Զինվորի մայրը հսկում է որդու շիրիմը
Այս պահին ռազմական ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ «Շահումյան 2» գերեզմանոցում են գտնվում Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները, որոնք պետք է արտաշիրիմման միջոցով դատաբժշկական փորձաքննություն ենթարկեն բանակում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի դին:
Սակայն Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը, թույլ չի տվել բացել որդու գերեզմանը, քանի որ Տիգրանի հայրը, որը համարվում է որդու իրավահաջորդը, տեղափոխվել է հիվանդանոց եւ չի կարող ներկա լինել փորձաքննությանը:
Նշենք, որ այս պահին գերեզմանոցում են նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, գործը քննող դատավոր Յուրի Իսկոյանը, մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը, դատաբժշկական կենտրոնի փորձագետները եւ մեղադրող-դատախազի միջնոդրությամբ արտաշիրիմմանը ներգրավված մասնագետները:
«Քանի որ արտաշիրիմյան փորձաքննությունը նշանակված էր ժամը 12:00-ին, ես մտավախություն ունեմ, որ եթե գնամ այստեղից, կարող է որդուս գերեզմանը բացեն»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց որդու գերեզմանի մոտ գտնվող Գոհար Սարգսյանը:
Մեղադրող Հարություն Հարությունյանը զինվորի մորն ասել է, թե իրենք տեղյակ են վերջինիս ամուսնու առողջության վատթարացման մասին եւ այսօր գերեզմանոց են եկել ընդամենն արձանագրություն կազմելու համար:
«Բայց նրանք արդեն մի ժամից ավելի է` գերեզմանոցից չեն հեռանում, միթե արձանագրություն կազմելն այդքան երկար է տեւում»,- ասում է մահացած զինվորի մայրը: Նա նշում է, որ կհսկի որդու գերեզմանը, մինչեւ դատավորներն ու դատախազը մասնագետների հետ կհեռանան գերեզմանոցից:
Մեկնաբանել