Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մատաղիս. չարդարացված սպասումների 9 տարիներ



2012 թ. դեկտեմբերի 18-ին, չորսեւկես տարի տեւած դատաքննությունից հետո Հյուսիսային քրեական դատարանը հրապարակեց «Մատաղիսի» գործով հերթական դատավճիռը. դատարանն արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին: Դահլիճը ցնծում էր ուրախությունից. ծափահարություններ, շնորհավորանքներ, ողջագուրանքներ ամբաստանյալների ու նրանց հարազատների հետ: Առաջին շարքում միայնակ կանգնած հեկեկում էր սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը. դրանք ե՛ւ ուրախության, ե՛ւ տխրության արցունքներ էին: Հրապարակված արդարացման դատավճիռը նաեւ նրա տրամաբանված ու փաստարկված աշխատանքի արդյունքն էր, եւ այդքանով նա կիսում էր դահլիճի հրճվանքը: Տխրության արցունքներ էին, որովհետեւ դատարանը չտվեց ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ո՞վ եւ ինչո՞ւ սպանեց իր որդուն:
 
Այս գործով մինչ օրս տեղի է ունեցել 2 նախաքննություն եւ 4 դատաքննություն, որոնք, սակայն, այդպես էլ չտվեցին այն հարցի պատասխանը, հանուն որի արդարադատություն էր իրականացվում: Հերթական դատաքննությունն ավարտվեց քրեական գործը հարստացնելով նոր հարցադրումներով, ավելացնելով անպատասխան մնացած հարցերի թիվը: Փաստված է միայն մի բան. 2004թ. հունվարի 9-ին եւ 10-ին Մատաղիս գյուղում գտնվող զորամասին հարակից ջրամբարում հայտնաբերվել են երկու զինվորների դիակներ, որոնք առնվազն 17 օր անհետացել էին զորամասից ու փնտրվում էին: 9 տարիների անարդյունավետ շրջապտույտից հետո դատարանը (նախագահող դատավոր Հարություն Մովսեսյան, դատավորներ՝ Մարտին Սարոյան, Արմեն Խաչատրյան) կրկին որոշեց գործն ուղարկել նոր քննության՝ սպանության իրական մեղավորներին հայտնաբերելու համար: 
 
Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած երկու զինծառայողներին՝ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու եւ սպանելու համար սկզբում մեղադրվել են նույն զորամասի 4 այլ զինծառայողներ, որոնց նախաքննության շրջանում երեք ամիս կալանքի տակ պահելուց հետո ազատ են արձակել: Այնուհետեւ, սպանությունների համար կալանավորել են նույն զորամասի 3 այլ զինծառայողների՝ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ Արայիկ Զալյանին: Լեռնային Ղարաբաղի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել են ե՛ւ ամբաստանյալները՝ չընդունելով հանցանքը, ե՛ւ տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որին չի գոհացրել պատժաչափը: Քրեական վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով գործը, 15 տարվա ազատազրկումը փոխարինել էր ցմահ ազատազրկումով:

Ցմահ ազատազրկումից՝ արդարացում
 
Այս քրեական գործը եզակի է այն առումով, որ քաղաքական ենթատեքստ չունենալով՝ անցնող տարիներին հանրության ուշադրության կենտրոնում մնաց շնորհիվ կայացված դատավճիռների: Վճռաբեկ դատարանը 2006 թ. դեկտեմբերի 22-ի որոշումով բեկանեց Քրեական վերաքննիչ դատարանի կայացրած ցմահ ազատազրկման դատավճիռը եւ կալանքից ազատեց ավելի քան 2 տարի 8 ամիս նախնական կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալներին՝ Մատաղիսի զորամասի նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ Արայիկ Զալյանին: Վճռաբեկ դատարանն անբավարար էր համարել ԼՂ Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերված նույն զորամասի զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ նրանց մեղադրելու ապացույցները: Ինչպես իրավական շրջանակում են նշում՝ Հայաստանի արդարադատության պատմության մեջ դեռեւս չի եղել նման դեպք, երբ ցմահ ազատազրկման դատավճիռը փոխարինվի արդարացման դատավճռով:
 
Քանի որ դատավճիռն այդ առումով եզակի էր, այս գործը հայտնվել էր նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում: Ինքս ներգրավվելով հիշյալ կազմակերպության դիտորդություն իրականացնող խմբում՝ դատաքննությանը հետեւել եմ մոտ 2,5 տարի՝ 2010թ. մարտ ամսից սկսած: Դատաքննությունն ավելի վաղ էր սկսվել՝ դեռեւս 2008թ. հունիսից, սակայն տպավորություն չստեղծվի, թե այն երկարաձգվեց չորսուկես տարի, որովհետեւ դատարանը պետք է տար բոլոր հարցերի պատասխանը: Դատարանում չէին թաքցնում, որ այս գործի ելքը իրենք չեն որոշելու, բոլորը սպասում էին ազդակի, իսկ ազդակն ուշանում էր: Ամսվա մեջ տեղի էր ունենում մեկ կամ երկու նիստ, հաճախ նշանակված նիստերը տեղի չէին ունենում կողմերից մեկի կամ հրավիրված վկաների չներկայանալու եւ այլ պատճառներով: Եվ այդպես գլորվում էին ամիսները, տարիները, ու ոչ ոք հանձն չէր առնում գործի քննության ավարտն ազդարարել: 
 
Նախաքննությունն իրականացվում էր դատարանում
 
Ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, որով գործը նախաքննությանը վերադարձնելով նոր հարցադրումներ էին արվել, իրականում նախաքննություն չէր իրականացվել (այդ մասին ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը խոսել է իր պաշտպանական ճառում): Երեք ամբաստանյալները կրկին ներգրավվել էին որպես մեղադրյալներ, միայն մի տարբերությամբ, որ այս անգամ նրանք կալանքի չէին վերցվել: Դատաքննության ընթացքում առավել քան ակնհայտ դարձավ, որ դատախազության խնդիրը հանցանքը բացահայտելը չի եղել, եւ գործը նույնությամբ կրկին դատարան բերելով՝ հույս են ունեցել, որ որոշակի իրավիճակում կկարողանան պնդել իրենց տեսակետը: Սակայն, երբ դատարանում լուրջ դիմադրության հանդիպեցին՝ հանձինս երեք մեղադրյալների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հայկ Ալումյանի եւ տուժողի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանի, հարկադրված եղան նախաքննությունն իրականացնել դատարանում: Նշանակվեցին նոր փորձաքննություններ, հրավիրվեցին վկաներ, սակայն, ցավոք, դրանք կամ ավելի էին խճճում չպարզաբանված հարցերի կծիկը, կամ ընդամենը հերքում էին դատախազության ներկայացրած փաստարկները: 
 
«Մատաղիսի» քրեական գործի համար առանցքային էր հանցագործության վայրը, որտեղ տեղի էին ունեցել ծեծկռտուքն ու սպանությունը: Այս առումով նույնպես դատախազության ու պաշտպանական կողմի տեսակետները տարբեր էին: Նկատի ունենալով, որ հարցը չափազանց կարեւոր էր գործի համար, ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը, ամբաստանյալ Արայիկ Զալյանը եւ տուժողի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը սեփական փորձաքննությունն իրականացրին Մատաղիս գյուղի դեպքի վայր մատնանշվող տեղանքում: Կատարեցին այն գործողությունները, որոնք պետք է կատարեր նախաքննությունը: Փորձաքննության տեսաերիզը ներկայացվեց դատարան, հետազոտվեց դատաքննության ընթացքում եւ դատարանի որոշմամբ ճանաչվեց ապացույց: Ներկայացված փաստարկներին չհամաձայնելու դեպքում փաստաբանը մեղադրանքը պաշտպանողներին առաջարկեց սեփական փորձաքննությունն անցկացնել: Առարկություններ չեղան:
 
Պարզվեց, որ ցմահ ազատազրկման դատավճիռ հրապարակած Քրեական վերաքննիչ դատարանը կողմերին անգամ արտահայտվելու հնարավորություն չի տվել: Մովսես Մկրտումյանը հայտնեց, որ նախորդ դատաքննության ժամանակ իրեն թույլ չի տրվել իր փաստարկները ներկայացնել, առաջին անգամ է հնարավորություն ստանում պատմել այն ամենի մասին, ինչ տեսել եւ լսել է կորած որդուն փնտրելու ընթացքում: Նա պնդում էր, որ երկու սպանված զինծառայողների միջեւ միակ ընդհանրությունն այն է, որ նրանք ծառայել են նույն զորամասում, եւ նրանց դին հայտնաբերվել է նույն ջրամբարից: 
 
Համամիտ չէր դատախազության այն տեսակետին, թե նրանց սպանել եւ ջուրն են նետել միաժամանակ: Մ. Մկրտումյանը պատմեց, որ երբ որդու դին հանել են ջրամբարից, դիակը թարմ է եղել, քթից արյուն էր հոսում: Առաջին փորձաքննությունը հայտնել է, որ մահը վրա է հասել դիակը հայտնաբերելուց 1-2 օր առաջ: Ռոման Եղիազարյանին ջրից դուրս են բերել 2004 թ. հունվարի 10-ին՝ մեկ օր հետո, եւ նրա հագուստը հանելիս քայքայված մաշկը պոկվել է հետը, դիակը եղել է սմքած, գլխին ձեռք տալիս մազերը բռով պոկվել են եւ այլն: Փորձաքննությունը հայտնել է, որ Ռ. Եղիազարյանը մահացել էր ջրից դուրս բերելուց առնվազն 10-12 օր առաջ:
Դատարանը երբեւէ այդքան ներողամիտ չէր եղել 
 
Հետաքրքիր բեկումնային պահեր գրանցվեցին դատավարության ընթացքում. մի քանի անգամ, երբ թվում էր՝ ուր որ է պետք է հայտարարվի դատաքննության ավարտի մասին, հաջորդ նիստում դատախազները նոր վկաներ հրավիրելու միջնորդություններ էին ներկայացնում: Վկաներ, որոնք հարցաքննվել էին մի քանի անգամ եւ կրկին մեծ դժվարությամբ դատարան ներկայանալով, լավագույն դեպքում, դժկամությամբ կրկնում էին տված ցուցմունքը կամ աշխատում էին չհիշել այն: Ամենից հաճախ հնչող պատասխանները լինում էին՝ «չեմ հիշում, չեմ ուզում հիշել»: 
 
Վկաների հարցաքննության ձեւական ընթացքն ավելի քան երկու տարով երկարաձգեց դատաքննությունը, եւ ոչ ոք չէր բարձրաձայնում դատաքննության ողջամիտ ժամկետների խախտման, ամբաստանյալների ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու եւ այլ խախտումների մասին: Մեկ այլ դեպքում դատավորը կմերժեր վկաներ հրավիրելու միջնորդությունների ավելի քան 70%-ը, սակայն այս դեպքում լավ իմանալով, որ հրավիրված վկան ոչ մի նոր բան չի ավելացնելու եղածին, անխտիր բավարարվում էին բոլոր միջնորդությունները: 
 
2011 թ. մարտին դարձյալ, երբ շատ իրատեսական էր թվում դատաքննության ավարտը, եւ դատարանն ուզում էր անպայման այն ազդարարել տուժողների իրավահաջորդների մասնակցությամբ, ներկայացավ սպանված զինծառայողներից Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Եղիազարյանը: Վերջինս մարտի 29-ի դատական նիստի ժամանակ խնդրեց իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ՝ ամուսնու եղբոր փոխարեն (վերջինս նույնպես չէր մասնակցել նիստերին): Նա հայտարարեց, որ ինքը համաձայն չէ մինչ այդ կատարված քննության հետ եւ դատավարության երրորդ տարում պահանջեց վերսկսել դատաքննությունը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը եւ վերսկսեց դատաքննությունը՝ նրա պահանջով կրկին հրավիրելով դատարանում արդեն իսկ հարցաքննված վկաներին: 
 
Մեկ այլ գործով հազիվ թե դատավորն այդքան ներողամիտ գտնվեր եւ առանց հիմնավոր պատճառաբանության վկաներին կրկին հրավիրեր, որպեսզի տուժողի իրավահաջորդը հարցաքննի նրանց, հատկապես,  երբ դատական նիստերի մասին նա ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել: Դատարանը նրան տրամադրեց դատաքննության բոլոր ձայնագրությունները եւ բավականին երկար ժամանակ հատկացրեց դրանց ծանոթանալու եւ կարծիք հայտնելու համար՝ 1 ամիս 5 օր, սակայն նախատեսված ժամկետից հետո նա ներկայացավ դատարան եւ հայտնեց, որ տեխնիկա չեն ունեցել, որպեսզի լսի ձայնագրությունը: 
 
Հետաքրքիր էր երկու սպանված զինվորների ծնողների փոխհարաբերությունը. նրանց միջեւ եղած հակասությունն արտահայտվել էր դեռեւս նախորդ դատաքննության շրջանում եւ շարունակում էր սրված մնալ: Տարաձայնությունը վերաբերում էր երեք ամբաստանյալներին կալանքից ազատելուն: Գոհար Եղիազարյանը դատարանում ցուցմունքներ տալուց հետո սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հորը՝ Մովսես Մկրտումյանին հարցրեց, թե ինչո՞ւ չեն միանում իրեն եւ պայքարում գործի բացահայտման համար: «Հետաքրքրված չես քո կորստով»,- ասաց նա: Ի պատասխան՝ Մ. Մկրտումյանը զայրացած պատասխանեց. «Միասին չենք կարող լինել, որովհետեւ ես սեփական խելք ունեմ եւ պայքարում եմ ճշմարտության համար, իսկ դու տկն Մարգարիտի ասելով ես ամեն ինչ կրկնում այստեղ» (նկատի ուներ «Զինվոր» հ/կ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին-Ս.Պ.): 
 
Այդուհանդերձ, Գ. Եղիազարյանը մասնակցեց եւս մի քանի նիստի ու այլեւս չներկայացավ դատարան: Սակայն, քանի որ դատաքննությունը վերսկսվել էր, այդ հնարավորությունը լավագույնս օգտագործեցին մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ վկաներ հրավիրելու միջնորդությունները շարունակելով եւս մեկուկես տարի: Հաճախ պարզվում էր, որ հրավիրված վկաներից ոմանք քննվող գործի հետ կապված են այնքանով, որ պարզապես ծառայել են Մատաղիսի զորամասում:
 
Փոխարենը չհարցաքննվեց այս գործում ամենամեծ դերակատարի համարում ունեցող անձը՝ Մատաղիսի զորամասի այն ժամանակվա հրամանատար Իվան Գրիգորյանը։ Դատաքննության ամբողջ ընթացքում մշտապես շեշտվել է նրա անունը իբրեւ սպանությունների գլխավոր մեղավորի, սակայն «ազգային հերոսն» այդպես էլ անձեռնմխելի մնաց քննության համար: Քրեական գործում առկա է պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի գրությունը՝ ուղղված այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ «խնդրում ենք մեղմ մոտենալ Իվան Գրիգորյանի նկատմամբ, որովհետեւ նա գործուն զղջացել է եւ ազգային հերոս է»։ 
 
Դատաքննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ապացույցներ, որոնք վկայում էին հիշյալ հրամանատարի «տիրապետության» շրջանում զորամասում բռնությունների ընդունված լինելու մասին: Վկաներից ոմանք հայտարարություններ արեցին նույն Իվան Գրիգորյանի կողմից ծեծի եւ սպառնալիքների ենթարկվելու մասին:
 
Չափազանց կարեւոր էր Կարինե Գեւորգյանի վկայությունը, ով սպանվածներից Ռոման Եղիազարյանի ուսուցչուհին էր եղել, այնուհետեւ ընտանիքով բնակության տեղափոխվելով Մատաղիս գյուղ՝ ակամայից այս գործով դարձել էր վկա: Նա նշեց, որ երկու զինծառայողների սպանության վերաբերյալ քրեական գործով հարցաքննվելուց հետո մի սպա ավտոմատով ներխուժել է իր տուն եւ սպառնացել «շարել ճակատներին», եթե համարձակվեն ազգային հերոս Իվան Գրիգորյանի եւ մյուս սպաների անունները տալ:
 
ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը Panorama.am կայքին տված հարցազրույցում շարունակում է պնդել, թե «ներքին համոզմունք» ունի, որ սպանության համար մեղավոր են արդարացված երեք երիտասարդները, բայց կարծում է, որ դատական ատյաններում բողոքարկման բոլոր միջոցները սպառելուց հետո պետք է ձեռնամուխ լինել նոր նախաքննության իրականացմանը եւ այդ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը: Զինվորական դատախազը չի անդրադարձել այն հարցին, թե ինչու չի կարող ներքին համոզմունք ունենալ տուժողի ծնողը: Հնարավո՞ր է, արդյոք, հայրը ողջագուրվեր իր որդուն սպանողների հետ: Մի՞թե դատախազի ներքին համոզմունքն այդքան հզոր է որդեկորույս ծնողների ներքին համոզմունքից ..

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. arman18:20 - 15 հունվարի, 2013
Հնարավո՞ր է, արդյոք, հայրը ողջագուրվեր իր որդուն սպանողների հետ: Մի՞թե դատախազի ներքին համոզմունքն այդքան հզոր է որդեկորույս ծնողների ներքին համոզմունքից ..
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ