HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ֆոտոլրագրող Շամշյանը համաներվեց

Այսօր «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» օրաթերթերի ֆոտալրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը կիրառեց համաներում` ազատելով 350 հազար դրամ տուգանք վճարելու պարտականությունից: Նիստի ընթացքում Գագիկ Շամշյանը հայտարարեց, որ ինքը հանցագործություն չի կատարել, ուստի համաներման կարիք չունի:

«Ոչ թե ինձ, այլ դատավոր Գագիկ Ավետիսյանին պետք է համաներել, որ սուտ ցուցմունքներով մարդկանց մեղադրում է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ֆոտոլրագրողը:

Հիշեցնենք, որ Գ. Շամշյանը մեղադրվում էր 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադությանը չենթարկվելու և վերջինիս վիրավորելու մեջ: Մեղադրանքը հիմնված էր բացառապես դատական կարգադրիչների և նիստերի քարտուղարի ցուցմունքների վրա, թեև միջադեպի օրը դատարանում եղել են բազմաթիվ մարդիկ:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 17-ին «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերունք» դրսևորելու համար ֆոտոլրագրողին դատապարտեց նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով տուգանքի:

Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանն այս վճիռը թողեց անփոփոխ: Բայց քանի որ Շամշյանին առաջադրված մեղադրանքը` ՔՕ 343-րդ հոդվածը, ներառված է Ազգային ժողովի հունիսի 19-ին «Համաներում հայտարարելու մասին» որոշման մեջ, Վերաքննիչ պետք է այս կապակցությամբ նոր որոշում կայացներ:

Եթե Գագիկ Շամշյանը համաձայներ համաներմանը, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվեր: Սակայն այս դեպքում Վերաքննիչը, դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ, պարզապես համաներումը կիրառելով` լրագրողին ազատեց պատժի կրումից:

«Հետաքրքիրն այն է, որ դատարանն իրավունք չուներ համաներում կիրառել, որովհետև նախկինում մեկ այլ քրեական գործով իմ նկատմամբ համաներում արդեն կիրառվել է: Իրենք ասում են` մենք քեզ լավություն ենք անում, շուխուր մի արա: Չէ, ինձ օրենքն է պետք, օրենքի տառը պաշտպանեք»,- ասում է ֆոտոլրագրողը:

Ըստ Շամշյանի` սա արվել է դիտմամբ, որպեսզի ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան չդիմի: Բայց վերջինս վստահեցնում է, որ անպայման դիմելու է Եվրադատարան և հասնելու է արդարացման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter