոգվել է նաեւ շենքերից մեկը, ավելի ճիշտ` նոր դպրոց էր կառուցվել, որն իր ժամանակակից տեսքով տարբերվում է գյուղի բոլոր շինություններից: Նորամուտը դեռ չի եղել եւ գյուղի դպրոցահասակ քսան երեխաները շարունակում են հին, փլուզված մի կառույցում հաճախել, որի ճաքերը ոչ հեռու գտնվող քարհանքի պայթեցումից օր-օրի մեծանում են: Որքանո՞վ է նրանց համար առաջնային նոր դպրոց ունենալը` դժվար է ասել: Սախարով կենտրոնի նախագահը հայտնեց, որ երկու տարի առաջ «Ապագա սերունդ» կազմակերպության հետ գյուղե-գյուղ կատարած այցերը ցույց են տվել, որ միայ երեք գյուղում մոտ 400 աշակերտ դպրոց չի հաճախում: «Նրանք վաղուց դպրոցահասակ էին` 11-12 տարեկան, բայց առաջին դասարան չէին գնացել: Ուզում էինք գիշերօթիկ դպրոց հիմնել 4 ամսով, որ հետո իրենց ուսումը շարունակեն, սակայն չհաջողվեց»:

«Որքա՞ն երեխա չի հաճախում դպրոց», մեր հարցին, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց.«Մեր տվյալներով 7 երեխա, որից երկուսը մտավոր հետամնաց են»: Զրույցին միջամտում է Լ. Ներսիսյանը: «Դպրոցի տնօրինությունը տարբեր պատճառներով ճիշտ չի ներկայացնում, թե իրականում որքանն են դպրոց հաճախում: Բոլորն ընդգրկված են դպրոցներում, բայց փաստացի չեն գնում հետեւյալ պատճառներով.

1. բարձրադիր լեռնային գյուղերին նույնքան դրամական միջոցներ է հատկացվում դպրոցը ջեռուցելու համար, որքան քաղաքներին, սակայն այստեղ 20 աստիճանից ավելի ցուրտ է լինում:

2. Մյուս կողմից էլ երեխաները չեն հաճախում, կամ սեզոնային բնույթ ունի նրանց հաճախելը: Գյուղացիների մտածելակերպն է այդ` պարտադիր չէ, որ երեխան գրել-կարդալ իմանա, ավելի լավ է անասունները պահի, քան դպրոց գնա:

Փախստական կա, որ 4-րդ դասարանից հանել է երեխաներին, նրանք ոչխար են պահում: Պատճառը սոցիալական է` քաղցած են, կիսամերկ, բայց եթե սնունդ ես տալիս` վաճառում են, կոշիկ տվեցիր` հայտնի չի` կհագնի, թե՞ կվաճառի: Կան հարբեցող ծնողներ կամ` վաճառում են էներգիայի վարձը տալու եւ այլ կարիքների համար: Տարին ավարտվում է, նրանց ասում են` էներգիայի մեծ պարտքեր ունեք: Ընտանիքներ կան, որ երկու տարի լույս չեն ունեցել: Ծայրահեղ չքավոր ընտանիքների վիճակը մեղմելու համար կենտրոնի միջնորդությամբ Հոլանդական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել մեկ ամսով հյուրընկալել Վարդենիսի ու Ճամբարակի գյուղերի չքավոր ընտանիքներից 20 երեխաների, որոնք ապրելու են ընտանիքներում:

10 երեխաների մայրը զրկված է բժշկական օգնությունից

Սարիբեկ Միքայելյանը տեղացի է` Վարդենիսի Վանեւան գյուղից, 10 երեխաների հայր, որից վերջինը 3 ամսեկան է: Կինը` տիկին Ռիտան, ծննդաբերելուց հետո արյունատար անոթների խցանում է ունեցել ու ծանր վիճակով տեղափոխվել Երեւան, Հանրապետական հիվանդանոցում մնացել է 15 օր ու դուրս գրվել: Հիմա նա պառկած է անկողնում, առանց բժշկական օգնության: Դեղատոմսը պատուհանի գոգին է եւ ներս մտնողներին նրա բովանդակությանը ծանուցելով` հույս ունի, որ որեւէ մեկը կարող է օգտակար լինել այդ հարցում: Թե ինչով է սնվում ընտանիքը` իրենք էլ չեն կարողանում ասել: «Մի կով ունենք` կիսահիվանդ, հորթը վաճառեցինք 30 հազար դրամով ու վճարեցինք հիվանդանոցին` դեղերի համար»: Բժիշկներն արգելել են կրծքով սնուցումը երեխային եւ նորածնին կերակրում են կովի կաթով, որը հակացուցված է 3 ամսեկանի համար:

Ընտանիքը սոցիալական նպաստ է ստանում, սակայն ինչպես մարզպետ Հակոբյանն է ասում` նպաստը հարց չի լուծում: «4-5 հազար դրամ էներգիայի համար ենք վճարում, մնացածով` շաքարավազ ու հաց ենք գնում»,- ասում է բազմազավակ մայրը: Այնուամենայնիվ, ձմռան նախաշեմին ընտանիքը զբաղված էր ձմռան պաշար ամբարելով: Տան նախամուտքում կարտոֆիլի մի քանի պարկ էր դրված, որն ընտանիքի հոր վարձատրությունն էր սեփական նախաձեռնությամբ համագյուղացիների դաշտերում իրականացրած «սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով: Մարզպետարանը բազմանդամ ընտանիքին իր աջակցությունը հայտնել էր 200 կգ ցորեն հատկացնելով: Իսկ էլեկտրաէներգիայի պարտքը նրանց անհասկանալի ձեւով շարունակում է աճել` 35 հազար դրամ, չնայած տունը տաքացնելու միակ միջոցը աթարն է:

Ռիմա Միքայելյանի ասելով, դպրոցահասակ 5 երեխաներից միայն երկուսը դպրոց չեն հաճախում` հագուստ չունեն: Նրանցից մեկը երկրորդ դասարանում պետք է լիներ, մյուսն այս տարի առաջին դասարան պետք է հաճախեր: «Այս ընտանիքի 10 երեխայից երկուսն են դպրոց գնում, այն էլ ոչ մշտապես»,-ուղղում են կենտրոնի աշխատակիցները:

Վարդենիսում ծննդյան վկայականներին կարեւորություն չեն տալիս

Ծննդյան վկայականներ չունենալը տասնամյակի խնդիր է, որն այդպես էլ լուծում չի ստանում հեռավոր գյուղերի համար: Սախարովի կենտրոնը պարզել էր, որ նման երեխաների թիվն ավելի քան հազարի է հասնում Գեղարքունիքի մարզում: Վարդենիսի վարչական կենտրոնում գտնվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժանմունք հասնելը, ինչպես նշեցին գյուղացիները, իրենց նման աղքատիկ ընտանիքների համար այդքան էլ հեշտ չէ: Նախ` բաժանմունքը գյուղից ավելի քան 20 կմ հեռու է: Վարդենիս քաղաք հասնելու համար 12 կմ-ից ավել ճանապարհ պետք է կտրեն ոտքով:

Մեծ դժվարությամբ Վարդենիսի վարչատարածքային կենտրոն հասնելուց հետո պարզվում է, որ ՔԿԱԳ աշխատակիցն իրենց չի սպասում: Եթե պահանջված բոլոր տեղեկանքները ներկայացրել են, չի նշանակում, թե պատճառաբանություններ չի գտնի երեխայի գրանցումը մերժելու եւ իր մերժումը հիմնավորելու համար: Մերժման հիմնական պատճառ է նաեւ ՀՀ քաղաքացու անձնագիր չունենալը: Նույն ֆինանսական դժվարությունների պատճառով գյուղացիներից շատերը չեն կարողացել փոխել խորհրդային անձնագրերը եւ երեխայի ծնունդը չգրանցելը նույնպես հարկադրանքի միջոց է, որպեսզի ծնողները փոխեն նախկին անձնագրերը:

Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փախստականաբնակ գյուղերում հազվադեպ չեն առանց բժշկական օգնության, տնային պայմաններում ծննդաբերության դեպքերը, որը երբեմն հանգեցնում է անցանկալի հետեւանքների: Ժամանակին չի գրանցվում երեխայի ծնունդը, նման երեխաների թիվը Գեղարքունիքի գյուղերում ավելի քան հազարի է հասնում, որի պատճառով զրկվում են երեխայի ծննդի միանվագ գումար ստանալու իրավունքից, աղքատության ընտանեկան նպաստից եւ այլն:

Առհասարակ, գյուղերի կապը Վարդենիսի վարչատարածքային կենտրոնի հետ շատ վատ է, որի պատճառով թղթարարություն, կարելի ասել, գոյություն չունի, իսկ Երեւանն անհասանելի է: Սակայն իրավական ու սոցիալական բնույթի խնդիրներ` որքան ուզեք: Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսպորտային ծախսերի հետ կապված դժվարությունների պատճառով սոցիալապես ծանր վիճակում գտնվող բնակիչները նեղ մասնագիտական եւ լաբորատոր ախտորոշիչ ծառայություններից օգվելու հնարավորություն չունեն եւ ծանր հիվանդությամբ տառապող անձինք զրկվում են հաշմանդամության խմբում ընդգրկվելուց, հետեւաբար` կենսաթոշակ ստանալուց:

Գեղարքունիքի մարզում դեռեւս մեծ թիվ են կազմում ՀՀ քաղաքացու անձնագիր չունեցող փախստական ընտանիքների թիվը: Նրանց մի մասը կորցրել է փախստականի ընտանիքի վկայականը եւ ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում Երեւանից իր կարգավիճակը հաստատող տեղեկանք ձեռք բերել: Մյուս մասը կորցրել է ծննդյան վկայականը, որի պատճառով չի կարողանում քաղաքացիություն ձեռք բերել: Մի այլ խումբ` փախստականների հաշվառման, փաստագրման ժամանակ բացակայել են հանրապետությունից եւ նրանց անունները դուրս են մնացել փախստականի ընտանիքի վկայականից: Հիմա վերադարձել են արտերկրից եւ հպատակագրվելու ցանկություն ունեն, սակայն Վարդենիսի անձնագրային բաժնում նրանց մերժում են փախստականի ընտանիքի վկայական չներկայացնելու պատճառաբանությամբ: Ֆինանսական դժվարությունների պատճառով նրանք չեն կարողանում դիմել նաեւ դատարան` անշարժ գույքի պետական գրանցման եւ նոտարական մարմինների համապատասխան գործողությունների կատարման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter